Հա
17/04/2021 - 11:20

Մահացել է Վարդան Գրեգորեանը

Կեանքից հեռացել է ականաւոր հասարակական գործիչ, Նիւ Եօրքի Քարնեգի կորպորացիայի նախագահ, «Աւրորա» մրցանակի եւ նախաձեռնութեան համահիմնադիր Վարդան Գրեգորեանը։

«alikonline.ir» - Կեանքից հեռացել է ականաւոր հասարակական գործիչ, Նիւ Եօրքի Քարնեգի կորպորացիայի նախագահ, «Աւրորա» մրցանակի եւ նախաձեռնութեան համահիմնադիր Վարդան Գրեգորեանը։

Վարդան Գրեգորեանը ծնւել էր 1934 թւականին Թաւրիզում եւ երիտասարդ տարիքում գաղթելով ԱՄՆ՝ յաղթահարել էր բազմաթիւ դժւարութիւններ եւ փայլուն կարիերա կառուցել։ 1981-1989 թթ. նա Նիւ Եօրքի Հանրային գրադարանի նախագահն էր, 1997 թւականին գլխաւորել էր Բրաունի համալսարանը։

2015 թւականին Վարդան Գրեգորեանը Ռուբէն Վարդանեանի եւ Նուբար Աֆէեանի հետ հիմնադրել էր «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը։

Վարդան Գրեգորեանի մահւան կապակցութեամբ յայտարարութիւն է տարածել նաեւ «Աւրորա» մարդասիրական կազմակերպութիւնը։

«Խորապէս վշտացած ենք «Աւրորա»-ի համահիմնադիր եւ «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովի անդամ, ամերիկահայ ականաւոր մարդասէր, գիտնական, հեղինակ, մանկավարժ ու խորհրդատու եւ մեզնից շատերի թանկագին ընկեր Վարդան Գրեգորիանի (1934-2021) կորստի կապակցութեամբ:

Իրանի Թաւրիզ քաղաքում ծնւած Վարդան Գրեգորեանն անհամար մարտահրաւէրներ է յաղթահարել, որոնց բախւել է երիտասարդ տարիքում Միացեալ Նահանգներ ներգաղթելով, եւ շարունակել է նշանակալի կարիերա կառուցել, որը տեւել է մի քանի տասնամեակ եւ հատել իրեն հիւրընկալող երկրի գիտական, բարեգործական եւ մշակութային սահմանները: Նա կրթութեան եւ լուսաւորութեան ջերմեռանդ ջատագով էր, որի համար գրքերը «յոյսի, կրթութեան եւ աւելի լաւ ապագայի կայաններ» էին:

1956 թ. Վ. Գրեգորեանն ընդունւել է Ստենֆորդի համալսարան, որտեղ մասնագիտացել է պատմութեան եւ հումանիտար գիտութիւնների բնագաւառում եւ այն աւարտել է 1958 թ. գերազանցութեամբ: 1964 թ. Ստենֆորդի համալսարանը Վարդան Գրեգորեանին շնորհել է Պատմութեան եւ հումանիտար գիտութիւնների դոկտորի գիտական ​​աստիճան, իսկ 1969-ին արժանացել է Դանֆորթ հիմնադրամի Է. Հ. Հարբիսոնի «Ականաւոր դասաւանդման» մրցանակի (Distinguished Teaching Award)։ 1972 թ. նա միացել է Փենսիլւանիայի համալսարանի պրոֆեսորադասախօսական կազմին եւ նշանակւել Թարզեանի անւ. ամբիոնի պատմութեան պրոֆեսոր եւ Հարաւային Ասիայի պատմութեան պրոֆեսոր: 1974 թ. նա եղել է Փենսիլւանիայի համալսարանի Արւեստի եւ գիտութիւնների ֆակուլտետի հիմնադիր դեկանը, իսկ չորս տարի անց դարձել է նոյն համալսարանի քսաներեքերորդ ռեկտորը՝ պաշտոնավարելով մինչեւ 1981 թւականը:

1981-1989 թթ. Վարդան Գրեգորեանը եղել է Նիւ Եօրքի հանրային գրադարանի նախագահը եւ մեծ հեղինակութիւն է վաստակել գրադարանի մշակութային նշանակութեան կարգավիճակը վերականգնելու համար: 1989 թ. նա նշանակւել է Բրաունի համալսարանի նախագահ: Նրա ղեկավարութեան ներքոյ Բրաունի համալսարանը դարձել է ե՛ւ աւելի գլոբալ, ե՛ւ ակադեմիական առումով աւելի մրցունակ, ե՛ւ ֆինանսապէս աւելի ապահով։ Իր պաշտօնավարման ընթացքում նա ղեկավարել է մի նախաձեռնութիւն, որի շնորհիւ հաւաքւել է աւելի քան 500 միլիոն դոլար՝ հատելով հաստատութեան հասութաւորման 1 միլիարդ դոլարի սահմանագիծը: 1997 թւականից դր. Գրեգորեանը զբաղեցրել է Նիւ Եօրքի Քարնեգի կորպորացիայի տասներկուերորդ նախագահի պաշտօնը: 1998 թ. ԱՄՆ նախագահ Քլինթոնը նրան պարգեւատրել է Ազգային հումանիտար գիտութիւնների մեդալով, իսկ 2004 թ. նախագահ Բուշը պարգեւատրել է Ազատութեան Նախագահական մեդալով՝ ԱՄՆ քաղաքացիական բարձրագոյն պարգեւով:

Վարդան Գրեգորեանը ներքին հզօր ուժի տէր մարդ էր, կարեկցանքի ու անսահման իմաստնութեան շտեմարան: Նա արժանացել է բազմաթիւ դրամաշնորհների, այդ թւում ՝ Սայմոն Գուգենհայմի հիմնադրամից, Ուսեալ հասարակութիւնների ամերիկեան խորհրդից (American Council of Learned Societies), Հասարակագիտական հետազօտութիւնների ​​խորհրդից (Social Science Research Council) եւ Ամերիկեան փիլիսոփայական հանրութիւնից (American Philosophical Society): Բացի այդ, նա ստացել է պատւաւոր բազմաթիւ աստիճաններ եւ պարգեւատրութիւնների արժանացել Ֆրանսիայի, Իտալիայի, Աւստրիայի ու Պորտուգալիայի կառավարութիւնների կողմից:

Աշխարհում բարգաւաճման ու խաղաղութեան հասնելու իր առաքելութեան մէջ Վարդան Գրեգորեանը միշտ հանդէս է եկել ամենաաղքատների եւ իրաւազուրկների անունից: Լինելով ցեղասպանութեան, խտրականութեան եւ հետապնդումների վերացման գործի յանձնառու՝ իր կարեկցանքով ու վճռականութեամբ ոգեշնչւած բոլորի համար նա դարձել է ուսուցիչ ու յոյսի փարոս: Երիտասարդ սերնդին նա առաջնորդել է բարութեամբ ու խորաթափանցութեամբ՝ փոխելով մարդկային կեանքերը եւ մշտապէս առաջնորդելով անձնազոհութեան ու նւիրւածութեան իր անձնական օրինակով:

Արգասալից հեղինակ Վարդան Գրեգորեանը հրատարակել է մի շարք գրքեր, որոնց թւում են «Ճանապարհ դէպի տուն. Իմ կեանքը եւ ժամանակները» (The Road To Home: My Life and Times), «Իսլամ. Խճանկար, ոչ միաձոյլ» (Islam: A Mosaic, Not a Monolith) եւ «Ժամանակակից Աֆղանստանի յայտնութիւնը, 1880-1946 թթ.» (The Emergence of Modern Afghanistan, 1880-1946):

2015 թ. նա, Նուբար Աֆէեանի եւ Ռուբէն Վարդանեանի հետ, հիմնադրել է «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը՝ Հայոց Ցեղասպանութիւնը վերապրողների անունից՝ ի երախտագիտութիւն նրանց փկողների: «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը եւ դրա «Աւրորա» մարդասիրական մրցանակը ձգտում են այդ փորձը վերածելու գլոբալ շարժման՝ անդրադառնալով աշխարհում առկայ մարդասիրական մարտահրաւէրներին եւ կենտրոնանալով կարիքի մէջ գտնոցներին օգնելու վրայ:

Որպէս «Աւրորա»-ի համահիմնադիր եւ «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովի անդամ, Վարդան Գրեգորեանն անխոնջ աշխատել է՝ օգնելու այդ տեսլականը կեանքի կոչելուն եւ երկրորդ հնարաւորութիւն տալու նրանց, ովքեր ամենից աւելի ունեն դրա կարիքը: Մենք յաւերժ երախտապարտ ենք նրա փորձառութեան ու տեսլականի եւ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան ստեղծման ու զարգացման գործում նրա ներդրած անգնահատելի աւանդի համար:

«Աւրորա»-ն սգում է Վարդան Գրեգորեանի մահւան կապակցութեամբ եւ աղօթք ու զօրակցութիւն յղում նրա ընտանիքին եւ բոլոր նրանց, ովքեր օգտւել են նրա նշանաւոր աշխատանքից եւ իմաստնութիւնից: Նրա ժառանգութիւնն ապրում է եւ շարունակելու է ապրել յաւերժութեան մէջ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։