Հա
30/06/2020 - 09:40

«Սփիւռքում նկատում ենք, որ Հայաստանում կայ լուրջ ներքաղաքական բեւեռացում, դա հարցականներ է առաջացնում». Արա Գոչունեան

Ստամբուլում լոյս տեսնող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունեանի խօսքով՝ Հայաստանի ներքաղաքական իրադարձութիւնները միշտ էլ Սփիւռքում անմիջական հետաքրքրութեան առարկայ են դառնում, սփիւռքեան լրատւամիջոցները, որոնք դրսից բացւած մի պատուհան են եւ ունեն իրենց ուրոյն մօտեցումները, դրանք լուսաբանում են մանրամասնօրէն:

«alikonline.ir» - Ստամբուլում լոյս տեսնող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունեանի խօսքով՝ Հայաստանի ներքաղաքական իրադարձութիւնները միշտ էլ Սփիւռքում անմիջական հետաքրքրութեան առարկայ են դառնում, սփիւռքեան լրատւամիջոցները, որոնք դրսից բացւած մի պատուհան են եւ ունեն իրենց ուրոյն մօտեցումները, դրանք լուսաբանում են մանրամասնօրէն: Գրում է «Tert.am»-ը:

Tert.am-ի հետ զրոյցում նա նման դիտարկում արեց՝ անդրադառնալով հայաստանեան ներքաղաքական կեանքում տեղի ունեցող վերջին իրադարձութիւններին՝ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
«Սփիւռքը սկզբունքօրէն Հայաստանի ներքաղաքական իրադարձութիւնների կողմը չէ: Սփիւռքը Հայաստանի ներքին կեանքի դէպքում մի բանին է կողմ՝ պետականութեան հզօրացմանը»,- ասաց նա:

Արա Գոչունեանը նկատեց, որ Հայաստանը 30 տարի ի վեր ժողովրդավարական կարգերով է կառավարւում եւ իր ժողովրդավարութիւնը կառուցել է բաւականին բարդ պայմաններում:

«Մենք, երբ յիշում ենք Հայաստանի անկախութեան ժամանակաշրջանի մարտահրաւէրները, տեսնում ենք, թէ այդ ընթացքում հայ ժողովուրդը, հայոց պետականութիւնը որքան հետեւողական են եղել ժողովրդավարութեան ամրապնդման ուղղութեամբ. իսկ ժողովրդավարութիւնն իր բնոյթով պարտադրում է հակադիր ուժերի պայքար. իշխանափոխութիւններ են լինում, եւ այդ իշխանափոխութեան հետեւանքներն են լինում․ կառոյցները նոր իրավիճակներին համապատասխանեցնելու անհրաժեշտութիւն է զգացւում»,- ասաց նա:

Արա Գոչունեանը միաժամանակ նշեց, որ վերջին շրջանում ժողովրդավարական վայրիվերումներից զատ, իրենք Սփիւռքում նկատում են, որ Հայաստանում կայ լուրջ ներքաղաքական բեւեռացում:

«Այսօր աշխարհում ժողովրդավարութիւնը լուրջ մարտահրաւէրների առջեւ է կանգնում, որովհետեւ սրանից առաջ աշխարհում հիմնական գերտէրութիւնը ԱՄՆ-ը էր, եւ այն երկրագնդի վրայ ժողովրդավարութեան առաքեալի դերակատարմամբ էր հանդէս գալիս: Այսօր աշխարհը վերածւել է բազմաբեւեռի, եւ այդ պայմաններում առաջատար դերակատարները միջազգային հարթակում որեւէ ժողովրդավարութեան ուղղութեամբ տարւող քայլերով հանդէս չեն գալիս»,- ասաց նա:

Նրա խօսքով՝ այս իրավիճակում Հայաստանը կարիք ունի ժողովրդավարութեան, որովհետեւ իր հնարաւորութիւններով այն սահմանափակ է, եւ պատերազի վտանգ ունի. «Եւ երբ պատերազմ է բռնկւում, արդէն հայ ժողովուրդը միասնական լինելու անհրաժեշտութիւն ունի»,- նկատեց նա:

Արա Գոչունեանը նշեց նաեւ, որ ինքը նպատակ չունի Հայաստանեան քաղաքական ուժերից մէկին համակրելու, միւսին՝ հակակրելու, ցանկութիւնն է, որ բեւեռացւած պայմաններում մարդկանց համար գերնպատակը լինի ժողովրդավարութեան, հայկական պետականութեան հզօրացումը:

«Պետք է հասկանալ, որ աշխարհի տասը միլիոն հայի համազգային ժառանգութեան պահպանման միակ ապավենը այսօրւայ Հայաստանի Հանրապետութիւնն է: Սփիւռքը յարգում է Հայաստանի քաղաքացու ընտրութիւնը, Սփիւռքը միշտ ձգտում է, որ Հայաստանն ունենայ կենսունակ տնտեսութիւն, որպէսզի իր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումով այն ձգողական լինի նաեւ իր համար:

Եւ այս պայմաններում հասարակական դաշտում եղած բեւեռացումները, քաղաքական դաշտում իրար հետ անհաղորդ լինելը Սփիւռքում հարցականներ են առաջացնում»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը այնուամենայնիւ հակւած է վստահելու Հայաստանի քաղաքացուն, որ եղած վայրիվերումների մէջ առողջ կը կողմնորոշւի:

Նրա խօսքով՝ բոլոր ժամանակներում էլ իշխանութիւններն են, որ աւելի պատասխանատու են երկրում ստեղծւած իրավիճակի համար, բայց ժողովրդավարութիւնն այն է, որ իշխանութիւնն ու ընդդիմութիւնը, իրար հակադրւելով, կարողանան ժողովրդին ցոյց տալ, թէ որն է մնայունը, որը՝ անցողիկ:

Այս համատեքստում Արա Գոչունեանը նկատեց, որ Հայաստանն ունի առաւելութիւն. ներկայիս իշխանութիւնները եկել են առանց աղմուկի․ «Եւ իշխանութեան բախտը բերեց այն հարցում, որ ընդդիմութեան մէջ գտնւում են այնպիսի մարդիկ, որոնք հայոց պետականութեան ակունքներում իրենց դերակատարութիւնն են ունեցել: Ընդդիմութեան եւ իշխանութեան նպատակների կիզակէտում պէտք է լինի պետութեան հզօրացումը: Իւրաքանչիւր շրջան ունեցել է իր թէ՛ առաւելութիւնները, թէ՛ թերութիւնները, եւ հայոց պետականութեան երթն այդ օրերի հանրագումարն է: Հետադարձ հայացք կատարելն ու արժեւորումներ կատարելը լաւ է, լաւ է նաեւ անցեալի բացթողումները, սխալները ի յայտ բերելը, որ դրանք ապագայում այլեւս չկրկնւեն»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։