Հա
11/09/2019 - 12:10

Սփիւռքի նկատմամբ թէ համար

«Հիմա ասեմ, թէ որն է խնդիրը, որ մենք ունենում ենք՝ կապւած սփիւռքի կառուցւածքի հետ: 30 տարի առաջ սփիւռքի 90%-ը ներգրաււած էր մեր ճանաչած կազմակերպութիւններում՝ սփիւռքի խոշոր հաստատութիւններում: Այսօր սփիւռքի 90%-ը դուրս է այս կառոյցներից, այսինքն՝ այսօր մենք չունենք հաղորդակցման յստակ կապեր սփիւռքահայերի 90%-ի հետ»: Այս դիտարկումը պատկանում է վարչապետ Նիկոլ Փաշինեանին, գրի է առնւել ու հրապարակւել ֆրանսահայ պարբերականներից Nouvelle d՛Armenie-ում, հայերէն թարգմանւել «Առաւօտ» կայքէջի կողմից:

ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ

 

«Հիմա ասեմ, թէ որն է խնդիրը, որ մենք ունենում ենք՝ կապւած սփիւռքի կառուցւածքի հետ: 30 տարի առաջ սփիւռքի 90%-ը ներգրաււած էր մեր ճանաչած կազմակերպութիւններում՝ սփիւռքի խոշոր հաստատութիւններում: Այսօր սփիւռքի 90%-ը դուրս է այս կառոյցներից, այսինքն՝ այսօր մենք չունենք հաղորդակցման յստակ կապեր սփիւռքահայերի 90%-ի հետ»: Այս դիտարկումը պատկանում է վարչապետ Նիկոլ Փաշինեանին, գրի է առնւել ու հրապարակւել ֆրանսահայ պարբերականներից Nouvelle d՛Armenie-ում, հայերէն թարգմանւել «Առաւօտ» կայքէջի կողմից: Առանձնացրեցի այն շուրջ 16 էջանոց հարցազրոյցից, որը գրեթէ համապարփակ անդրադարձ է հայկական պետութեան ներկայիս դիմագրաւած գլխաւոր մարտահրաւէրներին՝ ներքին բարեփոխումների, տնտեսական զարգացման, սոցիալական դժւարութիւնների յաղթահարման, Արցախեան հարցի, Ռուսաստանի հետ յարաբերութիւնների, ազգային ինքնիշխանութեան ամրապնդման, արեւմտեան եւ հայկական արժէհամակարգերի միաձուլման եւ այլ խնդիրների վերաբերեալ:

Մասնագէտներին թողնելով հարցազրոյցի առաւել ընդարձակ՝ ֆինանսատնտեսական հատւածի քննութեան գործը, իմ այս սիւնակում ցանկանում եմ անդրադառնալ վարչապետի՝ Սփիւռքին վերաբերող դիտարկումներին, որոնք, ինչպէս ողջ հարցազրոյցը, ընդհանրապէս հայեցակարգային են կամ տեսլականային: Եւ հէնց որպէս այդպիսին՝ տեղ-տեղ ոչ իրապաշտ, հետեւաբար՝ ոչ իրագործելի:

Առաջին հերթին՝ վարչապետի դիտարկումները որպէս ելակէտ ունեն այն նո՛յն թերութիւնը, որի արմատները երկարում են հետ՝ մինչեւ 30, 70, անգամ 150 տարի: Չեմ ուզում անդրադառնալ արեւելահայ-արեւմտահայ պատմական շատ ցաւօտ խնդիրներին, որոնք ծագել են արեւելահայերի եւ այժմ հայաստանցիների ինքնագերադասման բարդոյթից: Իսկ վերջին 30 տարիներին մեր յաջորդական կառավարութիւնները աշխատել են Սփիւռքի նկատմամբ եւ ո՛չ Սփիւռքի համար:

Ճիշտ է որ պետականութիւն ունենալը գերագոյն, ես կասեի՝ սրբազան առաւելութիւն է, եւ բոլոր հայերի, դրսում թէ ներսում, ազգային հոգեկերտւածքի հիմնաքարն է հանդիսանում, սակայն պետականութիւնը կառոյց լինելուց առաջ իմաստութի՛ւն է, այսինքն հեռատեսութիւն, խորաթափանցութիւն, խելամտութիւն: Ու ճիշտ է նաեւ, որ արեւելահայ-արեւմտահայ հակասութիւնները գրեթէ իսպառ վերացել են ու բաժանարար գծերը խարխլւել՝ Հայաստանում արեւմտահայերի կամ սփիւռքահայերի ներձուլմամբ, իսկ Սփիւռքում՝ սփիւռքահայ-հայաստանցի հանդուրժողականութեամբ: Սակայն այդ բոլորի մէջ, պետական մօտեցման տեսակէտից, մեր յաջորդական կառավարութիւնների դիրքը միշտ եղել է թելադրողական, նոյնիսկ պարտադրողական: Եւ Ն.Փաշինեանի մօտեցումը բացառութիւն չէ:

