Հա
23/02/2020 - 10:30

Հինգ երկիր, որտեղ հայերն անմոռանալի հետք են թողել

Միշտ հաճելի է, երբ օտար երկրում ինչ-որ հարազատ բան ես տեսնում։ Կրկնակի հաճելի է, երբ դա մի ամբողջ ժառանգութիւն է, ընդ որում` այնպիսի երկրում, որը կարծես ոչ մի կապ չունի Հայաստանի հետ։

«alikonline.ir» - Միշտ հաճելի է, երբ օտար երկրում ինչ-որ հարազատ բան ես տեսնում։ Կրկնակի հաճելի է, երբ դա մի ամբողջ ժառանգութիւն է, ընդ որում` այնպիսի երկրում, որը կարծես ոչ մի կապ չունի Հայաստանի հետ։

Հայկական հետքը պահպանւել է աշխարհի ամենաաներեւակայելի վայրերում։ Sputnik Արմենիայի ներկայացրած «անհաւանական երկրների» հնգեակում հայերի մեծ համայնքներ չեն եղել, բայց իրենց թողած պատմամշակութային ժառանգութեան շնորհիւ նրանք իրենց անունն են թողել հեռաւոր վայրերում։

 

Սինգապուր

Սինգապուրը գերժամանակակից քաղաք-պետութիւն է, որը յայտնի է իր տնտեսական հրաշքով եւ կարգապահական խիստ օրէնքներով։

Հայերից շատերն անգամ պատկերացում չունեն, թէ իրենց նախնիներն ինչ նշանաւոր ժառանգութիւն են թողել այս երկրում։ Հայ վաճառականներն այստեղ են յայտնւել դեռ 18-րդ դարում, սակայն փոքրաթիւ հայ համայնքը սկսել է դերակատարութիւն ունենալ Սինգապուրի գաղութացումից յետոյ։

Աշխարհի ամենայայտնի հիւրանոցներից մէկը՝ The Raffles Hotel-ը, հիմնել են Սարգիս եղբայրները։ Այսօր ամենաազդեցիկ թերթը՝ The Straits Times-ը, սկսել է հրատարակել Խաչիկ Մոզեսը։

Նոյնիսկ Սինգապուրի ազգային ծաղիկը՝ «Վանդա միսս Ջոակիմ» խոլորձը, աճեցրել է Աշխէն Յովակիմեանը։ Եւ սա դեռ ամէնը չէ։

Չզարմանաք, եթէ «Առիւծների քաղաքում» զբօսնելիս յայտնւէք հայկական փողոցում կամ հայկական եկեղեցի տեսնէք։ Ի դէպ, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը, որը երկրի ամենահին քրիստոնէական եկեղեցին է, ազգային յուշարձան է համարւում։

 

Կոլումբիա

Մոլորակի գրեթէ միւս ծայրում Արմենիա անունով քաղաք կայ։ Եւ ոչ միայն քաղաք։ Մեր երկրի պատւին է կոչւում նաեւ սուրճի յատուկ տեսակը։ Ու սա` լատինաամերիկեան երկրում, որտեղ սուրճի արտադրութիւնը տնտեսութեան առաջատար ոլորտն է։

Կոլումբիայում սուրճի առաջին լուրջ պլանտացիան հիմնած ու արտադրութիւն սկսած ընտանիքը Անտիոքից էր։ 19-րդ դարի վերջին հիմնւած քաղաքը «Արմենիա» է կոչւել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին։

Այսօր քաղաքը Կինդիօ նահանգի վարչական կենտրոնն է, որը «հրաշքների քաղաք» են անւանում արագ զարգացման համար։ Դա, իհարկէ, կապւած է սուրճի բումի հետ։ Շրջանի կլիման նպաստում է սուրճի բարձրակարգ տեսակներ աճեցնելուն, այդ պատճառով Արմենիան նաեւ Կոլումբիայի «սուրճի մայրաքաղաքն է»։

Երկրում մօտ 300 տեսակ սուրճ են աճեցնում ու արտադրում։ Դրանից մէկը նոյնպէս «Արմենիա» է կոչւում, եւ այն շատ իւրայատուկ է, սահմանափակ քանակութեամբ է արտադրւում, իսկ 2012 թւականին ներառւել է Կոլումբիայի նախագահի պաշտօնական ընդունելութիւնների ճաշացանկում։

 

Պորտուգալիա

Պորտուգալիայում, ի տարբերութիւն բազում այլ երկրների, Հայաստանի մասին շատերը գիտեն։ Որպէս կանոն` տեղացիները քաջատեղեակ են՝ ովքեր են հայերը։ Առանց որեւէ չափազանցութեան կարելի է ասել, որ դա մէկ մարդու՝ Գալուստ Գիւլբենկեանի շնորհիւ է։

Բարեգործութիւնները նրան յայտնի են դարձրել նաեւ Պորտուգալիայի սահմաններից դուրս։ Նաւթային արքայի թողած ժառանգութիւնը երբեմն անհնար է դոլարով արտայայտել։

