Հա

Գաղափարական

13/01/2020 - 09:20

Նիկոլ Դուման. Ֆիդայական շարժման հայդուկապետը

Հայ ժողովրդի եւ Հայաստանի ամբողջական ազատագրութեան շարունակւող երթին մղում ու թափ տւող եւ մարտունակութիւն սովորեցնող այս մեծ պատգամը պատկանում է հայոց ազգային-ազատագրական պայքարի հայդուկապետին՝ Նիկոլ Դումանին, որի ծննդեան տարեդարձը զուգադիպում է յունւարի 12-ին։ 1867 թ.-ի այս օրը Արցախի Խաչեն գաւառի (Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի) Ղշլաղ գիւղը հայ ժողովրդին պարգեւեց Նիկողայոս Տէր-Յովհաննիսեանի ծնունդը, որ ճակատագրւած էր հայոց նորագոյն շրջանի պատմութեան վրայ իր անջնջելի դրոշմը դնելու իբրեւ առասպելատիպ Նիկոլ Դուման։

«Ի՛նչ էլ լինի, թէ՛ թշնամուն, եւ թէ՛ բարեկամին յարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է։ Եւ մի ազգ, եթէ ուզում է մնալ յարգւած, եթէ չի ուզում կորչել, պէտք է լինի զէնքի ընդունակ. միշտ պէտք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանութեան համար, մանաւանդ քաղաքական ցնցումների վայրկեաններում»։

Նիկոլ Դուման

 

Հայ ժողովրդի եւ Հայաստանի ամբողջական ազատագրութեան շարունակւող երթին մղում ու թափ տւող եւ մարտունակութիւն սովորեցնող այս մեծ պատգամը պատկանում է հայոց ազգային-ազատագրական պայքարի հայդուկապետին՝ Նիկոլ Դումանին, որի ծննդեան տարեդարձը զուգադիպում է յունւարի 12-ին։ 1867 թ.-ի այս օրը Արցախի Խաչեն գաւառի (Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի) Ղշլաղ գիւղը հայ ժողովրդին պարգեւեց Նիկողայոս Տէր-Յովհաննիսեանի ծնունդը, որ ճակատագրւած էր հայոց նորագոյն շրջանի պատմութեան վրայ իր անջնջելի դրոշմը դնելու իբրեւ առասպելատիպ Նիկոլ Դուման։

Գերազանցապէս դաշնակցական էր Դումանը, որն իր գործով ու նկարագրով ազգային արժէքի վերածեց հայի դաշնակցական կերպարը։ Իբրեւ այդպիսին՝ միայն ՀՅԴ-ին չպատկանեց, այլեւ՝ արժանացաւ հայ ժողովրդի բոլոր հատւածների ու հոսանքների անվերապահ գնահատանքին ու պաշտամունքին։ Պատահական չէր, ոչ էլ զարմանալի, որ 1914 թ.ի սեպտեմբեր 28-ին Թիֆլիսում հայ ժողովուրդը ազգային աննախադէպ յուղարկավորութեան արժանացրեց իր հերոսական զաւակին։ Նոյնպէս պատահական չէր, ոչ էլ զարմանալի, որ ինքնասպան եղած Դումանի անշնչացած մարմինը թաղւեց հայոց Խոջեւանքի պանթէոնում, Սիմոն Զաւարեանի աճիւնի կողքին։ Ի վերջոյ, ինչպէս Իշխանը՝ Յովսէփ Արղութեանը, դամբանական իր խօսքի մէջ պիտի ընդգծէր, եթէ Զաւարեանը հանդիսացաւ «մեր ազատագրութեան խիղճը», ապա Դումանը եղաւ «մեր ազատագրութեան մարտիկը»։ Ի վերջոյ նաեւ հազւադէպ է պատահում, որ ինքնասպանութիւն գործողը նման յարգանքի եւ մեծարանքի արժանանայ։ Բայց Նիկոլ Դումանն իր մահւան պարագաներով էլ ամրագրեց իր անւան շուրջ արդարացիօրէն հիւսւած մեծագործ յեղափոխականի դիւցազնապատումը։ Թոքախտից հիւծւած «մեր ազատագրութեան մարտիկը», ի լուր Հայ Կամաւորական Շարժման շղթայազերծման համար Թիֆլիսում հաւաքւած դաշնակցական քաջարի հայդուկների զօրաշարժին եւ ապրելով այն անհուն տառապանքը, որ ի վիճակի չէր այլեւս իր բաժին մասնակցութիւնը ցուցաբերելու հայ ժողովրդի պաշտպանութեան ու ազատագրութեան օրհասական պայքարին, նախընտրեց սեփական ատրճանակով վերջ տալ իր... սպառւած կեանքին։

Ռուբէնի գնահատումով՝ Դումանի առասպելական հռչակի եւ հերոսական մեծութեան գաղտնիքը պէտք է փնտրել «ղարաբաղցի լեռնականի պողպատեայ կամք»-ի մէջ, որ Դումանի յեղափոխական կեանքի անդաւաճան ընկերը եղաւ։ Անառարկելիօրէն պողպատեայ կամքի տէր էր Դումանը։ Յեղափոխականի իր առաջին քայլերից սկսած, իբրեւ Թաւրիզի մէջ հազիւ 24 տարեկան ուսուցիչ-գործիչ, Դումանը դրսեւորեց թէ՛ գաղափարական-կազմակերպչական, թէ՛ մարտական-ռազմական երկաթեայ կարգապահութիւն։

