Հա
04/05/2019 - 13:50

Հայաստանն իր պոտենցիալը չի իրացրել. փորձագէտը՝ Իրանի շուկայի վերաբերեալ

Հայաստանի համար առաջնահերթ պէտք է լինի ոչ միայն ԵԱՏՄ երկրներից ապրանքների տարանցման համար տարածքի տրամադրումը, այլեւ սեփական արտադրանքի արտահանումը։

«alikonline.ir» - Հայաստանի համար առաջնահերթ պէտք է լինի ոչ միայն ԵԱՏՄ երկրներից ապրանքների տարանցման համար տարածքի տրամադրումը, այլեւ սեփական արտադրանքի արտահանումը։

Հայկական բիզնեսը պէտք է ջանք գործադրի ապրանքների իրանական շուկայում իր տեղը զբաղեցնելու համար, «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում, մեկնաբանելով առաջիկայում ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի գօտու մասին համաձայնագրի ուժի մէջ մտնելը, ասաց ԵՊՀ Տնտեսագիտութեան ֆակուլտետի Կառավարման եւ գործարարութեան ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրեանը։

Նրա խօսքով` Արեւմուտքի եւ Իրանի միջեւ լարւած յարաբերութիւնները կարող են Հայաստանի համար որոշակի հնարաւորութիւններ ստեղծել։

«Արեւմուտքում մի շարք ապրանքների դէպի Իրան արտահանման հարցում սահմանափակումներ են գործում։ Բնականաբար, իրանական շուկայում այդ բացը պէտք է լրացւի։ Պահանջարկի մի մասը կարող են ապահովել հայկական ապրանքները։ Բացի այդ, Հայաստանը կարող է տրանզիտային երկիր դառնալ ԵԱՏՄ-ից Իրան ապրանքներ մատակարարելու համար»,- ասաց Խաչատրեանը։

Նա ուշադրութիւն դարձրեց այն հանգամանքին, որ Արեւմուտքի եւ Իրանի յարաբերութիւններում լարւածութիւնը վաղուց է նկատւում, ժամանակ առ ժամանակ նոր պատժամիջոցներ են մտցւում Թեհրանի դէմ, սակայն այդ հանգամանքով ստեղծւող ներուժը Հայաստանի կողմից մինչ օրս չի իրացւել։

Փորձագէտի կարծիքով` դրա համար եւ՛ օբիեկտիւ, եւ՛ սուբիեկտիւ պատճառներ են եղել։ Մի կողմից` Հայաստանի տնտեսվարող սուբիեկտները բաւարար ներուժ չունեն իրանական շուկայում ինչ-որ տեղ զբաղեցնելու համար։

Նոյն իրավիճակն էր Ռուսաստանի շուկայի հետ։ Պաշտօնական Մոսկւայի դէմ կիրառւած պատժամիջոցների պայմաններում, հայկական ապրանքները ռուսական շուկայում չկարողացան փոխարինել եւրոպականին։ Պատճառը Հայաստանում գիւղատնտեսութեան ցածր արտադրողականութիւնն է եւ կոոպերացիայի բացակայութիւնը։

«Հայաստանը միանշանակ կարող է կամուրջ դառնալ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ։ Ամէն դէպքում տրամաբանական է, որ ապրանքները Հայաստանի միջոցով իրանական շուկայ հասնեն։ Սակայն տարանցումից բացի անհրաժեշտ է ուշադրութիւնը կենտրոնացնել հէնց հայկական ապրանքների իրացմանը իրանական շուկայում»,- ասաց Խաչատրեանը։

Դրա համար, նրա խօսքով, պէտք է զարգացնել սեփական տնտեսութիւնը, ընդլայնել արտադրութիւնն ու բարձրացնել ապրանքների մրցունակութեան մակարդակը։

Իշխանութեան ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ հնչեցնում են այդ հարցը տարբեր հարթակներում։ Նշւում է, որ երկու կողմից շրջափակումը հաշւի առնելով, Հայաստանի համար լաւագոյն տարբերակը Վրաստանի եւ Իրանի հետ տնտեսական յարաբերութիւնների խորացումն է։

«Սակայն կոնկրետ քայլեր մենք դեռ չենք տեսնում։ Մեղրիում ազատ տնտեսական գօտի էր ստեղծւել երկրների միջեւ յարաբերութիւնները խորացնելու համար, սակայն առկայ ներուժը այդպէս էլ չէր իրացւել»,- ասաց Խաչատրեանը։

Աւելի վաղ ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսեանը յայտարարել էր, որ Իրանի հետ առեւտրի պարզեցման մասին ԵԱՏՄ համաձայնագիրը շատ շուտով կը սկսի գործել։ Այն ժամանակաւոր կը լինի, 3 տարւայ հաշւարկով։ Այս փորձաշրջանից յետոյ կողմերը կը քննարկեն, արդեօ՞ք կնքել արդէն ազատ առեւտրի մասին լիաֆորմատ համաձայնագիր, թէ՞ ոչ։ Ժամանակաւոր համաձայնագիրն արդէն վաւերացւած է ԵԱՏՄ բոլոր երկրներում, այդ թւում Ղազախստանում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։