Հա

Գաղափարական

27/08/2019 - 10:10

Անմահ անուններ

19-րդ դարավերչջի եւ 20-րդ դարասկզբի հայ հայդուկային շարժման աւանդոյթներից մէկի իւրատեսակ շարունակութիւն կարելի է համարել Արցախեան ազատամարտի մի շարք մասնակիցներին մականուններով կնքելը։ Դրանց մի մասը կապւած է այն բնակավայրերի անւանումների հետ, որոնց ազատագրման կամ պաշտպանութեան համար մարտերում աչքի են ընկել հերոսները, կամ այդպէս ընդգծել են նրանց բնորոշող յատկանիշները։

19-րդ դարավերչջի եւ 20-րդ դարասկզբի հայ հայդուկային շարժման աւանդոյթներից մէկի իւրատեսակ շարունակութիւն կարելի է համարել Արցախեան ազատամարտի մի շարք մասնակիցներին մականուններով կնքելը։ Դրանց մի մասը կապւած է այն բնակավայրերի անւանումների հետ, որոնց ազատագրման կամ պաշտպանութեան համար մարտերում աչքի են ընկել հերոսները, կամ այդպէս ընդգծել են նրանց բնորոշող յատկանիշները։

«Մականունաւոր» հերոսները շատ են, որոնց մի մասի անունները լայն հասարակութեանը յայտնի չեն, մարտական ընկերների շրջանակից դուրս չի եկել, կան հերոսները, որոնց միայն հէնց այդ մականունով են ճանաչում։ Panorama.am-ը ներկայացնում է հերոսներից մի քանիսին, թէ ինչպէս եւ ինչու են ստացել մականուններ։


Մոնթէ Մելքոնեան՝ Աւօ (1957 թ., նոյեմբերի 25, ԱՄՆ - 1993 թ., յունիսի 12, Մարզիլի, Աղդամի շրջան)՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս

1991 թւին, բանտից ազատւելուց յետոյ, Մոնթէն եկել է Երեւան, եօթ ամիս աշխատել Գիտութիւնների ակադեմիայում «Հայաստանը եւ հարեւանները» գիրքը գրելու եւ հրատարակելու նպատակով։ Նոյն թւականի սեպտեմբերին մեկնել է Արցախ: 1991 թւականին «Հայրենասիրական ջոկատը» կազմաւորելուց յետոյ Մոնթէն կնոջը՝ Սեդային, խնդրում է կազմել ջոկատի անդամների ցուցակ: Երբ կինն արդէն գրի էր առել բոլորի անունները, Մոնթէն խնդրում է վերջում, իր անւան կողքին աւելացնել «Աւօ»: Սեդան գիտէր, որ «Աւոն» «Աւետիս» անւան յամառոտ տարբերակն է, բայց ենթադրում էր, որ բառի «բարի լուր» նշանակութեան պատճառով չէ Մոնթէն ընտրել այդ մականունը: Երբ բացատրութիւն է խնդրում, Մոնթէն իրեն բնորոշ գործնական տոնով պատասխանում է, որ դա տարածւած անուն է, կարճ է եւ ռադիոկապով հեշտ լսելի (https://www.facebook.com/monte.avo.melqonian): 

Մի քանի ծանր մարտերից յետոյ` 1992 թւականի յունւարին Մոնթէին յանձնարարել են Մարտունու շրջանի ինքնապաշտպանութեան ուժերի հրամանատարի պարտականութիւնները, Մարտունին դարձել է ամենապաշտպանւած ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարութեամբ ազատագրւել են Քարվաճառը, Օմարի լեռնանցքը:

«Եթէ կորցնենք Արցախը, ապա մենք կը շրջենք հայոց պատմութեան վերջին էջը»,- Մոնթէի այս խօսքը որպէս զգաստացման կոչ էր հնչում ճակատային մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար։ Նա անփոխարինելի դեր է կատարել հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու եւ ապա նաեւ՝ կանոնաւոր բանակ ստեղծելու մտայղացումներում։

 

Աշոտ Ղուլեան՝ Բեկոր Աշոտ (Ասկոլկա) (1959 թ., հոկտեմբերի 6, Բաքու - 1992 թ., օգոստոսի 24, Դրմբոն)՝ ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր

Երիտասարդ տարիներին Բեկորն աշխատել է որպէս դերձակ, շինարար, աւտովարորդ եւ փականագործ։ Մարտական անունը Աշոտը ստացել էր դեռեւս նախապատերազմեան շրջանում, երբ 5 հոգով Շահումեանից Ստեփանակերտ զէնք էին տեղափոխում։ 5 տղաներից 4-ի անունը Աշոտ էր եւ, որպէսզի խօսելիս միմեանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ։ Աշոտին, որն արդէն հասցրել էր ինքնաշէն զէնքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել», անւանել են Բեկոր (Ասկոլկա)։ Մարտերի միջեւ դադարի ժամանակ Բեկորն ասել է մարտական ընկերներին. «Եթէ Ղարաբաղը կործանւի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանւելու, քաղաքականութիւնն ամենասարսափելի գիշատիչն է»։


Դաւիթ Սարապեան՝ Դեւ (1966 թ., փետրւարի 4, Երեւան - 1991, դեկտեմբերի 10, Շահումեան, գիւղ Թոդան)՝ Ազատագրական շարժման գործիչ, գրող

Մանկուց սիրում էր պատերազմի թեման, իսկ դպրոց ընդունւելիս, երբ առաջարկել են հեքիաթ պատմել, ասել է. «Կուզէ՞ք պատմեմ Բեռլինի գրաւման մասին»: 1990 թւականին մեկնել է ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունւել հրամանատար Լէոնիդ Ազգալդեանի «Անկախութեան բանակի» շարքերը, ապա՝ «Տիգրան Մեծ» ջոկատում։ Մասնակցել է Շահումեանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գիւղերի ինքնապաշտպանական մարտերին։ 1991 թւականի հոկտեմբերի 30-ին մասնակցել է Հադրութի շրջանի Տող գիւղի ազատագրմանը։ 1991 թ. հոկտեմբերի 30-ին ազատագրւել է ռազմական մեծ նշանակութիւն ունեցող Տող գիւղը: Տուն դառնալով՝ սովորաբար զուսպ Դաւիթն ուրախութեամբ յայտնում է մօրը. «Քո հարազատ գիւղն ազատագրւած է: Հիմա պէտք է ազատագրել հօրս հարազատ քաղաքը՝ Էրզրումը…»: Դա մօր եւ որդու վերջին հանդիպումն էր…

Դաւիթը մշտապէս յայտնւում էր ամենադժւարին տեղերում՝ առաջապահ դիրքերում՝ բոլորին վարակելով իր քաջութեամբ ու վճռականութեամբ: Հայ ռազմիկի ուժը թշնամու վրայ սարսափ էր տարածում եւ պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան անւանում էին «Ահեղ Դեւ»: Դեւը յաճախ խորամանկութեամբ ու հմտութեամբ թշնամու մօտ բազմաքանակ զօրքի տպաւորութիւն էր ստեղծում եւ ստիպում նրան խուճապահար նահանջել:
«Դաւիթ Սարապեանը մեր յաղթանակի սիւներից է, մեր ազգի տաճարի անկիւնաքարերից մէկը։ Դեռ կարող էր շատ յաղթանակների հասնել, շատ բարձունքներ նւաճել, բայց, աւաղ։ Նրա հերոսական մահն աւելի բարձրացրեց Դաւթի լուսաւոր կերպարը, որ կրում եմ իմ մէջ…»,- Դաւիթի մասին ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը։

 

Սամուէլ Անտոնեան՝ Քեռի (1967 թ., յունւարի 15, Ջաւախք - 1991 թ. յունւարի 9, Արցախ)՝ Արցախեան պատերազմի հերոս

1988թ. յուիսին պէտք է մեկնէր Կիրովգրադ՝ սովորելու քաղաքացիական աւիացիայի ուսումնարանում: Հէնց «Զւարթնոց» օդանաւակայանում էլ պատռել է ուղետոմսը ու զինւորագրւել արցախեան ազգային-ազատագրական շարժմանը: Սամուէլի մարտական ուղին սկսւել է Հայաստանի սահմանամերձ շրջաններից՝ Խնձորուտ, Կոռնիձոր, Երասխաւան...

Ամէն անգամ մարտի գնալուց առաջ երգում էր մեծ հայդուկապետ Քեռուն նւիրւած «Քեռի» երգը, որի համար ընկերները նրան կնքել են «Քեռի» պատւանունով։

1991 թ. յունւարի 9-ի ցուրտ, մառախլապատ սեւ գիշերը Քեռին կատարել է իր վերջին առաջադրանքը։ Արցախում երեխայ էր ծնւելու: Յղի կնոջը պէտք էր Կղարծիից Գիշի տեղափոխել: Ղարադաղլու գիւղի մօտ մեքենան ընկնում է ազերիների դարանը: Կռւել է ազերիների դէմ մինչեւ վերջին շունչը՝ խոցոտւած մարմնով ծածկելով յղի կնոջը, որի ամուսնուն արդէն սպանել էին: Միայնակ մարտնչելուց յետոյ ընկել է հերոսաբար։ Նա անկախ հայրենիքի, ազգային բանակի մասին բազմաթիւ գրառումներ է ունեցել ծոցատետրում, որտեղ իր խոհերն էր արտայայտել։