Հետագայ իր ամբողջ գործունէութեան ընթացքում, սահմանը անցնող ֆիդայական խումբերի կազմակերպումից մինչեւ Վասպուրականում դաշնակցական կազմակերպութեան ստեղծումը, Խանասորի արշաւանքի մտայղացումից մինչեւ 1905 թ.-ի հայ-թաթարական ընդհարումների ռազմական ղեկավարումը, Դումանն ամէն քայլափոխի առաջնորդւեց հայ յեղափոխականի պողպատեայ կամքն ու երկաթեայ կարգապահութիւնը ամրապնդելու եւ հզօրացնելու հետեւողականութեամբ։

Անվարան կարելի է շեշտել, որ ՀՅԴ-ին յատկանշական կազմակերպչական երկաթեայ կարգապահութեան արմատաւորումի մէջ մեծագոյն ներդրումը ունեցող գործիչներից եղաւ Նիկոլ Դումանը։ Նիկոլ Դումանի «պողպատեայ կամք»-ի ուղղակի դրոշմը անզուգական է հայ ազատագրական շարժման բնորոշ կազմակերպչական կարգապահութեան մեծ աւանդի վրայ։ Միայն Դումանի օրինակով դաշնակցական նկարագիրը կարող էր, Խանասորի արշաւանքի ծրագիրը յղանալով եւ նրա իրականացման մէջ հիմնական ներդրում ունենալով հանդերձ, համեստօրէն Վարդանին յանձնել արշաւանքի ընդհանուր հրամանատարութիւնը եւ ինքը բաւարարւել հիսնապետի պաշտօնով։ Դարձեալ Դումանի օրինակով խոնարհ, ընկերասէր եւ ժողովրդային մարդը կարող էր, մտաւորական մեծ պաշարի տէր լինելով եւ հայկական ազատամարտի ռազմավարական ուղղութեան հունաւորման ու մշակման մէջ վճռական խօսք ունենալով հանդերձ, կուսակցական պատասխանատու մարմինների անդամակցութիւնից հեռու մնալ եւ ամբողջ ուժով նւիրւել յեղափոխական-ռազմական կենդանի գործին։

Որքան դիպուկ է Գաբրիէլ Լազեանի այն բնութագրումը, թէ Նիկոլ Դումանը եղաւ հայ ազգային-ազատագրական պայքարի ամէնից մտաւորական ֆիդային, որը հաւասարապէս ե՛ւ մարտիկ-ֆիդայինների, ե՛ւ մտաւորական-քաղաքական գործիչների ակնածանքին արժանացաւ։ Եթէ թոքախտը չհիւծէր իրեն եւ Դումանն ինքնասպանութեամբ վերջ չտար իր կեանքին, անվարան կարելի է համոզւած պնդել, թէ Առաջին Աշխարհամարտի ամբողջ տեւողութեան եւ յետՀայաստանի անկախացման շրջանի պատմակշիռ իրադարձութիւնների մէջ, հայ ժողովուրդը անպայման պիտի օգտւէր Նիկոլ Դուման անունով անմահացած «Ղարաբաղցի լեռնականի պողպատէ կամք»-ի հրաշազօր եւ առաջնորդող ներկայութիւնից։

Թէեւ պատմութիւնը «եթէ»-ներով չի շարժւում, բայց անպայման ի վիճակի կը լինենք պատմութեան անիւը առաջ մղելու, եթէ Նիկոլ Դումանի անձին, գործին եւ մանաւանդ պատգամի ներշնչմամբ սերնդէսերունդ ձայն տանք իրար, թէ՝ «Ով կարծում է, թէ ինքնապաշտպանութեան ապահովումը կարելի է ձեռք բերել միշտ մնալով պաշտպանողական սահմաններում, նա չարաչար սխալւում է։ Պաշտպանողական սահմաններում ապահով մնալու համար հարկաւոր է, որ յարձակման ենթարկւող կողմն ընդհարման բոլոր կէտերում լինի թւով աւելի, քան հակառակորդը, որակով բարձր եւ ունենայ աւելի կատարելագործւած զէնքեր ու առատ ռազմամթերք։ Բայց որովհետեւ բոլոր կէտերում անկարելի է ունենալ այդ առաւելութիւնները, ուստի անհրաժեշտ է դառնում որոնել կռւի համար ուրիշ` աւելի նպատակայարմար գործելակերպ (տակտիկա)։ ...Պէտք է յարձակման փոխարէն անպատճառ հատուցել անյապաղ, որպէսզի յարձակւողը չխրախուսւի անպատիժ յաղթութիւնից եւ չանի նորանոր քայլեր։ Այստեղից պարզ երեւում է, որ երկու դէպքում էլ հակայարձակումը դառնում է անխուսափելի»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։