Հա
12/11/2020 - 11:45

Դուք մեզ այլեւս չէք կարող լռեցնել…

Մեր ազգի հրեղէն ոգով ծնուած ու անմահացած հազարաւո՛ր հերոսներ, այսօր մենք հպարտօրէն եւ սահմռկած խոնարհւում ենք ձեզնից իւրաքանչիւրի ոչ թէ յիշատակի, այլ երբեք չխամրող խօսուն պատկերի, ձեր ապրած կարճ, բայց իմաստալից կեանքի առջեւ, որ հայրենի հողի վերջնականօրէն փրկման հաւատով անսակարկ նուիրաբերեցիք ձեր ապագան, երազները, ձեր սէրերը, ձեր երիտասարդ կեանքը` առանց վայրկեան իսկ կասկածելու ձեր մեծ զոհաբերման, ձեր թանկագին նուիրաբերումի արդիւնքին:

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

 

Մեր ազգի հրեղէն ոգով ծնուած ու անմահացած հազարաւո՛ր հերոսներ, այսօր մենք հպարտօրէն եւ սահմռկած խոնարհւում ենք ձեզնից իւրաքանչիւրի ոչ թէ յիշատակի, այլ երբեք չխամրող խօսուն պատկերի, ձեր ապրած կարճ, բայց իմաստալից կեանքի առջեւ, որ հայրենի հողի վերջնականօրէն փրկման հաւատով անսակարկ նուիրաբերեցիք ձեր ապագան, երազները, ձեր սէրերը, ձեր երիտասարդ կեանքը` առանց վայրկեան իսկ կասկածելու ձեր մեծ զոհաբերման, ձեր թանկագին նուիրաբերումի արդիւնքին:

ԴՈՒՔ ԾՆՈՒԵՑԻՔ ԵՒ ԱՆՄԱՀԱՑԱՔ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ ԿՈՉՈՒՈՂ ԱՅԴ ԲԱՐԴ ՀԱՆԳՈՅՑԸ, ՈՐՆ ԸՆԴԳՐԿՈՒՄ Է ՏԱՐԱԾՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԼԵԶՈՒ, ՄՇԱԿՈՅԹ ԵՒ ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԻՒՆ ԱՅԴ ԱՄԷՆԻՆ, ԿՐԿԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԴՐԱՆՈՎ ԹՄՐԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՐԹՆԱՑՆԵԼՈՒ` ՀԱՍՏԱՏԵԼՈՎ ԴՐԱ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԻՒՆԸ, ՅԱՏԿԱՊԷՍ` ԱՅՍ ՕՐԵՐԻՆ:

Դուք անմահացաք ձեր շուրթերում հնչեցնելով մեր ազգի նուիրեալ ֆիտայիների անունները եւ չիմացաք, որ դուք նրանց շարքերում ընդգրկուեցիք, ձեր հերոսութեամբ այդ շարքը հարստացրիք:

Այսօր ես չեմ պատմի ձեր սխրանքներից, քանզի դրանք դեռ հաւաքագրւում են ու անչափ շատ են:

Չեմ խօսի նաեւ, թէ ինչո՛վ եւ ինչպէ՛ս աւարտուեց ձեր երիտասարդ կեանքերը խլած այս պատերազմը, քանզի այն կտրականապէս անընդունելի է ձեր նուիրաբերումը գնահատող ու ձեր սխրանքներով ապրող շատերիս համար:

Միայն վստահեցնում եմ, որ ես եւ իմ նման շատերը չենք լռելու, մինչեւ ձեզնից իւրաքանչիւրի նուիրաբերումի դիմաց դատաստանին չարժանացնէք պատասխանատուներին:

Պարզապէս այս պահին ես եւ իմ նման բիւրաւորները լուռ ակնածանքով խոնարհւում ենք ձեր մայրերի, հայրերի, կանանց, քոյրերի, եղբայրների, որբացած երեխաների, հարազատների առջեւ, համբուրում` նրանց վշտոտ, արցունքոտ աչքերն ու թանկագին կորուստով խոցուած իրենց հոգիները, որոնք հաւատացին իրենց որդիների նուիրաբերումին եւ ուժ ու կորով ներշնչեցին նրանց:

Այսօր, յաղթանակի շեփորների ուրախութեամբ նրանց եւ իրենց որդիների սխրագործութիւնները պատուելու, փառաբանելու փոխարէն, ամօթահար ու կորուստների բեռի տակ կքած` փորձում ենք միահամուռ վրէժի բռունցք դառնալ, այս անգամ արդէն ընդդէմ` մեր միջի թշնամուն, ընդդէմ` մեր ազգի դաւաճաններին:

Ահաւոր տխուր եւ ստորացուցիչ պահ է սա բոլորիս համար:

Բայց յայտարարում եմ բոլորին, որոնք այս դաւաճանութեան մաս են կազմում թէկուզ իրենց լռութեամբ, դեռ իրենց անմնացորդ նուիրումն ու հաւատը յայտնելով դաւաճաններին.

ԴՈՒՔ ՄԵԶ ԱՅԼԵՒՍ ՉԷՔ ԿԱՐՈՂ ԼՌԵՑՆԵԼ: ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ, ՈՎ ԼՌԵՑՆԻ, Ի՛ՆՔՆ ԷԼ ԴԱՒԱՃԱՆ Է:

ԲԱ՛Ւ Է ՄԻ ՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՄԻ ԱՄԲՈՂՋ ԵՐԿԻՐ ՀՊԱՏԱԿԻ ՀՆԱԶԱՆԴՈՒԹԵԱՄԲ, ԱՆԼԵԶՈՒ ՀԵՏԵՒԻ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՒԱՃԱՆՆԵՐԻՆ:

Ժամանակին Ստալինը լռեցրեց ողջ երկրի ժողովրդին, բայց դրա փոխարէն` հսկայածաւալ պատերազմը շահեց, եւ միեւնոյն ժամանակ այդ լռութեան արդիւնքում սնուեցին ազգային մատնիչներ, որոնցից մինչեւ օրս դեռ չենք կարողանում ազատուել:

Ամենազաւեշտալին այն է, որ մեր տեսաբանների, պատմաբանների, վերլուծաբանների մի խումբ անվերջ մրճահարում էին Ալիեւի անկումի, պարտութիւնից յետոյ նրա դատաստանի մասին, թերագնահատում նրա պատերազմական գործելակերպը` պանծացնելով մեր չկայացած յաղթանակը:

Մեր մեծագոյն սխալը միշտ մեր թշնամուն չգնահատելն է եղել, մեր պարծենկոտ մեծամտութիւնը, որից միշտ տուժել ենք:

Ես չգիտեմ, Դաւիթ Տօնոյեանից սկսած, Արցախի ղեկավար Ա. Յարութիւնեանից, նրանց խօսնակներից, Արծրուն Յովհաննիսեանից վերջացրած` ինչ արդարացումով են ներկայացնելու այս համատեղ դաւաճանութիւնը: Գիտեմ միայն, որ չենք լռելու եւ համապատասխան դատաստանի ենք ենթարկելու:

Գիտեմ, որ շատ ծանր օրեր են սպասւում մեզ, մասնաւորապէս` Արցախի մեր ժողովրդին: Ինչպէ՞ս, ե՞րբ պիտի վերադառնան աւերուած, թունաւորուած, թշնամիով շրջապատուած իրենց քաղաքներն ու գիւղերը:

Իւրաքանչիւր բարձրացուող հարցի տակ հազարաւոր դժուարութիւններ ու անապահովութիւն է թաքնուած, որոնք ժամանակի եւ ներդրումի կարիք ունեն: Իւրաքանչիւր հարցի տակ` կսկիծ ու կորուստ:

Ինչպէ՞ս կարելի էր 26 տարուց աւել, առանց թշնամու ներկայութեան, վերանորոգուած, գեղեցկագոյն քաղաքներ ու գիւղեր դարձած մեր շէները, կործանուած ու բզկտուած եւ թշնամիով լեցուած` վերադարձնել իր հողի համար իր ու իր զաւակների կեանքը զոհաբերած ժողովրդին:

Ոեւէ մէկի մտքով անգամ չանցնի մի տողով անգամ մեղադրել նախկին երկու արցախցի իշխանութիւններին, որոնց դէմ, Լեւոնից սկսած, մինչեւ այսօր նսեմացման, վարկաբեկման արշաւ է գնում, որոնց վրայ դաւաճանութեան կեղծ գործարքներ են բարդւում:

Ես ինքս նրանց ամենաշատ քննադատողներից եմ եղել, բայց այսօր հանգիստ կարող եմ յայտարարել, որ նրանց օրօք չկարողացան ստորագրութիւն պարտադրել ոչ մի փաստաթուղթի եւ նրանք Արցախը չմխրճեցին այսպիսի ամօթալի պատերազմի մէջ: Նրանք վերականգնեցին, ծաղկեցրին իրենց հայրենի Արցախը եւ առանց թշնամու` ապահով կեանք հաստատեցին այնտեղ:

Եթէ այս փաստն էլ աղաւաղէք, ուրեմն իրապէս դուք մտածելու եւ քննելու կարողութիւնից զրկուած էք:

Ցաւում եմ, որ մեր ժողովուրդը դեռ շարունակում է նոյնացնել ԵՐԿԻՐ հասկացողութիւնը ղեկավար հասկացողութեան հետ եւ հիւանդագին հոգեբանութեամբ ընդունում երկրի ղեկավարին ուղղուած որեւէ քննադատութիւն: Մինչեւ իսկ անձնական վիրաւորանք ընդունում, ազգի թշնամի նկատում քեզ, այդ պիտակով փորձում լռեցնել բոլոր քննադատողներին:

Սակայն այլեւս չէք կարող, դաւաճանութիւնը կատարուած է, եւ դաւաճանները պարզ են:

Ազգովին հաւաքագրուենք դաւաճան վարչապետի եւ իր ողջ անձնակազմի անյապաղ հրաժարականը պահանջենք, քանզի մեզ թողեցին անհայրենիք, իսկ իրենք դրա դիմաց միլիոններ ստացան Ամերիկայից, որի կարգադրութեամբ մեր գլխին կապուեց վարչապետ կոչեցեալ այս դաւաճանը:

Ի՛նչ խօսք, ազգովին ցնցուած ենք, բայց եւ բնաջնջուած չենք եւ դեռ ընդունակ ենք մեզ այս վիճակին մատնողներին բնաջնջելու:

 

«Ազդակ»

Յարակից լուրեր

  • Մեր երկիրը դարձել է դաւաճաններին սնող երկիր
    Մեր երկիրը դարձել է դաւաճաններին սնող երկիր

    Նոյնիսկ գարշելի է մտածելը, որ այսքան կարճ ժամանակում, այսքան դաւաճաններ աճեցին ու արագօրէն բազմացան մեր երկրում, որոնց ոչ թէ ոչնչացնում, ինչպէս ընդունւած է ողջ հողագնդում, այլ պաշտպանում ու սնում ենք, անգէտ, վաշխառու հասարակութեան մի շերտով, նաեւ ներքոյ ցուցադրւող այսպիսի ջոկատներով։ 

  • Գիշատիչները կործանում են երկիրը, իսկ մեն՞ք...
    Գիշատիչները կործանում են երկիրը, իսկ մեն՞ք...

    Երբեք չէի կարծում, որ իմ երկիրը այսքան «քաղաքակիրթ» է, որ մէկ ամիս խաղաղ ցոյցերով, առանց արդիւնքի, իր երկիրը դաւաճանած, վաճառած, վարչապետի հրաժարականը պահանջի եւ շարունակի սպասել նրա ինքնակամ հրաժարականին։

  • «Յուսանք, որ նոր իշխանութեան բազում կարեւորագոյն խնդիրներից հիմնականը կը դառնայ նաեւ այս հարցը». Մարի Ռոզ Աբուսեֆեանը՝ Սպիտակի երկրաշարժի առիթով
    «Յուսանք, որ նոր իշխանութեան բազում կարեւորագոյն խնդիրներից հիմնականը կը դառնայ նաեւ այս հարցը». Մարի Ռոզ Աբուսեֆեանը՝ Սպիտակի երկրաշարժի առիթով

    Մարի Ռոզ Աբուսէֆեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

    «Այսօր, որքան էլ որպէս երկիր, որպէս ժողովուրդ վտանգւած ենք, ալեկոծւած մեր ներկայ դաւաճան իշխանութեան նողկալի վերաբերմունքից, այնուամենայնիւ մեր ազգային եւ մարդկային պարտքն է յարգել 32 տարի առաջ, այս օրը՝ դեկտ. 7-ին, առաւօտեան ժամը 11:41-ին, մեր հայրենի Գիւմրիից սկսած Սպիտակ, Վանաձոր, Գուգարք, մինչեւ Ստեփանաւան ու Ախուրեանի շրջանը ընդգրկող մահաբեր երկրաշարժի օրը, որը խլեց 25 հազար հայութեան կեանք:

  • «Ո՞րն է մեր երկրի դիրքորոշումը». Մարի Ռոզ Աբուսէֆեան
    «Ո՞րն է մեր երկրի դիրքորոշումը». Մարի Ռոզ Աբուսէֆեան

    Դոկտոր Մարի Ռոզ Աբուսէֆեանը գրում է.

    «Բէյրութի աղէտից ի վեր ինձ յանցաւոր եմ զգում այլ քննարկումների մէջ մտնել, քանզի դեռ թէժ պահեր է ապրում այդ ժողովուրդը եւ յատկապէս մեր հայ համայնքը։ Սակայն իրարյաջորդ դէպքերը ստիպեցին անդրադառնալ մի քանի կարեւոր հարցերի։

  • Գրականութեան դասաւանդման առաջարկուող փոփոխութիւնները խեղաթիւրում են մեր ազգային արժէքները
    Գրականութեան դասաւանդման առաջարկուող փոփոխութիւնները խեղաթիւրում են մեր ազգային արժէքները

    Մեր երկրի սահմանում դեռ պատերազմը շարունակւում է, թշնամին իր ոտնաձգումը չի դադարեցնում եւ պարզ է հեշտօրէն չի դադարեցնելու:

    Երկրից դուրս, աշխարհի տարբեր երկրներում ողջ հայութիւնը այս պատերազմի բռնկումի դէմ բողոքի անհանգիստ փոթորկումի մէջ է, մինչ մեր երկրի ներսում մեր կրթական հաստատութիւնների դէմ մէկ այլ պատերազմ է ոտնաձգւում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։