Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը գիրք է հեղինակել՝ «Աւետեաց Երկրի տեսիլքով»։
«alikonline.ir» - Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը գիրք է հեղինակել՝ «Աւետեաց Երկրի տեսիլքով»։ Այդ մասին տեղեկանում ենք Տաւուշի թեմից։ Տեղեկացնում է Yerkir.am-ը
Գիրքը պարզ եւ անկեղծ զրոյցների շարք է մեր այսօրւայ դառն իրականութեան եւ գողացւած ուրախութեան ժամանակաշրջանում թէ՛ մեր անցած ճանապարհի եւ թէ՛ մեր անելիքների մասին՝ հիմնւած Աստւածաշնչի կենդանի ապրող պատգամի եւ մեր ժառանգութեան վերլուծութեան վրայ:
Գրքում ուրւագծւում են մեր իսկատիպ նկարագիրը, բացառիկ ինքնութիւնը եւ մղում մեզ ապրելու Աւետեաց Երկիրը կառուցելու տեսիլքով, որը բոլորիս երազանքն ու ձգտումն է:
Աւետեաց Երկիրը մեր բոլոր իղձերի եւ ձգտումների, երջանկութեան եւ անսպառ ուրախութեան մեծ տունն է, որը կառուցելու ճանապարհի մէջ կոչւած է լինել իւրաքանչիւր հայ՝ որպէս առանձին անձ, եւ որպէս հաւաքականութիւն՝ ազգ, ժողովուրդ:
Գրքի առաջին շնորհանդէսը տեղի կունենայ մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի Գրողների միութեան Կլոր սրահում (ք․ Երեւան, Բաղրամեան 3)։