Հա
09/03/2017 - 09:00

«Ակօս». Ստամբուլահայերը ջանում են հայկական նախակրթարան հիմնել` Թուրքիայում հայախօս սերունդ մեծացնելու համար

Մի շարք պոլսահայ գործիչներ ծրագիր են մշակել, որի միջոցով հնարաւոր կը դառնայ «Դադեան» դպրոցի հին մասնաշէնքը, որը ժամանակին հանւել էր վարձակալութեան, համայնքի ուժերով մանկապարտէզի վերածել, որն էլ կօգնի համայնքին մինչդպրոցական տարիքից հայալեզու սերունդ մեծացնել Ստամբուլում:

«alikonline.ir» - Ստամբուլի հայկական վարժարաններից «Դադեան» դպրոցի հին մասնաշէնքը կարող է հայկական նախակրթարան դառնալ պոլսահայ մանուկների համար: Այս մասին, ըստ «tert.am»-ի յայտնում է «Ակօս»-ը: 

Մի շարք պոլսահայ գործիչներ ծրագիր են մշակել, որի միջոցով հնարաւոր կը դառնայ «Դադեան» դպրոցի հին մասնաշէնքը, որը ժամանակին հանւել էր վարձակալութեան, համայնքի ուժերով մանկապարտէզի վերածել, որն էլ կօգնի համայնքին մինչդպրոցական տարիքից հայալեզու սերունդ մեծացնել Ստամբուլում: 

Չնայած Ստամբուլում գործում են մի շարք հայկական վարժարաններ, որոնց թւում կան տարրական, միջին եւ աւագ դպրոցներ, հայ մայրիկները համայնքից խնդրում եւ պահանջում են, որ ստեղծւեն հայկական նախակրթարաններ, որոնց շնորհիւ հայ ընտանիքի երեխան կը կարողանայ հայախօս միջավայրում ձեւաւորւել հէնց այն ժամանակաշրջանում, երբ սկսում է խօսել: 

Խնդրի մասին դեռեւս ամիսներ առաջ խօսել է ռեժիսոր եւ երիտասարդ մայրիկ Լուսին Դինքը (Հրանտ Դինքի եղբոր՝ Խոսրով Դինքի դուստրը). նա «Ակօս»-ի էջերում կիսւել էր խնդրի վերաբերեալ իր մտահոգութիւններով եւ առաջարկներով։ 

«Աղջիկս 1.5 տարեկան է: Ըստ իս՝ հէնց խօսել սովորելու շրջանում երեխայիս հայկական միջավայրում լինելն է կարեւոր: Ես հայերէն եմ խօսում, բայց, օրինակ, գնում ենք այգի, երեխան կողքի մարդկանցից այս կամ այն բառերն է սերտում, թուրքական միջավայրի դիմաց քոնը մնում է անբաւարար: Բայց չէ՞ որ կարող են ստեղծւել 0-3 տարեկան երեխաների համար խաղային խմբեր: «Դադեան» հայկական դպրոցի շէնքը դատարկ կանգնած է»,- գրել էր նա: 

Լուսին Դինքի առաջարկը, ինչպէս պարզւեց, լայն արձագանգ ունեցաւ եւ վերածւեց լայնածաւալ ծրագրի: 

Նախագիծը կազմւել է համայնքի ակտիւ ներկայացուցիչներից մի շարք հայ կանանց կողմից, որոնց թւում են խորհրդարանի պատգամաւոր Սելինա Դողանը, Հրանտ Դինքի անւան հիմնադրամի համանախագահներից՝ Դինքի դուստր Դելալ Դինքը, ինչպէս նաեւ հասարակական գործիչներ Նայաթ Քեոսէն, Նեդա Բեբիրօղլուն, Սարէմ Քուլեգեչ Շեշեթեանը, Բելինդա Մումջուն եւ այլք: Նախագիծը, սակայն, կեանքի կոչւելու համար բարերարների եւ հայկական հիմնադրամների ակտիւ աջակցութեան կարիքն ունի, առանց որոնց «Դադեան» դպրոցի հին շէնքը «վերակենդանացնելն» անհնարին է: 

Պոլսահայ գործիչներից Երւանդ Դինքն «Ակօս»-ի իր սիւնակում, խօսելով առկայ խնդրի մասին, նշել է, որ իրենց մայրենին պահպանելու եւ ապրեցնելու համար համայնքում միայն մէկ խնդիր են տեսնում: 

«Ըստ մեզ՝ անհրաժեշտ է մնայուն մի լուծում: Եւ մենք այն գտանք: Պարզւում է` մեր կողքին էր: Լուծումը Սարէնն էր (թոռնիկը): Դեռ 3 տարեկան է, մեր աչքի լոյսը եւ շատ խելացի: Ծնւած օրւանից ականջը հայերէնին է սովոր, նա սկսեց իր ուզածը հայերէն արտայայտել, այսինքն՝ Սարէնը մտածում եւ խօսում է հայերէն: Եւ ստիպում է իր երկու տարեկան երկու զարմիկներին էլ հայերէն խօսել: Սարէնի շնորհիւ մեր ընտանիքում հասկացան, որ մայրենին այն է, որ լեզւով որ մարդը սկսում է արտասանել իր կեանքի առաջին բառերը»,- գրում է Երւանդ Դինքը՝ ուշադրութիւն հրաւիրելով այն փաստին, որ թէեւ Պոլսի հայկական դպրոցներում սովորեցնում են հայերէն, սակայն երբ երեխաները մինչ դպրոց գնալը հայախօս չեն դառնում, իրենց ստացած հայալեզու կրթութեամբ առաւելագոյնը կարողանում են գրել-կարդալ հայերէն եւ տիրապետում են «ջարդւած հայերէնի»: 

Ըստ Դինքի` թուրքախօս հասարակութեան մէջ երեխաներին հայախօս մեծացնելու միակ ելքը հայկական նախակրթարան ստեղծելն է, այսինքն` 0-6 տարեկան հայ մանուկներին նոյն միջավայրում դաստիարակելու, մայրենին միասին սովորելու հնարաւորութիւն տալն է: 

Նշենք, որ Ստամբուլում գործում է 16 հայկական վարժարան, որոնցից 13-ը մասնաւոր են, 3-ն էլ համարւում են համայնքի ընդհանուր սեփականութիւնը (Լօզանի պայմանագրի 3-րդ բաժնի 40-րդ կէտի համաձայն՝ Թուրքիայի կրօնական փոքրամասնութիւններն իրաւունք ունեն իրենց հաշւին ստեղծել համայնքային դպրոցներ, բարեգործական հիմնադրամներ եւ այլ հաստատութիւններ): Այս դպրոցներում կարող են սովորել 6 տարեկանը բոլորած հայ քրիստոնեայ ընտանիքի զաւակները: Դպրոցներն ունեն նաեւ նախակրթական որոշ ծրագրեր՝ սկսած 3 տարեկանից:

Թուրքիայի հայկական վարժարանների մեծ մասը գոյատեւում է համայնքի տարբեր բարերարների նւիրատւութիւնների հաշւին, դրա հետ զուգահեռ՝ դպրոցներ յաճախող հայ աշակերտների թիւն ամէն տարի նւազում է: Դա կապւած է թէ՛ Կ. Պոլսի հայ համայնքի արտագաղթի, թէ՛ վարժարանների ուսման բարձր վարձավճարների հետ (Ստամբուլի հայկական վարժարանների ուսման վարձերը կազմում են տարեկան միջինը 3000 դոլար):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։