Հա
13/09/2020 - 13:40

Հայրենադարձութիւնը զուտ լիբանանահայութեան առնչւող օրակարգ չէ. շատերը հայրենիք են եկել ժամանակաւոր

«Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտէի անդամ Յակոբ Հաւաթեանը, որի հետ զրուցել ենք Լիբանանի ներկայ իրավիճակի, հայ համայնքի խնդիրների մասին։

«alikonline.ir» - «Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտէի անդամ Յակոբ Հաւաթեանը, որի հետ զրուցել ենք Լիբանանի ներկայ իրավիճակի, հայ համայնքի խնդիրների մասին։

 

- Պարոն Հաւաթեան, ցանկանում ենք իմանալ՝ ի՞նչ տրամադրութիւններ են տիրում Լիբանանի հայ համայնքում։ Պայթիւնից յետոյ մարդկանց մօտ երկիրը լքելու ցանկութիւնը աւելացե՞լ է։ Կարո՞ղ էք ասել, թէ պայթիւնից յետոյ քանի լիբանանահայ է տեղափոխւել Հայաստան, եթէ կան այդպիսիք։

- Բէյրութի նաւահանգստի աղէտից արդէն անցել է մէկ ամիս եւ, բնականաբար, վէրքը դեռ թարմ է։ Այսուհանդերձ, վերականգնման ու վերաշինութեան աշխատանքները մեծ թափով ընթացք են առել։ Լիբանանահայութեան վերականգնումի մարմինը այս շաբաթւայ ընթացքում վնասւած 1500 բնակարանների համար մեր ժողովրդի զաւակներին տրամադրում է նիւթական հատուցում՝ դիւրացնելու վերաշինութեան աշխատանքները, եւ տները բնակւելու համար պայմաններով ապահովելու։ Յայտնենք, որ վնասները շրջանից շրջան տարբերւում են, ունենք ամբողջութեամբ քանդւած, կիսաքանդ եւ վնասւած յարկաբաժիններ։ Նիւթական հատուցումները կատարւում են այս հիմունքով եւ մասնագէտներից կազմւած մասնագիտական ենթայանձնախմբի գնահատականները ունենալուց յետոյ։ Վերականգնումի մարմինը այս աշխատանքից անմիջապէս յետոյ պէտք է ձեռնարկի օժանդակութեան այլ աշխատանքներ։ Համայնքի կուսակցութիւնները, միութիւնները եւ բարեսիրական կառոյցները շարունակում են սննդամթերքի եւ առողջապահական իրենց ծառայութիւնները մատուցել լայն մասշտաբով։ Տեղին է նշել, որ համահայկական զօրակցութիւնը անցած է արդէն գործնականացման փուլ, եւ բոլորի զօրակցութեամբ այս աշխատանքները իրագործւում են։ Կրթական մարզը նաեւ ուշադրութեան յատուկ առանցք է, եւ այս իմաստով, վերականգնումի մարմինը այս մարզի մէջ նաեւ պէտք է ունենայ իր հիմնական ներդրումը։ Անցեալ շաբաթ Լիբանան հասաւ նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի «Օգնիր եղբօրդ-Լիբանան» ծրագրի ճամփով սննդամթերքի 1000 արկղերը։ Ժողովուրդը ինքը նաեւ իր վէրքերը թօթափելու եւ կեանքի բնականոն հուն մտնելու մթնոլորտի մէջ է արդէն։

Նման աղէտների եւ ցնցումների պարագայում, բնականաբար, երկիրը լքելու ցանկացողների թիւը աւելանում է։ Եւ այս իմաստով, առաջին հայեացքները ուղղում են դէպի հայրենիք։ Այո՛, այսօր կան լիբանանահայեր, որոնք արդէն մեկնել են, եւ ուրիշներն էլ առաջիկայ շաբաթների ընթացքում կարող են մեկնել։

Այստեղ, սակայն, պէտք է յստակեցնել, որ հայրենիք գնացողների մեծամասնութիւնը տակաւին իրենց մտապատկերի չեն որոշել մնայուն հաստատւելու գաղափարը։ Բնականաբար, իւրաքանչիւրն իր կացութիւնից եւ պայմաններից ելնելով՝ ունի յստակեցնելիք հարցեր եւ անհրաժեշտութիւններ, որոնց լոյսի տակ պիտի կայացնեն այնտեղ մնալու կամ վերադառնալու որոշումը։

Ինչ վերաբերվում է Հայաստան տեղափոխւողների քանակի վերաբերեալ հարցին, այս պահին յստակ ճշգրտօրէն ասել հնարաւոր չէ, որովհետեւ կան մեծ թւով ժամանակաւոր Հայաստան ճամփորդողներ, որոնց թիւը բաւական շատ է։ Գործընթացների բիւրեղացումից յետոյ կարելի է խօսել մօտաւոր համեմատութիւնների մասին։ Ճիշտ է, որ ժողովրդի մօտ առկայ է յուսալքման երեւոյթ, բայց պայման չէ, որ այդ մէկը անմիջականօրէն բոլորի մօտ թարգմանւի Հայաստան տեղափոխութեամբ։ Այսօրւայ տեղի ունեցածը տեղափոխութիւն է՝ բառի բովանդակ առումով եւ, բնականաբար, որոշ ժամանակ յետոյ կարելի է ամբողջական ու հարազատ պատկեր ունենալ հայրենադարձների թւի մասին։

