Print this page
05/04/2020 - 10:30

Սիրիան կորոնավիրուսի տարածման դէմ պայքարում է մի շարք միջոցառումներով

Կորոնավիրուսի տարածման դէմ պայքարելու համար Սիրիայի կառավարութիւնը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, որոնք, ըստ նախատեսւածի, իրականացւել են: Կազմւել են մի քանի նախարարութիւնից բաղկացած կառավարական խմբակ, ինչպէս նաեւ յատուկ շտաբի յանձնաժողովներ:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի տարածման դէմ պայքարելու համար Սիրիայի կառավարութիւնը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, որոնք, ըստ նախատեսւածի, իրականացւել են: Կազմւել են մի քանի նախարարութիւնից բաղկացած կառավարական խմբակ, ինչպէս նաեւ յատուկ շտաբի յանձնաժողովներ:

Որոշումներ են կայացւել նահանգների, քաղաքների, արւարձանների եւ գիւղերի միջեւ երթեւեկութիւնը դադարեցնելու վերաբերեալ: Սահմանւել են պարէտային ժամեր՝ կասեցնելու քաղաքներում տրանսպորտի եւ հետիոտնի երթեւեկութիւնը:

«Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցում այս մասին ասաց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր, Սիրիա-Հայաստան բարեկամական յանձնաժողովի նախագահ Նորա Արիսեանը։

Նրա խօսքով՝ քաղաքներում ախտահանման աշխատանքներ են իրականացւում, փակւել են պետական հիմնարկները, կրթական հաստատութիւնները՝ դպրոցներն ու համալսարանները: Չեն գործում նաեւ ճաշարաններն ու մարզասրահները, հանրային կառոյցներն ու վայրերը:

«Սիրիայի ներքին գործերի նախարարութիւնը փակել է երկրի բոլոր անցակէտերը եւ որոշել է մեկուսացնել անօրինական երկիր մուտք գործած Սիրիայի քաղաքացիներին: Ինչ վերաբերում է խորհրդարանին, նստաշրջանի աւարտին շաբաթւայ նիստերը (մարտ ամսւայ վերջին շաբաթն էր) չեղեալ են համարւել: Ներկայումս Սիրիայում կորոնավիրուսով վարակւած 16 դէպք է արձանագրւել, որոնցից երկուսը մահւան ելքով: Անպայման պէտք է արձանագրեմ, որ Սիրիայի համար դժւար է պայքարել այս համաճարակի դէմ Սիրիայի դէմ սահմանւած եւ պարտադրւած տնտեսական պատժամիջոցների պատճառով, որոնք բացասական ազդեցին առողջապահական ոլորտի վրայ: Այդ պատճառով վերջերս Սիրիայի ԱԳ նախարարութիւնը նամակներով դիմեց ՄԱԿ-ին Սիրիայի դէմ պատժամիջոցներ ձեռնարկած երկրների վրայ ճնշում գործադրելու համար, քանի որ դրանք խախտում են միջազգային մարդասիրական իրաւունքի օրէնքները»,- ընդգծեց Արիսեանը:

Անդրադառնալավ Սիրիայի հայկական համայնքին՝ պատգամաւորն ասաց, որ Դամասկոսի հայերը հետեւում են կորոնավիրուսի դէմ պայքարի բոլոր պահանջներին: Հայկական եկեղեցիներն ու միութիւնները հետեւում են պետական օրէնքներին՝ փակելով իրենց կենտրոնների դռները:

«Մեր վարժարաններն անցել են առցանց դասաւանդման: Բոլորս փորձում ենք մեղմացնել տագնապը՝ մեր համայնքին աջակցելով թէ՛ նիւթական, թէ՛ բարոյական իմաստով: Հայկական վարժարանների անձնակազմի աշխատավարձները տանում են ուսուցիչների տներ: Իսկ Դամասկոսի առաջնորդ Արմաշ եպս. Նալբանդեանի հովանաւորութեամբ Ազգային Քաղաքական Ժողովի անդամները, նիւթական օժանդակութիւն են ցոյց տւել կարիքաւոր ընտանիքներին»,- ներկայացրեց Արիսեանը:

Նա նշեց, որ մի շարք միութիւններ՝ ինչպէս օրինակ «Սիրիայի Օգնութեան Խաչ»-ը, շարունակելով իր ծառայութիւնը, նիւթական նպաստներ եւ Սուրբ Զատիկի առթիւ նիւթական օժանդակութիւն է ցոյց տւել կարիքաւոր ընտանիքներին: «Ա. Ահարոնեան» կենտրոնը կազմել է բժշկական խորհրդատու մարմին, ինչպէս նաեւ շտապի յանձնախումբ: «Դամասկոսում միութիւններն ու բարերար ազգայիններն օժանդակում են գաղութին այս դժւար պայմաններում»,- եզրափակեց Նորա Արիսեանը:

Յարակից լուրեր