Հա
20/05/2020 - 11:30

Օսմանեան կայսրութեան ցեղասպան քաղաքականութեան մի վկայարան

Երուսաղէմի Հայոց պատրիարքութեան Հայոց Ցեղասպանութեան արխիւում է պահւում իր ծաւալով ամենամեծ հաւաքածուն։ Այն ստեղծւել է 1919 թ. Կ. Պոլսում՝ Զաւէն արք. Եղիայեան պատրիարքի անմիջական ջանքերով եւ վերահսկողութեամբ։ 1938-ից ի վեր այդ բացառիկ արխիւը պահւում է Երուսաղէմի Հայոց պատրիարքարանում։ 2017-ից սկսած թուրքագէտ Լուսինէե Սահակեանը եւ օսմանագէտ Անի Սարգսեանը չորս այցելութիւն են կատարել Երուսաղէմի Հայոց պատրիարքութիւն, որի ընթացքում մաքրել եւ դասակարգել են 11 տուփ կազմող վաւերագրերը եւ լուսապատճէնել շուրջ 25 հազար էջ։

Թւայնացւել եւ ցուցակագրւում է Երուսաղէմի Հայոց Ցեղասպանութեան արխիւը

 

«alikonline.ir» - Երուսաղէմի Հայոց պատրիարքութեան Հայոց Ցեղասպանութեան արխիւում է պահւում իր ծաւալով ամենամեծ հաւաքածուն։ Այն ստեղծւել է 1919 թ. Կ. Պոլսում՝ Զաւէն արք. Եղիայեան պատրիարքի անմիջական ջանքերով եւ վերահսկողութեամբ։ 1938-ից ի վեր այդ բացառիկ արխիւը պահւում է Երուսաղէմի Հայոց պատրիարքարանում։ 2017-ից սկսած թուրքագէտ Լուսինէե Սահակեանը եւ օսմանագէտ Անի Սարգսեանը չորս այցելութիւն են կատարել Երուսաղէմի Հայոց պատրիարքութիւն, որի ընթացքում մաքրել եւ դասակարգել են 11 տուփ կազմող վաւերագրերը եւ լուսապատճէնել շուրջ 25 հազար էջ։ Այս թեմայի շուրջ «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի թղթակիցը զրուցել է ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի թուրքագիտութեան ամբիոնի դոցենտ, ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի հայ-օսմանական առնչութիւնների բաժնի ղեկավար, բ. գ. թ. Լուսինէ Սահակեանի հետ։ Մեր զրուցակիցն արժանացել է նաեւ «Ճշմարտութիւնը տեսնելու եւ այն ասելու քաջութեան համար» Արմին Վեգների անւան մարդասիրական գլխաւոր մրցանակին (Հոլիվուդ, 2012 թ.)։

 

- Տիկին Սահակեան, ինչպէ՞ս սկսւեցին Ձեր եւ օսմանագէտ Անի Սարգսեանի գիտահետազօտական աշխատանքներն այս արխիւում։

- Հայոց Ցեղասպանութեան եւ Հայկական հարցի ուսումնասիրութեան համար Երուսաղէմի պատրիարքարանում պահւող այս արխիւն ամենամեծ հաւաքածուն է։ Արխիւի ստեղծումից շուրջ հարիւր տարի անց ամենապատիւ Տ. Նուրհան արք. Մանուկեան պատրիարքի նախաձեռնութեամբ, բարձր հովանաւորութեամբ եւ օրհնութեամբ, ինչպէս նաեւ Երեւանի պետական համալսարանի ղեկավարութեան եւ ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի (ՀՀԻ) տնօրինութեան համաձայնութեամբ ես՝ որպէս նոյն ինստիտուտի հայ-օսմանական առնչութիւների բաժնի ղեկավար, եւ իմ գործընկերը՝ օսմանագէտ Անի Սարգսեանը, սկսած 2017-ից, չորս այցելութեան ընթացքում կարողացել ենք ի մի բերել, մաքրել եւ դասակարգել 11 տուփ կազմող վաւերագրերի խառնիխուռն էջերը եւ լուսապատճէնել շուրջ 25 հազար էջ։ Այժմ ընթանում են արխիւի ցուցակագրման աշխատանքները։ Վաւերագրերի մեծ մասը ձեռագիր է՝ գրւած արեւմտահայերէն, հայատառ թուրքերէն, օսմաներէն, անգլերէն, ֆրանսերէն եւ գերմաներէն։ Այն բաւական բարդ եւ ժամանակատար աշխատանք է, քանի որ գրութիւնները տարբեր ձեռագրերով են, եւ երբեմն համառօտ նկարագրութիւն կազմելու համար անհրաժեշտ է լինում կարդալ 30-40 էջանոց վաւերագիր։ Նշեմ, որ Երուսաղէմի արխիւում իրականացւող գիտահետազօտական մեր գործունէութիւնը, որպէս թեմա, հաստատւած է նաեւ ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտում։

