Հա
12/07/2021 - 12:00

«Իրանի հետ յատկապէս էներգետիկ ոլորտում ՀՀ-ի քաղաքականութիւնը ձախողւած է` բոլոր ծրագրերը կանգնած են»․ Արմէն Մանուէլեանը՝ 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման մասին

Արեւելագիտութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականութեան եւ միջազգային անվտանգութեան հարցերով մասնագէտ Արմէն Մանուէլեանի խօսքով՝ այսօրւայ իշխանութիւնների խօսքերի եւ գործողութիւնների միջեւ անդունդ կայ. նրանք շատ հարցեր են քննարկում, բայց ոչինչ չեն անում։

«alikonline.ir» - Արեւելագիտութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականութեան եւ միջազգային անվտանգութեան հարցերով մասնագէտ Արմէն Մանուէլեանի խօսքով՝ այսօրւայ իշխանութիւնների խօսքերի եւ գործողութիւնների միջեւ անդունդ կայ. նրանք շատ հարցեր են քննարկում, բայց ոչինչ չեն անում։

Նա Tert.am-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով նրան, որ հայկական եւ իրանական կողմերի միջեւ սկսւել են քննարկումներ երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինանարարութեան ընթացքի մասին։

«Երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը Հայաստանի համար ռազմավարական նշանակութիւն ունի։ 5 տարի առաջ է սկսւել դրա շինարարութիւնը, վերջին 3 տարւայ ընթացքում մենք տեսանք, որ այդ ուղղութեամբ ոչ մի աշխատանք չի կատարւել։ Դժւարանում եմ ասել, թէ վերջին քննարկումն ինչ արդիւնք կը տայ։ Լուրջ կասկածներ ունեմ, որ ինչ-որ բան կը փոխւի»,- ասաց նա։

Յիշեցնենք, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխաւոր տնօրէն Հայկ Յարութեանը եւ «Սանիր» ընկերութեան տնօրէն Մանսուր Սայիդին յուլիսի 7-ին տեսակապի միջոցով քննարկել էին Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարութեան ընթացքը:

Համաձայնութիւն է ձեռք բերւել տեղեկատւութեան պարբերական փոխանակման եւ փոխայցելութիւններ կազմակերպելու շուրջ:

Քննարկումն իրականացւել էր Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան մասնակցութեամբ:

Արմէն Մանուէլեանի խօսքով՝ էլեկտագծի շինարարութեան դանդաղեցումը պայմանաւորւած է ՀՀ իշխանութիւնների քաղաքականութեամբ եւ իրանական կողմի հետ յստակ քաղաքական գիծ տանելու անկարողութեամբ։

«Նրանք կախւածութիւն ունեն արեւմտեան՝ յատկապէս ամերիկեան կողմից, որը դէմ է այդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցմանը։ Նախկին իշխանութիւնների օրօք էլ այդպիսի խնդիրներ կային, բայց նրանք կարողանում էին դրանք լուծել։ Իսկ սրանք ընդունակ չեն դրան։ Վերջին 3 տարիներին Իրանի հետ յատկապէս էնեգետիկ ոլորտում Հայաստանի քաղաքականութիւնը ձախողւած է․ մեր բոլոր ծրագրերը կանգնած են, որեւէ դրական շարժ չկայ»,- ասաց նա։

Տեսակապով վերջին քննարկումն էլ, նրա կարծիքով, արդիւնք չի տայ։

«Կայ փաստաթուղթ, որը պէտք է իրականացւի։ ««Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի տնօրէնն էլ այստեղ մեծ դեր չի խաղում։ Դրանով զբաղւում է պետութիւնը, կառավարութիւնը։ Պէտք է անընդհատ աշխատանք տանել իրանական կողմի հետ։ Ի վերջոյ, ծրագիրը ֆինանսաւորում է իրանական կողմը, եւ էլեկտրագիծը կառուցում են իրանական ընկերութիւնները»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկմանը, թէ որքանով է Իրանը հիմա շահագրգռւած Հայաստանի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում, յատկապէս, երբ հաշւի ենք առնում, որ Արցախեան պատերազմից յետոյ շատ խօսւում է, որ ստեղծւելու են հնարաւորութիւններ տարածաշրջանային երկրների համար աւելի խորը համագործակցութեան համար, Արմեն Մանվելյանը նշեց, որ նման խօսակցութիւններն աւելի շատ կեղծ են, պաթոսային, ինքը դրանց չի հաւատում։

«Պատերազմից յետոյ համագործակցութիւնը բերելու է Հայաստանի աւելի շատ կորուստների»,- ասաց նա։

Նա, սակայն նշեց, որ Իրանը, ամէն դէպքում, շահագրգռւած է աւարտին հասցնելու երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարութիւնը, սակայն խնդիրն այն է, որ նոյն շահագրգռւածութիւնը Հայաստանի մօտ չեն տեսել վերջին 3 տարում։

«2019 թւականին շինարարութիւնը պէտք է աւարտւած լինէր, բայց արդէն 2021-ի կէսն է, ընդհանրապէս ոչ մի աշխատանք չի կատարւել»,- ասաց նա։

Երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը, Արմէն Մանուէլեանի պարզաբանմամբ, թոյլ է տալու Հայաստանին եռապատկել, քառապատկել էլեկտրաէներգիայի արտահանման հզօրութիւնները։

«Դա հնարաւորութիւն կը տայ եռապատկել, քառապատկել Իրանից դէպի Հայաստան գազի ներմուծումը։ Այսինքն, «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» նախագիծը կարող է աւելի մեծ մասշտաբի լինել։ Եթէ Հայատսանն ի վիճակի լինի աւելի մեծ չափով էլեկտրաէներգիա արտահանել, կարող է ներդրումներ բերել Հայաստանի էներգետիկ ոլորտում»,- ասաց նա։

Հայաստանի այս իշխանութիւնները, նրա խօսքով, ձախողել են նաեւ հիւսիսային ուղութեամբ բարձրավոլտ էլեկտրացանցեր կառուցելու ծրագրերը։

«2016 թւականին կար կնքւած պայմանագիր Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան ծրագրի իրականացման մասին, բայց այս ուղղութեամբ նոյնպէս բանակցութիւններ չեն տարւել»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը յոյս ընդհանրապէս չունի, որ այս ոլորտում սայլը տեղից ՀՀ ներկայ իշխանութիւնները կը շարժեն։

 

Հռիփսիմէ Յովհաննիսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։