Հա

Գաղափարական

18/02/2019 - 11:30

Վերարժեւորելու եւ հանրահռչակելու պահը (Փետրւարի 18-ի առիթով)

Փետրւարեան համաժողովրդական ապստամբութիւնը դարձաւ 98 տարեկան:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Փետրւարեան համաժողովրդական ապստամբութիւնը դարձաւ 98 տարեկան:

Թէեւ, դեռեւս կան մարդիկ, որոնք յամառօրէն փորձում են կառչած մնալ Փետրւարեան ապստամբութիւնը որպէս՝ «դաշնակցական աւանտիւրա» ներկայացնելու բոլշեւիկեան պատմասարքութեան տեսութեանը, այդուհանդերձ, Փետրւարեան ապստամբութեան իրակն բնութագիրը մէկն է ու միանշանակ. այն ամէն ինչից վեր, համաժողովրդական ապստամբութիւն էր, որը բոլշեւիկեան քաոսի, տարածած ահ ու սարսափի անմիջական արձագանքն էր:

 «Կեցցէ քաղաքացիական կռիւը», «Բուրժուային պէտք է սեփականազրկել ունեցւածքից», «Պէտք է գլխատել Դաշնակցութեանը»: Սրանք այն կարգախօսներն էին որոնց առաջնորդւում էին Հայաստանում իշխանութեան գլուխն անցած բոլշեւիկները: Նրանք զբաղւած էին բռնութիւններով, հալածանքներով ու ձերբակալութիւններով: Հասարակական հաւասարութիւն իրականացնելու պատրւակով, երկրով մէկ թալան էին իրականցնում: Բոլշեւիկ գործիչները բռնագրաւում էին այն, ինչը որ իրենց դուր էր գալիս: Մարդիկ ստիպւած էին իրենց բնակարանները եւ ունեցւածք կիսել Կարմիր բանակի ռուս զինւորականների հետ:

ՅԵՂԿՈՄ-ի ղեկավարները բառի ամենաբուն իմաստով թքած ունէին սեփական ժողովրդի եւ Հայրենիքի վրայ, որոնց դէմ լցւած էին ատելութեամբ, եւ չէին էլ մտածում նրանց անմիջական շահերի եւ հոգսերի մասին: Համաշխարհային յեղափոխութեան հովերով տարւած այդ խելացնորները, նոյն այդ համաշխարհային յեղափոխութեանն աջակցելու պատրւակով, Հայաստանի կառավարութեան պահուստային պաշարները որպէս օգնութիւն ուղարկեցին «եղբայրական» Ադրբեջանի եւ Ռուսաստանի բոլշեւիկներին, այն դէպքում, երբ դրա անմիջական կարիքը զգում էին հէնց բանւորն ու գիւղացին:

Փաստօրէն, երկու ամսից աւելի քիչ ժամանակ էր հարկաւոր, որպէսզի հատի համբերութեան սահմանը եւ հայ ժողովուրդն արձագանքի 1920 թւականի դեկտեմբերի 2-ից յետոյ ծաւալւած իրադարձութիւնների ընթացքին, որոնք առաջին հերթին ոտնատակ էին տւել հայ մարդու մարդկային արժանաւորութիւնը:

Փետրւարեան ապաստամբութիւնը հայ ժողովրդի գերագոյն ճիգն էր՝ վերականգնելու հէնց ոտնատակ տրւած այդ արժանապատւութիւնը, որի մարմնաւորումն էր համարւում արեան եւ անասելի տառապանքների գնով նւաճւած անկախութիւնը:

Առաջին հայեացքից թւում է, թէ Փետրւարեան ապստամբութիւնը 20-րդ դարի առաջին տասնամեակների խելայեղ յորձանուտում ծաւալւած շղթայական իրադարձութիւնների հերթական մի մասնիկն էր, որի պատմական նշանակութիւնն ու արժէքը սահմանափակւում էր հէնց 1920 թւականի դեկտ. 2-ից մինչեւ 1921 թւականի ապրիլի 2-ն ընկած ժամանակահատւածով, երբ ծաւալւեցին այն իրադարձութիւնները, որոնց գագաթնակէտը Փետրւարի 18-ն էր:

Սակայն, ինչպէս ասացինք, դա ընդամէնը, միայն առաջին հայեացքից: Իրականում՝ Փետրւարեան ապստամբութիւնն իր թողած նշանակալի հետքերով կարողացել է շղթայազերծել ժամանակի ամենազօր կապանքները եւ ձգւել, հասել է մեր օրերը՝ չկորցնելով իր պատմական նշանակութիւնն ու թարմութիւնը:

Երկու կարծիք լինել չի կարող. Փետրւարեան համաժողովրդական ապստամբութիւնը կենսական նշանակութեան փրկօղակ եղաւ Հայաստանի եւ հայ ժողովրդի վաղւայ օրւայ համար:

Պատմական անհերքելի փաստ է, որ.

- Բոլշեւիկեան նորաստեղծ կայսրութեան առաջին ժողովրդական ըմբոստութիւնը Հայաստանին փրկեց քաղաքացիական արիւնահեղ պատերազմի վերահաս աղէտից, որի մասին այնքան երազում էին յեղկոմականների մոլագար ուղեղները:

Թէեւ, ի վերջոյ, 1921 թւականի ապրիլի 2-ին բոլշեւիկներին յաջողւեց վերադառնալ իշխանութեան, բայց արդէն Աւիս Նուրիջանեանների ու Սարգիս Կասեանների պէս մոլագարների Յեղկոմին փոխարինման եկան առաւել ազգային դիմագիծ ունեցող Ալեքսանդր Միասնիկեաններն ու Սարգիս Լուկաշինների Յեղկոմը՝ Հայաստանում քաղաքացիական պատերազմից խուսափելու լենինեան յստակ ցուցմունքով:

- Փետրւարեան ապստամբութեան շնորհիւ, վերահաս մահից փրկւեցին հայ ժողովրդի մտաւորականութեան սերուցքը՝ Դաշնակցութեան ղեկավարութիւնը, ժամանակի քաղաքական-հասարակական ականաւոր գործիչները, որոնց արդէն Հայրենիքից վտարանդի պայմաններում յաջողւեց ի մի բերել եւ կազմակերպել ցեղասպանութիւնից մազապուրծ եղած հայ ժողովրդի բեկորներին՝ ձեւաւորելով սփիւռքեան հզօր գաղթօջախները:

- Աշնանացանի պէս, Փետրւարեան ապստամբութիւնը մայր հողին ի պահ տւեց ամենավեհ գաղափարի՝ անկախութեան սերմերը, լաւ ժամանակներում՝ գարնանը ծիլ տալու ակնկալիքով:

Ճակարագրի տնօրինմամբ բարեբեր գարունը վրայ հասաւ 1988 թւականի նոյն այդ փետրւար ամսին, երբ 67 տարի առաջ հողին՝ մեր պարագայում՝ ժողովրդի յիշողութեանը ի պահ էին տրւել անկախութեան սերմերը:

Այսօր, երբ յանուն իշխանութեան պահպանման նեղ շահերի փորձ է արւում հասարակութեանը բաժնել թշնամի ճամաբրների՝ «սեւերի» եւ «սպիտակների», երբ ինչ-ինչ յետին նպատակներով, ոտնձգութեան փորձ է կատարւում ազգային խորհրդանիշերի՝ պետական օրհներգի, դրօշի, զինանշանի եւ ընդհանրապէս այն ինչի, որն ազգային արժէքների եւ մտածողութեան մարմնաւորողն է, վրայ է հասել Փետրւարեան համաժողովրդական ապստամբութեան կվերարժեւորման, նրա սահմանած գաղափարների կրկին անգամ հանրահռչակման պահը:

Արժէքներ ու գաղափարներ, որոնք հայ մարդու մօտ կենսունակ պահեցին ազատ եւ անկախ ապրելու նւիրեալ ցանկութիւնը: Որոնք մեզ օգնեցին վերականգնել անկախութիւնը, կերտել 20-րդ դարի վերջին  տասնամեակի փառահեղ յաղթանակները եւ շարժւել առաջ:

Արժէքներ եւ գաղափարներ, որոնք դեռեւս կենսական ու անհրաժեշտ են մեզ համար, մեր վաղւայ երթը լուսաւորելու, օրհասական պահերին չընկրկելու, ճիշտ ուղուց չշեղւելու նպատակով:

Յարակից լուրեր

  • Ռուբիկոնն յաղթահարւած է
    Ռուբիկոնն յաղթահարւած է

    Կայացնել որոշումներ առանց անմիջական պատասխանատւութիւն կրելու եւ առանց անհրաժեշտ գիտելիքներ եւ տեղեկութիւն ունենալու։ Սա պոպուլիզմի ամենաանմիջական բնութագիրն է:

    Քաղաքականութիւն, որը թիրախաւորում է լայն զանգւածներին, խոստանում է նրանց արագ եւ հեշտ լուծում սոցիալական սուր խնդիրների համար, ներկայացնելով ոչ թէ բարդ իրականութիւնը, այլ այն, ինչ մարդիկ ցանկանում են: Իսկ մարդիկ ընդհանրապէս ցանկանում են խուսափել բարդ իրականութիւնից եւ նախընտրում են պարզ եւ արագ իրականացւող մակերեսային լուծումներ։

  • Միացեալ Հայաստանը՝ որպէս նւիրական իդէալ եւ տեսլական
    Միացեալ Հայաստանը՝ որպէս նւիրական իդէալ եւ տեսլական

    Մայիսի 28-ն անկասկած մեր պատմութեան ամենապայծառ էջն է: Այն սեփական անկախ պետականութիւն ունենալու նպատակով հայ ժողովրդի անբեկանելի կամքի մարմնաւորման տօնն է:

    Մայիսի 28-ի մասին շատ է խoսւել ու գրւել: Եւ դեռ էլի է խօսւելու ու գրւելու: Եւ դա բնական է, որովհետեւ այն մի բացառիկ իրադարձութիւն էր, որին մենք սպասել էինք 6 դար շարունակ՝ կորսւած անկախութեան պայմաններում:

  • «Սիւնիքի հարցով Իրանն իրադարձութիւններին կը ներգրաււի այնքան, որքան դա կը պահանջի եւ կը ցանկանայ Հայաստանը». Արամ Շահնազարեան
    «Սիւնիքի հարցով Իրանն իրադարձութիւններին կը ներգրաււի այնքան, որքան դա կը պահանջի եւ կը ցանկանայ Հայաստանը». Արամ Շահնազարեան

    Ադրբեջանի կողմից ՀՀ պետական սահմանի հատումը, յատկապէս Սիւնիքի ուղղութեամբ, Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանը հակւած է որոշակիօրէն դիտարկել նաեւ Հարաւային Կովկասում ակտիւօրէն ընթացող աշխարահաքաղաքական նոր խմորումների համատեքստում:

  • «Իրանական շրջանակներում նորից սկսել են խօսել, որ Սիւնիք-Զանգեզուրի հաւանական կորուստը աղէտ է լինելու Իրանի ազգային անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութեան համար». Արամ Շահնազարեան
    «Իրանական շրջանակներում նորից սկսել են խօսել, որ Սիւնիք-Զանգեզուրի հաւանական կորուստը աղէտ է լինելու Իրանի ազգային անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութեան համար». Արամ Շահնազարեան

    Թէ ինչպէս են Զանգեզուրի, Մեղրիի միջանցքի մասին ադրբեջանական յայտարարութիւններն ընդունւում Իրանում, 168.am-ի հետ զրոյցում Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանը նշեց, որ Իրանում մտահոգութեամբ են հետեւում Մեղրիի կամ, այսպէս ասած, Զանգեզուրի միջանցքի հետ կապւած զարգացումներին:

  • Մեր ԱԼԻՔ-ը դարձաւ 90 տարեկան
    Մեր ԱԼԻՔ-ը դարձաւ 90 տարեկան

    22 մարտի 1931 թւական. լոյս աշխարհ եկաւ ԱԼԻՔ-ի առաջին համարը։

    Հայ մամուլի ընտանիքի բոլոր զաւակների պէս, ԱԼԻՔ-ը եւս անսահման սիրոյ եւ նւիրումի ծնունդ էր, որին յաջողւեց հասակ առնել, անցնել անասելի դժւար ճանապարհով, յաղթահարել բազում փորձութիւններ, պահպանել իր գոյութիւնը, եւ, ամենակարեւորը՝ իր բարոյական-գաղափարական ուղենիշը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։