Հա
19/04/2021 - 10:30

«Եթէ հիմա փորձենք բարելաւել Թուրքիայի հետ յարաբերութիւնները, ազգի արժանապատւութիւնը կը ոտնահարւի․ Հայաստանը պէտք է Թուրքիային որպէս թշնամի վերաբերւի». Բագրատ Էստուկեան

Չգիտեմ, թէ Թուրքիան ցանկանո՞ւմ է Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորել, թէ՝ ոչ, բայց ես արդէն չեմ ցանկանում։ Tert.am-ի հետ զրոյցում այսպէս արձագանքեց Թուրքիայում հրապարակւող «Ակօս» շաբաթաթերթի հայերէն էջերի խմբագիր Բագրատ Էստուկեանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանութիւնների յայտարարութիւններին, որ պէտք է շտկումներ անել հայ-թուրքական յարաբերութիւններում, որ պէտք է գտնել հնարաւորութիւններ այդ յարաբերութիւնների կարգաւորումից։

«alikonline.ir» - Չգիտեմ, թէ Թուրքիան ցանկանո՞ւմ է Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորել, թէ՝ ոչ, բայց ես արդէն չեմ ցանկանում։ Tert.am-ի հետ զրոյցում այսպէս արձագանքեց Թուրքիայում հրապարակւող «Ակօս» շաբաթաթերթի հայերէն էջերի խմբագիր Բագրատ Էստուկեանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանութիւնների յայտարարութիւններին, որ պէտք է շտկումներ անել հայ-թուրքական յարաբերութիւններում, որ պէտք է գտնել հնարաւորութիւններ այդ յարաբերութիւնների կարգաւորումից։

«Ես պահին բացարձակապէս չեմ ցանկանում յարաբերութիւնների կարգաւորման գործընթաց, յատկապէս որ դրա մասին հնչեցւի հայկական կողմից, քանի որ այս վիճակին հասանք Թուրքիայի պատճառով։ Հետեւաբար` եթէ բարեփոխում են ցանկանում, թող Թուրքիան իր դիրքորոշումը փոխի։ Հայաստանն այս մասով բան չունի անելու։ Ի՞նչ պէտք է անի։ 30 տարուց աւելի է՝ յայտարարում է, որ կողմ է սահմանների բացւելուն, յօժար է դրան, սակայն Թուրքիան է, որ Հայաստանին շրջափակման մէջ է պահել, եւ եթէ ինչ-որ բան պէտք է փոխւի, ապա դա Թուրքիայի քաղաքականութիւնն է»,- ասաց նա։

Բագրատ էստուկեանը նկատեց, որ Հայաստանն արդէն մեծ կորուստներ է ունեցել արցախեան պատերազմի ընթացքում եւ այս պահին էլ Թուրքիայից Հայաստանի նկատմամբ մխիթարող ոչ մի արտայայտութիւն չի հնչել։ «Այս պարագայում ի՞նչ տեսակ ջանքեր պէտք է գործադրւի Թուրքիայի կամ Ադրբեջանի նկատմամբ յարաբերութիւններ կարգաւորելու համար»,- ասաց նա։

Հիմա էլ, նրա նկատառմամբ, Թուրքիան շարունակում է սպառնալիքով խօսել Հայաստանի հետ, թէ պէտք է իրեն լաւ պահի. իսկ ի՞նչ է դրան ի պատասխան Հայաստանն անում։

«Հայաստանը դրան պէտք է պատժիչ պատասխան տայ։ Երբ Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ չունես, սահմաններդ բաց չեն, հետեւաբար Հայաստանն էլ քեզ ասելու բան չունի, դու ո՞վ ես, որ ասես, որ պէտք է Հայաստանն իրեն նորմալ պահի»,- ասաց նա։

Հայաստանը, ըստ Բագրատ Էստուկեանի, ունի ներուժ հակադարձելու Թուրքիային․ 30 տարի դիմադրել է շրջափակմանը։ «Թուրքիան կարծում էր, որ այդպէս Հայաստանին ծնկի է բերելու։ Չկարողացաւ յաջողել։ Վերջապթս անկախ պետականութեան մասին ենք խօսում։ Այդ անկախ պետականութիւնը պէտք է իր արժանապատւութիւնը բարձր պահի յատկապէս թշնամի երկրների դէմ։ Թուրքիան թշնամի է, դա շատ ակնյայտ դրսեւորւեց արցախեան 44-օրեայ վերջին պատերազմում»,- ասաց նա։

Պոլսահայ խմբագիրը, այնուամենայնիւ նկատեց, որ Հայաստանը կարող էր եւ կարիք ունի տնտեսական յարաբերութիւններ հաստատել հարեւան երկրի հետ, բայց այդ բոլորի համար նախեւառաջ բարեացակամութիւն է պթտք, քաղաքակիրթ վերաբերմունք։

«Թուրքիան այդ բոլորից զուրկ է։ Այսօր Թուրքիան ամբողջ աշխարհի համար է վատ դիրքի մատնւած շնորհիւ իր իշխանութիւնների։ Հետեւաբար` այս պահին Հայաստանը թեմայի վերաբերեալ պէտք է լռի»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկմանը, թէ հնարաւոր է, որ նման յայտարարութիւններով հայաստանեան իշխանութիւնները խոչընդոտեն Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը, Բագրատ Էստուկեանը նշեց, որ դա իր համար ամենաանկարեւոր թեման է։

«Միջազգային ճանաչում կոչւածն ինձ համար ազգի նպատակ չի կարող լինել։ Ցեղասպանութիւնը եղել եւ վերջացել է։ 1915 թւականին մենք ցեղասպանութեան ենք ենթարկւել շնորհիւ եւրոպացիների, թուրքերի, շնորհիւ Թուրքիայի մէջ բնակւող մահմեդական բոլոր ազգերի համագործակցութեան։ Այդ ցեղասպանութեան մէջ իրենց մասնակցութիւն ունեն եւրոպական գերտէրութիւնները, Խորհրդային Միութիւնը, որ անտեսեցին այն։ Այսօր ինձ համար ոչ մի նշանակութիւն չունի այս կամ այն երկրի՝ Ցեղասպանութեան ճանաչումը։ Գիտեմ, որ դրանք բոլորն էլ իրենց ինչ-որ քաղաքական շահերի համար են անում, իրենց առեւտրի համար են անում, ուրիշ այլ իմաստ չկայ,- ասաց նա՝ յաւելելով, որ դրանց մէջ իր համար բացառութիւն է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը, քանի որ բանաձւի մէջ Գերմանիան իր մեղքն էլ է ընդունում,- այսօր եթէ ԱՄՆ նախագահ Բայդէնն էլ «Ցեղասպանութիւն» բառն օգտագործի, Թուրքիայի հետ լարւած յարաբերութիւնների պատճառով է անելու, այլ ոչ թէ պատմական իրողութիւնը խոստովանելու համար»։

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանութիւնների՝ Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատելուն միտւած քաղաքականութեանը, ապա, ըստ Բագրատ Էստուկեանի, այստեղ մեզ համար ամենամեծ վտանգը՝ ազգի արժանապատւութեան հարցն է։

«Եթէ այս պահին մենք փորձ անենք Թուրքիայի հետ յարաբերութիւններ բարելաւելու համար․ ազգի արժանապատւութիւնը կը ոտնահարւի։ Թուրքիան արժանի չէ այդ վերաբերմունքին այս իշխանութեան օրօք։ Վաղը իշխանութիւնը կը փոխւի, քաղաքական կեցւածք կը փոխւի, ըստ այդմ, Թուրքիայի կողմից մերձեցման ցանկութիւն կը լինի, Հայաստանն էլ պատշաճ ձեւով կը փոխադարձի։ Ես 30 տարի շարունակ ժողովուրդների բարեկամութեան մասին եմ խօսել, բայց այսօր այդ հանգրւանը չէ, այսօր այդ մասին չեմ խօսում, ընդհակառակը, Հայաստանը պէտք է Թուրքիային որպէս թշնամի վերաբերւի, որովհետեւ Թուրքան այդպթս է Հայաստանին վերաբերւում։ Ախմախութիւն է այլ կեցւածք ընդունելը»,- ասաց նա։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։