Երկրորդ՝ ի՞նչ է անում եւ անելու Հայոց պետականութիւնը սփիւռքահայերի եւ սփիւռքացածների համար: Չորրորդ սերունդն է արդէն հասունացել, եւ աւելի քան երբեւէ տալիս է նոյն հարցը՝ անողոք.- «Իսկ ինչո՞ւ պէտք է հայ մնամ»: Բուենոս Այրեսում, Սան Ֆրանցիսկոյում կամ Փարիզում ոչ ոք ոչ ոքի չի հարցնում՝ «ծագումով ո՞ր ազգից ես»: Համահարթեցումը (globalization) Եւրոպայից ու Ամերիկաներից տարածւում է նոյնիսկ Միջին Արեւելքի հայագաղութներ եւ ուշ կամ կանուխ կը հասնի նաեւ Ռուսաստան ու նախկին խորհրդային այլ երկրներ: «Ինչո՞ւ պէտք է հայ մնամ». հայկական ծագմամբ աւելի շատ երեխաներ ու երիտասարդներ են այժմ տալիս այս հարցը իրենց ծնողներին, ուսուցիչներին, մեզ՝ բոլորիս: Ահա այստեղ է, որ թերացել ենք որպէս պետոթիւն եւ ազգ: Ի՞նչ ենք անում, որ մեր երեխաները դրսում համոզւած հայ մնան, հայ դառնա՛ն, օգնեն եւ օգտւեն իրենց հայկականութիւնից: Հետզհետէ հալւում-մաշւում է Սփիւռքը իր եկեղեցիով, դպրոցով, ազգային կառոյցներով, իր գրականութեամբ, մամուլով, թատրոնով, ազգային երաժշտութեամբ: Այսօր Սփիւռքում հայ երիտասարդը իրեն մի քիչ հայ զգալու համար գնում-լցնում է հայաստանցի ռաբիզ երգիչների համերգասրահները եւ որպէս ազգային երաժշտութիւն ընդունում արաբա-պարսկա-թուրքական կլկլոցները:

Ի՞նչ ենք տալիս Սփիւռքին՝ մի քանի դասագի՞րք, ազգասիրական լոզունգնե՞ր... Ինչո՞ւ այս մասին ոչինչ չի ասում վարչապետ Փաշինեանը, եւ արդեօք գիտի՞, թէ ինչի՞ կարիք ունեն սփիւռքահայերը իրենց զաւակները մի քիչ երկար հայ պահելու համար: Մինչդեռ, նոյն հարցազրոյցում պնդում է, որ իր «խնդիրը իրական հնարաւորութիւններ ստեղծելն է մեր ազգային ներուժը միացնելու եւ զարգացնելու համար» : Գեղեցիկ է հնչում, բայց միայն հնչում է...

Երրորդ. ես չգիտեմ՝ որքան է թիւը «Իմ քայլը» կուսակցութեան անդամների, չեմ էլ ուզում իմանալ, քանզի իշխող կուսակցութիւնների անդամների թիւը միշտ էլ առաձգական է լինում, պայմանաւորւած յայտնի բաներով: Որպէս նաեւ կուսակցապետ, պրն Փաշինեաը լաւ գիտի, որ կուսակցականների քանակից շատ աւելի կարեւորը՝ կազմակերպութեան ազդեցիկութիւնն է, որը պայմանաւորւում է համակիրների, հետեւորդների, հարողների բազմութեամբ: Այս համատեքստում, 30 տարի առաջ Սփիւռքի 90 տոկոսը ներգրաււած չի՛ եղել կուսակցութիւնների կամ գլխաւոր միւս կազմակերպութիւնների մէջ, ինչպէս պնդում է վարչապետը հարցազրոյցի այն հատւածում, որը մէջբերել ենք վերեւում: Այժմ, 30 տարի յետոյ, այդ կազմակերպութիւններում ներգրաււածների թիւը 10 տոկոս էլ չի կազմում, այլ շատ աւելի քիչ՝ ինչպէս 30 տարի առաջ: Սփիւռքի բացարձակ մեծամասնութիւնը անկուսակցական է եղել, ինչպէս հիմա: Բայց այդ բացարձակ մեծամասնութիւնը, 90 տոկոս թէ աւեի, հակառակ բազմաթիւ փորձերին, այդ թւում՝ նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի, չի ընդունել աւանդական եւ ազգային երեք կուսակցութիւններից դուրս որեւէ այլ ուժի ներկայութիւնը: Հետեւաբար, բացարձակապէս դժվար չէ, ինչպէս 30 տարի առաջ, Սփիւռքի հետ հաղորդակցւելը, մանաւանդ ներկայ ժամանակներում, մանաւանդ սփիւռքահայ կազմակերպութիւնների հայրենադարձման, առաւել եւս, ինչպէս ՌԱԿ-ը, հայաստանակենտրոնութեան պայմաններում:

Այս պայմաններում, մեղմ ասած, տարակուսելի է նոյն հարցազրոյցում վարչապետի մէկ այլ՝ ոչ թէ դիտարկում, այլ՝ յայտարարութիւն: «Բայց դրա համար (խօսքը վերաբերում է համազգային բիւջէ ստեղծելու՝ այլապէս գովելի գաղափարին- Հ.Ա.) մենք լրջագոյն կառուցւածքային փոփոխութիւններ պիտի անենք, այդ թւում՝ Սփիւռքում, որպէսզի Սփիւռքի իրական ուժը համապատասխանի այն պատկերացմանը, որն ունեն ոչ միայն հայերը, այլ որ կայ ամբողջ աշխարհում»:

Որքան ինձ է յայտնի, վարչապետը «լրջագոյն կառուցւածքային փոփոխութիւններ» անելու վերաբերեալ դեռեւս որեւէ խորհրդակցութիւն չի ունեցել մեր աւանդական կառոյցների հետ: Թերեւս նա, համաձայն իր սիրած ձեւաչափին, այդ խորհրդակցութիւնը կանցկացնի սեպտեմբերի 22-ին, ժամը 16:00-ին, Լոս Անջելեսի Grand Park-ում: Վստահեցնում եմ, այդ բազմամարդ լինելու դատապարտւած հանրահաւաքում շատ են լինելու Հայաստանը լքած եւ ամերիկեան կառավարութեան նպաստով ապրող մեր նախկին համաքաղաքացիները, որոնք, վստահ եմ, երկու ձեռքով վաւերացնելու են «ժողովրդի կարծիքը»: Իսկ յետո՞յ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։