Հա
19/04/2021 - 13:20

Հեռու մնալ Հայրենիքը վաճառող դաւաճաններից եւ մերօրեայ երեսպաշտ փարիսեցիներից

Բաց նամակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին

Վեհափառ Հայրապետ,

Արձագանգելով Միքայէլ Մինասեանի քննադատութեանն առ այն, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը յամառօրէն չի նկատում, որ Նիկոլ Փաշինեանը պահանջատիրութեան հարցը յօգուտ թուրքերի է լուծում, Ձեր դիմատետրի էջում գրւած էր. «Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան համար Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ մեր ժողովուրդին բռնաբարւած իրաւունքներուն վերադարձի պահանջքը կը մնան անշեղելի սկզբունք՝ վեր ներքին թէ արտաքին աշխարհաքաղաքական նկատումներէ ու շահերէ։ Պայմանները ու իշխանութիւնները, անձերն ու մօտեցումները կրնան փոխւիլ, սակայն ազգի մը իրաւունքները կը մնան անփոփոխ ու անբռնաբարելի»:

Բաց նամակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին

Վեհափառ Հայրապետ,

Արձագանգելով Միքայէլ Մինասեանի քննադատութեանն առ այն, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը յամառօրէն չի նկատում, որ Նիկոլ Փաշինեանը պահանջատիրութեան հարցը յօգուտ թուրքերի է լուծում, Ձեր դիմատետրի էջում գրւած էր. «Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան համար Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ մեր ժողովուրդին բռնաբարւած իրաւունքներուն վերադարձի պահանջքը կը մնան անշեղելի սկզբունք՝ վեր ներքին թէ արտաքին աշխարհաքաղաքական նկատումներէ ու շահերէ։ Պայմանները ու իշխանութիւնները, անձերն ու մօտեցումները կրնան փոխւիլ, սակայն ազգի մը իրաւունքները կը մնան անփոփոխ ու անբռնաբարելի»:

Անշուշտ այլ բան ակնկալել չէինք կարող, մանաւանդ, որ, Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը մշտապէս եղել է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ հայ ժողովրդի արդար իրաւունքների վերկանգնման առաջին դիրքերում:

Պատասխանը, սակայն չոգեւորեց եւ չուրախացրեց ինձ՝ որպէս հաւատացեալի, մանաւանդ, երբ փորձեցի այն դիտարկել Նիկոլ Փաշինեանին ուղղւած Ձեր Զատկական շնորհաւորական ուղերձի ֆոնին, յատկապէս՝ երբ մտաբերեցի ուղերձի հէնց սկզբնամասի, իմ կարծիքով՝ չհիմնաւորւած Աստւածաշնչեան մէջբերումը. «Միշտ ձեզի հետ պիտի ըլլամ, մինչեւ աշխարհիս վախճանը» (Մատթ. 28.20):

Մասնագիտութեամբ Աստւածաբան չեմ: Երբեք էլ ինձ իրաւունք չեմ վերապահել մեկնաբանելու Աստւածաշնչեան ուսմունքները: Սակայն կրթական ցենզս եւ տրամաբանութիւնս ինձ ստիպում են տարակուսանքով մօտենալ Ձեր շնորհաւորական ուղերձին:

Վեհափառ Տէր, ինձ համար մնում է անհասկանալի, թէ ինչպէ՞ս է կարելի կանգնել մի անձնաւորութեան կողքին, որը մեր նորօրեայ պատմութեան ամենամեծ ու խայտառակ պարտութեան անմիջական պատասխանատուն ու հեղինակն է:

Այդ ինչպէ՞ս է կարելի «միշտ ըլլալ» մէկի հետ, որն անմիջական պատասխանատւութիւն է կրում 5000 քաջարի տղաների կեանքի կորստի, մեր հայրենազրկման եւ ազգային նւաստացման համար:

Ինչպէ՞ս է կարելի չնկատել այն դաւաճանական գործողութիւնները, որոնք իրականացւել, եւ իրականցւում են այս մարդու եւ նրա քաղաքական խմբի կողմից հայկական զոյգ պետութիւնների եւ հայ ժողովրդի անմիջական շահերի եւ ազգային անվտանգութեան դէմ: Ինչպէ՞ս կարելի է աչք փակել այն իրողութեան վրայ, որ այս մարդը/մարդիկ, իշխանութեան գալուց ի վեր նպատակային եւ միտումնաւոր թիրախաւորել են մեր ազգային արժէքները, լեզուն, մշակոյթը, պատմութիւնը, եկեղեցին, փորձելով փշրել մեր ողնաշարն ու ոչնչացնել մեր արժէքային պաշտպանական համակարգը:

Ինչպէ՞ս է կարելի հանդուրժել մի մարդու, որի համար բառի ամենաբուն իմաստով չկայ որեւէ սրբութիւն, եւ որը պատրաստ է ծնկել ոսոխի առջեւ, ուրանալ ամէն ինչ, միայն թէ պահի սեփական աթոռն ու իշխանութիւնը:

Ինչպէ՞ս է կարելի «մինչ աշխարհի վախճանը» կանգնել մերօրեայ վասակի կողքին, որը պատրաստւում է վախճանին հասցնել հայ ժողովրդի դէմ ուղղւած հրէշաւոր դաւադրութիւնը, բաւարարելով Թուրքիայի բոլոր ցանկութիւնները՝ հրաժարւելով պետական մակարդակով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման արշաւից եւ մեր պահանջատիրական արդար պայքարից:

Եւ ինչպէսների այս շարքը կարելի է երկա՜ր շարունակել…

Վեհափառ Հայրապետ, ներէ՛ք ինձ համարձակութեանս համար, բայց ստիպւած եմ նշելու, որ վրդովմունքս այսքանով չի աւարտւում: Յուզական աշխարհս աւելի ալեկոծւեց, երբ պատահաբար հասարակական ցանցերում ծանօթացայ ոմն Կարօ Էշկեանի վերաբերեալ նիւթերին:

Փորձեցի պարզել դրանց իսկութիւնը, եւ պարզւեց, որ որպէս «բարերար» հանդէս եկող այս անձնաւորութիւնն իսկապէս տարիներ ի վեր առեւտրային սերտ կապեր ունի Թուրքիայի հետ, եւ իր նիւթական շահոյթի զգալի մի մասն ապահովում է հէնց այդ առեւտրական յարաբերութիւնների միջոցով:

Չէի անդրադառնայ այս անձին, եթէ չծանօթանայի Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան պաշտօնական լրատւութեանն այն մասին, որ Դուք մի քանի անգամ ընդունել էք այս անձին, եւ նա որպէս «բարերարի» գումար է «նւիրել» Կաթողիկոսութեանը:

Որպէս շարքային հաւատացեալ հարց է առաջանում ինձ մօտ՝ միթէ պէ՞տք է մեր Սուրբ եկեղեցուն այս անձի եւ նրա նմանների կեղտոտ, արիւնոտ գումարները:

Միթէ պարզ չէ՞, որ այս անձն առանց խղճի խայթի, թէկուզ վերջին պատերազմի ընթացքում էլ շարունակել է իր արիւնոտ առեւտուրը Թուրքիայի հետ:

Միթէ պարզ չէ՞, որ տւեալ անձը հանդէս գալով որպէս «բարերար» փորձում է արդարացում ապահովել իր անպատիւ եւ ոչ-էթիկ առեւտրի համար:

Միթէ Ձերդ սրբութեանը պարզ չէ՞, որ փոխադարձ շահաւէտ այս առեւտրից գոյացած շահոյթի մի մասը թուրքական կողմում հարկերի եւ տուրքերի տեսքով ուղղւում է հայութեան դէմ մեր թշնամու սանձազերծած պայքարին կամ օգտագործւում է թուրքական բանակի զինման համար, եւ հէնց նոյն զէնքերով էր, որ 44-օրեայ պատերազմի ընթացքում թշնամին խոցում էր մեր քաջարի զինւորներին:

Եւ միթէների այս շարքը նոյնպէս կարելի է երկա՜ր շարունակել…

Քրիստոնէական ուսմունքն ինձ սովորեցրել է, որ մոմ վառելով հաւատացեալ չեմ դառնայ: Նոյնը կասէի ես տւեալ անձի «բարերարութեան» մասին. «Գումար նւիրելով չես մաքրւի մեղքերից, յատկապէս՝ երբ այդ նւիրաբերւած գումարն արիւնոտ է»:

Վեհափառ Տէր, մեր սերունդը դաստիարակւել է վասն հաւատոյ զոհւած, Վարդանանց հերոսների ոգով: Մենք դաստիարակւել ենք յանուն Հայրենիքի, հաւատքի եւ արժանապատւութեան իրենց կեանքը զոհած մեր աշխարհիկ եւ հոգեւորական քաջերի ոգով: Նրանք են եղել մեր ուղենիշն ու ճամբան լուսաւորողը: Նրանց կերպարներն են կերտել մեր հոգե-մտաւոր աշխարհը, որում տեղ չկայ բոլոր տեսակի վասակների եւ վասակական մտածողութեան համար:

Մեզ համար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը մշտապէս եղել են մեր հաւատքի եւ նկարագրի պահպանման ամուր խարիսխները, որոնցից կարող ենք կառչել դժւարին պահերին:

Եւ վերջապէս, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Վեհափառի խրոխտ ու սկզբունքային կերպարը մշտապէս եղել է մեզ ներշնչողն ու պայքարի կոչողը՝ խարխափումների դժւարին պահերին:

Մենք կը մնանք այդպիսին: Դա է մեր անփոփոխ նկարագիրը: Ինձ մտահոգում է, սակայն, նոր սերունդը, որն այս բոլորը կարող է ընկալել այլ կերպ:

Թոյլ մի՛ տւէք, որ թիւր տպաւորութիւն ստեղծւի, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը նմանւում է Եւրոպայում հաւատաքննութեան շրջանի եկեղեցուն, որը յանուն քաղաքական փառասիրութեան հանդուրժում էր դաւաճաններին կամ յանուն շահի, գումարի դիմաց մեղքերի թողութիւն էր շնորհում մեղաւորներին՝ նրանց վաճառելով դրախտի բանալին:

Մնամ որդիական ակնածանքով՝

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՍԻՐԱՔԵԱՆ

Թեհրան, 17.04.2021 թ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։