Հա
22/10/2019 - 09:30

«Կասկած կայ, որ թուրքեր են յարձակւել վախեցնելու համար»․ Nouvelles d'Arménie-ի թղթակիցը՝ խմբագրութեան վրայ յարձակման մասին

Կարծում ենք՝ Փարիզում ֆրանսալեզու Nouvelles d'Arménie ամսագրի խմբագրութեան վրայ յարձակումը թուրքերի ձեռքի գործն է։

«alikonline.ir» - Կարծում ենք՝ Փարիզում ֆրանսալեզու Nouvelles d'Arménie ամսագրի խմբագրութեան վրայ յարձակումը թուրքերի ձեռքի գործն է։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ամսագրի ներկայացուցիչ Ալէն Սարկիսեանը։

«Այս պահին մեզ դեռ յայտնի չէ, թէ ինչու են յարձակւել խմբագրութեան վրայ եւ քանի հոգով են եղել, սակայն ենթադրում ենք, որ յարձակւել են հոկտեմբերի 19-ի լոյս 20-ի գիշերը՝ ժամը 12-ից 7-ն ընկած ժամանակահատւածում, կոտրել են խմբագրութեան դուռը, տարել են 3 համակարգիչ, յիշողութեան սկաւառակը եւ լուսանկարահանման սարք»,- նշեց Սարկիսեանը։

Նա շեշտում է՝ այդքան էական չէ գողացւած իրերի արժէքը, որքան այնտեղ պահւող նիւթերը, տեղեկութիւնը՝ հասցէները, գործերը, յօդւածները․  «Փաստօրէն մեր յօդւածների մի մասը  կորցրեցինք, մի մասը պահպանւել է»։

Սարկիսեանի խօսքով՝ ամսագրի համարը կիրակի օրը պէտք է փոխանցւէր տպագրատուն, որ հրապարակւէր․ «Կարեւոր համար էր լինելու, Թուրքիայի յարձակման հետ կապւած յօդւածներ կար, WCIT 2019-ի հետ մասին կար, Կոմիտասի 150-ամեակին նւիրւած յօդւածներ»։

Նա ենթադրում է՝ նպատակը վնասելն է եղել կամ գուցէ վախեցնելը․ «Կասկածում ենք, որ թուրքեր են յարձակւել վնասելու կամ վախեցնելու համար, քանի որ պարբերականը յստակ դիրքորոշում ունէր Թուրքիայից քրդերին պաշտպանելու առումով։ Հոկտմբերի 12-ին հանրահաւաք է եղել, ամսագրի գլխաւոր խմբագիր Արա Թորանեանը ելոյթ էր ունեցել եւ ասել, որ  քրդերին պէտք է օգնել, պաշտպանել թուրքերից,  Էրդողանին չպէտք է թոյլ տալ  սպանել քրդերին եւ Ֆրանսիան պէտք է զէնք մատակարարի քրդերին»։

Նա նկատում է նաեւ՝ նոյն ժամանակահատւածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի պաշտօնական կայքն են կոտրել հաքերները։

Սարկիսեանի փոխանցմամբ՝ խմբագրութիւնը տեսախցիկներ չի ունեցել, սակայն ոստիկանները հետաքննութիւն են իրականացնում, եկել են մատնահետքեր են վերցրել, եւ ըստ երեւոյթին դրսի տեսախցիկները կարող են ուսումնասիրել։

Նա նաեւ յիշեց, որ նախկինում յարձակում խմբագրութեան եւ հայկական կարեւոր կազմակերպութիւնների գրասենեակների  վրայ 2006 թւականին է գրանցւել, թուրքերի կողմից է եղել։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։