Հա
18/07/2020 - 08:05

«Ադրբեջանի դեսպանատունը Լոնդոնում հանրահաւաք է կազմակերպել՝ խախտելով դիւանագիտական օրէնքները». Յովակիմ եպիսկոպոս Մանուկեան

Ինչպէս 2016 թ-ին, այնպէս էլ հիմա, երբ Ադրբեջանը ագրեսիա է սկսում Հայաստանի դէմ՝ Արցախի ճակատում կամ ՀՀ սահմանամերձ շրջաններում, այստեղ՝ Մեծ Բրիտանիայում, Ադրբեջանի դեսպանատունը ակտիւացնում է Հայաստանի դեսպանատան դիմաց ադրբեջանցիների ցոյցերի կազմակերպումը՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը՝ խօսելով յունիսի 17-ին Մեծ Բրիտոնիայում ՀՀ դեսպանատան առջեւ ադրբեջանական համայնքի սանձազերծած անկարգութիւնների մասին։

«alikonline.ir» - Ինչպէս 2016 թ-ին, այնպէս էլ հիմա, երբ Ադրբեջանը ագրեսիա է սկսում Հայաստանի դէմ՝ Արցախի ճակատում կամ ՀՀ սահմանամերձ շրջաններում, այստեղ՝ Մեծ Բրիտանիայում, Ադրբեջանի դեսպանատունը ակտիւացնում է Հայաստանի դեսպանատան դիմաց ադրբեջանցիների ցոյցերի կազմակերպումը՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը՝ խօսելով յունիսի 17-ին Մեծ Բրիտոնիայում ՀՀ դեսպանատան առջեւ ադրբեջանական համայնքի սանձազերծած անկարգութիւնների մասին։

«Դա արգելւած է օրէնքով, դեսպանատունը իրաւունք չունի բողոքի ակցիաներ  կազմակերպելու, բայց Ադրբեջանի դեսպանատունը կազմակերպեց, որը դիւանագիտական օրէնքների խախտում է։ Մեր դեսպանատունը, անշուշտ, պիտի բողոքի սրա դէմ»,- ասաց նա։

Ադրբեջանցիները ՀՀ դեսպանատան դիմաց հաւաքւել էին ագրեսիւ հռետորաբանութեամբ՝ փորձելով Տաւուշի սահմանին վերջին օրերի սրացման մեղքը Հայաստանի վրայ գցելու։ Տեղի հայ համայնքը եւս հաւաքւել էր ու կանգնել ադրբեջանցիների ու  ՀՀ դեսպանատան միջեւ։ Ադրբեջանցիները ամէն կերպ փորձում էին ծեծկռտուք սադրել։

«Եկել էին, մեր դեսպանատան առջեւ կանգնել էին։ Մեր ժողովուրդը սպոնտան կերպով հաւաքւեց՝ համայնքի ներկայացուցիչներ, տարբեր մարդիկ։ Մենք խաղաղ կերպով ցոյց էինք անում մեր դրօշները պարզած։ Մեր կոչերը խաղաղասիրական էին, հայրենասիրական բնոյթի, բայց ոչ ագրեսիւ։ Նրանք աղմկում էին։ Մենք ունէինք պլակատներ։ Նրանց կանանցից մէկը եկաւ եւ դրւած պլակատներից մէկը հափշտակեց։ Երիտասարդը, որի ոտքերի մօտ էր դրւած պաստառը, փորձեց յետ վերցնել այն։ Ադրբեջանցիները հարւածեցին, հրմշտոց ստեղծւեց։ Ոստիկանները բաժանեցին»,- միջադէպերից մէկի մանրամասները պատմեց Յովակիմ Սրբազանը։

Նա վստահեցրեց, որ երկու կողմից էլ որեւէ մէկը չի վնասւել։

«Ցաւալին այն է, որ իրնք բացասաբար են տրամադրւած, ագեսիւ են, զինւորական զգեստներով էին եկել ցոյցի, որն օրէնքով արգելւում է։ Այսինքն, ցոյց էին տալիս, որ իրենց պետութիւնը, խախտելով բոլոր դիւանագիտական օրէնքները, այդ ամբողջը կազմակերպել էր»,- նկատեց Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը։

Դեսպանատան առջեւ հանրահաւքը արտօնւած էր մէկ ժամով։ Այդ ժամանակի աւարտից յետոյ ցուցարարները հեռացել են ՀՀ դեսպանատան մօտից։

Դեսպանատան հէնց կողքին՝ մօտ 100 նմետր հեռաւորութեամբ, Հայ Առաքելական Սուրբ Սարգիս եկեղեցին է։ Ցուցարարների ցրւելուց յետոյ Յովակիմ Սրբազանը եկել է եկեղեցի, աղօթք արել մեր զինւորների համար։

Մեծ Բրիտանիայում հայկական համայնքը աւելի քան 150-ամեայ վաղեմութիւն ունի, նշեց Յովակիմ Սրբազանը՝ յաւելելով, որ աշխատանքը կազմակերպում են ձեւաւորւած աւանդոյթներով։

«Այս տարի մենք տօնում ենք Մանչեսթրի եկեղեցու հիմնադրման 150-ամեակը, որը համավարակի պատճառով չստացւեց։ Հին համայնք ենք, արմատացած համայնք ենք, մենք լուրջ համայնք ենք։ Պրովոկացիաներին չենք տրւում, կազմակերպւած ենք եւ կամաց-կամաց, փառք Աստծոյ, գործը անում ենք»,- ասաց Յովակիմ Սրբազանը։

