Հա

Գաղափարական

28/08/2019 - 11:00

Ժողովրդավարութեան «պարտութի՞ւնը»...

Այս օրերին շատ է խօսւում ու գրւում (գրքեր հրատարակւում) այն թեմայով, թէ ժողովրդավարութիւնը պարտւում է իր առաքելութեան իրականացման ճամբին...

Դա առաւելաբար էական է այն մտածողութեան մօտ, ուր ժողովրդավարութիւնը ոչ թէ գաղափար է համարւում, այլ պետական կառավարման համակարգ:

ՀԵՆՐԻԿ ԽԱԼՈՅԵԱՆ

 

Այս օրերին շատ է խօսւում ու գրւում (գրքեր հրատարակւում) այն թեմայով, թէ ժողովրդավարութիւնը պարտւում է իր առաքելութեան իրականացման ճամբին...

Դա առաւելաբար էական է այն մտածողութեան մօտ, ուր ժողովրդավարութիւնը ոչ թէ գաղափար է համարւում, այլ պետական կառավարման համակարգ:

Բազմաթիւ փաստերով է տրամաբանւում այս տեսութիւնը, ինչպէս օրինակ՝ ժողովրդավարական համակարգի դանդաղկոտութիւնը, հիմնական խնդիրների լուծման հարցում՝ սկսած տնտեսա-ֆինանսական արդարութեան ապահովումից՝ մինչեւ բնապահպանական հարցերի լուծման անկարողութիւնը, որոնք լրջագոյն վտանգների դէմ-յանդիման են դնում համայն մարդկութեանը:

Իսկ քաղաքական առումով՝ այս մտածողութեան տեսաբաններին աւելին մտահոգում է, երբ արեւմտեան տարբեր երկրներում (ուր ժողովրդավարութիւնը խոր արմատներ ունի) վերջին ժամանակահատւածներում՝ աջ ազգայնական եւ օտարատեաց ու ծայրայեղ ուժերի հզօրացումն ու յաղթանակն է իրականանում: Դա զարմանալիօրէն պատահում է նոյնիսկ լիբերալ-դեմոկրատ կայացած կարգերում, այս իրավիճակը համարւելով ժողովրդավարութեան պարտութեան կարեւոր դրսեւորումը, որի մի այլ դրսեւորմամբ՝ պոպուլիզմն է, որը մեծ ընդունելիութիւն է ձեռք բերում նոր դիջիթալ աշխարհում:

Դժւար է հերքել մատնանշւած հիմնաւորումները. ինչպէս հին յունական ժամանակներում՝ ժողովրդավարութեան առաջին իսկ օրերից դժւար է եղել հերքել Սոկրատեսի մտահոգութիւնը, թէ մասսան չունի արժանիքը՝ ղեկավարելու պետութիւնը. կամ այն, որ ժողովրդավարութիւնը եւս ինքնին մեծամասնութեան բռնապետութիւն է փոքրամասնութեան վրայ ու դա մանաւանդ մեր ժամանակներում, երբ մեծանում է լուռ մասսաների իրողութիւնը, հիմք ունենալով մարդկային իրաւունքը կամ նոր ասութեամբ՝ իրաւունքի իրաւունքը, որով էլ հարցականի տակ է դրւում մինչ այդ իդէալական համարւող ժողովրդավարութիւնը...

Ինչպէս ասւում է, ու վերջերս աւելիով շեփորւեց մեզ մօտ, յեղափոխութիւնը եւս «ժողովրդական դիկտատուրա» է, որը միայն փոխարինում է «անհատին», արժեզրկել փորձելով յեղափոխութիւն եւ ժողովրդավարութիւն հասկացութիւնները....

Սակայն հարցի խորքը նայելով՝ պիտի հաստատել, որ ներկայացւող տրամաբանական թւացող հիմնաւորումները եթէ ոչ միտումնաւոր թերի, ապա մասամբ սխալ են, քանզի ներկայ կացութիւնը, սկսած՝ աշխարհում կապիտալի ու հարստութեան անարդար կուտակումից մի փոքրամասնութեան մօտ, որոնք հիմնականում նաեւ տնօրինում են նոր տեխնոլոգիաներն ու տեղեկատւական դաշտը եւ այդպիսով նոյնպէս հսկում հասարակական կարծիքը, ու միւս կողմից՝ բնութեան անխնայ օգտագործումն ու տրւող վնասները ամբողջութեամբ ներկայացնել որպէս ժողովրդավարական համակարգի անկարողութիւն ու պարտութիւն, ու ոչ թէ ծայրայեղ կապիտալիստական համակարգի իրողութիւնն ու պարտութիւնը, իրօք անարդար է....

Մատնանշելի է, թէ հասարակական գործընթացները (առաւելաբար 20-րդ դարում) եղել են այնպէս, որ՝ բռնապետութիւնները տապալւել են յեղափոխութեամբ, իսկ ժողովրդավարական կարգերը տապալւել են ընդհանրապէս զինւորական յեղաշրջումով: Սակայն, ներկայիս փոխւել են այդ գործընթացները եւ յեղափոխութիւններ ընդհանրապէս կամ չեն իրագործւում, կամ՝ հայկական յեղափոխութեան պէս իրագործւում են անարիւն... Իսկ զինւորական յեղաշրջումները եւս ընդհանրապէս անընդունելի են համարւում (նոյնիսկ Թուրքիայում): Ու այսպիսով ժողովրդավարական կարգերը տապալւում են նորօրեայ մեխանիզմներով: Օրինակ, մասսաների յուսախաբութեամբ, որոնք յետընթաց կարգով ստիպւած ապաւինում են աջ ծայրայեղականութեանը:

Այս ամէնը ասացի, ասելու համար, որ մինչ այն ժամանակ, որ չի գտնւել աւելի լաւ ու արդար համակարգ, քան ժողովրդավարութիւնը, հարկ չէ խաբկանք ապրել վերը նշւած տրամաբանութեամբ:

Այո, չկայ իդէալական համակարգ, ուտոպիա. այո, փաստ է՝ որ մարդկային հասարակութիւնը չի յաջողել 21-րդ դարին համապատասխան զարգացած կարգեր ապահովել ժողովուրդների համար: Եւ ահա, մերօրեայ համամարդկային կենսական մարտահրաւէրները համարւում են՝ բնապահպանութիւնն ու ծայրայեղականութեան դէմ պայքարը:

* * *

Իսկ Հայաստանում, վերջին օրերին Ամուլսարի հարցով մղւող քաղաքացիական արդար պայքարը (որը ժառանգութիւնն է նախկին օլիգարխիայի) ու դրա քաղաքական դաշտ փոխանցւող հսկայ ու բարդ ալիքը մղեց այս մտորումները գրի առնելու...

Անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետութիւնում թէ՛ իշխանութիւնը, եւ թէ՛ քաղաքականացած հասարակութիւնը լինեն զգօն, որպէսզի  Ամուլսարի հարցով ու բնապահպանութեան առաջադէմ որեւէ քաղաքացիական պայքարի արդիւնքում  չառաջանայ այնպիսի գործընթաց, որը պիտի յուսախաբ անի մեր այն փայլուն ու առաջադէմ երիտասարդութեանը, որ յեղաշրջեց օլիգարխիան յանուն ժողովդավարական արդար կարգերի կայացման: Ու այդ յուսախաբութեամբ չառաջնորդել նրան դէպի ծայրայեղականութիւն կամ դէպի նախկին յետընթաց կարգերը. ինչպէս այլուր արդարացւում է՝ ծայրայեղ նէոլիբերալիզմը կամ թէ բռնապետութիւնը, որպէս յաջողութեան միակ գործնապաշտ երաշխիքը մեր օրերի: Ահա այն նոր մեթոդաբանութիւնը, որը ընդհանրապէս աշխատում է ի դէմ ժողովրդավարութեան:

Թո՛ղ որ մեր գիտակից քաղաքացիական հասարակութիւնը եւ ՀՀ իշխանութիւնները իրենց որդեգրւող ճշգրիտ գործընթացով ապահովեն մեր ժողովրդի համար բարօրութիւն ու բարին, առաւել ամրապնդելով ժողովրդավարութիւնն ու օրէնքի գերակայութիւնը՝ բարձրացնելով Հայաստանի վարկանիշը համամարդկային ու միջազգային քաղաքական բեմում:

 

23.08.2019

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։