Հա
23/08/2020 - 11:45

Ճիշտ չէ, որ հայրենադարձութիւնը դառնայ միայն լիբանանահայութեան օրակարգ

«Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի անդամ Յակոբ Հաւաթեանը:

«alikonline.ir» - «Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի անդամ Յակոբ Հաւաթեանը:

 

- Պարոն Հաւաթեան, ինչպիսի՞ն է իրավիճակը Լիբանանում այսօր:

- Լիբանանում վիճակը քաղաքական կայունութեան առումով նոյն տեղում է, անկայուն է, անորոշութիւնը տակաւին համատարած է, նոր կառավարութեան կազմաւորման գծով բեկումնային վիճակ չկայ, շրջադարձ չկայ, որ կարելի լինի ասել՝ այո, որոշակի յոյսեր է ներշնչում։ Այսօրւայ դրութեամբ կարելի է ասել, որ տակաւին սառած վիճակ է: Կուլիսների յետեւում, բնականաբար, աշխատանքները շարունակւում են, միջազգային մեծ հետաքրքրութիւն կայ Լիբանանի նկատմամբ: Ամէն օր զանազան պետութիւնների ներկայացուցիչներ՝ եւրոպական, ամերիկեան, արաբական, այցելում են Լիբանան՝ զօրակցութիւն յայտնելու Լիբանանի աղէտեալ ժողովրդին, անշուշտ, նաեւ ներկայացնելու իրենց քաղաքական առաջադրանքները, իրենց պատկերացումները, թէ ինչպէս են տեսնում այս երկրի առաջիկայ քաղաքական գործընթացը՝ իհարկէ ամէն մէկն իր շահերի տեսանկիւնից: Յուսով ենք, որ այս բոլոր շահերը, բոլոր միջազգային ախորժակները ինչ-որ տեղ կը բիւրեղանան: Իհարկէ, լիբանանեան ներքին վիճակից շատ բան է կախւած, որ հնարաւոր լինի ձեւաւորել նոր կառավարութիւն, որը, անշուշտ, պէտք է նկատի ունենա նաեւ անցնող ամիսների ընդհանուր հանրային ակնկալիքները, որպէսզի հնարաւոր լինի որեւէ կերպ վերականգնման գործընթացի մեկնակէտը դնել: Այդ գործընթացը տակաւին երկար կը տեւի, քանի որ այսօր բազմաթիւ են դժւարութիւններն ու մարտահրաւէրները, նաեւ ճգնաժամը բաւական մեծ է:

Հետեւաբար, այս բոլորը դիմագրաւող կառավարութեան կարիք կայ, ինչը կախւած է բոլոր կողմերի ամբողջական զօրակցութիւնից: Սա է կարեւորը: Յուսանք, որ շուտով կանաչ լոյս կը բացւի եւ կը սկսւի կառավարութեան կազմաւորման շուրջ համախոհութիւն առաջանալ: Մենք կարծում ենք, որ պէտք է միշտ համախոհութիւնը, իրար հասկանալու, իրար հետ այս կացութիւնը, այս պատասխանատւութիւնը շալակելու խնդիրը հիմնականը դառնայ, որովհետեւ գիտէք, որ համայնքային երկիր է եւ համայնքների համակեցութիւնը, համայնքների ընդհանուր իրավիճակն իր բաժինն ունի այս ընդհանուր կացութեան մէջ: Պէտք է այդ իմաստով բոլորը հասկանան, որ այս ճգնաժամը յաղթահարելու համար պէտք է զիջումներ անել յանուն Լիբանան հայրենիքի վերականգնման: Այս բոլորն ասում եմ, որովհետեւ մենք՝ որպէս կուսակցութիւն, միշտ էլ ասել ենք, որ Լիբանանի մէջ յաղթող եւ պարտւող կողմերի հարց չկայ, բոլորը պարտաւորւած են միասին աշխատելու: Կեանքը ցոյց տւեց, որ անցնող 30 տարիներին ներքին առճակատումներից, քաղաքացիական պատերազմից տուժեց միայն երկիրն ու ժողովուրդը: Հետեւաբար, մենք պէտք է այս հանգամանքը նկատի ունենանք:

 

- Հայաստանի կառավարութիւնում քննարկւել է հայրենադարձութեան հարցը. նշւել է, որ մինչեւ սեպտեմբեր պատրաստ կը լինենք լիբանանահայերին յատկացւելիք օգնութիւնների փաթեթ ներկայացնել: Այս փուլում լիբանանահայերն ի՞նչ են ակնկալում Հայաստանից:

- Անկեղծ ասած, հայրենադարձութեան օրակարգը անցնող երկու շաբաթներին բաւական քննարկւեց: Այդ օրակարգը կենսական ու կարեւոր եւ հրատապ օրակարգ է, սակայն մամուլում կամ սոցիալական ցանցերում տեղի ու անտեղի վերլուծութիւններն ու մեկնաբանութիւնները նպաստ չեն բերում այդ օրակարգի բիւրեղացմանը: Օրակարգը մեզ համար կարեւոր է։ Մենք՝ իբրեւ կուսակցութիւն, այս իշխանութիւնների օրօք այդ օրակարգը բարձրացրել ենք, պահանջել ենք դրա ամբողջական բիւրեղացումը, օրէնքների փաթեթի ամբողջական յստակեցումը, որի մէջ, բնականաբար, նաեւ Սփիւռքը պէտք է մասնակցութիւն ունենայ իր կենսափորձով, հայրենիքի հանդէպ իր ունեցած պարտաւորութիւններով եւ իրաւունքներով, ունենայ իր ասելիքը: Նախ՝ յստակեցնենք, որ որպէս այս ճգնաժամի արդիւնք հայրենադարձութիւն ակնկալելու օրակարգ մենք չենք դնում: Պէտք չէ այդպէս լինի, դա պէտք է դառնայ ընդհանրապէս ազգային, ռազմավարական հիմնախնդիր: Ճիշտ չէ, որ հայրենադարձութիւնը դառնայ լիբանանահայութեան օրակարգ: Հայրենադարձութեան ընդհանուր կառուցւածքը, նրա օրէնսդրական ամբողջ համակարգը պէտք է հիմնւի նրա վրայ, որ Հայաստանն ունի մեծ Սփիւռք եւ այդ Սփիւռքի ամբողջ ներուժը, նաեւ հայապահպանման գործընթացը, նաեւ հայրենադարձութիւնը պէտք է ընդգրկի բոլորին: Այդ իմաստով առաջնային խնդիրը նախկին 20-25 տարիներին Հայաստանից հեռացածների, մեր հայրենակիցների վերադարձի համար անհրաժեշտ հիմքերի ստեղծումն է: Երկրորդ խնդիրն է սփիւռքահայի համար ստեղծել այնպիսի պայմաններ, որպէսզի նրանք իրենց տեղը գտնեն հայրենիքում: Սրանից առաջ էլ այդ օրակարգը դրւած էր սեղանին, բայց միշտ էլ բիւրեղացման ընթացքում կիսատ էր մնում:

Մեր արդար ակնկալութիւնն է, որ այս հանգրւանին այս օրէնսդրական փաթեթն ամբողջականանայ, բիւրեղանայ: Այս իմաստով նաեւ ասեմ, որ խուճապային մթնոլորտը որպէս հայրենադարձութեան մշակման արդիւնք հնարաւոր չէ մշակել: Այսօր տեղափոխութեան խնդիր է, որ տեղի է ունենում: Այսինքն նման խուճապային վիճակներում բնական է, որ մարդիկ մտածում են, որ եթէ ունեն հնարաւորութիւններ կամ եթէ անգամ չունեն հնարաւորութիւններ, որոշ ապահովութիւն զգալու համար ուզում են տեղափոխւել Հայաստան: Սա չպէտք է մեկնակէտ ծառայի հայրենադարձութեան համար: Հայրենադարձութիւնն աւելի համապարփակ ծրագիր է: Նաեւ ասեմ, որ այսօր լիբանանահայ համայնքը կարողացել է յաղթահարել անցնող 30 տարիների բոլոր ճգնաժամերը: Այսօրւայ համահայկական զօրակցութիւնը, ընդհանուր օժանդակութեան մթնոլորտը, որ կայ, նաեւ լիբանանահայութեան վճռականութիւնն ու կամքը անպայման ազդանշն կը տայ բոլորին, որ այս համայնքը ի վիճակի է անպայման ինքն իրեն գտնելու: Իհարկէ, հարւածը մեծ է, իհարկէ, աղէտը իր ազդեցութիւնը կունենայ առաջիկայ զարգացումների վրայ: Արդէն փաստը ցոյց է տւել, որ մենք ունեցել ենք համայնքներ, որոնք ստացել են հարւածներ, բայց պահել են իրենց հաւաքական կեանքի բոլոր ստորոգելիները, անշուշը յարաբերականօրէն աւելի նւազ ուժականութեամբ: Պէտք է նկատի ունենալ լիբանանահայ համայնքի իւրայատկութիւնները այս իմաստով: Գիտէք, որ լիբանանահայ համայնքը Լիբանանի քաղաքական ընդհանուր կառուցւածքի մէջ ներգործուն մասնակից է՝ խորհրդարանա, կառավարութեան, այլ պետական հաստատութիւններ: Այն Լիբանանի 7 կարեւոր համայնքներից մէկն է, որը իր ամբողջական իրաւունքներն ու պարտաւորութիւններն ունի: Հետեւաբար, պէտք է այս իւրայատկութիւններն էլ նկատի ունենալ եւ այս բոլորի հանրագումարը ամփոփելով պէտք է եւս մէկ անգամ ասել, որ բնական է, որ մարդկանց տեղափոխում է տեղի ունենում: Մարդիկ իրենց ապահովութեան համար կարող են նման որոշում կայացնել, բայց հայրենադարձութեան ընդհանուր թեման պէտք է դիտարկել աւելի համապարփակ, ազգային ու ռազմավարական խնդրի պարունակի մէջ:

 

- Ի՞նչ պէտք է անի Հայաստանը, որ լիբանանահայերը գան հայրենիք ու հաստատւեն այստեղ: Արդէն իսկ մի քանի օդանաւերով լիբանանահայերի են հասցրել Հայաստան: Արդեօք լիբանանահայերը շահագրգիռ են գալ Հայաստան, թէ՞ կարող են օրինակ Հայաստանը դիտարկել որպէս տարանցիկ երկիր եւ այստեղից մեկնել այլ երկրներ:

- Լիբանանահայերը, այո՛, ունեն ակնկալութիւններ, որոնք տարրական ակնկալութիւններ են՝ կենցաղային, բժշկական, կրթական, սոցիալական, առողջապահական: Այսինքն՝ այն բոլորը, որոնք արդէն իսկ ինքն իր այսօրւայ կացութեամբ ի վիճակի չէ անձնապէս հոգալու: Հետեւաբար, պէտք է դրանք նկատի առնել: Դրանից զատ, եթէ այդ հնարաւորութիւնները ստեղծւեն եւ խօսւի ընդհանրապէս այս օրակարգի մասին, նաեւ հարկերի իմաստով, այլ դիւրութիւնների իմաստով, որոնք պետութեան կողմից ծառայութիւնների բնոյթ ունեն, պէտք է այդ բոլորից օգտւեն այն անձինք, որոնք հաստատւում են հայրենիքում: Այստեղ մէկ այլ խնդիր է գալիս. Այդ անձը պէտք է ունենայ նաեւ աշխատելու հնարաւորութիւն: Մենք որպէս հայրենիք, չենք հասել այն աստիճանին, որ այդ հարցը ամբողջութեամբ հնարաւոր լինի լուծել, որովհետեւ դա ընդհանուր հարց է: Հայրենիքում աշխատանքի հնարաւորութիւն ունենալու ընտրանքներ կատարելու մասին է խօսքը, ոչ թէ պարտադրւած աշխատանքի: Այսինքն մարդն իր մասնագիտութեամբ կարողանայ աւելի արմատանալ հայրենիքում եւ այս իմաստով բաւական աշխատանք կայ անելու:

Ինչ վերաբերում է Հայաստանը որպէս տարանցիկ երկիր դիտարկելուն, ապա դա միշտ էլ եղել է այսպիսի ճգնաժամային պահերի ընթացքում: Մենք այդ իրականութիւնը տեսանք նաեւ սիրիահայութեան ժամանակ: Այս դէպքում էլ հնարաւոր չէ մէկ բնորոշմամբ տալ արժեւորումը, որովհետեւ կարող է մարդը որոշել է հաստատւել Հայաստանում, սակայն չկարողացաւ գործ գտնելու, հնարաւորութիւններ ունենալու, իր օրապահիկն ապահովելու: Որոշների համար էլ իսկապէս Հայաստանը ժամանակաւոր բնակավայր է, որպէսզի հասցնեն դիմել այլ երկրների քաղաքացիութիւն ստանալու եւ տեղափոխւելու համար: Իհարկէ, նաեւ այնպիսիք, որոնք ցանկանում են Հայաստանը համարել վերջնական տուն եւ պատրաստ են ամէն տեսակի դժւարութիւններ դիմագրաւել, կառչել հայկական հողին, արարել ստեղծագործել հայրենիքում: Այսինքն՝ տարբեր են բոլորը եւ հնարաւոր չէ բոլորին մէկ արժեւորման մէջ դնել:

 

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։