Հա
16/01/2022 - 11:40

Ներդնե՞լ, թէ՞ ոչ. ինչ են փնտրում օտարերկրեայ գործարարները Հայաստանում եւ ինչքան փող են բերել

Ներդրումներն ինչպէս նախկինում, այնպէս էլ հիմա, արւում են ՀՀ տնտեսութեան միեւնոյն ոլորտներում` հանքարդիւնաբերութիւն, հիմնային մետաղների արտադրութիւն, անշարժ գոյքի շուկայ, էներգետիկա, հեռահաղորդակցութիւն, ֆինանսներ։ 

«alikonline.ir» - Ներդրումներն ինչպէս նախկինում, այնպէս էլ հիմա, արւում են ՀՀ տնտեսութեան միեւնոյն ոլորտներում` հանքարդիւնաբերութիւն, հիմնային մետաղների արտադրութիւն, անշարժ գոյքի շուկայ, էներգետիկա, հեռահաղորդակցութիւն, ֆինանսներ։ Գրում է Sputnik Արմենիան:

Հայաստանում ներդրումները վերականգնւում ու նոյնիսկ աճում են։ Սա է փաստում պաշտօնական վիճակագրութիւնը` համեմատելով 2020 եւ 2021թթ.-ի առաջին 9 ամիսների ցուցանիշները։

Միաժամանակ Համաշխարհային բանկը վերանայել է 2021 թ-ի տարեվերջի ու յաջորդ երկու տարիների տնտեսական կանխատեսումները` գրեթէ կրկնակի աւելացնելով Հայաստանի տնտեսական աճի ակնկալւող ցուցանիշը։

Տնտեսագէտ Արմէն Քթոյեանն այս լաւատեսական փոփոխութիւնները մեկնաբանում է տնտեսութեան համար ռիսկային գործօնների նւազմամբ։

«Դա նշանակում է, որ այն ռիսկերը, որոնք դիտւել են համաշխարհային բանկի կողմից նախկինում, այսօր գնահատւում են մեզ համար պակաս նշանակալի կամ աւելի կառավարելի, ինչը թոյլ է տալիս աւելացնել կանխատեսման աճի միջակայքը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Քթոյեանը։

Կանխատեսման վրայ դրական ազդած ռիսկային գործօնների շարքում տնտեսագէտն առաջին հերթին նշեց կորոնավիրուսային իրավիճակի բարելաւման միտումը, պատւաստումների ինտենսիւութեան աճը, ներքաղաքական վիճակի կայունացումը եւ, իհարկէ, անվտանգային ռիսկերի աւելի կառավարելի վիճակը։

Հայաստանեան տնտեսութեան վրայ ազդող արտաքին տնտեսական գործօնները եւս այս պահին, ըստ մասնագէտի, դրական են։ Որպէս այդպիսին` ՀԲ կանխատեսման հեղինակներն առաջին հերթին դիտարկում են ՀՀ տնտեսութեան վրայ անմիջական ու լուրջ ազդեցութիւն ունեցող պղնձի համաշխարհային գները, ինչպէս նաեւ գործընկեր երկրներում տնտեսութեան վերականգնումը, որից ուղղակիօրէն կախւած է մասնաւոր տրանսֆերտների ծաւալը։

Ինչ վերաբերում է Հայաստանում արտերկրից արւած ներդրումներին` վիճակագրական կոմիտէի տւեալներով` դրանք 2021թ-ի յունւար-սեպտեմբեր ամիսներին 2020-ի նոյն ժամանակահատւածի համեմատ շուրջ 10 անգամ աւելացել են` 16.3 մլն դոլարից հասնելով 162.2 մլն-ի։

Արմէն Քթոյեանի գնահատմամբ` այս թիւն արտացոլում է ոչ միայն ուղղակի, այլեւ անուղղակի ներդրումները, օրինակ` օտարերկրեայ կառոյցներից ստացւած վարկերը։ Մինչդեռ տնտեսութեան համար շատ աւելի կարեւոր են յատկապէս ուղղակի ներդրումները, իսկ դրանք, տնտեսագէտի մեկնաբանմամբ, 2020-ի համեմատ 2021-ին աճել են ընդամենը 108 մլն դոլարով։

«Եթէ նայենք միայն ուղղակի ներդրումները, արդէն ոչ թէ 10 անգամի մասին կարող ենք խօսել, այլ այն, որ այս տարի դրական է նախորդ տարւայ բացասականի ֆոնին։ Զուտ հոսքերը անցեալ տարի յունւար- սեպտեմբերին բացասական էին` -36 մլրդ դրամի կարգի (75 մլն դոլար), այսինքն` աւելի շատ դուրս էր բերւել կապիտալ, քան ներս էր եկել։ Այս տարի արդէն 88 մլրդ-ի (183 մլն դոլար) զուտ ներհոսք կայ»,- ասաց Քթոյեանը։

Այդուհանդերձ, նոյնիսկ այդ 88 միլիարդը, տնտեսագէտի գնահատմամբ, վերջին տարիներին ՀՀ տնտեսութեան մէջ կատարւած ուղղակի ներդրումների ամենաբարձր մակարդակն է։ Բայց արագ փոփոխութիւնների ակնկալիք ունենալ պէտք չէ, քանի որ ուղղակի ներդրումների ոլորտում արդիւնքը տեսանելի է դառնում տարիներ անց։

