Սիրիայի ժողովրդի համար անընդունելի է Թուրքիայի գործողութիւնները. դա ոտնձգութիւն է Սիրիայի տարածքային ամբողջականութեան դէմ: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանը:
«alikonline.ir» - Սիրիայի ժողովրդի համար անընդունելի է Թուրքիայի գործողութիւնները. դա ոտնձգութիւն է Սիրիայի տարածքային ամբողջականութեան դէմ: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանը:
«Սիրիան ոչ առիթ է տալիս, ոչ էլ ընդունելի է համարում նման ոտնձգութիւնը: Սիրիան անվիճելիօրէն մնում է հաստատակամ ազատագրելու իր հողային տարածքներն: Ակնյայտ է, որ վտանգներ կան, եւ մենք պատրաստ ենք մեր աջակցութիւնը ցուցաբերել բոլոր տուժածներին՝ լինեն հայեր, թէ այլ ազգի ներկայացուցիչներ»,- ասաց Ժիրայր Ռէիսեանը:
Նա ընդգծեց, որ Թուրքիայի այս գործողութիւնները կը յանգեցնեն անկայունութեան, ինչին էլ հէնց ձգտում է պաշտօնական Անկարան:
«Թուրքիայի ցանկութիւնն է դա: Այս ամբողջ ընթացքում շատ յստակ հակասիրիական քաղաքականութեան մէջ է եղել եւ միշտ փորձել է պղտոր ջրում ձուկ որսալ: Սիրիացի ժողովուրդն իր իրաւունքը վերականգնելու հարցում հաստատակամ է»,- ասաց Ժիրայր Ռէիսեանը:
Այն հարցին, թէ արդեօք կան կոնկրետ տւեալներ Թուրքիայի կողմից ներխուժւած տարածքներում բնակւող հայերի թւի մասին, Ժիրայր Ռէիսեանը նշեց, որ դժւար է ասել, քանի որ գրեթէ հայաթափւած շրջաններ էին: Քիչ թւով ընտանիքներ են մնացել:
«Ինձ համար մտահոգիչ էր այն, որ Կամիշլի շրջանը եւս թիրախաւորւած է, որտեղ տուժողներ կան: Անկասկած Հալէպն ամէն հնարաւորն անելու է, որ ոչ մի հայ, կամ այլ ազգի ներկայացուցիչ դժւարութիւնների առջեւ չմնայ»,- ասաց Ժիրայր Ռէիսեանը:
ՀՀ ԱԳՆ-ն յայտարարութիւն էր տարածել այն մասին, որ Հայաստանը դատապարտում է Սիրիայի հիւսիս-արեւելքում Թուրքիայի կողմից իրականացւող ռազմական ներխուժումը, որը կը յանգեցնի տարածաշրջանային անվտանգութեան հետագայ վատթարացման, քաղաքացիական բնակչութեան շրջանում մարդկային կորուստների, տեղահանւածների մեծ հոսքի եւ ի վերջոյ մարդասիրական նոր ճգնաժամի։
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտնել է, որ թուրքական զօրքերն սկսել են Սիրիայի հիւսիսում ռազմական գործողութիւններ: