Հա
07/04/2020 - 12:00

«Թուրքիայում կորոնավիրուսով վարակւածների թւում 20-ից աւելի հայեր կան, համայնքին տրւում է սահմանափակ կամաւորական օգնութիւն, բայց դա համակարգւած չի արւում». Սելինա Դողան

Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի աւագանու անդամ Սելինա Դողանի խօսքով` նոր կորոնավիրուսի տարածումը իսկական մարտահրաւէր էր ինչպէս ամբողջ աշխարհի, այնպէս էլ Թուրքիայի համար:

«alikonline.ir» - Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի աւագանու անդամ Սելինա Դողանի խօսքով` նոր կորոնավիրուսի տարածումը իսկական մարտահրաւէր էր ինչպէս ամբողջ աշխարհի, այնպէս էլ Թուրքիայի համար: Նա Tert.am-ի հետ զրոյցում նշեց, որ այնտեղ իրավիճակը գնալով աւելի է վատանում:

«Թւերի մասին չենք կարող խօսել, պաշտօնական թւերը ճշգրիտ չեն: Մասնաւոր եւ հանրային հիւանդանոցները, այդ թւում հայկականը, դարձել են պանդեմիայի  հիւանդանոցներ»,- ասաց նա:

Սելինա Դողանի խօսքով` Թուրքիայում արգելելն են տանից դուրս գալ 65 տարեկան ու 20-ից տարեկանից ցածր տարիքով անձանց, դուրս գալու դէպքում նրանք կը տուգանւեն։

«Վարակւածների թւում կան նաեւ հայեր: Թւեր չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ երկու տասնեակից աւելին հոսպիտալացւել են»,- ասաց նա` նշելով, որ չհոսպիտալացւածների թիւը չի կարող ասել:

Սելինա Դողանի խօսքով` տեղի հայ համայնքին տրւում է սահմանափակ կամաւորական օգնութիւն, բայց դա այնքան էլ համակարգւած չի արւում: «Բացի այդ, մենք փորձում ենք օգնութիւն ձեռք բերել քաղաքապետարանից»,- ասաց նա:

Նա ցաւով արձանագրեց, որ Թուրքիան այս օրերին չկարողացաւ գործել որպէս սոցիալական երկիր, ինչպէս աշխարհի շատ երկրները: «Աշխատանքային շուկան մեծ վնաս է կրել, քանի որ բոլոր խանութները, սոպերմարկետները եւ այլ խիստ անհրաժեշտութեան պարագաներ վաճառող խանութները փակ են: Մարդիկ մօտ են իրենց աշխատանքը կորցնելուն, եւ շատերը, որոնք սովոր են աշխատել օրւայ ապրուստի համար, կորցրել են իրենց բոլոր եկամուտները: Կառավարութեան կողմից չկայ որեւէ ֆինանսական օգնութիւն: Նրանք պարզապէս յետաձգել են որոշ վարկերի վճարումները եւ վերջ»,- ասաց նա:

Մարդիկ, որոնք աշխատում են հիւանդանոցներում, ըստ նրա, իսկապէս բարդ իրավիճակում են: «Բուժաշխատողներից շատերն են վարակւել, նրանք չեն ունեցել միջոցներ` դիմակներ, համապատասխան հագուստ՝ չվարակւելու համար: Թուրքիայում իրավիճակը գնալով վատանում է»,- ասաց նա:

Թուրքիան, ըստ նրա, չի անցնում լիարժէք սահմանափակումների, եթէ նման բան անի, ստիպւած կը լինի մարդկանց ֆինանսական աջակցութիւն ցուցաբերել: «Թուրքիան արդէն մեծ տնտեսական ճգնաժամ է ապրում, եւ հիմա պանդեմիայի պատճառով իրավիճակն աւելի է վատանում: Հայկական համայնքն էլ այս ամէնի ազդեցութիւնները կրում է»,- ասաց նա:

Հայ համայնքի տրւող սահմանափակ օգնութիւնը, ըստ Սելինա Դողանի, բաւարար չէ: Նա նշեց, որ իրենք փորձում են ամէն կերպ օգնել հայերին, օրինակ, մեծահասակների գնումներն են կազմակերպում:

Համայնքի դպրոցներում, ըստ Սելինա Դողանի, կազմակերպւում է հեռավար ուսուցում:

Նա նաեւ պատմեց, որ Թուրքիայի իշխանութիւնները կազմակերպել են Ազգային օգնութիւն արշաւ, որը քննադատւել է ընդդիմութեան եւ հասարակութեան կողմից: «Փոխանակ նրանք օգնութիւն ցուցաբերեն մարդկանց, դիմում են կարիքաւորներին»,- ասաց նա:

Ըստ նրա` ազգային փոքրամասնութիւնները մասնակցել են դրամահաւաքին: «Հայկական հինադրամները եւս մասնակցել են, նրանք  5000 թուրքական լիրա են նւիրաբերել, ինչն էլ համայնքում քննադատութիւնն է առաջացրել:

Սելինա Դողանը այս համատեքստում յիշատակեց ամիսներ առաջ Թուրքիայում տեղի ունեցած մի քանի երկրաշարժերը, որոնց արդիւնքում վնասւել էին հայկական դպրոցներ, հիւադանոցներ, եւ իրենք Պոլսոյ պատրիարքի հետ քննարկում էին, թէ ինչպէս պէտք է դրանք պահպանեն: «Այս տեսակ արհաւիրքները մեզ ցոյց են տալիս, թէ որքան կարիք ունենք կազմակերպւած լինելու եւ որքան միաւորւած պէտք է լինենք: Պատրիարքը հրաւիրել էր հիմնադրամների ղեկավարներին եւ հիմնել նրանց հետ Կենտրոնական մարմինը, բայց մենք գիտենք, որ դա բաւարար չէ, քանի որ այդ հիմնադրամների ղեկավարները ընտրւել են շատ վաղուց, իսկ մեր համայնքը կարիք ունի երիտասարդ ձայների։ Մենք պէտք է դաս քաղենք  նման իրավիճակներից: Ճիշտ է, հիմա ժամանակը չէ համայնքի խնդիրների մասին խօսելու համար, բայց յոյս ունեմ, որ կունենանք հնարաւորութիւն յետոյ դրանց անդրադառնալու»,- ասաց Դողանը:

 

Հռիփսիմէ Յովհաննիսեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։