Հա
19/02/2020 - 12:40

Հալէպի օդանաւակայանը վերագործարկւում է. ինչ ակնկալիքներ ունի հայկական համայնքը

Սիրիայում ռազմական գործողութիւններով պայմանաւորւած տեւական ժամանակ դադարից յետոյ վերագործարկւում է Հալէպի օդանաւակայանը: Այսօր՝ փետրւարի 19-ին, նախատեսւած է առաջին թռիչքը Դամասկոս-Հալէպ ուղղութեամբ: Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանն «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց, որ հասարակութիւնը մեծ ցնծութեամբ ընդունեց այդ լուրը:

«alikonline.ir» - Սիրիայում ռազմական գործողութիւններով պայմանաւորւած տեւական ժամանակ դադարից յետոյ վերագործարկւում է Հալէպի օդանաւակայանը: Այսօր՝ փետրւարի 19-ին, նախատեսւած է առաջին թռիչքը Դամասկոս-Հալէպ ուղղութեամբ: Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանն «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց, որ հասարակութիւնը մեծ ցնծութեամբ ընդունեց այդ լուրը:

«Օդանաւակայանի փակմամբ պայմանաւորւած՝ Հալէպում կեանքը դժւար է եղել տարբեր առումներով: Այն կարեւոր ենթակառուցւածք է թէ քաղաքի, թէ պետութեան համար: Առաջին չւերթը Դամասկոս-Հալէպ ուղղութեամբ է նախատեսւած, եւ նպատակ կայ հետագայում աւելացնել ուղղութիւնների ու չւերթների քանակը»,- ասաց Ժիրայր Ռէիսեանը:

Այս շատ կարեւոր ենթակառուցւածքի վերագործարկումը կը նպաստի Հալէպի վերականգնման գործընթացի արագացմանը: Ժիրայր Ռէիսեանը նշեց, որ այն շատ կարեւոր օղակ է բիզնեսի ակտիւացման համար: Օդանաւակայանի գործարկումը միաժամանակ իր ազդեցութիւնը կունենայ տնտեսութեան ակտիւութեան վրայ:

Անդրադառնալով քաղաքի միւս ենթակառուցւածքների խնդիրներին՝ Ժիրայր Ռէիսեանը տեղեկացրեց, որ ջրամատակարարման ուղղութեամբ զգալի աշխատանք է կատարւել: Կան թաղամասեր, որտեղ գրեթէ 24 ժամ ջրամատակարարում է ապահովւում, միւսներում էլ այդ ուղղութեամբ աշխատանքները շարունակւում են: Էլեկտրաէներգիայի հետ կապւած խնդիրը դեռ ամբողջութեամբ լուծւած չէ, օրւայ մէջ մի քանի ժամ են ունենում, սակայն այդ բոլոր հարցերը իշխանութիւնների անմիջական ուշադրութեան կենտրոնում են: Ամէն ինչ արւում է արագ տեմպերով` բնականոն էլեկտրամատակարարում ապահովելու համար:

Հալէպում հայ համայնքի կառոյցների վերականգնման ուղղութեամբ եւս աշխատանքներ են նախատեսւած: Ժիրայր Ռէիսեանը նշեց, որ դպրոցների հարցն առաջնահերթ է եղել, այս ընթացքում ոչ մի աշակերտ առանց դասերի չի մնացել: Ամէն հնարաւորն արւել է հայկական դպրոցները աշխատեցնելու ուղղութեամբ: Ներկայում կանոնակարգւած բոլոր դասընթացները կայանում են, երեխաներն ակտիւօրէն մասնակցում են կրթական գործընթացներին: Ինչ վերաբերում է եկեղեցիներին, ապա Ժիրայր Ռէիսեանը նշեց, որ այս ընթացքում Հալէպի Մայր եկեղեցին վերանորոգւել է եւ այժմ իր հոգեւոր ծառայութեան մէջ է: Օրակարգում Սուրբ Գէորգ եկեղեցին է, որը տարիներ առաջ հրկիզւել էր: Այն գտնւում է Հալէպի հայաշատ Նոր Գիւղ թաղամասում: Ժիրայր Ռէիսեանը տեղեկացրեց, որ այդ հատւածում գտնւում է նաեւ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին, որը ներկայում գործում է:

Ինչ վերաբերում է հայերի տեղաշարժերին, ապա Ժիրայր Ռէիսեանը նշեց, որ շատերը վերադարձել են Հալէպ, շատերը դեռ գալիս են տեղի պայմաններին ծանօթանալու եւ դիտարկում են հիմնովին վերադառնալու տարբերակները: «Ամէն դէպքում մեր ցանկութիւնն է, որ համայնքի բոլոր զաւակները վերադառնան իրենց տները, վերականգնեն գործը»,- ասաց նա:

Այս օրերին Հալէպի ազատագրմանը զուգահեռ եւս մէկ կարեւոր իրադարձութիւն տեղի ունեցաւ Սիրիայում: Երկրի խորհրդարանը պաշտօնապէս ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը: Ի՞նչը հիմք հանդիսացաւ նրա, որ Սիրիան ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը. այս հարցն ինչ-որ տեղ զարմացնում է Ժիրայր Ռէիսեանին,  որովհետեւ իրականութեան մէջ Սիրիան իր հողով ու ժողովրդով վկան է եղել Հայոց Ցեղասպանութեան: Բնաջնջումից փրկւած շատ հայեր հանգրւան են գտել հէնց Սիրիայում:

«Սիրիան պետականօրէն ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը: Այստեղ կարեւոր ուղերձն այն է, որ միասնաբար, ձեռք ձեռքի տւած պայքարենք, կանխարգելենք ոճրագործութիւնները»,- ասաց Ժիրայր Ռէիսեանն՝ ընդգծելով, որ այսօր էլ Սիրիան ենթարկւում է այդ նոյն ջարդարարների ոճրային արարքին:

Սիրիայի խորհրդարանը փետրւարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը: Խորհրդարանի նիստի օրակարգում ներառել էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան յանձնախումբը։

Մէկ այլ կարեւոր իրադարձութիւն էլ տեղի ունեցաւ փետրւարի 17-ին. սիրիական բանակի հրամանատարութիւնը հանդէս եկաւ հաղորդագրութեամբ՝ պաշտօնապէս յայտարարելով Հալէպի արեւմտեան եւ հիւսիսարեւմտեան գիւղերի ազատագրման մասին: Հրամանատարութիւնը տեղեկացրել էր, որ սիրիական բանակը բուռն մարտեր է մղել ահաբեկչական խմբաւորումների դէմ: Հալէպը յայտարարւեց որպէս ապահով տարածք:

 

Աննա Գզիրեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։