Հա
02/06/2020 - 10:00

Կորոնավիրուսի եւ միջազգային յարաբերութիւնների սրման ֆոնին՝ ամերիկեան կենսաբանական լաբորատորիաները՝ Հայաստանում

Հայաստանի, սփիւռքահայ, ռուսական, ամերիկեան, եւրոպական մամուլն ու զանգւածային լրատւական միջոցները դարձեալ սկսեցին անդրադառնալ Հայաստանում գործող ամերիկեան կենսաբանական եւ համաճարակների կանխման լաբորատորիաների մասին։

Հայաստանի, սփիւռքահայ, ռուսական, ամերիկեան, եւրոպական մամուլն ու զանգւածային լրատւական միջոցները դարձեալ սկսեցին անդրադառնալ Հայաստանում գործող ամերիկեան կենսաբանական եւ համաճարակների կանխման լաբորատորիաների մասին։ 2016 թ.-ին մինչեւ 2019 թւականը, Գիւմրիում, Տաւուշում, Լոռիում, Գեղարքունիքում, Սիւնիքում, Մարտունիում, Ղափանում, Վանաձորում եւ այլուր լաբորատորիաներ բացւել կամ վերանորոգւել են արդիական, կենսաբանական, քիմիական, համաճարակային, հետազօտութիւնների սարքերով՝ ԱՄՆ կառավարութեան, Պենտագոնի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանութեան ջանքերով եւ շուրջ 18 միլիոն դոլար ֆինանսաւորմամբ։ Կարժէ յիշեցնելով թէ՝ այսպիսի լաբորատորիաներ գոյութիւն ունեն Վրաստանում, Ուկրայինայում, Արեւմտեան Եւրոպայի երկրներում, նոյնիսկ Լատինական Ամերիկայում, Աւստրալիայում՝ անշուշտ, այս բոլորը ամերիկեան քաղաքական ու ռազմական գերատեսչութիւնների անմիջական հովանաւորութեամբ եւ ֆինանսաւորմամբ։

Կորոնավիրուսի այսպիսի հսկայական տարածման պայմաններում, այսօր, երբ ԱՄՆ-ն ու Չնաստանը իրար են ամբաստանում այս եւ նոյնանման զանգւածային բնաջնջման կենսաբանական եւ քիմիական «չյայտարարւած» զէնքեր (գաղտնի) արտադրման մէջ, բնականօրէն այս երեւոյթի հանդէպ հիւանդագին եւ ահազանգող յայտարարութիւններ, յօդւածներ ու հաղորդումներ են սփռւում կորոնավիրուսի վարակման գլխաւոր կենտրոններից համարւող Ռուսաստանի զանգւածային եւ ազգային անվտանգութեան շրջանակների կողմից։ Մանաւանդ որ, խիստ սրւել են յարաբերութիւնները Ուկրայինայի հետ, որն ոչ միայն նոյնանման կենսաբանական գաղտնի լաբորատորիաներ է հաստատել իր տարածքում, այլեւ ամերիկեան միջուկային ռմբակոծման տխրահռչակ աւիացիայի եւ նաւատորմի հետ միացեալ թռիչքներ եւ ռազմափորձեր է կազմակերպում Սեւ ծովից՝ Բալթիկ ծով։

Պէտք է հասկանալ, թէ այնքան էլ «հարթ» չեն ռուս-վրացական եւ ռուս-հայկական յարաբերութիւնները այսօր, ինչն պատճառ է դարձել որ Կրեմլը՝ ռուս գիտնականների առաջ բացի նաեւ Հայաստանում գործող ամերիկեան լաբորատորիաների դռները…։ Հայկական կողմը, բազմիցս յայտարարել է թէ այդ լաբորատորիաներում աշխատում են ամբողջապէս հա՛յ գիտնականներ եւ գտնւում է պետութեան ամբողջական վերահսկողութեան տակ։ Սակայն, երբ հեռախօսազրոյց ունեցանք Լոս Անջէլոսում եւ Վաշինգտոնում գործող հայկական «լոբբիինկ»-ի որոշ ղեկավարների հետ (որոնք խնդրեցին իրենց անունները չհրապարակել այստեղ), նրանք մի կողմից շնորհակալութիւն յայտնեցին ԱՄՆ-ի ղեկավարութեան՝ այսպիսի լաբորատորիաների հաստատման համար, սակայն, չթաքցրեցին իրենց խիստ մտահոգութիւնները կենսաբանական եւ քիմիական որեւէ անսպասելի արկածի պատահման դէպքում, որն կարող է դառնալ հայկական փոքր «Չեռնոբիլ»։

Հայաստանը թէեւ փոքր, սակայն գիտութեան մեծ պոտենցիալ ունեցող երկիր է, ուր սովետական միութեան օրերից միջուկային գիտութեան, անջրպետային սարքերի կառուցման, կենսաբանութեան եւ քիմիական գիտութիւնների, ռոբոտների արտադրութեան կարեւոր երկրներից էր։ Այսօր, ըստ ամերիկեան հետախուզութեան տւեալներին, սովետական առաջին միջուկային ռումբը պատրաստւել է Հայաստանում, աշխարհահռչակ գիտնական Աբրահամ Ալիխանովի եւ հայազգի պանծալի հետախոյզ Հայկ Բադալի Յովակիմեանի ջանքերով։ Այնպէս որ հաճելի կը լինէր որ մեր հայրենիքը այս հսկայական ներուժը օգտագործի մեր երկրի հզօրացմանը, հեռու մնալով մեծ տէրութիւնների միջեւ տեղի ունեցող վտանգաւոր մրցակցութեան «խաղերից», ի փառս հայ ժողովրդի գոյատեւման։

 

ՀԱՄՕ ՄՈՍԿՈՖԵԱՆ

Բէյրութ - Երեւան - Լոս Անջէլոս - Վաշինգտոն

Հեռախօսով

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։