Հա

Գաղափարական

13/10/2019 - 10:20

«Մեղրի» ազատ առեւտրի գօտու գործարկումը քիչ հաւանական է․ խոշորացւած համայնքի ղեկավար

Քրէական գործից բացի, գործարկման գործընթացին խանգարում է նաեւ ազատ առեւտրի գօտու տարածքում կանոնադրութեան եւ «խաղի կանոնների» բացակայութիւնը։

«alikonline.ir» - Քրէական գործից բացի, գործարկման գործընթացին խանգարում է նաեւ ազատ առեւտրի գօտու տարածքում կանոնադրութեան եւ «խաղի կանոնների» բացակայութիւնը։

«Մեղրի» ազատ առեւտրի գօտու (ԱԱԳ) գործարկումն այս պահին քիչ հաւանական է, բայց ՀՀ կառավարութիւնը չի հրաժարւում դրա շահագործման մտադրութիւնից։ Այդ մասին լրագրողներին հետ զրույցում ասաց Մեղրի խոշորացւած համայնքի ղեկավար Մխիթար Զաքարեանը։

ՀՀ կառավարութեան 2017 թ.-ի որոշմամբ` «Մեղրի» ազատ տնտեսական գօտու համար նախատեսել է 70 հեկտար տարածք, ծրագրւել է մինչտեւ 2027 թ.-ը բացել 1500 աշխատատեղ եւ ապահովել 300 միլիոն դոլարի ներդրում։ Ընդ որում` նախագծի առաջին փուլի մեկնարկը նախատեսւած էր 2018 թ.-ին, որը պիտի աւարտւէր 2020 թ.-ին։

Զաքարեանը կարծում է, որ ԱԱԳ ստեղծելը գեղեցիկ ու հեռանկարային գաղափար է, որի իրագործումից ամէնից շատ կը շահի հէնց Մեղրի համայնքը՝ յատկապէս հաշւի առնելով ԵԱՏՄ-ի եւ Իրանի ազատ առեւտրի գօտի ստեղծելու մասին համաձայնագիրը։ Սակայն հիմա այդ գաղափարը նրա համար հեռու է իրականութիւնից, քանի որ գօտու տարածքը զուրկ է տարրական պայմաններից՝ ջրից եւ էլեկտրականութիւնից։

«Եթէ վաղը գործարարը որոշի մի քանի միլիոն դոլար ներդնել, ապա ոչ ոք չի կարողանայ նրան տրամադրել այդ գօտու պայմանները եւ «խաղի կանոնները», քանի որ չկայ մշակւած կանոնադրութիւն եւ սահմանւած կանոններ», - նշեց համայնքի ղեկավարը։

Զաքարեանի խօսքով` ազատ առեւտրի գօտուն խանգարում է հողի հարցը, մասնաւորապէս` հողատարածքների գնման ժամանակ անօրինական աճուրդների հարցով քրէական գործը։ Այդ համատեքստում նա յաւելեց, որ Մեղրի համայնքը պատրաստ է իր հողերն անհատոյց տրամադրել գօտու համար, բայց միայն այն դէպքում, եթէ դա պետական սուբիեկտ լինի։

«Կառավարութիւնից ասում են, որ ամէն ինչ լաւ է լինելու, ես՝ որպէս լաւատես, հաւատում եմ դրան»,- եզրափակեց նա։

Նշենք, որ այսօր «Մեղրի» ազատ տնտեսական գօտու տարածքում, որը պաշտօնապէս բացւել է 2017 թ.-ի դեկտեմբերին, ընդամէնը մի քանի ենթակառուցւածք կայ։ Էկոնոմիկայի նախարարութիւնից աւելի վաղ յայտնել էին Sputnik Արմենիային, որ ԱԱԳ-ի տարածքում ոչ մի ընկերութիւն չի գործում։ «Մեղրի ազատ տնտեսական գօտի» ընկերութեան հեռախօսն ուղղակի անջատւած է, իսկ այդ ընկերութեան գրասենեակը, որը նախկինում էկոնոմիկայի նախարարութեան շէնքում էր, փակ է։

«Մեղրի» ազատ առեւտրի գօտու տարածքում չարաշահումների փաստով հարուցւել է քրէական գործ, որի շրջանակում ստացւած տեղեկութիւնների համաձայն` Մեղրի ԱՏԳ-ի հարեւանութեամբ գտնւող համայնքի ղեկավարը 2014 թ.-ին 2.5 միլիոն դրամով օտարել է 32 հա հող, իսկ 2016 թ.-ին գիւղապետը կեղծ աճուրդում իր աներորդուն 2 միլիոն դրամով վաճառել է 1.4 հա տարածք։ Քրէական գործի նախաքննութիւնը դեռ չի աւարտւել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։