 

- Ե՞րբ եւ ինչպիսի՞ պայմաններում է ստեղծւել արխիւը։

- Այս արխիւը ստեղծւել է 1919 թ. Կ. Պոլսում՝ Զաւէն արք. Եղիայեան պատրիարքի անմիջական ջանքերով եւ վերահսկողութեամբ։ Նա հայ ժողովրդի համար ծանրագոյն եւ ճակատագրական շրջանում՝ 1914-1916 եւ 1918-1922 թթ., ստանձնել է Կ. Պոլսի պատրիարքական աթոռը։ Զաւէն պատրիարքը Հայոց Ցեղասպանութեան ականատեսներից էր։ Այնքան մեծ էր նրա ողբերգութիւնը, որ իր բազմաթիւ նամակներ նա ստորագրել է՝ «Դժբախտ պատրիարք Հայոց Թուրքիոյ», «Վշտակիր պատրիարք Հայոց»։ 1919 թ. աքսորից վերադառնալով Կ. Պոլիս՝ պատրիարքը կրկին ստանձնել է իր պարտականութիւնները։ Նոյն թւականին պատրիարքի անձնուրաց ջանքերի շնորհիւ ստեղծւում է Տեղեկատու դիւանը, որը պէտք է հաւաքէր Հայոց Ցեղասպանութեանը եւ Հայկական Հարցին վերաբերող վաւերագրեր։ Զաւէն պատրիարքը, կանխատեսելով քեմալականների մուտքը Կ. Պոլիս, 1922 թ. նոյեմբերին բոլոր թղթածրարները գաղտնի ուղարկում է Մանչեստր՝ ի պահ Գրիգորիս եպս. Պալաքեանին։ 1938 թ. Զաւէն պատրիարքի խնդրանքով Պալաքեան Սրբազանն այս թղթածրարներն ուղարկում է Երուսաղէմի Հայոց պատրիարք տ. Թորգոմ արք. Գուշակեանին։ Նոյն թւականին Զաւէն պատրիարքը մեկնում է Երուսաղէմ։ Ինչպէս նա գրել է իր յուշերում, մեծ ոգեւորութիւն է ապրում՝ տեսնելով արխիւի բազմալեզու, հազարաւոր էջերից բաղկացած թղթածրարներն անվնաս։ 1938-ից ի վեր Հայոց Ցեղասպանութեան արխիւը պահւում է Երուսաղէմի Հայոց պատրիարքարանում։

 

- Ի՞նչ կարեւորութիւն ունի արխիւի ցուցակագրումը։

- Առանց ցուցակագրման հնարաւոր չէ յստակ տեղեկութիւն տալ վաւերագրերի քանակի եւ բովանդակութեան մասին։ Նկարագրելով իւրաքանչիւր վաւերագիրը՝ մենք արձանագրում ենք թղթապանակի համարը, ստեղծման տարեթիւը, բովանդակութիւնը, ուղարկողի եւ ստացողի կամ հեղինակի տւեալները, թղթի տեսակը, վիճակն ու լեզուն եւ այլ մանրամասներ՝ ըստ վաւերագրի տեսակի։ Այսինքն՝ իւրաքանչիւր վաւերագրի համար ստեղծւում է առանձին գիտական անձնագիր, որն էլ օրէնքով ամրագրում է նրա գոյութիւնը եւ իսկութիւնը՝ բացառելով վաւերագրերի կեղծումը։ Ցուցակագրումն առաջին հերթին պաշտպանում է վաւերագրերն անհետացումից կամ գողութիւնից, քանի որ համապատասխան ժողովածուի մէջ համարագրւում է դրանց քանակութիւնը։ Այս հաւաքածուն նախապէս գրեթէ եռակի անգամ մեծ է եղել, քան այն, ինչը ի վերջոյ հնարաւոր դարձաւ լուսապատճէնել։ Ի վերջոյ, չցուցակագրւելու հետեւանքով է, որ վաւերագրերի մի մասը մասնատւել ու ցրւել է։ Տարիների ընթացքում մեզ յայտնի մի քանի հետազօտողներ շրջանառութեան մէջ են դրել որոշ վաւերագրեր, սակայն երբեւէ արխիւն ամբողջութեամբ չի թւայնացւել։ Պատրիարքարանում առկայ են նաեւ այս արխիւի մի չնչին մասի պատճէնները (քսերոքս)։ Մեզ յայտնի հինգ հետազօտող էլ աշխատել է արխիւի այս պատճէնւած եւ չհամակարգւած մասնակի էջերի հետ։ Այս հետազօտողների՝ պատճէններից արած պատճէնահանումները երբեք չեն կարող ցանկացողների կողմից ներկայացւել որպէս բնօրինակից արւած լուսապատճէնում, քանի որ բնօրինակի պատճէնը եւ թւայնացւած լուսապատճէնումը արմատապէս տարբեր են։ Որքան էլ պատճէնն արտացոլում է բնօրինակը, այնուամենայնիւ, կարող է շահարկումների տեղիք տալ, քանի որ ներկայացնելով բնօրինակի բովանդակութիւնը՝ չի հաղորդում տեխնիկական այն կարեւոր մասնրամասները, ինչն առաւել չափով ապահովում է լուսապատճէնումը։ Ուստի մեր կատարած աշխատանքը կարեւոր է նաեւ աղբիւրագիտութեան մէջ ընդունւած գիտական չափանիշների պահպանութեան տեսանկիւնից։ Մեր աշխատանքային խումբը առաջին անգամ է այս արխիւը համալիր կերպով լուսապատճէնել։ Հարկ եմ համարում ընդգծել, որ նման քանակով՝ շուրջ 25 հազար էջ, այն երբեւէ ոչ մի հարթակում հասանելի չի եղել մասնագէտներին։

Մինչ օրս Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի արխիւն անմշակ է։ Մեր աշխատանքի նպատակն է ցուցակագրել այն, որ այսուհետ բացառւի գէթ մէկ վաւերագրի կորուստը։ Մինչեւ ցուցակագրման աշխատանքների ամբողջական աւարտը, որեւէ մէկը, առանց պատրիարք հօր համաձայնութեան, իրաւունք չունի արտահոսքով կամ որեւէ այլ կերպ իւրացնել մեր կողմից արւած լուսապատճէնները եւ օգտագործել դրանք որեւէ հարթակում կամ ծրագրում՝ ամբողջական կամ մասնակի։ Եւ այս հարցում լինելու ենք շատ հետեւողական։ Արդէն կազմել ենք առաջին երեք տուփի ժողովածուները։ Առաջին հատորում նկարագրւած է 2182 էջ վաւերագիր, երկրորդում՝ 2581 էջ, երրորդում՝960 էջ՝ ներառեալ համապատասխան ծանօթագրութիւնները, տեղանւանական եւ անւանական ցանկերը։ Դրանք այժմ խմբագրման փուլում են։ Այս ժողովածուների ստեղծումը կը դիւրացնի նաեւ ապագայ ուսումնասիրողների աշխատանքը. համապատասխան ցանկերի միջոցով նրանք կը կարողանան գտնել անհրաժեշտ վաւերագիրը։ Այս արխիւի մշակումն ու ժողովածուների հրատարակումն ունեն գիտական եւ իրաւական արժէք ու նշանակութիւն։ Բացի այդ՝ ցուցակագրումը հաւասար պայմաններ կը ստեղծի բոլոր հետազօտողների համար, եւ արխիւը կը դադարի լինել առանձին մասնագէտների մենաշնորհը։

 

- Ինչո՞ւմ է այս արխիւի եզակիութիւնը, ի՞նչ փաստաթղթեր են պահւում այնտեղ։ Ի՞նչ նոր հանգամանքներ էք բացայայտել արխիւային փաստաթղթերում՝ հաշւի առնելով, որ շուրջ 8 տասնամեակ այն փակ է եղել ուսումնասիրողների լայն շրջանակների համար։

- Այս արխիւը ստեղծւել է պատմական ու աշխարհաքաղաքական բախումների կործանարար յորձանուտում, որի ընթացքում օսմանեան իշխանութիւններն ու նրանց իրաւայաջորդները համակարգւած բնաջնջում էին հայ ժողովրդին, իսկ այդպիսի բարդ ու վտանգաւոր պայմաններում նման հսկայածաւալ վաւերագրերի հաւաքչական աշխատանքն, իրօք, հերոսութիւն էր։ Արխիւի ստեղծումն ու նրա անցած ճանապարհը մի իսկական ոդիսական են։ Իսկ ամբողջական պատկերը կը ներկայացնենք համալիր քննութիւնից յետոյ, երբ կաւարտւեն ցուցակագրման աշխատանքները։ Եթէ ընդհանուր բնութագրենք արխիւը, կարելի է ասել, որ այն Հայոց Ցեղասպանութեան եւ Հայկական Հարցի բացառիկ մի ժամանակագրութիւն է, որն ընդգրկում է 1911-1922 թթ.։ Տեղեկատու դիւանի անխոնջ աշխատանքի արդիւնքում հաւաքւել են վաւերագրեր Հայոց Ցեղասպանութեան մանրամասների՝ գլխաւոր կազմակերպիչների, հայերի կոտորածների, թալանի, ունեզրկման, մարդկանց առեւանգումների, դատական հայցադիմումների եւ Օսմանեան կայսրութեան ներքին գործերի նախարարութեան արձագանքների ու համապատասխան յանձնարարականների եւ այլնի մասին։ Բազմաթիւ էջեր են կազմում ականատեսների վկայութիւնները։ Կան արեւմտեան պաշտօնեաներին ուղղւած տեղեկագրեր, վիճակագրական զանազան ցանկեր, զեկոյցներ, որոնք մանրամասնորեն ներկայացնում են հայ ժողովրդի ծանր կացութիւնը Հայոց Ցեղասպանութիւնից առաջ եւ յետոյ։ Տեղեկատու դիւանը ձեռք է բերել նաեւ օսմանեան դատարաններում մեղադրւող կողմի թղթապանակները եւ դատական նիւթերը։ Դիւանի անդամները կարողացել են պատճէնահանել դատարանի փաստաթղթերը՝ հաւաքելով շատ կարեւոր պաշտօնական վաւերագրեր։

Արխիւում տեղ են գտել նաեւ եզակի տպագիր նիւթեր, որոնք լուսաբանում են 19-րդ դարի վերջում Հայկական Հարցին վերաբերող խնդիրները, հայութեան ծանր վիճակը, ինչպէս նաեւ 1911-1914 թթ. հայկական նահանգների բարենորոգումներին վերաբերող տեղեկագրեր, շրջաբերականներ, նամակներ՝ տարբեր թեմերի առաջնորդարաններից։ Բազմալեզու այս վաւերագրերն արժէքաւոր սկզբնաղբիւրներ են Արեւմտեան Հայաստանի, Կիլիկիայի եւ կայսրութեան միւս հայաբնակ շրջանների իրաւատնտեսական վիճակի, հայկական ջարդերի վերաբերեալ, յաւելեալ մանրամասնութիւններ են պարունակում տեղահանութիւնների մասին։

Բազմաթիւ վաւերագրեր ներկայացնում են 1912-1922 թթ. միջազգային ատեաններում հայկական պատւիրակութիւնների ծաւալած աշխատանքները։ Այս փաստաթղթերը ժամանակագրական կարգով ցոյց են տալիս Օսմանեան կայսրութեան եւ գերտէրութիւնների ու Ռուսաստանի դիրքորոշումները Հայկական Հարցի լուծումների ուղղութեամբ։ Տասնեակ էջեր պատմում են հայ որբերի, առեւանգւած կանանց, իսլամացւած հայերի եւ նաեւ նրանց դարձի բերելու, հայկական իրականութիւն վերադարձնելու նպատակով կատարւած աշխատանքների մասին։ Պահպանւել են վկայութիւններ Հայոց Ցեղասպանութիւնից առաջ եւ յետոյ հայկական դպրոցների, եկեղեցիների, սեփականութեան եւ լքեալ գոյքի վերաբերեալ։ Այս բոլոր նիւթերը Դիւանում հաւաքւել են այն ակնկալիքով, այն սպասումով, որ երիտթուրք պարագլուխները կը կանգնեն արդարադատութեան առջեւ, կը լինի անկանխակալ դատ, եւ նրանք կը ստանան արժանի պատիժ՝ կանխամտածւած ցեղասպանութիւն իրագործելու համար։ Այն իր ամբողջութեամբ Օսմանեան կայսրութեան համակարգւած ցեղասպան քաղաքականութեան վկայարան է՝ ամրագրւած կնիքներով, համարակալումներով եւ ստորագրութիւններով։

 

- Կարո՞ղ են, արդեօք, փաստաթղթերի ուսումնասիրութեան արդիւնքում նորովի վերագնահատւել պատմական իրողութիւնները։

