Նիկոլ Փաշինեանը, արգելելով սփիւռքում Հայաստանի եւ Արցախիի համար աշխատանքներ կատարող գործիչների մուտքը Հայաստան, փորձում է ճեղք մտցնել Հայաստանի եւ սփիւռքիմիջեւ եւ թուլացնել Հայաստանը։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը, որի մուտքը Հայաստան չեն թույլատրել՝ պատճառաբանելով, թէ ինքը համարւում է անցանկալի անձ։
«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը, արգելելով սփիւռքում Հայաստանի եւ Արցախիի համար աշխատանքներ կատարող գործիչների մուտքը Հայաստան, փորձում է ճեղք մտցնել Հայաստանի եւ սփիւռքի միջեւ եւ թուլացնել Հայաստանը։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը, որի մուտքը Հայաստան չեն թոյլատրել՝ պատճառաբանելով, թէ ինքը համարւում է անցանկալի անձ։
«Ես երէկ հասայ Երեւան, եւ երբ անձնագիրս ցոյց տւեցի, ինձ օդանաւակայանի աշխատակիցներն իջեցրին, տարան մի սենեակ՝ ասելով, թէ անձնագրի հետ կապւած խնդիրներ կան։ Յետոյ ուղարկեցին ապրանքների փոխանակման հատւած։ Ի վերջոյ, երեքից-չորս ժամ յետոյ ինձ փոխանցեցին որոշումը, որ ես իրաւունք չունեմ մտնել Հայաստան՝ անցանկալի անձ եմ եւ օդանաւով պէտք է ինձ արտաքսեն Ֆրանսիա։ Ես հարցրի՝ ի՞նչն է պատճառ, ի՞նչ հիմնաւորում կայ, բայց չեն պատճառաբանել։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինեանը որոշել, որ ես իրաւունք չունեմ մտնել Հայաստան։ Ինչի՞ հիման վրայ կարող է Ֆրանսիայի քաղաքացու մուտքը Հայաստան արգելել։ Կանոններ կան աշխարհում, եւ որոնք ինքը չի կարող անտեսել։ Հայաստանն իր տունը չէ»,- նշեց Փափազեանը։
Փափազեանի խօսքով՝ նման գործունէութեամբ Նիկոլ Փաշինեանը փորձում է թուլացնել սփիւռքի օժանդակութիւնը Հայաստանին։
«Փաշինեանն ընդդիմադիրներին չի ընդունում։ Ինքը եղել է ընդդիմադիր եւ խոստացել է հաստատել ժողովրդավարութիւն, սակայն ստել է։ Տէր չի կանգնել յեղափոխութեան խոստումներին։ Ասաց, որ ժողովրդի հետ պէտք է որոշումներ կայացնի, չարեց։ Արցախցիներին ասաց, որ մանդատ չունի Արցախի անունից որոշումներ կայացնելու, ստեց։ Ասաց՝ զօրավար պետութիւն պէտք է կառուցենք, պատերազմ եղաւ, ծնկի եկանք, ադրբեջանական զօրքերը մտան երկիր։ Այսօր հարցն Արցախը չէ, Հայաստանն է, որովհետեւ Փաշինեանը ոչ միայն չի պաշտպանում Հայաստանը, այլ նաեւ տկարացնում է։ Ամենավտանգաւորը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ դեռ առջեւում սպասւող յարաբերութիւններն են։ Ճեղքը, որ Փաշինեանը Սինանեանի միջոցով փորձում է առաջացնել սփիւռքի եւ Հայաստանի միջեւ, շատ վտանգաւոր է»,- ընդգծեց նա։
Մուրադ Փափազեանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինեանը Երեւանում չհանդիպեց Փարիզի քաղաքապետի հետ, քանի որ պատւիրակութեան կազմում եղել է ինքը։
«Ես Փարիզի քաղաքապետին եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանին ասել եմ, որ չեմ ցանկանում ներկայ լինել կառավարութեան հետ հանդիպումներին, որպէսզի չխանգարեմ, որովհետեւ ես չեմ ընդունում այս կառավարութեանը։ Երբ իմացայ, որ Փաշինեանը հրաժարւել է հանդիպումից, շատ զարմացայ, որովհետեւ Փարիզի քաղաքապետը պաշտպանում է Հայաստանը եւ Արցախը, եւ այդպէս չեն վարւում բարեկամների հետ։ Յետոյ իմացայ, որ Փաշինեանը պատժել է Փարիզի քաղաքապետին, որովհետեւ ես կայի պատւիրակութեան կազմում, թէպէտ հրաժարւել էի հանդիպումից»,- ասաց Փափազեանը։
Փափազեանը նշեց, որ ինքը դիմել է Ֆրանսիայի դեսպանատուն, որպէսզի դեսպանատուն պահանջի պատճառ ներկայացնել իր մուտքը Հայաստան արգելելու համար։
«Ինքը պէտք է բացատրի, թէ ինչու է Հայ Դատի համար երկար տարիներ աշխատած մարդու մուտքն արգելում։ Ես պաշտպանել եմ Հայաստանը եւ Արցախը Ֆրանսիայի բոլոր նախագահների, բարձրաստիճան պաշտօնեաների մօտ։ Մենք պէտք է ճնշում գործադրենք, որ ինքը բացատրութիւն տայ։ Ինքն ուզում է իր օրէնքները ստեղծել եւ դրանք յարգել։ Սփիւտքի մէջ արդէն իսկ լուրջ դժգոհութիւն կայ Փաշինեանի եւ իր իշխանութեան դէմ: Եւ մեծ մոբիլիզացիա կայ սփիւռքում»,- յաւելեց Փափազեանը։