Հա
28/07/2021 - 12:30

Իրանն ընդլայնում է համագործակցութիւնը ԵԱՏՄ-ի հետ. ի՞նչ դեր է յատկացւած Հայաստանին

Իրանում յստակ հասկանում են, որ Հայաստանը կարող է միջավայր ստեղծել իրանական բիզնեսին միութեան բազմամիլիոնանոց շուկայ մտնելու համար։

«alikonline.ir» - Իրանում յստակ հասկանում են, որ Հայաստանը կարող է միջավայր ստեղծել իրանական բիզնեսին միութեան բազմամիլիոնանոց շուկայ մտնելու համար։

Հայաստանն Իրանի համար Հարաւային Կովկասում կարեւոր գործընկեր է, յատկապէս տարածաշրջանում վերջին իրադարձութիւնների ֆոնին։ Փորձագէտները համոզւած են, որ Թեհրանը Երեւանի օգնութեամբ կարող է իր տնտեսութեան մի շարք առանցքային խնդիրներ լուծել։ Հայաստանը հետաքրքիր է ոչ միայն մատակարարումների դիւերսիֆիկացման լոյսի ներքոյ, այլեւ ԵԱՏՄ-ի հետ լիարժէք կապի ապահովման, որով Իրանի բիզնեսի համար կը դառնայ ուղեկցորդ դէպի միութեան բազմամիլիոնանոց շուկայ։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան:

Այս տեսանկիւնից վերջին օրերին Իրանի ակտիւացումը պատահական չէ։ Այսպէս` օրեր առաջ Թեհրանում անցկացւեց ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի մշտական գօտի ստեղծելու մասին բանակցութիւնների հերթական փուլը։ Կողմերը պայմանաւորւեցին բանակցութիւնների լիաֆորմատ առաջին փուլն անցկացնել այս տարւայ սեպտեմբերին։

Իրանագէտ Գարիկ Միսակեանի խօսքով` ԻԻՀ-ն ներկայ պահին հետաքրքրւած է ԵԱՏՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի իրականացմամբ։ Երկիրը դեռ անդամակցութեան հարց չի դնում` հաշւի առնելով իր շուկայի առանձնայատկութիւնները։ Լիարժէք անդամակցութիւնը ԵԱՏՄ-ին կարող է մի շարք խնդիրների յանգեցնել ներքին շուկայում, եւ Իրանը դեռ դրանք լուծելու ժամանակ չունի։

«Այս համատեքստում մեծանում է Հայաստանի դերը։ Առաւել եւս, որ մեր երկիրը միութեան երկրներից միակն է, որն Իրանի հետ ցամաքային սահման ունի»,- ասաց Միսակեանը։

Նա յիշեցրեց նաեւ Հարաւային Կովկասի երկրների հետ տնտեսական համագործակցութեան գծով Իրանի իշխանութիւնների վերջին զեկոյցի մասին, որտեղ առանձին ուշադրութիւն է դարձւել ՀՀ Սիւնիքի մարզի հետ տնտեսական կապերի զարգացմանը, ինչպէս նաեւ Մեղրիում ազատ առեւտրի գօտու գործարկման անհրաժեշտութեանը։

Փորձագէտը կարծում է, որ միայն Իրանի նախաձեռնութիւնը բաւարար չէ, Հայաստանի իշխանութիւնները եւս պէտք է ազատ առեւտրի գօտու գործարկման գծով քայլեր ձեռնարկեն, ինչպէս նաեւ աւարտեն «Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղու շինարարութիւնը։

Բացի այդ, Հայաստանը կարող է նաեւ Ռուսաստանի եւ ԵԱՏՄ միւս երկրների շուկաներ ապրանքի մատակարարման ապահովման հարցում միջնորդ երկիր դառնել։ Միսակեանը նշեց, որ դա մեր երկրի առաւելութիւնն է, որն անհրաժեշտ է օգտագործել, եւ որի մասին տեղեակ են նաեւ Իրանում։

Արեւելագէտ, ռուսաստանցի փորձագէտ Կարինէ Գէորգեանն իր հերթին ընդգծեց այդ գործընթացում Հայաստանի առանձնակի դերը։ Նա կարծում է, որ վերջին իրադարձութիւնների լոյսի ներքոյ Իրանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերութիւնը կաճի, եւ այդ գործընթացն անխուսափելի է։

«Հայաստանն արդէն ԵԱՏՄ անդամ է եւ Թեհրանի եւ Մոսկւայի միջեւ փոխգործակցութեան կամուրջ կարող է դառնալ»,- ասաց Գէորգեանը։

Ըստ նրա` Երեւանը կարող է դիտարկել Իրանի հետ համագործակցութեան ողջ ներուժը` հաշւի առնելով Թեհրանի ընտրած ճանապարհը։ Նրա գնահատականներով` դա ոչ մի բանով Հայաստանին չի սպառնում եւ կարող է հաւասարակշռել Թուրքիայի ակտիւութիւնը տարածաշրջանում։

Այս համատեքստում Գէորգեանը նաեւ ընդգծեց «Պարսից ծոց-Սեւ ծով» միջանցքի յատուկ դերը եւ դրանում Հայաստանի տարանցման ներուժի իրացումը։

Յիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գօտու մասին ժամանակաւոր համաձայնագիրն ուժի մէջ է մտել 2019 թւականի հոկտեմբերի 27-ին։ Համաձայնագիրը սահմանափակ ապրանքներ է ներառում, սակայն դրա մէջ մտնում են հիմնական գրեթէ բոլոր տեսակները (ԵԱՏՄ երկրներից ընդհանուր արտահանման շուրջ 55%-ը)։ Մասնաւորապէս, խօսքը գիւղատնտեսական եւ արդիւնաբերական խմբի ապրանքների մասին է։

 

Յարակից լուրեր

  • Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ
    Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ

    Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումներին թէեւ վերջին 20 տարւայ ընթացքում մեզանում անդրադարձել են բազմիցս, բայց 2020 թ. 44-օրեայ պատերազմը, մեծ տէրութիւնների եւ ՀՀ հարեւան պետութիւնների, այդ թւում` Իրանի պաշտօնական յայտարարութիւնները եւ նրանց կողմից որդեգրւած դիրքորոշումները ստեղծել են որոշակի անհրաժեշտութիւն` վերանայելու Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ նշւած պետութիւնների, մասնաւորապէս Իրանի դիրքորոշումը՝ որը պայմանաւորւած էր նախկին պատերազմների ընթացքում եւ դրանց ակտիւ փուլերում (1992-1994 թթ. եւ 2016 թ. ապրիլ) ու առհասարակ 1992 թւականից մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատւածում արձանագրւած իրողութիւններով։

  • «Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցածն Իրանում համարում են ե՛ւ հակահայկական, ե՛ւ հակաիրանական». Գարիկ Միսակեան
    «Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցածն Իրանում համարում են ե՛ւ հակահայկական, ե՛ւ հակաիրանական». Գարիկ Միսակեան

    Իրանագէտ Գարիկ Միսակեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թէ ինչպէս է Իրանն արձագանգել ՀՀ Սիւնիքի մարզում Գորիս-Կապան ճանապարհի խափանմանն ու ադրբեջանցիների կողմից իրանցի վարորդներից մաքսավճար գանձելուն։

  • «Հայաստան» խմբակցութեան յայտարարութիւնը
    «Հայաստան» խմբակցութեան յայտարարութիւնը

    Յարգելի՛ հայրենակիցներ,

    Գորիս-Կապան ճանապարհահատւածի Որոտան–Շուռնուխ միջակայքում իրավիճակը շարունակում է լարւած մնալ։ Օգտւելով ՀՀ իշխանութիւնների թողտւութիւնից եւ յանցաւոր անգործութիւնից՝ Ադրբեջանն այդտեղ ոստիկանական ու մաքսային կէտեր է տեղադրել։ Լրջագոյն խնդիրներ են առաջացել ռազմավարական նշանակութիւն ունեցող Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի գործարկման առումով։

  • «ՀՀ վարչապետի ասածն անակնկալ էր, Իրանում լուրջ վրդումունքի ալիք կարող է բարձրանալ». Ռոբերտ Բեգլարեան
    «ՀՀ վարչապետի ասածն անակնկալ էր, Իրանում լուրջ վրդումունքի ալիք կարող է բարձրանալ». Ռոբերտ Բեգլարեան

    Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մօտ տեղադրւած ադրբեջանական ոստիկանական յենակէտի տեղադրման արդիւնքում Իրանից Հայաստան մուտք գործող բեռնատարների վրայ կիրառւող, մեղմ ասած, ճնշումների, ՀՀ վարչապետի` նախօրէին ԱԺ-ում հնչեցրած յայտարարութեան, իրանական կողմի արձագանգի եւ հնարաւոր բախումների շուրջ «Իրաւունք»-ը զրուցել է Իսլ. խորհրդարանի հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի հետ:

  • «Իրանը չի ցանկանայ խաղադրոյք կատարել պարտւած ջոկերի վրայ, որը գնում է միակողմանի զիջումների»․ Արամ Շահնազարեան
    «Իրանը չի ցանկանայ խաղադրոյք կատարել պարտւած ջոկերի վրայ, որը գնում է միակողմանի զիջումների»․ Արամ Շահնազարեան

    ՀՀ վարած արտաքին քաղաքականութիւնը Իրանի կտրւածքով ունի բազմաթիւ անորոշութիւններ եւ հակասութիւններ եւ դրանք, բնականաբար, ազդում են Իրանի վերաբերմունքի, տարածաշրջանային քաղաքականութեան, Իրան-Հայաստան յարաբերութիւնների, Իրան-Ադրբեջան յարաբերութիւնների եւ դրանց հաւասարակշռութեան վրայ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Հիւսիսային Իրանի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, Իրանի «Ալիք-օնլայն»-ի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։