Հա
26/07/2022 - 08:23

«Սփիւռքը ՀՀ քաղաքական գործընթացներից դուրս մղելու փորձ է». Խաչիկ Տէր-Ղուկասեան

Արգենտինայի հայ համայնքում պրօ/հակա Փաշինեան բաժանումների թեմայով բախումներ չկան: 168.am-ի հետ զրոյցում ասաց Արգենտինայի Լանուսի պետական համալսարանի դասախօս Խաչիկ Տէր-Ղուկասեանը:

«alikonline.ir»- Արգենտինայի հայ համայնքում պրօ/հակա Փաշինեան բաժանումների թեմայով բախումներ չկան: 168.am-ի հետ զրոյցում ասաց Արգենտինայի Լանուսի պետական համալսարանի դասախօս Խաչիկ Տէր-Ղուկասեանը:

«Պառակտւած վիճակ չկայ, այստեղի ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանը մասնագէտ եւ հայրենասէր դիւանագէտներից է։ Իսկ համայնքի կազմակերպութիւնները համախմբւած են IARA-ի (Արգենտինայի Հանրապետութեան հայկական հաստատութիւններ) մէջ, որը թէեւ պաշտօնական ներկայացուցչութեան կարգավիճակ չունի, այնուամենայնիւ, գործերը համակարգողի դեր է կատարում: Համայնքի հաստատութիւններն ունեն իրենց ե՛ւ գաղափարախօսական, ե՛ւ քաղաքական ուղղւածութեան տարբերութիւնները, բայց թուրք-ադրբեջանական հակահայ քարոզչութեանը յաճախ միանշանակ հաւաքական ճիգով են հակազդում։ ՀՀ իշխանութեան հանդէպ կեցւածքները տարբեր են, անշուշտ, ՀՅԴ-ն դէմ է, սակայն ՀՀ դեսպանատան հետ յարաբերութիւնների խզում երբեք չի եղել, ընդհակառակը՝ միշտ աջակցելու պատրաստակամութիւն կայ։ Ամէն ինչ չեմ ցանկանայ վարդագոյն ներկայացնել, որովհետեւ 44–օրեայ պատերազմից յետոյ անորոշության, շփոթութեան եւ մի քիչ էլ նախկինում եղած ակտիւութեան հետ համեմատած՝ աւելի պասիւ վիճակ է: Բայց այնպէս չէ, որ բախումներ կան պրօ/հակա Փաշինեան բաժանման գծով։ Բարեբախտաբար»,- մանրամասնեց Տէր-Ղուկասեանը:

ԱԱԾ-ն շրջանառութեան մէջ է դրել «Քաղաքացիութեան մասին» օրէնքում լրացումներ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկւում է ազգութեամբ հայ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն ձեռք բերելու համար որպէս պարտադիր պահանջ սահմանել ՀՀ-ում վերջին 2 տարւայ ընթացքում առնւազն 60 օր օրինական հիմքով բնակւելու կամ գտնւելու հանգամանքը:

Այսպիսի պահանջի սահմանումը ՀՀ իրաւասու մարմիններին թոյլ կը տայ առաւել երկար ժամանակ ունենալ այդ անձի ազգութեամբ «հայ լինելու իսկութիւնը պարզելու համար», քանի որ ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան ուսումնասիրութիւնների արդիւնքում յայտնի են դարձել դէպքեր, երբ արտերկրում տրամադրւել են մկրտութեան եւ ազգութեամբ հայ լինելու մասին կեղծ փաստաթղթեր:

ՀՀ սփիւռքի գործերի յանձնակատարի գրասենեակը կողմ չէ Ազգային անվտանգութեան ծառայութեան առաջարկած նախագծին, որով նախատեսւում է աւելի խստացնել սփիւռքահայերին ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու կարգը։

Արգենտինայի Լանուսի պետական համալսարանի դասախօս Խաչիկ Տէր-Ղուկասեանը հարցը դիտարկում է Սփիւռքի՝ ՀՀ-ում քաղաքական գործընթացներին մասնակցութեան համատեքստում:

«Յստակ է՝ Հայաստանի քաղաքական վերնախաւը, անկախ օրւայ իշխանութիւնից, չի փափագում Սփիւռքի ներգրաւումը Հայաստանի քաղաքական գործընթացներում՝ ձայնի եւ քւէի օրինական հասցէակարգով։ Իսկ ԱԱԾ-ի վերջին առաջարկը՝ իր ծիծաղելի եւ անհեթեթ հիմնաւորումով, աւելի ճիշտ` պատրւակով, եկաւ ցոյց տալու, որ շարունակւում է Սփիւռքը ՀՀ քաղաքական գործընթացներից դուրս մղելու հակամետութիւնը, եւ որ այն, հաւանաբար, պէտք է շեշտւի հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման այս հանգրւանում: Չգիտեմ՝ արդե՞օք հայ հասարակութեան շրջանում եւս նման տրամադրւածութիւն կայ, նման հարցով հանրային կարծիքի հարցախոյզի չեմ հանդիպել: Երեւի աւելի շատ անտարբերութիւն կը լինի»,- եզրափակեց Խաչիկ Տէր-Ղուկասեանը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։