Հա
10/06/2020 - 09:45

Կորոնավիրուսի աղէտն ու տնտեսական ճգնաժամը Մերձաւոր Արեւելքի հայաբնակ երկրներում

Հայոց Ցեղասպանութիւնից, տարագրութիւններից, Մերձաւոր Արեւելքում «սերմանւած» անվերջ պատերազմներից ուժասպառ եղած հայ գաղթօճախներն եւ արաբ, քուրդ, պարսիկ, ասորի, եզիդի եւ այլ ժողովուրդներից բնակւած նաֆթով եւ գազով այս երկրները պէտք է ճաշակեն անսպասելի տառապանքներ 2020 թւին…։

ՀԱՄՕ ՄՈՍԿՈՖԵԱՆ

 

Հայոց Ցեղասպանութիւնից, տարագրութիւններից, Մերձաւոր Արեւելքում «սերմանւած» անվերջ պատերազմներից ուժասպառ եղած հայ գաղթօճախներն եւ արաբ, քուրդ, պարսիկ, ասորի, եզիդի եւ այլ ժողովուրդներից բնակւած նաֆթով եւ գազով այս երկրները պէտք է ճաշակեն անսպասելի տառապանքներ 2020 թւին…։ Լիբանանում, մասամբ քաղաքացիական պատերազմում քարուքանդ եղած Սիրիայում, Իրաքում եւ Իրաքեան Քրդստանում, Յորդանանում, Ծոցի Արաբական երկրներում, Եգիպտոսում, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում անսպասելիօրէն յայտնւեց «անտեսանելի» եւ մահաբեր կորոնավիրուսը։ Արդէն իսկ «թրամփեան» պատժամիջոցների, միջազգային թէ «տեղական» օլիգարխների թալանի պատճառով, միշտ պատերազմներից «անպակաս» Լիբանանը, Սիրիան, Իրաքը, Յորդանանը, Պաղեստինը, Սեուդական Արաբիան, Եմէնը, Էմիրութիւնները, Կատարը, Եգիպտոսը տնտեսական եւ ֆինանսական ծանր ճգնաժամ էին ապրում, կորոնավիրուսը աւելի եւս բարդացրեց իրավիճակը սկզբում, կորոնավիրուսից վարակւածներից թիւերը շատ բարձր չէին, ոչ էլ այնքան մահաբեր էր։ Սակայն, արտերկրում, մանաւանդ Չինաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իսպանիայում գտնւող եւ պարտադրւած «տուն» վերադարձող հազարաւոր ուսանողներ, առեւտրականներ, մասնագէտներ՝ իրենց հետ բերեցին կորոնավիրուսի աւելի մահաբեր «տարբերակ»-ները։ Նոյնիսկ երբ նաֆթի «ծովի» վրայ նստած Իրաքեան Քրդստանի արդիական Դուհոկ քաղաքը, ուր ապրում են իրենց շրջակայ հայկական գիւղերով (Հաւրեզ, Աւզրուկ, Իշֆկենդեր), Սուրբ Ներսէս Շնորհալի հայակերտ տաճարով բնիկ վանեցի հայեր՝ դարձեալ ստիպւած եղան անցնել արգելափակման եւ դիմակներով ապրելու մղձաւանջին։ Մի քանի շաբաթ առաջ երկու միլիոնանոց Դուհոկը, փաստօրէն Իրաքի ամենագեղեցիկ լեռնային քաղաքը հիւսիսում, տօնել էր կորոնավիրուսի դէմ յաղթանակը…։

Սիրիայում, երբեմնի հայաշատ Կամիշլիում, Հալէպում, Դամասկոսում, ռազմական եւ տնտեսական բլոկադայի պատճառով, լինելով ռազմական գործողութիւնների կիզակէտ՝ կորոնավիրուսով վարակւածների թիւը շատ քիչ է։ Սակայն, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ցամաքային թէ օդային հարւածները, Իսրայէլի հրթիռակոծումները Լիբանանի օդային տարածքից, այժմ էլ այսպէս կոչւած «Սեզարի պատժամիջոցների» գործադրումը Սիրիայի դէմ՝ եռակի դժւարացրել են ինչպէս սիրիահայերին, այնպէս էլ սիրիացիների պայքարը կորոնավիրուսի տարածման դէմ։

Սփիւռքի երբեմնի մայրաքաղաք Բէյրութը 2020 թւականը «դիմաւորեց» զանգւածային ցոյցերով, ընդդէմ Լիբանանի բանկերից վերջին 30 տարում պետական չինովնիկներն ու «պատերազմի իշխանները» թալանել էին աւելի քան 750 միլիարդ դոլար…։ Ժողովրդի միլիոնաւոր դոլարների աւանդները, կենսաթոշակային ֆոնդերը յօդս էին ցնդել՝ զայրոյթի հսկայական ալիքներ յառաջացնելով երկրում։ Այս բոլորի վրայ, նախ դանդաղ տեմպերով, յետոյ՝ արտասահմանից Լիբանան վերադարձող քաղաքացիների պատճառով, օրից օր վարակւածների թիւը աւելացաւ, բայց մահերը այնքան շատ չէին ինչպէս ուրիշ երկրներում։ Մի քանի անգամ երկրով մէկ յայտարարւեց արգելափակում եւ տուգանք, պարետային ժամից դուրս բոլոր քաղաքացիներին տուգանելու հրաման՝ եթէ դիմակներ չեն կրում։ Ուրախալին այն է, որ հայ թէ լիբանանցի կարիքաւոր ընտանիքներին, մարդասիրական օգնութիւններ բաժանւեցին պարէնային սնդուկների ձեւով, բարեգործների, կազմակերպութիւնների եւ լիբանանեան բանակի կողմից։

Պարսից ծոցի երկրներում, Դուբայում, Քուվէյթում, Կատարում, Էմիրութիւններում վարակւածներն ու մահերը աւելի շատ էին, միլիոնաւոր տուրիստների, օտարերկրեայ աշխատողների եւ արտասահմանից վերադարձող քաղաքացիների պատճառով։ Իսլամութեան սրբութիւն-սրբոց Մեքքայում եւ ամբողջ Սաուդական Արաբիայի տարածքում որոշ ժամանակով արգելւեց մզկիթներում ժողովրդային աղօթքների խմբային արարողութիւնները, նոյնիսկ մուսուլմանի կեանքում անխուսափելի համարւող «հաջի» գնալը։ Եմէնի պատերազմով եւ Իրանի դէմ պատերազմ հրահրող Սաուդական Արաբիայի եւ նրանց դաշնակից Իսրայէլի եւ ԱՄՆ-ի տիրակալները սնանկութեան եզրին էին հասցրել Արաբական ծոցի երկրներին՝ զէնքի ու զինամթերքի վաճառքի, կաշառքներ «պոկելու» միլիարդաւոր դոլարների «պաշտօնական» թալանով։

Իրանի փառահեղ հայ գաղթօջախի գլխին, ամերիկեան տնտեսական խիստ պատժամիջոցների եւ կորոնավիրուսի պատուհասը պայթեց…։ Երկրում համատարած անգործութեան, ֆինանսական անկում, վարակակիրների եւ մահացածների հազարաւոր թւեր։ Իրանի Իսլամական Հանրապետութեանը «ծնկի բերելու» եւ սիոնիստական շրջանակներին երջանկացնելու այս ռազմավարութիւնը արդէն իսկ ապակայունացրել է տարածաշրջանը եւ արդեն իսկ դուռ բացում նոր պատերազմների մինչեւ բալիստիկ հրթիռների եւ միջուկային զէնքի կիրառումը։

Մաղթենք որ խաղաղասէր եւ մարդասէր ղեկավարներ ի վերջոյ կը հասկանան որ այսպիսի իրավիճակը կարող է տանել դէպի մարդկային քաղաքակրթութեան կործանում, եթէ համընդհանուր ջանքերով առաջքը չառնւի համաշխարհային խաղաղութեանը սպառնացող ահաւոր վտանգին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։