- Հայոց Ցեղասպանութիւնը կատարւած իրողութիւն է եւ վեր է որեւէ կասկածից, սակայն թուրքական պետական ժխտողական մեքենան աշխատում է ամէն օր՝ անխափան եւ անվրէպ՝ կիրառելով նաեւ աւելի ճկուն մեթոդներ, դիմելով հնարաւոր ու անհնար միջոցների, իր գայթակղիչ ծուղակների մէջ գցելով նաեւ հայ մասնագէտների։ Ուստի մենք պէտք է լինենք զգօն եւ մեր արխիւներին վերաբերւենք շատ խնամքով ու ամենայն պատասխանատւութեամբ։ Հայ Դատը ճշմարիտ դատ է, իսկ նման արխիւները չափազանց կարեւոր են եւ կարող են լրացուցիչ մանրամասներ տրամադրել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ փոխհատուցման գործընթացներում։

Վերջերս Հայոց Ցեղասպանութեան արխիւների վերաբերեալ մեզանում շրջանառւում են շատ վտանգաւոր եւ անհիմն տեսակէտներ, թէ իբր այդ արխիւներում (նաեւ Երուսաղէմի Հայոց Ցեղասպանութեան արխիւում) չկան այնպիսի նիւթեր, որոնք կարող են լուրջ կռւաններ դառնալ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործընթացներում։ Այսպիսի մտավարժանքները եւ նման շահարկումները միտւած են արժեզրկելու տառապանքի գնով ստեղծւած այս հաւաքածուները եւ ապակողմնորոշելու մարդկանց։ Այնինչ, բոլորիս էլ յայտնի է, որ Հայոց Ցեղասպանութեանը վերաբերող օսմանեան պաշտօնական փաստաթղթերը ժամանակին վերացրել են երիտթուրք պարագլուխները։ Թուրքիայի արխիւները տարիներով մաքրւել ու զտւել են։ Իսկ մեր արխիւներն ակնյայտը ապացուցելու միտում ամենեւին չունեն, քանի որ, ինչպէս նշեցի, Հայոց Ցեղասպանութիւնը կատարւած իրողութիւն է։ Եթէ գնահատենք Երուսաղէմի Հայոց Ցեղասպանութեան արխիւը, ապա այն 1911-1922 թթ. Օմանեան կայսրութեան արտաքին եւ ներքին քաղաքականութիւնը փաստող գրեթէ ամենօրեայ իրողութիւնների ժամանակագրութիւն է։ Այսպիսի բացառիկ հաւաքածուների արժեզրկումը ուղղակի սատարում է թուրքական ժխտողականութեանը։ Ի դէպ, հայկական արխիւների նկատմամբ կասկածելի վերաբերմունքը թուրքական ժխտողական յայտնի թեզերից մէկն է։ Անգամ աւելորդ է նշել, թէ որքան կարեւոր է գէթ մէկ վաւերագրի վկայութիւնը ոչ միայն իւրաքանչիւր մասնագէտի, այլեւ ամէն հայի համար։

 

- Մասնագիտական եւ հետազօտական բնոյթի ի՞նչ դժւարութիւնների էք հանդիպել, քանի որ անգամ հարիւրամեայ հեռաւորութիւնից հնարաւոր չէ առանց յուզմունքի, առանց ծանր ապրումների մտածել, առաւել եւս առընչւել պատմական այդ ծանր ժամանակաշրջանի իրողութիւններին։

- Մասնագիտական որեւէ դժւարութիւն մեր խումբը չունի։ Ձեւաւորւել է նաեւ գիտական խորհուրդ։ Այս աշխատանքների ընթացքում աննկարագրելի են մեր ապրումները։ Անհնար է խօսել այն ցնցումի ու յուզմունքի մասին, երբ աշխատելու ընթացքում արխիւում ձեռքս անցաւ ալաշկերտցի իմ հայրական պապի ընտանիքի անդամների սպանդի մասին պատմող մի վաւերագիր... Եւ վերջում մեր փոքրիկ աշխատանքային խումբը խորին շնորհակալութիւն է յայտնում Երուսաղէմի Հայոց պատրիարքութեանը՝ ամենապատիւ Տ. Նուրհան արք. Մանուկեանի գլխաւորութեամբ այս ազգանւէր գործը նախաձեռնելու եւ իր վերահսկողութեան ներքոյ առնելու համար։ Այսպիսով, այս ժողովածուների պատրաստումն ու հրատարակումը կը դառնայ իւրատեսակ կոթող Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի ոգեկոչման համար։

 

Զրուցեց Լուսինէ Մխիթարեանը

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

19.05.2020

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։