Հա
18/02/2020 - 09:00

Թուրքական այլատեացութիւնը շարունակւում է. այրել են խաչը եւ դարձեալ պղծել քրիստոնեայի գերեզման

Թուրքիայի Տրապիզոն քաղաքի Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու գերեզմանը ենթարկւել է յարձակման: Կաթոլիկ համայնքի ներկայացուցիչ Զեհրա Չոլաքը, ով մահացել էր յունւարի 17-ին, թաղւել էր եկեղեցուց 500 մ. հեռաւորութեամբ գտնւող Արաֆիլբոիւ թաղամասում գտնւող գերեզմանատանը, իսկ գերեզմանի գլխին փայտէ խաչ էր կանգնեցւել: Արդէն թաղման ժամանակ պատահար տեղի ունեցաւ: Մի խումբ մարդիկ սկսեցին մուսուլմանական աղօթք կարդալ՝ սադրելով ներկաներին:

«alikonline.ir» - Թուրքիայի Տրապիզոն քաղաքի Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու գերեզմանը ենթարկւել է յարձակման: Կաթոլիկ համայնքի ներկայացուցիչ Զեհրա Չոլաքը, ով մահացել էր յունւարի 17-ին, թաղւել էր եկեղեցուց 500 մ. հեռաւորութեամբ գտնւող Արաֆիլբոիւ թաղամասում գտնւող գերեզմանատանը, իսկ գերեզմանի գլխին փայտէ խաչ էր կանգնեցւել: Արդէն թաղման ժամանակ պատահար տեղի ունեցաւ: Մի խումբ մարդիկ սկսեցին մուսուլմանական աղօթք կարդալ՝ սադրելով ներկաներին:

Կնոջը հողին յանձնելուց յետոյ՝ փետրւարի 14-ին Վէյսել Չոլաքն այցելում է գերեզմանոց, որտեղ նկատում է, որ կնոջ գերեզմանը յարձակման է ենթարկւել, իսկ խաչը չկայ: Չոլաքը սկսում է փնտրել  այն եւ տեսնում, որ խաչը ջարդել եւ այրել են:

Չոլաքը դէպքից յետոյ դիմում է Տրապիզոնի նահանգային ոստիկանութիւն եւ որոշում գործը տեղափոխել դատարան: Պարզւում է, որ բարբարոսները փորձել էին նաեւ փորել Զեհրայի գերեզմանոցը, սակայն տարածքը հսկող շները յարձակւել են նրանց վրայ, որից յետոյ դիմել են փախուստի:

Այս ցաւալի եւ այլատեաց դէպքը հասնում է Թուրքիայի ազգային մեծ ժողով: Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան պատգամաւոր ասորի Թումա Չելիքը հարցադրում է արել խորհրդարանին եւ իր անհանգստութիւնը յայտնել կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ իրականացւող յարձակումների համար. յայտնում է Yerkir.am-ը:

«Արդեօ՞ք այս յարձակումից յետոյ կան ձերբակալւած անձինք, արդեօ՞ք եկեղեցում աւելի վաղ տեղի ունեցած յարձակումների համար հետաքննութիւն սկսւել է, ի՞նչ քայլեր են արւում քրիստոնէական սրբատեղիների դէմ ուղղւած յարձակումները կանխելու համար, վերջին 3 տարում քանի՞ անձի նկատմամբ է գործ յարուցւել՝ ատելութեան մեղադրանքով»,- հարցրել է Չելիքը:

Դէպքից յետոյ յայտարարութիւն է տարածել Տրապիզոնի նահանգապետարանը, որն իր տեքստում խուսափել է ներկայացնել խաչի այրման փաստը:

Նոյն կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանը վերոնշեալ հարցադրումներն է յղել երկրի ՆԳՆ ղեկավար Սուլէյման Սոյլուին՝ յիշեցնելով նրան օրեր առաջ Անկարայի Օրթաքեոյ գերեզմանատանը տասնեակ քրիստոնեաների գերեզմանների պղծման դէպքը:

Տրապիզոնում սա հակաքրիստոնէական նման ատելութիւնը առաջին դէպքը չէ: Առաւել մեծ աղմուկ էր հանել 2006 թ. փետրւար 5-ին նոյն Սանտա Մարիա եկեղեցում հեղինակաւոր հոգեւորական Անդրէա Սանտորոյի սպանութիւնը: Սանտորոն սպանւել էր եկեղեցում՝ աղօթք անելիս: Նրան մէջքի յետեւից «Ալլահու Աքբար» գոչելով դաժանօրէն սպանեց 16-ամեայ Օղուզհան Աքդինը: Աքդինը ձերբակալւեց երկու օր անց, իսկ նրա մօտ յայտնաբերւած զէնքը, պարզւեց, որ ԱՄՆ-ից Իրաք ուղեւորւող զէնքերից է: Սպանութեանը նախորդել էր թուրքական ԶԼՄ-ներում հակաքրիստոնէական զանգւածային քարոզչութիւնը:

Դատի ժամանակ եպիսկոպոս Լուիջի Պադովեզէն յայտնել էր, որ մարդասպանի ծնողները ոչ մի զղջման նշան ցոյց չէին տալիս: Աւելին՝ իրենց որդուն համեմատում էին թուրքական պետութեան ամենայանցաւոր ահաբեկիչներից մէկի՝ Մեհմմեդ Ալի Աղջայի հետ (Հռոմի պապ Յովհաննէս-Պօղոս 2-րդի վրայ մահափորձ կատարողը), եւ նշում, որ արարքն «իրագործւել է յանուն Ալլահի եւ նւէր էր պետութեանն ու թուրք ազգին»: 2016 թ. յուլիսի 15-ի անյաջող ռազմական յեղաշրջումից յետոյ Աքդինն ազատ է արձակւում՝ իր վայրագութեան համար կրելով ընդամենը 10 տարի պատիժ:

Այս սպանութիւնը կապւած էր Հրանտ Դինքնի սպանութեան հետ: Երկու գործիչներին սպանողներն էլ անչափահաս էին եւ Տրապիզոնից էին: Դինքը սպանւեց հոգեւորականի սպանութիւնից 11 ամիս անց:  Այս սպանութիւնը, ի շարս Հրանտ Դինքի սպանութեան եւ «Զիրւէ» հրատարակչատան սպանութիւնների (Մալաթիայում հրատարակչատան դիմաց սպանւեցին Աստւածաշունչ հրատարակող երեք քրիստոնեայ), ուշադրութիւնը սեւեռեց այլատեացութեան հիմքով կատարւող յանցագործութիւնների վրայ, ինչը ցաւօք, շարունակւում է ցօրս: 

 

Ա. ԵՂԻԱԶԱՐԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։