Հա
12/08/2020 - 12:05

Եթէ հայերը լքեն Բէյրութը, ուր կը գնան, կամ պատրաստ է Հայաստանն ընդունել հայրենակիցներին

Բէյրութի Հայ մարմնամարզական միութեան կենտրոնական վարչութեան ատենապետ Միսաք Նաջարեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով հայկական համայնքի կրած մարդկային եւ նիւթական կորուստներին:

«alikonline.ir» - Բէյրութի Հայ մարմնամարզական միութեան կենտրոնական վարչութեան ատենապետ Միսաք Նաջարեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով հայկական համայնքի կրած մարդկային եւ նիւթական կորուստներին:

Միսաք Նաջարեանի տեղեկացմամբ` նիւթական վնասներն ուղղակի աներեւակայելի են, այնպիսի տպաւորութիւն է, ասես Բէյրութում երկրաշարժ է եղել կամ ատոմային ռումբ է պայթել։

«Արամ Առաջին կաթողիկոսն այցելել է Բուրջ Համուդ թաղամաս, տեսել աւերածութիւնները, մտել է հայկական Ս. Գէորգ եւ Ս. Յարութիւն եկեղեցիներ, որոնք նոյնպէս զգալիօրէն տուժել են արհաւիրքից։ Շատ շէնք-շինութիւններ պէտք է հիմքից վերականգնւեն, շատ բնակարաններ արդէն պիտանի չեն ապրելու համար։ Վերականգնողական աշխատանքների իրականացումը դժբախտաբար շատ դժւար է լինելու, որովհետեւ Լիբանանը մինչ պայթիւնը գտնւում էր տնտեսական ճգնաժամի մէջ, կար նաեւ համավարակը, եւ հիմա այդ ամէնին գումարւեց նաեւ այս ահաւոր պայթիւնը»,- նշում է Հայ մարմնամարզական միութեան կենտրոնական վարչութեան ատենապետը։

Միսաք Նաջարեանի փոխանցմամբ` նոյնիսկ ծանր պայմաններում հայկական կուսակցութիւնները, եկեղեցին, սկաուտական կազմակերպութիւնը, բարեգործական միութիւններն ու ազգային-մշակութային հաստատութիւններն աշխատանքներ են իրականացնում, որպէսզի օժանդակութիւն ցուցաբերւի տուժած հայերին։

Անդրադառնալով Հայաստանից ժամանած պատւիրակութեան այցին` Միսաք Նաջարեանը լիբանանահայութեան անունից խորհին շնորհակալութիւն յայտնեց օգնութեան համար` շեշտելով, որ նման աջակցութիւնը տեղի համայնքի համար ունի մեծ նշանակութիւն, մեծ իմաստ։ Նրա խօսքով` արդէն իսկ փաստ է, որ Հայաստանի կառավարութիւնը միշտ նեցուկ կը լինի լիբանանահայերին։

«Հանդիպման ընթացքում յատկապէս քննարկւեց այն հայերի հարցը, ովքեր կը ցանկանան տեղափոխւել Հայաստան, որովհետեւ կորցրել են իրենց տունն ու ունեցւածքը։ Մտավախութիւն կայ, որ վիճակը գնալով աւելի կը վատանայ, նոյնիսկ չի բացառւում քաղաքացիական պատերազմի հեռանկարը։ Հետեւաբար քննարկւեց հարցը` արդեօք պատրա՞ստ է Հայաստանն ընդունել Լիբանանից ժամանող հայրենակիցներին»,- նշում է Հայ մարմնամարզական միութեան կենտրոնական վարչութեան ատենապետը։

Միսաք Նաջարեանի համոզմամբ` եթէ իրավիճակից ելնելով հայերը Լիբանանից մեկնեն, ապա միակ ուղղին պէտք է լինի դէպի Հայաստան, այլ ոչ թէ երրորդ երկիր, որովհետեւ լիբանանահայութիւնն, ըստ նրա, կարող է իր ինքնատիպութիւնը պահպանել միայն պատմական հայրենիքում։

Յիշեցնենք` օգոստոսի 4-ին Բէյրութի նաւահանգստի շրջանում հզօր պայթիւն է որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը խոստովանել է, որ նիւթը պատշաճ ձեւով չի պահւել։ Լիբանանի նախագահ Միշէլ Աունը հրաժարւել է միջազգային հետաքննութիւնից։ Յայտնի է, որ Բէյրութի նաւահանգստի ու մաքսատան աշխատակազմից մօտ քսան մարդ է հարցաքննւել, այդ թւում՝ ղեկավարները։

Պայթիւնի զոհ է դարձել ընդհանուր առմամբ 154 մարդ, նրանից 25-ի ինքնութիւնը դեռ չի պարզւել։ Եւս 60-ը անհետ կորած են։ Տուժել է աւելի քան 5000 մարդ։

Բէյրութի հայկական թաղամասերը դժբախտաբար գտնւում այն էին նաւահանգստին մօտ, որտեղ տեղի էր ունեցել պայթիւնը։ Ինչպէս արդէն տեղեկացրել ենք, պայթիւնի հետեւանքով մահացել է 13 հայ, վիրաւորւել աւելի քան 250-ը, որոնց մէջ կան ծանր վիրաւորներ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։