Հա
25/07/2022 - 11:50

Իսպանիայի Մալագա քաղաքում հայկական եկեղեցի է բացւել

Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատւիրակ` գերաշնորհ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը յուլիսի 21-23-ը հովւական այցով Իսպանիայի հարաւում գտնւող Մալագա քաղաք է այցելել, ինչի նպատակն եղել է Մալագայում նորակառոյց հայկական եկեղեցու Դռնբացէքի եւ սրբապատկերների օծման արարողութիւններն էին: 

«alikonline.ir» - Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատւիրակ` գերաշնորհ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը յուլիսի 21-23-ը հովւական այցով Իսպանիայի հարաւում գտնւող Մալագա քաղաք է այցելել, ինչի նպատակն եղել է Մալագայում նորակառոյց հայկական եկեղեցու Դռնբացէքի եւ սրբապատկերների օծման արարողութիւններն էին: Այս մասին ըստ News.am-ի՝ տեղեկացնում է Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատւիրակութեան դիւանը։

«Արարողութիւնից առաջ Սրբազան Հայրը` ուղեկցութեամբ Իսպանիայում եւ Պորտուգալիայում Հայրապետական պատւիրակի փոխանորդ` Տէր Շնորհք աբղ. Սարգսեանի հանդիպում ունեցաւ տեղի եկեղեցական խորհրդի անդամների հետ` քննարկելու համար առաջիկայում եկեղեցու վերջնական օծման, կիրակնօրեայ դպրոցի բացման եւ ընդհանրապէս համայնքային կեանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքոյ ըստ պատշաճի կազմակերպելու հարցեր:

Ժողովից յետոյ Գերաշնորհ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանի  նախագահութեամբ եւ ընթերակայութեամբ հայրապետական պատւիրակի փոխանորդի կատարւեց եկեղեցու Դռնբացէքի արարողութիւն եւ սրբապատկերի օծման կարգ:

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրը խօսքն ուղղելով բոլոր ներկաներին նշեց, որ այս եկեղեցին պէտք է լինի բոլոր հայերի տունը եւ բոլորը հոգ պէտք է տանեն այն կեանքով լցնելու համար:

Սրբազան Հայրը նաեւ իր գնահատանքի խօսքը բերեց, բոլոր բարերարներին, ովքեր մտայաղացել ու միասնականօրէն իրականութիւն են դարձրել Իսպանիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի ունենալու գաղափարը, որն ի դէպ առաջին հայկական եկեղեցին է ողջ Իսպանիայի տարածքում:

Յաւարտ եկեղեցական արարողութիւնների, եկեղեցում տեղի ունեցաւ դասական երաժշտութեան համերգ, ուր հնչեցին Կոմիտասի պատարագից հատւածներ եւ այլ կոմիտասեան ազգային երգեր»,- ասւում է հաղորդագրութեան մէջ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։