«Այս թւերն, ըստ էութեան, արտացոլում են ներդրողների կայացրած ներդրումային որոշումները։ Հետեւաբար, եթէ մենք ակնկալում ենք որակական փոփոխութիւններ` պէտք է հաշւի առնենք, որ արւող քայլերը որոշակի արդիւնքի կը յանգեցնեն մի քանի տարի յետոյ»,– ասաց նա։

Բացի այդ, ներդրումներն ինչպէս նախկինում, այնպէս էլ անցեալ տարի, արւել են Հայաստանի տնտեսութեան համար աւանդական համարւող ոլորտներում` հանքարդիւնաբերութիւն, հիմնային մետաղների արտադրութիւն, անշարժ գոյքի շուկայ, էներգետիկա, հեռահաղորդակցութիւն, ֆինանսներ, որոնց բաժին է ընկնում Հայաստանում մինչ օրս կատարւած օտարերկրեայ ներդրումների 65-70 տոկոսը։ Ընդ որում, ներդրումների առաջին տեղում ինչպէս եղել, այնպէս էլ մնում է յատկապէս մետաղական հանքաքարի արդիւնահանման ոլորտը։

Ներդրումների կառուցւածքում փոփոխութիւնների բացակայութիւնը Արմէն Քթոյեանը մեկնաբանում է մնացած ոլորտներում գրաւչութեան ավանդական բացակայութեամբ, ինչը նշանակում է, որ ՀՀ տնտեսութեան միւս ճիւղերը շարունակում են մնալ անմրցունակ ու ռիկային։ Միակ բացառութիւնը, թերեւս, զբօսաշրջութիւնն է, որտեղ հիւրանոցային-հիւրատնային բիզնեսում ներդրումների շուրջ 5 մլրդ դրամի աճ է արձանագրւել։

«Պէտք է հասկանանք, թէ ներդրողներն ինչ իրողութիւններ են հաշւի առնում։ Նրանք իւրաքանչիւր երկրի համար, որտեղ պէտք է ներդրում անեն, որոշակի հարցերի պատասխաններ են ուզում ստանալ եւ դրա հիման վրայ որոշում` ներդնել, թէ չներդնել։ Տարբեր տարիներին զարգացող երկրներում կատարած հարցումները ցոյց են տալիս, որ որոշում կայացնելիս ներդրողների համար ամենակարեւոր գործօնները քաղաքական կայունութիւնն ու անվտանգութիւնն են։ Յետոյ գալիս են ներքին շուկայի չափերը»,- ասաց Քթոյանը։

Յիշեցնենք` յունւարի 12-ի հրապարակման մեջ Համաշխարհային բանկը բարձրացրել է Հայաստանի 2022-23 թթ. ՀՆԱ-ի կանխատեսումը` 2021-ին ՀՀ-ի համար կանխատեսելով 6,1%, 2022-ին`4,8%, իսկ 2023-ին՝ 5,4% տնտեսական աճ։ Կես տարի առաջ կատարւած կանխատեսման մէջ 2021թ-ի տարեվերջի համար կանխատեսւել էր 3.7, 2022-ի համար` 4.3, 2023-ի համար՝ 5.3 տոկոս տնտեսական աճ։

Ընդ որում, կանխատեսումների հիմքում առաջին հերթին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարւածութեան թուլացման ու կորոնավիրուսային ռիսկերի նւազման ակնկալիքներն են։

ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտէի տւեալներով էլ օտարերկրեայ ներդրումները Հայաստանում ճգնաժամային 2020 թւականից յետոյ սկսել են վերականգնւել։ Առաջին տեղում Ռուսաստանից ներդրումներն են, որոնք 2020թ.-ի յունւար-սեպտեմբերին նւազել էին 35 մլն դոլարով, իսկ 2021 թ-ի յունւար-սեպտեմբերին կազմել են 52 մլն դոլար։ ՌԴ-ին յաջորդում են Գերմանիայից եւ Իտալիայից ներդրումները` կազմելով համապատասխանաբար 56.8 և 20.8 մլն դոլար (նախորդ տարւայ 45.1 եւ 18.5 մլն-ի փոխարէն)։

Վերականգնւել են նաեւ Իրանից եկող ներդրումները` կազմելով 11.5 մլն դոլար։ Եթէ 2020 թւականի յունւար-սեպտեմբերին դրանք զրոյական մակարդակի վրայ էին, քանի որ իրանական կողմը գրեթէ կանգնեցրել էր Հայաստանում իրականացվող ծրագրերը նախ կորոնավիրուսի համավարակի, ապա Արցախեան պատերազմի հետեւանքով։ Իսկ արդէն 2021թ.-ից սկսած` իրանական «Sunir» ընկերութիւնը վերսկսել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումը։

Մեծ Բրիտանիայից ներդրումները 2021 թ-ին կազմել են 6.2 մլն դոլար, Նիդեռլանդներից՝ մօտ 1.8 մլն. Արգենտինայից` 3.9 մլն։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։