Հա
24/08/2020 - 13:25

Համայնքը պիտի յաղթահարի այս փորձութիւնը

«Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը։

«alikonline.ir» - «Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը։

 

- Պարոն Գանտահարեան, օրերս կառավարութիւնում տեղի է ունեցել քննարկում հայրենադարձութեան վերաբերեալ։ Մինչեւ սեպտեմբերի 1-ը պատրաստ կը լինի լիբանանահայերին յատկացւելիք օգնութեան փաթեթը։ Ի՞նչ են լիբանանահայերը ակնկալում Հայաստանից։

- Կարծում եմ՝ նուրբ թեմա է սա, որ ունի տարբեր դիտանկիւններ եւ հանգամանքներ։ Նախ պէտք է ճշտենք, որ հայրենադարձութեան օրակարգը չի վերաբերում միայն լիբանանահայութեանը։ Այն օրէնքների մի ամբողջութիւն է, որն ընդհանրապէս ունեն Սփիւռք ունեցող պետութիւնները։ Նման օրէնքների առաջնային թիրախը, կարծում եմ, ՀՀ-ից արտագաղթած զանգւածների վերադարձն է։ Սրան առընթեր կան ճգնաժամում յայտնւած համայնքներ, եւ բնական է, որ ճգնաժամը որոշակի արտահոսքի առիթ է դառնում։ Այստեղ բանաձեւն այն է, որ տագնապներ յաղթահարած լիբանանահայ համայնքը այս ճգնաժամն էլ պիտի յաղթահարի եւ վերականգնւի, որի համար ձեռնարկւել են արդէն բազմաբնոյթ աշխատանքներ՝ շինարարական, հանգանակային, սոցիալական եւ այլն։ Իսկ այն լիբանանահայը, որ ուզում է թողնել երկիրը, պէտք է ունենայ մէկ հասցէ՝ Հայաստանի Հանրապետութիւն: Այս վերջին տագնապներից առաջ էլ Հայաստանը յայտնւել էր լիբանանահայերի հաւաքական ուշադրութեան կենտրոնում։ Շատացել էին ՀՀ քաղաքացիութիւն ստանալու համար դիմողները, նկատելի թիւ են կազմում Հայաստանում բնակարան ունեցողները, ՀՀ-ում բարձրագոյն ուսում ստացողների համեմատական աճ էր գրանցւում եւ այլն: Բնական է, որ երբ ճգնաժամն ահագնանայ, այն մարդը, որն ունի քաղաքացիութիւն, ունի բնակարան, քայլ կանի դէպի հայրենիք։ Ասեմ նաեւ, որ թէեւ հասկանալիօրէն ցանկութիւն կայ Հայաստան տեղափոխւելու, սակայն խուճապային մթնոլորտ չկայ Լիբանանում։ Չպէտք է մոռանալ, որ Լիբանանի Հանրապետութեան կերտման մէջ հայ համայնքը դեր է ունեցել եւ այն Լիբանանը բաղկացնող գլխաւոր համայնքներից մէկն է։ Զգուշաւորութիւն է պէտք՝ այն տպաւորութիւնը չթողելու, որ համայնքի տեղափոխման խնդիր է դրւած։ Կրկնում եմ՝ բանաձեւը պարզ է։ Համայնքը պիտի յաղթահարի այս փորձութիւնը, ինչպէս յաղթահարել է շատ փորձութիւններ։ Միաժամանակ, նա, ով ցանկանում է թողել երկիրը, յանձնարարելի է, որ գնայ Հայաստան։

Ունենք իրաքահայութեան եւ սիրիահայութեան նախադէպերը։ Համայնքները նոսրացել են արտաքին եւ ներքին հանգամանքների պատճառով, բայց շարունակում են իրենց կազմակերպ կեանքը։ Լիբանանում եւս նոյնն է։ Համայնքը շարունակում է իր հաւաքական կազմակերպ կեանքը, թէեւ ճգնաժամի հետեւանքով կարող են լինել արտահոսքի միտումներ։ Նման դէպքում պէտք է այդ միտումները ուղղորդել դէպի հայրենիք։

 

- Ի՞նչ պէտք է անի Հայաստանը, որ լիբանանահայերը գան հայրենիք։ Ինչպիսի՞ նւազագոյն քայլեր, օգնութիւն, նպաստ են ակնկալում նրանք։

- Ճգնաժամային ներհոսքի դէպքում կայ սիրիահայերի որոշակի փորձը: Այդ դէպքում պէտք է անվճար բժշկութիւն, կրթութիւն եւ սոցիալական աջակցութիւն։ Ճգնաժամի բերումով երկրում յայտնւած մարդուն, կարծում եմ, պէտք է շնորհւեն նման դիւրութիւններ։ Առաւել եւս մաքսազերծման կամ որոշ ժամանակի համար հարկային արտօնութիւններ աշխատեն։ Հիմնական խնդիրը, սակայն, աշխատանքի հարցն է, ինչը միայն ճգնաժամի պատճառով յանկարծակի Հայաստան հասած մարդուն չի վերաբերում միայն․ սա գլոբալ հարց է եւ ընդհանրապէս մարդկային հոսքերի կամ տեղաշարժերի մղիչ գործօն հանդիսացող դրդապատճառ։

 

- Պարոն Գանտահարեան, ըստ Ձեզ՝ Հայաստանն այսօր որքանո՞վ է պատրաստ հայրենադարձութիւն իրականացնելուն։

- Ինչպէս ասացի՝ մեծ հայրենադարձութեան օրակարգն ու ճգնաժամային հայրենադարձութիւնը տարբեր գործընթացներ են։ Քաղաքացիութիւն շնորհելը, ներդրումային դաշտը գրաւիչ դարձնելը, իրաւական պետութեան կայացումը համոզիչ դարձնելը, արդար եւ ժողովրդավար կարգեր հաստատելը, լեզւական, մշակութային, կրթական հարցերը արտասահմանից եկածներին համապատասխանեցնելը նախադրեալներ են այդ օրակարգի իրականացման ենթահողը պատրաստելու համար։ Դեռեւս աշխատանք կայ, կարծում եմ, այդ ուղղութեամբ։

 

- Որքանո՞վ է հնարաւոր, որ լիբանանահայերը շատ սիրիահայերի նման Հայաստանը դիտարկեն տարանցիկ երկիր այլ երկիր տեղափոխւելու համար։

- Իրատեսական լինելու համար չի բացառւում դա։ Քաղաքացիութիւն ստացածների մէջ գուցէ կան շատ մարդիկ, որոնք նման հեռանկարներով կամ Եւրոպա աւելի հեշտ վիզա ստանալու դիմել են, որ ստանան ՀՀ քաղաքացիութիւն։ Տեղաշարժերի հիմնական մղիչ գործօնը իրատեսականօրէն հայրենասիրութիւնը կամ գաղափարախօսութիւնը չէ, այլ աւելի բարեկեցիկ, տնտեսապէս, ֆինանսապէս աւելի բարօր կեանք ապահովելու հեռանկարն է։ Դա ոչ միայն Հայաստանում ժամանակավոր հաստատված լիբանանահային կամ սիրիահային է վերաբերում, այլ նաեւ հայրենիքից արտագաղթածներին, մեծ հաշւով: Սա ընդհանուր մօտեցում է, թէեւ գիտեմ, որ այլ յարգելի պատճառներով էլ գնացածներ կան երկու հատւածներում էլ:

 

Սիրանոյշ Պապեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։