Հա
06/12/2020 - 13:50

Առաջնորդւենք «Չարի վերջը»-ի պատգամով

Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակի մասին լուրերը, վերլուծութիւնները լսելով ու կարդալով, հայութեան ոգին ջլատելու եւ ի մասնաւորի սփիւռքի մէջ երկպառակտութիւններ սերմանելու ամէն մի երեւոյթ նկատելով, նորից դիմում եմ անմահանուն բանաստեղծին եւ փորձում՝ մղձաւանջային իմ մտքերի համար մի ելք ու լուծում գտնել:

Բ. ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

 

Ամենայն հայոց բանաստեղծ անմահանուն Յովհաննէս Թումանեանը իր «Չարի վերջը» մանկական հանրայայտ ստեղծագործութեան միջոցով ներկայացրել է հայ ժողովրդի փրկութեան պատգամը կամ… «դոկտրինը»:

Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակի մասին լուրերը, վերլուծութիւնները լսելով ու կարդալով, հայութեան ոգին ջլատելու եւ ի մասնաւորի սփիւռքի մէջ երկպառակտութիւններ սերմանելու ամէն մի երեւոյթ նկատելով, նորից դիմում եմ անմահանուն բանաստեղծին եւ փորձում՝ մղձաւանջային իմ մտքերի համար մի ելք ու լուծում գտնել:

«Չարի վերջը»-ի մասին մտածելով սուզւում եմ յուշերիս մէջ:

Յիշում եմ պատանեկութեանս աննման օրերը շրջապատւած անկեղծ ու հարազատ մթնոլորտով, ընկերներով ու հարազատներով:

Մեր աննման ուսուցչուհի, իրանահայ անւանի խմբավար եւ դաշնակահար, Հրաչուհի Մակարեանը «Անի» երգչախմբի ղեկավարն էր. երգչախումբ էինք յաճախում մեծ թւով իմ սերնդակիցների հետ:

Նա իր գիտելիքների պաշարով, աշխատանքի լրջութեամբ, կարգապահութեամբ եւ նւիրումով դաստիարակեց մի այնպիսի սերունդ, որոնցից ոչ միայն որոշները ապագային դարձան մեր համայնքի գործող երգչախմբերի ղեկավարները, այլ շատերը տոգորւած հայ երգով ու հայութեամբ երկար տարիներ եւ անգամ այսօր երգում եմ մեր նօսրացած երգչախմբերում:

Բայց ինչ էր մեր հաւաքական գործի յաջողութիւնը: Առանց վարանելու կասեմ՝ այն անշահախնդիր ղեկավարը, որը մեր համար թէ՛ ուսուցիչ էր, թէ՛ ընկերուհի: Աշխատանքները կատարում էինք միասնաբար, հաւատացած լինելով մեր գործի յաջողութեանը:

Եւ ինչ մեծ ցնծութիւն էր, երբ առաջին անգամ Հայ ակումբի սրահում Հրաչուհի Մակարեանի ղեկավարութեամբ բեմադրւեց «Չարի վերջը» օպերետը երգչախմբի ամենափոքր ու մեծ անդամներով, որոնք անւանի երգիչների նման սահուն կատարեցին իրենց խաղարկութեան եւ երգեցողութեան պարտիաները: Հետագային դա նաեւ մի քանի անգամ բեմադրւեց տարբեր սրահներում:

Կարող եմ անվարան ասել, որ մեր սերնդակիցները այդ աշխատանքների շնորհիւ անդրադարձան եւ ըմբռնեցին Յովաննէս Թումանեանի «Չարի վերջը»-ի պատգամը, փորձեցին լինել խելացի եւ միասնական եւ այդպիսով ներկայացնել այն ուժը, որով պէտք է պաշտպանէինք մեր ժողովրդին տարբեր ժամանակահատւածներում եւ անսպասելի իրավիճակներում:

* * *

Այսօր, տասնամեակներ անց, դարձեալ անսպասելի ժամանակներ են: Իսկ ինչպէս են վերաբերւում մեզ շրջապատողներից որոշները: Առանց դատողութեան կրկնում են մեզ հրամցւած ամէն խօսք: Այնպէս են ռմբակոծւում մեր մտքերը, որ անգամ մի վայրկեան չենք յետ նայում եւ մտաբերում նախկին ու ներկայ ասածների տարբերութիւնները: Չենք կշռադատում ամենավտանգաւոր եւ քայքայիչ մտքերը եւ տարածում ենք դրանք առանց մտածելու, միայն մի քանի կոճակ սեղմելով:

* * *

Այս գլոբալիզացիայի խելայեղ աշխարհում, միայն այն ժողովուրդները կը կարողանան գոյատեւել, զարգանալ եւ իրենց ապրելու իրաւունք վերապահել, որ կը լինեն խելացի, համախմբւած, իրենց ուժերը միաւորած եւ զինւորագրւած: Հակառակ պարագային կը տրոհւեն մեծապետական շահերի եւ ծրագրերի իրագործման հորձանուտում, որոնց գործադրման համար անգիտակից, շահամոլ եւ իրենց էժան գնով վաճառող մարդիկ միշտ էլ կը լինեն:

* * *

100 տարի առաջ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը անգլիացիներից ստացաւ Արցախն ու Զանգեզուրը Ադրբեջանին յանձնելու առաջարկը, որը կտրականապէս մերժւեց: Մեղրիի միջանցքով Ադրբեջանը Նախիջեւանին միացնելու՝ ծրագիր կար նաեւ անգլիացիների կողմից, որը առաջ չքաշւեց*):

Ղարաբաղը գրաււեց Ադրբեջանի կողմից, իսկ Զանգեզուրի հերոսական ինքնապաշտպանութիւնների մասին գիտենք բոլորս: Հետագային Հայաստանի կառավարութիւնը Թուրքիայի հայաջինջ յարձակումների վտանգը մօտալուտ տեսնելով յանձնւեց եւ Հայաստանը դարձաւ Խորհրդային Հանրապետութիւն:

1991 թ.-ին Ղարաբաղեան շարժման յուժկու հոսանքի արդիւնքում Հայաստանը վերանկախացաւ:

Արցախեան ազատամարտի օրերին դարձեալ մէջտեղ եկաւ ամերիկեան նմանօրինակ մի ուրիշ ծրագիր «Գուբլ»-ի անւամբ, ըստ որի Ղարաբաղի մեծ մասը մնում էր հայութեան, միայն իրագործւում էր Մեղրիի միջանցքը Նախիջեւանը Ադրբեջանին կապող ճանապարհով: Դարձեալ Հայաստանը դէմ գնաց այդ ծրագրին, որին միացան Ռուսաստանն ու Իրանը:

Ժամանակին այս վերջին ծրագրի գործադրման համար ասւում էր հետեւեալը՝ «Իրանի հետ հարեւանութիւնը ձեռքից տալը Երեւանի համար հաւասար է ինքնասպանութեան»:

Տարիների ընթացքում Ղարաբաղի մասին տարբեր ծրագրեր ներկայացւեցին, ուր այլեւս պաշտօնապէս որեւէ խօսք չկար Մեղրիի միջանցքի մասին:

2018 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած թաւշեայ յեղափոխութեան հետեւանքով գործի եկած իշխանութիւնը այլեւս չլսեց «Չարի վերջը»-ի պատգամը եւ սկսեց իր «դոկտրինը» առաջ քաշել, որն էլ ոչ ոք չիմացաւ ինչ էր դա: 2020 թ.-ի սեպտ. 27-ի Ադրբեջանի կողմից պարտադրւած պատերազմի հետեւանքով Հայաստանը պարտւեց եւ 100 տարի անց, նոյ. 10-ի կնքւած տխրահռչակ պայմանագրում յայտնւեցին Ղարաբաղի մեծ մասը Ադրբեջանին յանձնելու եւ Մեղրիի միջանցքի կէտերը, ինչի արդիւնքում վտանգւում է Հայաստանի հարաւային դարպասը՝ Սիւնիքը:

Մեր դարաւոր թշնամին՝ Թուրքիան ինչպէս 1918 թ.-ին հաշտութեան բանակցութիւնների ընթացքում բացայայտօրէն ասում էր Հայաստանի Ա Հանրապետութեան դիւանագէներին, որ Հայաստանը սեպ է մեր թուրանական ծրագրերի իրագործման ճանապարհին, հիմա էլ ձեռքերը ծալած չի նստել: Եւ նա այդ գործում ունի դաշնակիցներ:

Հակառակ Հայաստանին կազմակերպւում է ու զինւում: Եւ վստահաբար հետագային չի վարանելու Ադրբեջանի անւամբ պահանջելու Սիւնքի, Վարդենիսի շրջանները, Սեւանայ լիճը եւ Տաւուշի սահմանամերձ գօտիները:

2020 թ.-ի հոկտ. 30-ին Հայաստանի Հանրապետութիւնում Ամերիկայի դեսպանութիւնը հրատարակել էր մի քարտէզ, ուր գծագրւած էր այցի համար իր քաղաքացիներին խորհուրդ տրւող կամ չտրւող շրջանները:

Արդեօք սա է Հայաստանի Հանրապետութեան ապագայ քարտէ՞զը, որ Թուրքիայի միջոցով գծել են ամերիկացիները:

Կարո՞ղ է ցանկանում են դա իրականացնել:

* * *

Ապաւինենք Յ. Թումանեանի պատգամ-դոկտրինին: Հայաստանը եւ հայ ժողովուրդը Թուրքիայի եւ մեծապետական ուժերի ոտքերի տակ տրոհման վտանգի տակ են: Դասեր քաղենք պատմութիւնից:

Առաջնորդւենք Յ. Թումանեանի «Չարի վերջը»-ի պատգամով եւ հայ ժողովուրդը դարձեալ կը ծնի Արամներ, Դրօներ, Սիլիկեաններ, Գարեգին Նժդեհներ ու այլ նւիրեալներ, որոնք իրենց ուժերի ներած չափով պահեցին Հայաստանը ներկայ սահմանները:

Դարձեալ կը ծնւեն Մովսէս Գորգիսեաններ, Ազգալդեաններ, Թաթուլ Կրպէյեաններ, Պետօներ, Մոնթէներ, Մերուժաններ եւ…, որոնք կը ղեկավարեն Արցախի ազատամարտը:

Դարձեալ կը ծնւեն Արցախի վերջին պատերազմում զոհւած առիւծ զինւորներ ու կամաւորներ, որոնք դէմ-յանդիման կը կանգնեն թշնամուն:

Եւ կը ծնւեն խելացի, հայամէտ եւ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը ամէն ինչից վեր գնահատող ղեկավարներ ու առաջնորդներ:

Հաւատում եմ աննման հայրիկիս այն յոյս ներշնչող խօսքերը, որ դժւար օրերին եւ ճակատագրական թւացող պահերին միշտ կասէր մեզ՝ «Հայ ժողովուրդն ու Դաշնակցութիւնը այս կացութիւններում շատ են գտնւել, բայց յաղթահարել են այդ բոլորը»:

 

2 դեկտ. 2020 թ.

*) «Հայաստանի Հանրապետութեան ծագուն ու զարգացումը» Ալ. Խատիսեան էջ 179 եւ էջ 162

Յարակից լուրեր

  • Անիրաւներ, այս ո՞ւր հասցրեցիք մեզ…
    Անիրաւներ, այս ո՞ւր հասցրեցիք մեզ…

    Երէկ լսեցի Արցախում բնակւող ընկերոջս զոհւած զինւոր տղայի լուրը. հաւատում էք՝ «ուրախացայ»…

    «Ուրախացայ», քանի որ հայրն ասել էր «Երանի զոհւած  լինի եւ գերի ընկած չլինի»…

    «Ուրախացայ», քանի որ նա չի տանջւի գերութեան մէջ, չի մորթւի, չի անդամահատւի, նրա մարմնի անդամները չեն վաճառւի…

  • Սրբազան Հայր մնայ Շուշիում
    Սրբազան Հայր մնայ Շուշիում

    Շուշին հայութեան բաբախուն սիրտն էր, իսկ Արցախը հայութեան երազները իրականացնելու բնօրրանը:

    Մեզնից դարձեալ խլեցին մեր սիրտն ու երազանքը: Սիրտ ու երազանք չունեցող մարդը դադարում է լիարժէք ապրել:

  • Ճամբորդատար օդանաւի զոհւածների յիշատակին
    Ճամբորդատար օդանաւի զոհւածների յիշատակին

    Չորեքշաբթի, յունւարի 8-ի առաւօտեան արթնացանք մեծ բօթով: Վթարի էր ենթարկւել ուկրայնական «Բոյինգ 737» ճամբորդատար օդանաւը եւ մահացել էին նրա 176 ճամբորդները, որոնցից մեծ մասը մեր իրանցի հայրենակիցներն էին:

  • Անմոռանալի օրեր Արցախում
    Անմոռանալի օրեր Արցախում

    ՀՀ Սփիւռքի նախարարութեան եւ «Աւան Շուշի պլազա» հիւրանոցի միասնական ջանքերով օգոստոսի 1-5-ը կայացաւ Ասմունքի Համահայկական 5-րդ փառատօնը՝ Շուշիում:
    Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, այս տարի եւս, թեհրանահայ թւով 22 աշակերտներ իրենց 4 պատասխանատուներով մասնակցեցին այդ փառատօնին:

  • Տեղի ունեցաւ միջնակարգի Ա օղակի եւ տարրականի 5-րդ ու 6-րդ դասարանցիների գիտելիքների մրցութիւնը
    Տեղի ունեցաւ միջնակարգի Ա օղակի եւ տարրականի 5-րդ ու 6-րդ դասարանցիների գիտելիքների մրցութիւնը

    Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, հինգշաբթի, մայիսի 12-ին, կայացան Թեհրանի հայոց դպրոցների միջնակարգի Ա օղակի (7-րդ, 8-րդ եւ 9-րդ դասարանների) եւ ուրբաթ, մայիսի 13-ին, տարրականի 5-րդ ու 6-րդ դասարանցիների գիտելիքների մրցութիւնը՝ «Շանթ»-«Մարիամեան» դպրոցական համալիրի սրահում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։