«Ինչ էլ որ լինի, պիտի հայրենի հողի զինւոր լինել: Արեան վերջին կաթիլով պիտի վրէժի, ցասման, պայքարի խօսք ասել: Մեր բազուկն ինչի՞ համար է, եթէ ոչ՝ մեր ազգի, հողի պատւի պաշտպանութեան: Արցախի պատիւը պաշտպանել, նշանակում է մեր օջախի մասին մտածել...»,- գրել է նա։

 

Վարդան Ստեփանեան՝ Դուշման Վարդան (1966 թ, մարտի 8, Երեւան - 1992, յուլիսի 3, Միւրիշէն)՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ 

1984 թ. կամաւոր ծառայութեան է անցել Աֆղանստանում` սովետական բանակի կազմում։ Նա երազում էր տիրապետել ռազմական արւեստի ամբողջ հմտութիւններին։ Զօրացրւելուց յետոյ Դուշմանը ընդունւում է Երեւանի պետական համալսարանի Իրաւաբանական ֆակուլտետ։ 1988 թւականից Դուշմանն ամբողջապէս նւիրւում է Արցախեան շարժմանը, ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու յարգանք ձեռք բերում ժողովրդի շրջանում եւ դեռեւս կենդանութեան օրօք դառնում է իսկական լեգենդ։

Վարդանը ոչ միայն մասնակցել է զինեալ պայքարին, այլեւ եղել է բազում երիտասարդների ուսուցիչը, մարտական դաստիարակը եւ վերջապէս՝ անվախ հրամանատարը։ Նա Արցախի առաջին բանակի ստեղծողներից մէկն էր, եւ Վարդանի զինւորներն այսօր արցախեան բանակի հմուտ հրամանատարներ ու ղեկավարներ են, նաեւ ԼՂՀ Կենտրոնական շտաբի անդամներ։

Հակառակորդի համար ահ ու սարսափ էր, պատերազմի առաջին օրերից էլ ազերիները նրան կնքել են «Դուշման» անունով: Վարդանը մասնակցել է Երասխաւանի, Շահումեանի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանութեան մարտերին, Կրկժանի, Մալիբէյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Շուշիի, Բերդաձորի եւ Լաչինի ազատագրմանը։ Շուշիի ազատագրումից յետոյ ընկերները երկար որոնեցին Վարդանին եւ գտան հայկական գերեզմանոցում։ Նա շամպայն էր լցնում հին գերեզմանաքարերին՝ «Մեր պապեր, Շուշին ազատագրւած է, հանգստացէք»:

Վարդանը զոհւել է 1992 թւականի յուլիսի 3-ին, երբ իր զինւորական ընկեր Երոյի (Արմէն Երիցեան) եւ Արայիկի (Արա Աւագեան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Միւրիշէն գիւղի մօտակայքում։

«Ա՜խ, երանի այն մարդուն, որ Մասիս սարը տուն կը բերի…»:

 

Արթուր Ղարիբեան՝ Արծիւ (1965 թ. Ախալքալաք, Կուլիկամ - 1992 թ. Մարտակերտ, Սրխաւենդ), 1988 թ. կամովին մասնակցել է ազգային-ազատագրական մարտերին

Արծւային հպարտ ու քաջ էութեան համար ստացել է «Արծիւ» մականունը: Նա համոզւած էր, որ միայն ազգափրկիչ զէնքով կը լուծւի Արցախի ազատութեան խնդիրը: Արթուրը ստեղծում է մարտական խմբեր, ձեռնարկում զինւորական գործին անհրաժեշտ աշխատանքներ, Խորհրդային Միութեան տարբեր վայրերից զէնք է հայթայթում Արցախեան պատերազմի համար: Նա մասնակցել է գրեթէ բոլոր խոշոր մարտերին, որոնց արդիւնքում ազատագրւել է Արցախի զգալի մասը, եւ քաջ գիտակցում էր, որ ազատութիւնը զէնքով են նւաճում, իսկ հողը` արեամբ պաշտպանում: Անցել է Երասխաւանի, Բերդաձորի, Շահումեանի, Շուշիի, Կրկժանի, Լեսնոյի, Խոջալուի, Գետաշէնի, Լաչինի ու Մարտակերտի ազատագրական թէժ կռիւների բովով (http://www.hayzinvor.am/20687.html):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։