Նա վստահեցրեց, որ Մեծ Բրիտանիայի հայ համայնքի անդամների մեծ մասը կապւած է Հայաստանի հետ․ «Հայաստանով ապրում ենք, Հայաստանով ներշնչւում ենք եւ Հայաստանով զօրանում ենք։ Ունենք մէկ հայրենիք, երկու պետութիւն՝ Հայաստանի Հանրապետութիւն եւ Արցախի Հանրապետութիւն․ երկուսով էլ ապրում ենք»։

Մեծ Բրիտանիայում 6 ծուխ եւ 3 հայկական եկեղեցիներ ունեն՝ Մանչեսթրի Սուրբ Երրորդութիւն եկեղեցին հիմնւել է 1870 թւականին, Սուրբ Սարգիս եկեղեցին 1923 թ-ին եւ Սուրբ Եղիշէ եկեղեցին, որը 1974 թ-ից որպէս անգլիկան եկեղեցի են օգտագործել եւ 2000 թ-ին վերաօծւել է, եւ  ունեն համայնքներ, որ հոգեւոր մշակութային գործունէութիւն են իրականցնում։

«Եկեղեցիները նոր են բացւել համավարակի պատճառով փակւելուց յետոյ, սահմանափակ թւով հաւատացյալներ իրաւունք ունեն գալու՝ սոցիալական հեռաւորութիւն պահպանելով, անվտանգութեան կանոններով, եւ շատ մարդիկ չեն գալիս պատարագի։ Մի եկեղեցի 100 հոգի է ընդունում, միւսը 20 հոգի՝ փոքր է»,- Մեծ Բրիտանիայի հայ համայնքի կեանքը ներկայացրեց թեմի առաջնորդը։

Տաւուշի սահմանին սրացման դէպքերի հետ կապւած՝ համայնքի անդամներին զգուշացրել են, որ կարող են սադրանքներ լինել եւ համայնքը զգօն է։

Ինչո՞ւ Ադրբեջանը յարձակում սկսեց հայկական դիրքերի վրայ՝ Յովակիմ Սրբազանը քաղաքական հարց է համարում ու չի ցանկանում մեկնաբանել, բայց մի հարցում վստահ է՝ հայ ժողովուրդը ամուր է, պինդ է եւ  հայրենիքի կողքին է։

«Մնացած հարցերով՝ կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանը Հայաստանի սահմանին է կրակում, ցոյց տալու, որ կոնֆլիկտը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է, ոչ թ՝ Արցախի ինքնորոշման հարցն է։ Միջազգային հանրութեան ուշադրութիւնն են փորձում շեղել։ Նաեւ իրենք ներքին խնդիրներ ունեն՝ համաճարակի պատճառով սոցիալական խնդիրներ, դժգոհութիւններ եւ այլն եւ միգուցէ իրենց ժողովրդի ներքին սպառման համար են անում։ Բայց մեծ սխալ են գործում, որովհետեւ պատժւելու են․ Հայաստանի դէմ ցանկացած ագրեսիա պատժւելու է, մեր զինւորը գիտի՝ ինչի համար է կռւում»,- ասաց Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդը։

Միջազգային հանրութեան արձագանքը Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային Յովակիմ Սրբազանը բաւարար չի համարում։ Այսուհանդերձ, Ֆրանսիայի պառլամենտի որոշումը նրան գոհացրել է, նաեւ՝ եկեղեցական կառոյցների արձագանքը։ Մեծ Բրիտանիայում Հայ Դատի գրասենեակը, դիւանագէտները դիրքորոշում յայտնել են, ինքը՝ ՀԱԵ թեմի առաջնորդն էլ նամակներ է գրել Քենթրբերիի արքեպիսկոպոս կարդինալին՝ իրազեկելով իրավիճակի մասին։

Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը, որը սրացման ամբողջ ընթացքում առաջնագծում ու սահմանամերձ գիւղերում իր օրհնութեան խօսքն է տարածում, զանգել է նաեւ Յովակիմ Սրբազան Մանուկեանին՝ անհանգստանալով դեսպանատան առջեւ սադրանքներից։

«Ես քիչ առաջ Բագրատ Սրբազանի հետ խօսեցի, ինքն էլ անհանգստացած էր մեր վիճակով։ Ես զրուցեցի, մեծ ոգեւորութիւն ապրեցինք բոլորս, որ մեր ժողովուրը ուժեղ է Հայաստանում, մեր զինւորները հզօր են, ոգին բարձր է։ Եւ ամէն կերպ մենք աջակցում ենք, իրենց կողքին ենք»,- ասաց Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը։

Նա վստահ է, որ Հայաստան-Մեծ Բրիտանիայի հայ համայնք յարաբերութիւններում լաւ մեխանիզմներ կան միմեանց հետ գործակցելու եւ այսօր իրենց համար էլ՝ թիւ մէկ խնդիրը հայրենիքի խաղաղութիւնն է, սահմանների անդորրը, զինւորների անվտանգութիւնը։

Յովակիմ Սրբազանը յորդորեց հաւատքով լցւել, միասնական լինել ու վստահ, որ յաջողելու ենք մեր պայքարի մէջ։

ԱՆՆԱ ԲԱԼԵԱՆ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։