Հա
25/04/2020 - 08:00

Ծանր պայմաններում մահացած օսմանցի հայերի թոռներին յղում եմ իմ անկեղծ ցաւակցութիւնները․ Էրդողանը նամակ է յղել Պոլսի հայոց պատրիարքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի օրը նամակ է յղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանին։ 

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի օրը նամակ է յղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանին։ Գրում է Ermenihaber.am-ը:

Նամակի ամբողջական հայերէն թարգմանութիւնը ներկայացնում ենք ստորեւ․

«Թուրքիայի հայերի յարգելի՛ պատրիարք Սահակ Մաշալեան,

Հայ համայնքի շատ թանկագի՛ն անդամներ,

Ողջունում եմ ձեզ սիրով ու յարգանքով։

Այս դժւար օրերին, որոնց միջով ողջ աշխարհի հետ միասին անցնում ենք, մեր քաղաքացիների միջեւ համերաշխութիւնը շարունակւում է՝ էլ աւելի ուժեղանալով։ Բարձրեալից խնդրում եմ, որ վաղւայ օրւան հասնենք իրար աւելի մօտ, միասնականութեան ու միութեան զգացումներով աւելի տոգորւած։

Աշխարհի ժողովուրդներին մեծ ցաւ պատճառած առաջին աշխարհամարտի ծանր պայմաններում մահացած օսմանցի հայերին յարգանքով յիշում եմ եւ նրանց թոռներին յղում իմ անկեղծ ցաւակցութիւնները։

Այդ ժամանակահատւածում մահացած օսմանեան բոլոր քաղաքացիների համար ալլահի ողորմածութիւնն եմ հայցում։

Ոչ մի դէպքում թոյլ չենք տւել եւ թոյլ չենք տալու օտարացնել մեր որեւէ մի քաղաքացու, հաւատքի կամ ինքնութեան պատճառով վատ վերաբերմունքի արժանացնել։

Մեր բոլորի ընդհանուր նպատակն է անցեալից միայն բարեկամութեան ու մարդկային բարձրագոյն իդեալի համար ուժ առնել եւ ապագայ կառուցել միասին։

Բոլորիս համար ակնյայտ են այն շրջանակները, որոնք, անտեսելով Անատոլիայի խորքից ծնւած մեր միասնականութիւնը, ցանկանում են պատմութիւնից թշնամութիւն բխեցնել։ Մեր ամենակարեւոր ցանկութիւնն այն է, որ այլ նպատակներ հետապնդող շրջանակներին հնարաւորութիւն չտանք, մանաւանդ որ մենք միասնութեամբ, բարեկեցութեամբ ու խաղաղութեամբ լեցուն ապագայ ենք ցանկանում կառուցել։

Այս խոհերով եւս մէկ անգամ յարգանքով եմ յիշում առաջին աշխարհամարտում մեր կորցրած օսմանցի հայերին։ Ձեզ բոլորիդ մաղթում եմ շենութիւն»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։