Հա
12/12/2020 - 13:25

«Կոչ ենք անում վարչապետին, յանուն հայ ժողովրդի դրսեւորել բարձր գիտակցութիւն եւ զիջել վարչապետի իր պաշտօնը՝ հնարաւոր դարձնելով նոր ու ժամանակաւոր կառավարութեան ձեւաւորումը». ՀԲԸՄ յայտարարութիւնը

Հայկական Բարեգործական Ընդհանուր միութիւնը յայտարարութիւն է տարածել Հայաստանում անցումային կառավարութիւն կազմելու անհրաժեշտութեան վերաբերեալ, որն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.

«alikonline.ir» - Հայկական Բարեգործական Ընդհանուր միութիւնը յայտարարութիւն է տարածել Հայաստանում անցումային կառավարութիւն կազմելու անհրաժեշտութեան վերաբերեալ, որն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Նախորդ հարիւրամեակի ընթացքում մեր ժողովուրդը առերեսւել է ծայրայեղ մարտահրաւէրների հետ: Բոլոր հանգրւաններում Հայկական Բարեգործական Ընդհանուր միութիւնը աշխատել է առաջ մղել հայ ժողովրդի շահերը եւ ազգի գոյապահպանութեանն առնչւող հարցերում պատմականօրէն կանգնած է եղել պայքարի առաջին շարքերում՝ առանց ներքաշւելու ներքին քաղաքականութեան մէջ՝ թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքի որեւէ համայնքում։ Ներկայ ժամանակները տարբեր չեն։ Սա մեր պատմութեան մի նոր շրջադարձային պահ է, որը մեր ազգի առաջնորդներից, ինչպէս նաեւ մեր քաղաքացիներից ու աշխարհասփիւռ աջակիցներից պահանջում է վճռականութիւն, խիզախութիւն եւ տեսլական։ Նախորդ երկու ամիսներին մենք անցել ենք ահռելի կորուսների դառնութեան միջով, բայց մենք պարտւած ազգ չենք։ Եթէ մենք ցուցաբերենք ուժ ու իմաստնութիւն մեր վէրքերը ամոքելու համար, եթէ դասեր քաղենք այս իրադարձութիւններից, վերակառուցենք մեր ցնցւած Հայրենիքը ու առաջ անցնենք` մենք կը կարողանանք ապահովել մեր նւիրական տեղը պատմութեան եւ քաղաքակրթութեան մէջ։ Մենք երիցս գիտակցում ենք, որ եթէ չկասեցւեն արցախեան աղէտի յետցնցումները՝ դրանք կարող են խարխլել Հայկական պետականութեան հիմքերը եւ աւելի մեծ կորուստների առջեւ կանգնեցնել բոլորիս։ Այս վտանգները զգում եւ դրանցից երկիւղում ենք ողջ մեր գլոբալ հայ ազգով, որի միջնաբերդը պէտք է լինի մեր ուժեղ ու ինքնիշխան Հայաստանը` մեր ինքնութեան հիմնասիւնը։

Որեւէ մէկ հայ, որտեղ էլ որ ապրի, չի կարող նման ընթացք թոյլ տալ։ Սա ժամանակը չէ որեւէ մէկի մատնացոյց անելու, ոչ էլ պատեհ պահն է որոշելու այս հանգրւանին մեզ հասցրած վիթխարի ձախողումների համար մեղաւորութիւնը՝ ձախողումներ, որոնք տասնամեակներ ձգւող թերացումների հետեւանք են։ Մենք ճգնաժամի մէջ գտնւող ազգ ենք, որին պատուհասել է անկայուն քաղաքական իրավիճակը։ Ուստի արտակարգ քայլեր են անհրաժեշտ` թէ՛ խորհդանշական, թէ՛ առարկայական։ Մեր երիտասարդ ժողովրդավարութիւնը պէտք է ապացուցի իր կենսունակութիւնը եւ ամրութիւնն այս ճգնաժամային ժամանակներում։

Վիթխարի կարեւորութիւն ունի մեր ժողովրդի միասնականութեան ապահովումը։ Մենք չենք կարող թոյլ տալ նոր առճակատումներ կամ բռնութիւն։ Մենք հաւատացած ենք, որ ներկայ եւ նախկին վարչակազմերի հետ չկապակցւած անկախ մի մարմին պէտք է առաջնորդութիւն ստանձնի իբրեւ անցումային կառավարութիւն։ Այն պէտք է բաղկացած լինի իրենց փորձագիտութեամբ եւ ձիրքերով աչքի ընկած անհատներից, ովքեր կողք-կողքի կաշխատեն Հայաստանից եւ Սփիւռքից բարձր որակաւորում եւ յարգանք վայելող խորհրդատուների հետ՝ առաջ տանելու երկրի զարգացման օրակարգը։ Մենք կոչ ենք անում վարչապետին, յանուն հայ ժողովրդի եւ իւրաքանչիւր հայորդու դրսեւորել բարի կամք եւ բարձր գիտակցութիւն եւ զիջել վարչապետի իր պաշտօնը՝ հնարաւոր դարձնելով նման նոր ու ժամանակաւոր կառավարութեան ձեւաւորումը։ Մեր ցանկութիւնն է, որ ապահովւի անկախ լեգիտիմ մարմնի կողմից ժամանակաւոր առաջնորդութեան ստանձնումը` մինչեւ արդար ու ժողովրդավարական ընտրութիւնների անցկացումը հնարաւոր կը դառնայ։ Այս մարմինը, ունենալով մեզ առերեսող իրողութիւնների սթափ ըմբռնում եւ գնահատական, պարտաւոր է աշխատել անաչառութեան ոգով եւ երկիրը դուրս բերել մեզ պատուհասած այս պատմական ջրբաժանից։

Ինչպէս բոլոր ժողովրդավարութիւններում` սա պէտք է լինի խաղաղ անցում՝ պահպանելով օրինաւորութիւնը եւ սահմանադրական ընթացակարգերը եւ ապահովելով ժողովրդավարութեան ամենաբարձր չափանիշերը ու քաղաքացու հիմնարար իրաւունքների նկատմամբ յարգանքը։ Մենք կոչ ենք անում Ազգային ժողովին աջակցել այս անցումային կառավարութեանը։ Այս գործընթացում պէտք է ներառւի նաեւ Առաքելական Սուրբ Եկեղեցին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որի առաջնորդութիւնը մեր ժողովրդի համար միշտ եղել է յոյսի փարոս անցեալ աւելի քան 1700 տարիների մարտահրաւէրներով լի պատմութեան ընթացքում։

Իբրեւ 1906 թւականին իր հիմնադրումից ի վեր բոլոր դժւարին ժամանակներում մեր ժողովրդին ուղեկից մի կազմակերպութիւն, որը կանգնած է եղել մեր ազգի կողքին թէ՛ Օսմանեան, թէ՛ խորհրդային կառավարման տարիներին, ինչպէս նաեւ անկախութեան շրջանին, մենք այսու վերահաստատում ենք Հայաստանի պայծառ ապագան ապահովելու, բզկտւած մեր Արցախը վերակառուցելու մեր խոստումը, ինչպէս նաեւ վերահաստատում ենք մեր առաքելութիւնը հոգալու մեր ժողովրդի հումանիտար ու սոցիալական կարիքները Հայաստանում եւ ողջ աշխարհում։ Առաջիկայ շաբաթներին մեր աշխարհասփիւռ համայնքի առաջնորդներին ժողովելու ենք, որպէսզի միասնականօրէն մշակենք պատերազմի հետեւանքները յաղթահարելու ռազմավարութիւններ եւ արագօրէն վերադառնանք պետականաշինութեան ու զարգացման մեր ճանապարհին։

Մենք աղօթում ենք մեր ազգի իմաստնութեան, մեր վէրքերի շուտափոյթ ամոքման ու այս քաղաքական ճգնաժամի յաղթահարման համար։ Մենք նաեւ խոնարհւում ենք մարտի դաշտում անմահացած հերոսների յիշատակի առջեւ, ու շուտափոյթ ապաքինում ենք մաղթում վիրաւորներին։ Նրանց խիզախութիւնն ու զոհողութիւնը անջնջելի հետք են թողել մեր սրտերում եւ դա ուղեկցելու է մեզ ողջ կեանքում։ Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանում, Արցախում ու Սփիւռքի բոլոր համայնքներում բնակւող իւրաքանչիւր հայի մնալ յանձնառու, ուժեղ եւ միասնական, որպէսզի դիմագրաւենք այս դժւարին ժամանակներին եւ միասին կառուցենք աւելի լաւ ապագայ։

Հայկական Բարեգործական Ընդհանուր միութիւնը (ՀԲԸՄ) սփիւռքի հնագոյն, համաժողովրդական եւ համահայկական կազմակերպութիւնն է: Հիմնւած լինելով 1906 թւականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենեակը գտնւում է Նիւ Եօրքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային եւ մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում եւ զարգացնում է հայկական ինքնութիւնն ու ժառանգութիւնը՝ իւրաքանչիւր տարի ազդեցութիւն ունենալով աշխարհով մէկ սփռւած շուրջ 500,000 հայերի կեանքի վրայ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։