Յատկանշական է, որ Գիւլբենկեանը կարճ ժամանակով է Պորտուգալիա մեկնել, բայց մնացել է մինչեւ կեանքի վերջ (13 տարի այնտեղ է անցկացրել)։ Լիսաբոնի թանգարանը հիմնւել է արւեստի գործերի նրա հաւաքածուի հիման վրայ։ Նա կտակ է կազմել, որի հիման վրայ էլ ստեղծւել է նրա չափազանց արժէքաւոր հաւաքածուն պահպանելու հիմնադրամը։

Մշակույթն ու արւեստը պաշտող Գիւլբենկեանն աւելի քան երկուսուկէս միլիարդ դոլար է թողել հիմնադրամին ու տարեկան 102 միլիոն դոլար բիւջէ ապահովել։

Գիւլբենկեանի ջանքերով պորտուգալական Օյէրաս քաղաքում գիտական ինստիտուտ է հիմնւել, որը հետազօտութիւններ է անցկացնում միկրոկենսաբանութեան, կենսատեխնոլոգիայի ու գենետիկայի ոլորտներում։ Աւելի ուշ ինստիտուտը կոչւել է բարերարի անունով։

 

Բանգլադեշ

Հեռաւոր ու շոգ Բանգլադեշում հայկական համայնք վաղուց արդէն չկայ, բայց Սուրբ Յարութիւն հայկական եկեղեցին, որը գտնւում է մայրաքաղաք Դաքքայի կենտրոնում, շարունակում է բազմաթիւ զբօսաշրջիկների գրաւել։

Տեղացիները եկեղեցին անւանում են «պատմութեան հպում», որովհետեւ կառոյցը վկայում է ժամանակին այստեղ եղած ծաղկուն համայնքի մասին, որը կարեւոր դերակատարութիւն է ունեցել քաղաքի ոչ միայն առեւտրական, այլեւ քաղաքական ու կրթական կեանքում։ Բացի այդ, 1781 թւականին կառուցւած եկեղեցին քաղաքի հնագոյն կառոյցներից է։ Եկեղեցու բակում գերեզմանատուն կայ, որտեղ սպիտակ ու սեւ մարմարից 350 շիրմաքար է տեղադրւած։

1848 թւականին Նիկոլաս Պօղոսն այստեղ է հիմնել առաջին մասնաւոր դպրոցը, որը մինչեւ հիմա Հին քաղաքի ամենահեղինակաւոր կրթօջախներից մէկն է համարւում։

Ե՛ւ եկեղեցին, ե՛ւ դպրոցը, ե՛ւ հայկական փողոցը գտնւում են Արմանիտոլա շրջանում, որը բենգալերէնից թարգմանաբար նշանակում է «հայկական քաղաք»։ Առաջին հայերը Դաքքա են եկել 18-րդ դարում։ Նրանք քիչ էին, բայց անգերազանցելի էին գործւածքի, աղի եւ այլ ապրանքատեսակների վաճառքի հարցում։ Համարւում է, որ հայ առեւտրականներն են հնդկական թէյ բերել այստեղ ու տեղացիներին ընտելացրել «լոնդոնեան» տաքսիների մշակոյթին։

 

Եթովպիա

Գուցէ անհաւանական թւայ, բայց Եթովպիայի ազգային օրհներգը, որը հնչել է մինչեւ 1992 թւականը, հայ է գրել։ Հեղինակը կոմպոզիտոր ու դիրիժոր Գէորգ Նալբանդեանն է, որը յանձնարարութիւնը ստացել է կայսր Հայլէ Սելասիէից։

1924 թւականին Գէորգ Նալբանդեանը Երուսաղէմ է գնացել ու հոգեւոր նւագախումբ ստեղծել Հայկական պատրիարքարանի մանկական տան սաներից։ Հէնց նոյն տարում Եթովպիայի ապագայ կայսր Հայլէ Սելասիէ 1-ը Երուսաղէմ է այցելել։

Եկեղեցական տօնակատարութեան ժամանակ նա հիացմունքով է լսել Հայոց Ցեղասպանութիւնից փրկւած հայ որբերի ելոյթը։

Յետոյ նա պատրիարքին խնդրել է նւագախումբն իր խնամքին յանձնել։ Պատրիարքը չի կարողացել մերժել, գահաժառանգը որդեգրել է 40 երիտասարդ երաժիշտներին ու իր հետ տարել Ադիս Աբեբա։ Այնտեղ նրանք Նալբանդեանի ղեկավարութեամբ կայսերական նւագախումբ են ձեւաւորել։

Խօսելով այդ երկրի պատմութեան մէջ թողած հայկական հետքի մասին՝ պէտք է նշել, որ Եթովպիայից Եւրոպա մեկնած առաջին դեսպանը Մատթէոս անունով հայ հոգեւորականն էր։

Նա Եթովպիայի կայսերական տան անունից բանակցել է Պորտուգալիայի ու Հռոմի հետ, եւրոպական պետութիւններից օգնութիւն խնդրել 16 թւականին մուսուլմանական ներխուժումների դէմ պայքար կազմակերպելու համար։

Ընդհանուր առմամբ հայերի ու Եթովպիայի կապը աւելի քան երկու հազար տարւայ պատմութիւն ունի։ Մեր նախնիները մեր թւարկութեան 1-ին դարից առեւտուր են արել աֆրիկեան հեռաւոր երկրի բնակիչների հետ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։