Կոչ ենք անում Ռուսաստանի բազմամիլիոն համայնքի կեանքն ու մշակութային ինքնավարութիւնն ապահովող բոլոր կազմակերպութիւններին, մտաւորականներին, գործարար շրջանակներին եւ ոչ անտարբեր ամէն մի հայի՝ Միացէ՛ք այս պահանջին, թոյլ չտանք, որ Հայաստանում արմատներ ձգեն բռնատիրութիւնն ու հայատեացութիւնը։
Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ.
Ռուսաստանի հայութիւնը՝ աշխարհասփիւռ հայերի հետ միասին, շարունակում է կառչած մնալ իր արմատներին, իր հայրենիքին, մայրենի հողի կանչին եւ աւանդոյթներին։ Բազմահազար ռուսաստանաբնակ հայեր ամէն օր արթնանում են հայրենիքի կարոտով, նրա շենացմանն օգնելու պատրաստակամութեամբ։ Ցաւօք, Հայաստանի Հանրապետութիւնն ու Արցախը վերապրում են պատմութեան ամենաողբերգական օրերը՝ հայոց պետականութիւնը կործանման եզրին է, հայութիւնը բզկտւած ու անհամախումբ, պետական ինստիտուտները կամ իսպառ դադարել են գործել, կամ էլ հոգեւարքի մջ են:
Հայաստանի Հանրապետութեան օրւայ իշխանութիւնները շարունակաբար անտեսում են պետական եւ ազգային շահը, առաջնորդւում են թշնամիների առաջ քաշած օրակարգերով եւ ձանձնարարականներով։
Հայաստանի Հանրապետութիւնում աննախադէպ աճ են գրանցել մարդկանց իրաւունքների ոտնահարումները, քաղաքական նկատառումներով շարունակւում է սահմանափակւել մարդկանց ազատութիւնը, անհիմն կալանաւորւած են տասնեակ հասարակական, քաղաքական եւ քաղաքացիական գործիչներ, Հայաստանում նոր թափ է ստացել պետական միջոցների կասկածելի եւ ոչ թափանցիկ վատնումը, Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնը հասկանալի չէ ոչ հասարակութեանը, ոչ էլ միջազգային գործընկերներին: Երկրում մոլեգնում է աղքատութիւնը, յուսահատութիւնն ու փոխադարձ անհանդուրժողականութիւնը։ Այս ամենից դժգոհ եւ արժանապատիւ փոփոխութիւն ակնկալող հայ հասարակութիւնը ՀՀ օրէնսդրութեան շրջանակներում իրականացնում է բողոքի խաղաղ անհնազանդութեան ակցիաներ, որոնց վարչապետն ու պետական մեքենան հակազդում են բռնի եւ ապօրինի ձերբակալութիւններով, բռնաճնշումներով եւ սադրանքներով։
Պահանջում ենք Հայաստանի իշխանութիւններից շարժւել բացառապէս օրէնքներով, յարգել մարդկանց ազատութիւններն ու իրաւունքները, զերծ մնալ հայ հասարակութեան հանդէպ բռնութիւններից եւ ենիչերներին յատուկ դաժան եւ անմարդկային վերաբերմունքից։
Կոչ ենք անում Ռուսաստանի բազմամիլիոն համայնքի կեանքն ու մշակութային ինքնավարութիւնն ապահովող բոլոր կազմակերպութիւններին, մտաւորականներին, գործարար շրջանակներին եւ ոչ անտարբեր ամէն մի հայի՝ Միացէ՛ք այս պահանջին, թոյլ չտանք, որ Հայաստանում արմատներ ձգեն բռնատիրութիւնն ու հայատեացութիւնը։ Կոչ ենք անում մարդու իրաւունքների պաշտպանութեամբ շահագրգիռ կազմակերպութիւններին դատապարտել խաղաղ ցուցարարների հանդէպ պետական-ոստիկանական բռնութիւններն ու միջոցներ ձեռնարկել Հայաստանում մարդու իրաւունքների վերականգնման ուղղութեամբ։
Յայտարարութեանը միացել են՝
ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու մարմին
ՀՄԸՄ Մոսկւայի մասնաճիւղ
Հայ Օգնութեան միութեան Ռուսաստանի կազմակերպութիւն
«Համազգային» համահայկական կրթամշակութային միութիւն