Հա
13/10/2019 - 12:00

«Հաշւի առնելով Սիրիա-Հայաստան բարեկամական յարաբերութիւնները՝ Հայաստանի արձագանքը կարող էր աւելի կոշտ լինել». Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր

Կամիշլիում հոկտեմբերի 10-ին մինչեւ ուշ գիշեր պայթիւններ եւ կրակոցներ են եղել, սակայն հոկտեմբերի 11-ին դրութիւնը հանգիստ է եղել, նոյնիսկ թուրքական ներխուժման դէմ բողոքի ցոյցեր են եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանը:

«alikonline.ir» - Կամիշլիում հոկտեմբերի 10-ին մինչեւ ուշ գիշեր պայթիւններ եւ կրակոցներ են եղել, սակայն հոկտեմբերի 11-ին դրութիւնը հանգիստ է եղել, նոյնիսկ թուրքական ներխուժման դէմ բողոքի ցոյցեր են եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանը:

«Յարաբերական այս հանգստութիւնը, սակայն, չպէտք է անվտանգութեան երաշխիք համարել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Սիրայի հիւսիս-արեւելեան բնակավայրերի հայ բնակչութեան դրութեանը, Ռէիսեանը նշեց՝ Կամիշլիի հայերը չեն ցանկանում լքել իրենց տները. «Թուրքական ներխուժման եւ յարձակումների թիրախում են Սիրիայի հիւսիսային սահմանային գօտին, որտեղ գտնւում է Կամիշլին եւ այլ հայաշատ բնակավայրեր: Հայութիւնը մինչեւ օրս էլ Կամիշլիում է, ըստ Բերիոյ թեմի առաջնորդական փոխանորդարանի տւեալների՝ Թէլ Աբեադ գիւղաքաղաքի շուրջ 15 հայ ընտանիքներից 3-ը տեղափոխւել են Կամիշլի, իսկ միւս ընտանիքները՝ այլ շրջաններ: Ռաս ալ Այնում շատ քիչ հայ է մնացել՝ երկու կամ երեք հոգի: Դերիքում եւ Հասիչէում շուրջ 60 ընտանիք կայ: Հասիչէն, իհարկէ, աւելի ապահով է, քանի որ այդ գործողութիւններից աւելի հեռու է գտնւում»:

Հարցին՝ ինչո՞ւ Թուրքիան որոշեց Սիրիայի հիւսիս-արեւելքում ռազմական գործողութիւններ սկսել, Ռէիսեանը պատասխանեց՝ այս յարձակումն անակնկալ չէր. Թուրքիայի նախագահը նախկինում բարձրաձայնել է իր մտադրութեան մասին, իսկ ինչ վերաբերում է պատճառների մասին, հայ պատգամաւորը նշեց.

«Ճիշտ է, Թուրքիան որպէս պաշտօնական վարկած մատնանշում է քրդական ահաբեկչական խմբաւորումների գործօնը, սակայն մեզ համար նորութիւն չէ Թուրքիայի տարիների ընթացքում մեծացող «ախորժակը»՝ իր վերահսկողութեան տակ նոր տարածքներ վերցնելու հետ կապւած: Թուրքիան իր քաղաքական ծրագրերն ու դրանց իրագործման ուղղութեամբ գործի դրած ջանքերը քողարկում է կեղծիքներով, շողոքորթութեամբ լեցուն քաղաքականութեամբ, որը, ի դէպ, շատ լաւ իրականացնում է նոր օսմանիզմի գաղափարախօսութեամբ տարւած Ռ. Էրդողանը: Վերջինիս այս գործողութիւնը պէտք է դիտարկել հէնց այդ համատեքստում»:

Անդրադառնալով դէպքերի առնչութեամբ Հայաստանի արձագանքին՝ Ռէիսեանը պատասխանեց՝ Հայաստանի արձագանքը կարող էր աւելի կոշտ լինել. «Սիրիա-Հայաստան երկու երկիրների եւ ժողովուրդների յարաբերութիւններն աւելին են, քան սովորական բարեկամութիւնը, հետեւաբար Հայաստանի պաշտօնեաներից կակնկալեի թուրքական ներխուժման հարցում աւելի կոշտ արձագանք ու դատապարտում»:

Յիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան Սիրիայի հիւսիս-արեւելքում սկսեց «Խաղաղութեան ակունք» ռազմական գործողութիւնը: Թուրքիայի պաշտօնական վարկածն այն է, թէ քանի որ այդ հատւածում իշխում են Քուրդիստանի բանւորական կուսակցութեանը կից Քրդական ազգային ինքնապաշտպանութեան ուժերը, որոնք Թուրքիան համարում է ահաբեկչական, իբրեւ մտնում են ահաբեկիչներին մաքրելու համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախօսազրոյցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ իրենք մտադիր են սահմանից 30 կմ. խորանալ՝ այնտեղ բուֆերային գօտի ստեղծելու եւ 3-4 միլիոն սիրիացի փախստականների բնակեցնելու համար:

 

Հեղինակ՝ Քրիստինա Բոյաջեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։