Տեղափոխւողների մէջ, անշուշտ, մեծ է թիւը սոցիալ-տնտեսական դժւարութիւններին դիմագրաւողների թիւը, որոնք, հաւանական է, որ նոյն խնդիրներին հանդիպեն նաեւ հայրենիքում։ Այս իմաստով, գնացողների ակնկալութիւնն է, որ հայրենի պետութիւնը նեցուկ կը հանդիսանայ՝ իրենց ապահովելով կեանքի տարրական պայմաններ։

Աւարտելու համար այս բաժինը յայտնենք, որ Լիբանանի ապրած անցնող աւելի քան 40 տարիների ներքաղաքական եւ ապահովական ցնցումներում, միշտ էլ առկայ է եղել արտագաղթի գաղափարը, սակայն իւրաքանչիւր ճգնաժամի աւարտից յետոյ, մարդիկ նաեւ փորձւած են մնայուն ճիգի մէջ վերականգնել իրենց կորցրածը, որովհետեւ իւրաքանչիւրն այս պարագայում, իր անհատական պայմաններից ելնելով, տւել է Լիբանանում մնալու կամ արտագաղթելու եւ այսօրւայ դրութեամբ դէպի հայրենիք տեղափոխւելու որոշումը։

 

- Հայաստանում ծրագրեր են մշակում հայրենադարձ լիբանանահայերին օգնելու եւ օժանդակելու համար։ Նրանք արտօնութիւններ կարող են ստանալ Երեւանում բիզնես իրականացնելու դէպքում, ազատւում են տուրքերից։ Ինչպէ՞ս էք գնահատում նման ծրագրերի իրականացումը ՀՀ կառավարութեան կողմից։

- Հայրենադարձութեան օրակարգի մասին անցնող մի քանի շաբաթների ընթացքում բաւական խօսւեց։ Այսօր էլ կրկնում ենք, որ հայրենադարձութիւնը զուտ լիբանանահայութեան առնչւող օրակարգ չէ, այլ համազգային ռազմավարական նշանակութիւն ունեցող խնդիր է եւ պայմանաւորւած չէ նման ցնցումների՝ իբրեւ արդիւնք կատարւած տեղափոխումներով։ Հայրենադարձութեան օրակարգը անհրաժեշտ է, որ դառնայ հայրենի պետութեան առաջնային խնդիրներից մէկը, եւ այս իմաստով, նաեւ տարիների կենսափորձ ունեցող սփուռքեան կազմակերպ համայնքները բնականաբար կարող են իրենց նշանակալից դերակատարութիւնը ունենալ այս օրակարգի բիւրեղացման մէջ։ Ինչ վերաբերւում է պետութեան ընձեռած արտօնութիւններին, այս հանգրւանում այդ բոլորը անհրաժեշտ է դարձնել շատ յստակ, թափանցիկ ու մատչելի, որպէսզի հայրենիք վերադարձած անհատը կարողանայ կայացնել հիմնական որոշումներ ասպարէզի կամ աշխատանքի առումով։ Պէտք է յստակեցնել թէ կոնկրետ ո՞ր տուրքերից եւ հարկերից են զերծ մնալու այս իրավիճակում տեղափոխւած լիբանանահայը, եւ ուրիշ ի՞նչ արտօնութիւններ պէտք է ընձեռւեն նրանց կենցաղային, առողջապահական, կրթական իմաստով։

 

- Ի՞նչ է անում Լիբանանի հայ համայնքի ղեկավարութիւնը համայնքը կուռ պահելու համար։ Ի՞նչ քայլեր պէտք է ձեռնարկւեն, որպէսզի Լիբանանի հայ համայնքը չկազմաքանդւի։

- Վերեւում արդէն նշեցի, որ համայնքը այսօր զօրաշարժի մէջ է եւ իր ամբողջ ներուժը եւ ժամանակը յատկացրել է համայնքի վերականգնման ու վերաշինման կենսական գործին։ Այստեղ մեծ է դերը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան, Հայ քաղաքական երեք կուսակցութիւնների, բարեսիրական, մշակութային, կրթական եւ մարզական միութիւնների եւ հաստատութիւնների։ Ինչ էլ լինի, լիբանանահայ համայնքը ունի կարեւոր դերակատարութիւն ժամանակակից հայ կեանքի մէջ, եւ Լիբանան երկրի ընձեռած հնարաւորութիւնները միշտ էլ բարերար ազդեցութիւն են ունեցել համայնքի ներուժի զարգացման ու բոլոր հանգրւաններում ստանձնած համահայկական դերակատարութեան մէջ։

 

Քրիստինա Աղալարեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։