Հակառակ քաղաքական տարակարծութեան՝ հայ ազգը կոչւած է իր ինքնութիւնը պահել կենսունակ եւ իր միասնականութիւնը պահել ամուր: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, Ուրուգւայի «Ռադիօ Արաքս»-ի տնօրէն Դիեգօ Կարամանուկեանի հետ զրոյցում այս մասին ասել է Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը:
«alikonline.ir» - Հակառակ քաղաքական տարակարծութեան՝ հայ ազգը կոչւած է իր ինքնութիւնը պահել կենսունակ եւ իր միասնականութիւնը պահել ամուր: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, Ուրուգւայի «Ռադիօ Արաքս»-ի տնօրէն Դիեգօ Կարամանուկեանի հետ զրոյցում այս մասին ասել է Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը:
«Մենք փոքր ազգ ենք, պատմութեան ընթացքում շատ բան ենք կորցրել՝ նոյնիսկ հայրենիք, պետականութիւն, սակայն մենք չենք կորցրել մեր ինքնութիւնը, մեր պատկանելիութիւնը: Եւ մեր ինքնութեան, եւ մեր պատկանելիութեան տարրերը մեր հոգեւոր, բարոյական, ազգային, մշակութային արժէքներն են ու աւանդութիւնները: Մենք կոչւած ենք մեր հայրերի աւանդութիւններին ամուր կառչած մնալ»,- ընդգծել է Արամ Ա կաթողիկոսը:
Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի խօսքով՝ հայ ազգն այսօր գտնւում է ժամանակակից պատմութեան մէջ ամենավտանգաւոր եւ ճակատագրական փուլում:
«Այս տագնապների դէմ հիմնականը եւ առաջնահերթը մեր ժողովրդի միասնականութիւնն է: Եթէ նայենք մեր պատմութեանը, մեր ժողովրդի ամենաճակատագրական պահերին՝ իրար թշնամի նախարարները կողք կողքի են կանգնել եւ պաշտպանել հայրենիքը եւ ազգը, օրինակ՝ Վարդանանց պատերազմի ժամանակ»,- նշել է Արամ Ա-ն:
Արամ Ա-ն շեշտել է, որ ինքը պատրաստ է իր ներկայութեամբ երաշխաւորել հայ ժողովրդի միասնակութիւնը:
«Այս գծով ես միշտ իմ պատրաստակամութիւն յայտնել եմ՝ թէ անձնական խօսակցութեան ճանապարհով, թէ հրապարակային ճանապարհով: Այս վերջին շրջանում խորհրդակցութիւններ են եղել (խօսքը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին է- Խմբ.), երկու Վեհափառ Հայրապետների միջեւ մնայուն խորհրդակցութիւն կայ այս գծով եւ այդ խորհրդակցութիւնները պէտք է շարունակւեն. պէտք է մեր քաղաքական պատասխանատուների հետ խօսենք, մեր տեսակէտները դառնան աւելի յստակ: Մանաւանդ հասարակական մօտեցումը ձեւաւորելու իմաստով կարեւոր են այս խորհրդակցութիւնները քաղաքական պատասխատուների հետ, նաեւ ընդդիմադիրների հետ: Կարծում եմ, որ այս հարցում կարեւոր դեր ունեն Արցախի եւ սփիւռքի ղեկավարները»,- շեշտել է Արամ Ա-ն: