Հա

Գաղափարական

24/08/2019 - 09:50

Նրանք գրիչը փոխարինեցին զէնքով ու կռւեցին խաղաղութեան համար

1993 թւականի օգօստոսի 23-ին Մարտունու դիրքերում պաշտպանական հատւածը ամրապնդելիս զոհւեցին Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէի անդամ Մերուժան Մոսիեանը եւ Լիբանանի ՀՅԴ անդամ, ԼՂՀ Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հետախուզական եւ զինական մասի խորհրդական Մհեր Ջուլհաճեանը մարտական ընկերների՝ Արտակ Մնացականեանի, Լեւոն Համբարձումեանի եւ Ռուդիկ Աւագեանի հետ:

1993 թւականի օգօստոսի 23-ին Մարտունու դիրքերում պաշտպանական հատւածը ամրապնդելիս զոհւեցին Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէի անդամ Մերուժան Մոսիեանը եւ Լիբանանի ՀՅԴ անդամ, ԼՂՀ Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հետախուզական եւ զինական մասի խորհրդական Մհեր Ջուլհաճեանը մարտական ընկերների՝ Արտակ Մնացականեանի, Լեւոն Համբարձումեանի եւ Ռուդիկ Աւագեանի հետ:

Մհեր Ջուլհաճեանը ծնւել է 1967 թ. նոյեմբերի 28-ին Լիբանանի Բէյրութ քաղաքում: Նախնական կրթութիւնը ստացել է Դամասկոսի Թարգմանչաց վարժարանում:

1978 թ. Մ. Ջուլհաճեանը ծնողների հետ հաստատւել է Պուրճ Համուտում, որտեղ եւ անդամակցել է ՀՅԴ «Նաւասարդեան» պատանեկան միութեանը: Միջնակարգ եւ երկրորդական ուսումը շարունակել է Ազգ. Խորէն Խանամիրեանի անւան քոլեջում:
1984 թ. անդամակցել է ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միութեան (ԼԵՄ) «Րաֆֆի» մասնաճիւղին:

1986 թ. փետրւարին Մ. Ջուլհաճեանը ընդունւել է Բէյրութի Ամերիկեան համալսարանի բնագիտութեան բաժին. մտադիր էր մագիստրոսի կոչում ստանալ երկրաբանութեան ասպարէզում:

1989 թ. դեկտեմբերին ստացել է գիտութեան պսակաւորի վկայական:

1989 թ. Մ. Ջուլհաճեանը նշանակւել է ՀՅԴ «Բաբգէն Սիւնի» պատանեկան միութեան վարիչ եւ իր պարտականութիւնները կատարել մինչեւ 1991 թ. մարտ ամիսը, 1990 թ. հոկտեմբերին անցել «Զաւարեան» ուսանողական միութեան շարքերը:

1990 թ. սկզբից մինչեւ 1992 թ. յունիս ամիսը բնագիտութիւն է դասաւանդել Ազգ. Գէորգ Չալթապաշեան եւ Գերմանական երկրորդական վարժարաններում: Աշխատել է նաեւ Բէյրութի Ամերիկեան համալսարանի բնագիտութեան լաբորատորիայում:

Բէյրութի կռիւների բովով էր անցել, գերւել լիբանանահայութեան ինքնապաշտպանութեան հոգսերով: Հայրենիքից հնչած ահազանգը տակնուվրայ արեց նրա հոգին, եւ նա կրկին դարձաւ զինւոր: Արցախում մարտնչող զինւորներին ձեռնամարտի գիտութիւնն էր պէտք, եւ այս իսկ պատճառով նա պիտի շտապէր Հայաստան: 1992 թ. ամուսնանալով նա տեղափոխւում է Հայաստան: Նոյն թւականին ընդունւում է Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան, զուգահեռ մասնակցում Արցախի ազատագրական պայքարին: Քարտէզագիտութեան խնդիրներ կային, զէնքի արւեստին տիրապետելու տքնաջան աշխատանքի անհրաժեշտութիւն, եւ նա լծւեց մարզումների գործին:

1992 թ. գարնանը՝ ձմեռային բանակումներից յետոյ, Մհերը տեղափոխւեց Արցախ՝ Շուշիի Առանձնակի գումարտակ: Կարճ ժամանակ անց հրետանային յարձակողական համակարգի իր բանաձեւային առաջադրումների իրագործման համար նա տեղափոխւեց Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակ, ուր դարձաւ Մերուժան Մոսիեանի ղեկավարած հրամանատարական ուժերի հետախուզական ու զինական մասի հրահանգիչն ու խորհրդականը:

1992 թ. օգոստոսի 22-ին թուրքական օդուժը, խախտելով ժամանակաւոր հրադադարը, ռմբակոծում էր Գէորգաւան եւ Կուրոպատկինօ գիւղերը: Մարտունու հիւսիսային գծի պաշտպանական հատւածը ամրապնդելիս 1993 թ. օգոստոսի 23-ին Մարզիլի գիւղի մօտ արկի պայթիւնից զոհւեց Մհերը իր չորս մարտական ընկերների հետ (Մերուժան Մոսիեան (ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամ), Արտակ Մնացականեան, Լեւոն Համբարձումեան եւ Ռուդիկ Աւագեան): Նրա աճիւնն ամփոփւած է Եռաբլուր յուշահամալիր-պանթէոնում:

ԼՂՀ նախագահի 2003 թ. մայիսի 8-ի ՆՀ-37 հրամանով Մ. Ջուլհաճեանը յետմահու պարգեւատրւել է «Արիութեան համար» մեդալով:

2007 թ. նոյեմբերին ԵՊՀ երկրաբանութեան ֆակուլտետի օգտակար հանածօների եւ հանքավայրերի կաբինետը անւանակոչւել է Մ. Ջուլհաճեանի անւամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։