Հա
23/07/2020 - 10:40

«Մեր յաղթանակը նշանակում է, որ հայութիւնը Սիրիայում լաւ դիրք ունի, իր բոլոր իրաւունքներից օգտւում է». Սիրիայի խորհրդարան անցած պատգամաւորներ

Յուլիսի 19-ին Սիրիայում կայացել են խորհրդարանական ընտրութիւններ, ըստ որոնց, Սիրիայի ժողովրդական ժողովի (խորհրդարան) պատգամաւորներ են ընտրւել երեք հայ թեկնածուներ՝ Հալէպից Ժիրայր Ռէյիսեանը եւ Լիւսի Իսկէնեանը, իսկ Դամասկոսից՝ Նորա Արիսեանը:

«alikonline.ir» - Յուլիսի 19-ին Սիրիայում կայացել են խորհրդարանական ընտրութիւններ, ըստ որոնց, Սիրիայի ժողովրդական ժողովի (խորհրդարան) պատգամաւորներ են ընտրւել երեք հայ թեկնածուներ՝ Հալէպից Ժիրայր Ռէյիսեանը եւ Լիւսի Իսկէնեանը, իսկ Դամասկոսից՝ Նորա Արիսեանը:

Tert.am-ը զրուցել է հայազգի պատգամաւորների հետ:

Արդէն երկորդ անդամ Սիրիայի խորհրդարան անցած Ժիրայր Ռէյիսեանը նշեց՝  իր եւ միւս հայազգի թեկնածուների յաղթանակը ինքը պայմանւորում է Սիրիայում ազգային միասնականութեան առկայութեան հետ:

«Մեր հայկական միութիւնները, կազմակերպութիւնները, հոգեւոր կենտրոնները բոլորը կարծես մէկ թեկնածուի շուրջ էին համախմբւել: Կարծես ընտրութիւնները ազգային զօրակոչ լինէին»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց յաղթանակի պարագայում դեր է խաղացել նաեւ իրենց վարկանիշը Սիրիայի ժողովրդի մօտ:

Այս խորհրդարանը, ըստ Ժիրայր Ռէյիսեանի, շարունակելու է նախորդի աշխատանքները: «Իհարկէ, կան առաջնահերթութիւններ. դա օտար ուժերի ապօրինի ներկայութիւնն է Սիրիայում եւ դրանց դուրս գալու հարցը: Մենք նաեւ պէտք է ամէն ջանք օգտագործենք, որ վերացնենք Սիրիայի նկատմամբ բոլոր տնտեսական պատժամիջոցները, ճնշումները, պէտք է հասնենք ժողովրդի տարրական, կենցաղային կարիքները հոգալուն: Ես Սիրիան վերականգնելու նպատակ ունեմ»,- ասաց նա:

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւորը նշեց, որ իրենց աշխատանքի շնորհիւ պէտք է Հայաստան-Սիրիա յարաբերութիւնները բարեկամականից անցում կատարեն եղբայրականին: Երկու երկրների միջեւ յարաբերութիւնները դարերի արմատներ ունի, հետեւաբար մեզ համար սկզբունքային է աշխատել երկու երկրների յարաբերութիւններն աւելի սերտացնելու ուղղութեամբ՝ ի շահ երկու ժողովրդների»,- ասաց նա:

Առաջին անգամ Սիրիայի խորհրդարան անցած Լիւսի Իսկէնեանի խօսքով՝ իրենց յաղթանակը նշանակում է, որ, որպէս այդ երկրի զաւակներ, վաստակել են իրաւունք խորհրդարանում լինելու:

«Սիրիայի նախագահը շատ լաւ է վերաբերում հայերին եւ բարձր է գնահատում Հայաստանի կողմից Սիրիային ուղղւած օգնութիւնները՝ լինի ռազմական, թէ այլ ոլորտներում,- ասաց նա՝ նշելով, որ հայերն իրենց Սիրիայում օտար չեն զգում,- մեր յաղթանակը նշանակում է, որ հայութիւնը Սիրիայում լաւ դիրք ունի, իր բոլոր իրաւունքները վայելում է»:

Լիւսի Իսկէնեանը Հալէպի համասարանի Իրաբանութեան ֆակուլտետի դեկանն է, քաղաքականութեամբ զբաղւելն իր համար դժւար չէ, քանի որ աշխատանքի բերումով ուսումասիրել է արաբական երկրների քաղաքականութիւնն ու դրա հետ կապւած իրաւական դաշտը: Խորհրդանում  նա աշխատելու է աւելի ամրապնդել Հայաստան-Սիրիա կապերը յատկապէս կրթական ոլորտում:

«Ինքս Սիրիայում համալսարանում դասախօս եմ: Ցանկանում եմ կապ ստեղծել Սիրիայի եւ Հայաստանի պետական համալսարանների միջեւ: Կուզեմ, որ Սիրիայի առաջատար ուսանողները կրթաթոշակ ստանան, հնարաւորութիւն ունենան սովորելու Հայաստանում, ծանօթանան  հայկական մշակոյթին: Կրթութեան միջոցով ծանօթանան Հայաստանի հետ եւ երբ վերադառնան Հայաստանից, լինելով սիրիացի, դառնան կապող օղակ Հայաստանի, Արցախի եւ Սիրիայի միջեւ»,- ասաց նա:

Նշենք, որ Tert.am-ը մինչ ընտրութիւնները  զրուցել էր խորհրդարան անցած հայազգի պատգամաւոր Նորա Արիսեանի հետ: Նա նշել էր` լինելով նախորդ խորհրդարանի Սիրիա-Հայաստան խորհրդրանական բարեկամական յանձնաժողովի նախագահը․ եթէ այս անգամ էլ անցնի խորհրդարան՝ շարունակելու է աշխատել երկու երկրների յարաբերութիւնների խորացման ուղղութեամբ:

«Շնորհակալ եմ Հայաստանի պատգամաւորներին եւ յատկապէս Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի պատգամաւորներին, որոնք ջանք չխնայեցին յարաբերութիւնները զարգացնելու հարցում: Մենք էլ ճիգ չխնայեցինք դրանք վերաաշխուժացնելու, աւելի խորացնելու ուղղութեամբ: Տայ Աստւած, որ այս յարաբերութիւններն աւելի ամրապնդւեն ի շահ երկու երկրների եւ ժողովուրդների»,- ասել էր նա:

 

ՀՌԻՓՍԻՄԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։