Հա
26/08/2020 - 10:35

«Լիբանանահայերի մի մաս ՀՀ կը գայ, եթէ նրանց տրամադրւի կեցութեան վայր եւ աշխատանք, որպէսզի կարողանան գոյատեւել, բայց նրանց մեծ մասը կը նախընտրի մնալ այստեղ». Աւետիս Կիտանեան

Tert.am-ը Լիբանանի զբօսաշրջութեան նախկին նախարար Աւետիս Կիտանեանի հետ զրուցել է օգոստոսի 4-ին Բէյրութի նաւահանգստում տեղի ունեցած պայթիւնից յետոյ երկրում ստեղծւած ճգնաժամի պայմաններում հայ համայնքի դժւարութիւնների մասին:

«alikonline.ir» - Tert.am-ը Լիբանանի զբօսաշրջութեան նախկին նախարար Աւետիս Կիտանեանի հետ զրուցել է օգոստոսի 4-ին Բէյրութի նաւահանգստում տեղի ունեցած պայթիւնից յետոյ երկրում ստեղծւած ճգնաժամի պայմաններում հայ համայնքի դժւարութիւնների մասին:

 

- Պարոն Կիտանեան, Լիբանանում տեղի ունեցած աղէտից յետոյ շաբաթներ են անցել, բայց հետեւանքները դեռ վերացնելը երկար կը տեւի։ Ի՞նչ իրավիճակ է հիմա տիրում Լիբանանում եւ դա ի՞նչ անդրադարձ է ունենում հայկական ամենաամուր համայնքներից մէկի՝ լիբանահայութեան վրայ։

- Այո, Լիբանանի նաւահանգստի պայթիւնից յետոյ արդէն երեք շաբաթ է անցել, եւ տակաւին հետեւանքները կան, եւ կը լինեն, ենթադրում եմ, առնւազն մէկ-երկու տարւայ ընթացքում, որովհետեւ այդ պայթիւնի հետեւանքները Լիբանանի համար այսօրւայ տնտեսական իրավիճակը աւելի է բարդացրել:

Երեւի միջազգային օժանդակութեամբ, բարեկամ երկրների մասնակցութեամբ երկիրը կը կարողանայ 1, 2, 3 տարիների ընթացքում յաղթահարել պատահածը:

Իսկ ինչ վերաբերում է իրավիճակի` մեր համայնքի վրայ անդրադարձին, ապա ասեմ, որ բնականաբար պէտք է ունենայ բացասական ազդեցութիւն, որովհետեւ լիբանանահայութիւնը Լիբանանի մէկ կարեւոր մասնիկն է:

Մենք այսօր ունենք մեծ թւով տուժողներ, իրենց բնակարանները, աշխատանքը կորցրած մարդիկ: Խօսում ենք մօտ 3000 բնակարանի մասին, որոնք կիսով կամ ամբողջութեամբ քանդւած են, 1500 աշխատատեղի մասին, որոնք նոյնպէս կիսով կամ ամբողջութեամբ քանդւած են ու նաեւ ունենք 13-14 զոհ եւ մեծ թւով վիրաւորներ, որոնց մի մասը դեռ չի ապաքինւել:

Այս ամէնը ունի իր քաղաքական, տնտեսական անդրադարձը մեր գաղութի վրայ, սակայն յուսով եմ, որ մենք եւս այս մօտ ժամանակաշրջանում մեր ուսերից կը թօթափենք պայթիւնի հետեւանքները, կը վերականգնենք սփիւռքի կարեւորագոյն այս գաղութը:

 

- Լիբանանահայութեանը օժանդակութիւն են ցուցաբերել տարբեր կազմակերպութիւններ, համայնքներ, Հայաստանը, Արցախը։ Որքանո՞վ եւ որքա՞ն ժամանակում է հնարաւոր վերականգնել հասցւած նիւթական վնասը, արդեօք դեռ օգնութեան կարիք Լիբանանում կա՞յ, ի՞նչ օժանդակութիւն է ակնկալւում եւ որտեղի՞ց:

- Այո, ճիշտ է, լիբանանահայութեանը տարբեր կազմակերպութիւններ, Հայաստանն ու Արցախը օժանդակել են, սակայն այս բոլորը այսօրւայ տրամաբանութեամբ մարդասիրական օժանդակութիւններ են: Այն, ինչ որ ուղարկւեց` ուտելիք, խմելիք, բժշկական պարագաներ, դեղորայք, այժմ մեր դժւարութիւնները շրջանցելու համար շատ կարեւոր են:

Հիմա իսկապէս սկսել ենք համայնքի վերականգնման աշխատանքը. Արամ Ա Վեհափառ Հօր թելադրանքով ու զօրակցութեամբ գաղութում կազմւեց Լիբանանի վերականգնման մարմին, որը կազմւած է երեք կուսակցութիւններից, բարեսիրական ընկերակցութիւններից եւ 3 համայնքներից:

Վեհափառ Հայրը բացել է բանկային հաշիւ եւ դրան փոխանցւող դրամական օժանդակութիւնները, նւիրատւութիւնները, որ այս պահին 500-600 հազար դոլարի է հասած, պէտք է գերազացեն 3,4,5 միլիոն դոլարը, որպէսզի մենք կարողանանք ասել, որ սկսեցինք լիբանանահայ համայնքի վերականգնումը:

Ասացի, որ 3000 բնակարան եւ մօտ 1500 աշխատավայր է վնասւած: Եթէ միջին հաշւով հաշւարկենք, որ իւրաքանչիւրին 1000 դոլար է անհրաժեշտ, կը ստացւի 3-5 միլիան դոլար նւազագոյնը: Այս տեսակի օժանդակութեան կարիք ունի լիբանանահայութիւնը, որպէսզի կարողանայ շրջանցել կամ նւազագոյնի հասցնել վնասները ու կարողանալ բնականոն ձեւով շարունակել համայնքային կեանքը:

 

- Լիբանանահայութեան մի մասը ցանկանում է լքել երկիրը: Հայաստանի կառավարութիւնը մշակել է փաթեթ, որով առաջարկում է նրանց տեղափոխւել Հայաստան: Ի՞նչ էք կարծում`արդեօք լիբանանահայութիւնը ցանկանո՞ւմ է գալ Հայաստան, այստեղ կարո՞ղ են գտնել իրենց անհրաժեշտ օժանդակութիւնը:

- Ցանկացած լիբանանցի արդէն երկար ժամանակ է, որ դրսում ապրելու եւ աշխատելու ցանկութիւն ունի, ինչպէս հայաստանցին, որը ցանկանում է արտերկրում ապրել, որովհետեւ տնտեսական, սոցիալական պայմանները վատ են: 

Բայց այսօրւայ տնտեսական աղէտը, որին աւելացաւ կորոնավիրուսի տարածման հարց ու նաւահանգստի պայթիւնը, ստիպում է, որ այո, նաեւ մեծ թւով լիբանանահայեր Լիբանանը լքելու ցանկութիւն ունենան:

Սակայն դա անելը այդքան էլ հեշտ չէ, եւ ես չեմ կարծում, որ Հայաստանի իշխանութիւնները կը կարողանան առաջարկել տեղափոխւել Հայաստան: Չեմ կարծում, որ այդ հարցը առկայ է, այդպիսի բան գոյութիւն չունի: Մենք ունենք սիրիահայութեան փորձառութիւնը Հայաստանում:

Այո, ճիշտ է, իշխանութիւնները բաւականին դրական մօտեցում ցուցաբերեցին, սակայն մարդիկ վերադարձան Սիրիա: Արդէն այս պայթիւնից առաջ բաւականին շատ լիբանանահայեր Հայաստանում էին հաստատւել կամ ճամփորդել էին աշխատանքային նպատակներով, սակայն յաջողութիւններ չեն գտել:

Այս հարցի կարգաւորումը տեղի կունենայ, եթէ իսկապէս ամէն բան կորցրած ընտանիքներին Հայաստանում տրամադրւեն կեցութեան վայր եւ աշխատանք, որպէսզի կարողանան գոյատեւել: Եթէ այս հարցը լուծւի, հնարաւոր է, որ որոշ ընտանիքներ, որոշ լիբանանահայեր ցանկանան գալ Հայաստան, հաստատւել այդտեղ, գոնէ առաջին տարւայ ընթացքում կարողանան ինչ-որ չափով հնարաւորութիւն տալ նրանց, որ կարողանան շարունակել իրենց կեանքը Հայաստանում: Նաեւ պէտք է յիշեցնել, որ Հայաստանի տնտեսական վիճակը եւ կենսաթոշակները կը ստեղծեն դժւարութիւններ, որ լիբանանահայերը այստեղից այդտեղ գալով իրենց հարցերը լուծւած չհամարեն: Կարծում եմ, որ իհարկէ, եթէ Լիբանանը լքելու խնդիր կայ, ճիշտ է, որ Հայաստան գան:

 

- Լիբանանեան ճգնաժամի ֆոնին խօսւում է Հայաստանում հայրենադարձութեան կազմակերպման վերաբերեալ: Սիրիահայութեան փորձը հաշւի առնելով` հնարաւո՞ր համարում էք, որ Լիբանանից Հայաստան գալու եւ այստեղ ապրելու մեծ հոսք կը լինի: Կարծում էք՝ ՀՀ իշխանութիւնները կը կարողանա՞ն կազմակերպել լիբանանահայութեան հաստատւելը մայր հայրենիքում:

- Այստեղ հայրենադարձութիւնը ճիշտ տերմին չէ: Հայրենադարձութեան հարցը գոյութիւն է ունեցել Համաշխարհային պատերազմից յետոյ, ինչ-որ աշխատանքներ են արւել: Պէտք է ուշադիր լինենք, որ այստեղ զանգւածային տեղափոխութեան հարցը տեղին չէ: Այդ տեսակ բան գոյութիւն չունի:

Կան մեծ թւով լիբանանահայեր, որոնք կարող են ցանկութիւն ունենալ գնալ Հայաստան, որպէսզի կարողանան իրենց բնականոն կեանքը շարունակել՝ պայմանով, որ համապատասխան պայմաններ ստեղծւեն, առնւազն աշխատանք լինի եւ դրա դիմաց ստացւած գումարը կարողանայ իրենց ապրեցնել Հայաստանի մէջ:

Կը ներէք, ես այսպէս եմ խօսում, որովհետեւ անձնական փորձով եմ առաջնորդւում ու նաեւ գիտեմ, որ իհարկէ, Լիբանանում էլ շատ դժւար է, սակայն ես ենթադրում եմ, որ լիբանանահայութեան մեծ մասը կը նախընտի մնալ այստեղ, որովհետեւ իրենք ունեն այստեղ աշխատանք, բնակարան, բանկերում հաշիւներ:

Այդ բոլորը լքելը դիւրին չէ: Գուցէ երիտասարդներ լինեն, որոնք ցանկանան ճամփորդել Հայաստան, բայց դա հայրենադարձութիւն չէ:

Ճշգրտեմ, որ այս պահին ՀՀ իշխանութիւններից ակնկալիքն այն է, որ առնւազն, երբ նրանք դիմեն Լիբանանում Հայաստանի դեսպանութիւն՝ ՀՀ գալու համար, իրենց տրւի կեցութիւն եւ աշխատանք եւ նաեւ որոշ պայմաններ, որ նրանք հայրենադարձութեան կամ Հայաստանում պատսպարւելու պատրւակով՝ Հայաստան միայն տուրիստական նպատակներով չգան: Այս բոլորը պէտք է կազմակերպել եւ պէտք է դա անել Լիբանանի համայնքի ազգային կուսակցութիւնների եւ կառոյցների հետ, որովհետեւ կոչերը քիչ են, պէտք է կազմակերպւած լինի ամէնը:

 

- Լիբանանում հայկական գաղութը սփիւռքի կարեւոր դերակատարներից է, որքանո՞վ է կարեւոր նրա գոյութիւնն այդտեղ: Արդեօք կորցրե՞լ է իր ուժը համայնքը՝ երկրին հասցւած վնասից յետոյ:

- Հայաստանը կարողացաւ 30 տարիների ընթացքում հասնել որոշ զարգացման եւ որոշ ներդրումներ եղան Հայաստանի համար ու նաեւ` Հայաստանին վերաբերող բոլոր խնդիրները շարունակում են զբաղեցնել միջազգային հանրութեանը, քանի որ ամէն անգամ, երբ լուրջ վտանգ է սպառնում Հայաստանին ու Արցախին եւ աշխարհով մէկ այդ մասին արձագանք է լինում, հայկական սփիւռքի գոյութեան պատճառով է:

Սփիւռքը Հայաստանի համար ամենազօրաւոր յենարանն է, կարեւորագոյն զօրակցութեան ազդակն է: Այնպէս որ ես չեմ կարծում, որ սփիւռքը իր արժէքը կորցրել է: Ես որպէս սփիւռքահայ չեմ խօսում, խօսում եմ որպէս Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական կեանքին ծանօթ մարդ: Ես կասեմ, որ սփիւռքը Հայաստանի համար մեծ կարեւորութիւն ունի:

Այդ նոյն խնդիրը նաեւ Լիբանանին է վերաբերում: Լիբանանում ապրող լիբանանցիների թիւը 3-4 միլիոն է, սակայն սփիւռքը կազմւած է 10 միլիոն լիբանանցիներից: Եւ այդ սփիւռքն է, որ շարունակում է աջակցել Լիբանանին նիւթապէս, քաղաքականապէս, մշակութային բնագաւառներում:

Լիբանանի հայ համայնքը շարունակում է զբաղեցնել կարեւոր դեր սփիւռքում: Այստեղ հայութեանն ընձեռնւած քաղաքական հնարաւորութիւնները մեծ են եւ այդ պատճառով հնարաւոր է լինում տարբեր հարցերի զօրակցելը կամ ընդդիմանալը, յատկապէս Հայաստանին եւ Արցախին վերաբերող հարցերում:

Քաղաքացիական պատերազմ, տնտեսական խնդիր, քաղաքական ահաբեկչական աշխատանքներ եւ այլն. այս ամէնը կարողացանք յաղթահարել եւ դեռ շարունակելու ենք գոյատեւել: Մեր ներկայութիւնը Լիբանանում` խորհրդարանում ներկայացւած պատգամաւորներով, կառավարութիւններում ներկայացւած նախարարներով եւ ընդհանրապէս Լիբանանում գոյութիւն ունեցող հայութիւնը մեծ նշանակութիւն ունի թէ՛ Լիբանանի, թէ՛ Հայաստանի, թէ՛ ընդհանրապէս սփիւռքի կեանքում: Այդ պատճառով էլ, ես կարծում եմ, որ պէտք է զօրակցել լիբանանահայութեանը, որ այն վերադառնայ իր երբեմնի ապրելաոճին եւ կեանքին եւ շարունակի իր քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային դերը խաղալ բոլոր բնագաւառներում:

 

Հռիփսմէ Յովհաննիսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։