տամբուլի Թուզլա շրջանում գտնւող «Քամփ Արմէն» անունով յայտնի հայկական որբանոց-ամառային ճամբարի վերնորոգման աշխատանքները կը մեկնարկեն ընթացիկ տարւայ հոկտեմբերին:
«alikonline.ir» - Ստամբուլի Թուզլա շրջանում գտնւող «Քամփ Արմէն» անունով յայտնի հայկական որբանոց-ամառային ճամբարի վերնորոգման աշխատանքները կը մեկնարկեն ընթացիկ տարւայ հոկտեմբերին: Տեղեկացնում է Ermenihaber.am-ը:
Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցուն պատկանող ճամբարի տարածքում նախատեսւող լայնածաւալ շինաշխատանքներին կաջակցի ամերիկահայ բողոքական եկեղեցիների միութիւնը:
Հաղորդւում է, որ ճամբարի տարածքում կառուցւելիք նոր համալիրն ունենալու է 100 երեխայի տեղաւորելու հնարաւորութեամբ կացարան, մշակութային կենտրոն, ճեմասրահ, գրադարան, համընդհանուր սրահներ եւ լսարան:
Նախօրէին միութեան նախագահ Զաւէն Հանջըեանի ու վերջինիս տիկնոջ հետ «Քամփ Արմէն»-ի տարածք են այցելել, Գեդիկփաշայի բողոքական եկեղեցու հիմնադրամի ներքոյ գործող Հրանտ Դինքի անւան դպրոցի աշակերտները:
Հանջըեանը նշել է, որ «Քամթ Արմէն»-ի համար միաւորւել են հայ կաթոլիկ, բողոքական ու ուղղափառ համայնքները ու աւելացրել. «Ցանկանում ենք, որ այստեղ «Քամփ Արմէն» անւանը համապատասխան տեղ լինի»:
Յիշեցնենք, որ «Քամփ Արմէն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնւող լքեալ ու կիսաքանդ մի շինութիւն է: Ներկայումս աւերակի վերածւած շինութիւնը ժամանակին եղել է չքաւոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմէն»-ը 1961 թւականին գնւել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից եւ ծառայել է որպէս ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքաւոր ու որբ սաների համար:
Յայտնի է, որ այստեղ են մեծացել նաեւ 2007թ. Թուրքիայում սպանւած յայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը եւ նրա կին Ռաքէլ Դինքը:
1980թ-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական յեղաշրջումից յետոյ ճամբարը թուրքական իշխանութիւնների կողմից ապօրինաբար խլւել է հայ համայնքի ձեռքից:
2015 մայիսի 6-ի առաւօտեան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնութեամբ սկսւել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածաւալ միջոցառումների շնորհիւ շինութեան ապամոնտաժումը հնարաւոր եղաւ դադարեցնել:
175 օր տեւած ցոյցերից եւ հերթապահութիւնից յետոյ՝ 2015թ. հոկտեմբերի 27-ին, «Քամփ Արմէն»-ը պաշտօնապէս վերադարձւեց հայ համայնքին. ճամբարի սեփականութեան իրաւունքը յանձնւեց Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին:
2017-ին Ստամբուլի քաղաքային խորհուրդը հաւանութիւն էր տւել ճամբարի վերակառուցմանը: 2021-ի յունւարի 19-ին՝ Հրանտ Դինքի սպանութեան տարելիցի օրն էլ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն յայտնել էր, որ Թուզլայի հայկական որբանոցը, որտեղ անցել է Դինքի մանկութիւնը, կը վերածւի «Քամփ Արմէն» ճամբարի երիտասարդական կենտրոնի։