Հա

Գաղափարական

15/01/2020 - 14:30

Յովհաննէս Քաջազնունու ճակատագիրը Խորհրդային Հայաստանում

Յովհաննէս Քաջազնունին լայն հասարակայնութեանը յայտնի է որպէս 1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ, Բաքւի հայկական Ս. Թադէոս-Բարդուղիմէոս մայր տաճարի ճարտարապետ եւ «Դաշնակցութիւնը անելիք չունի այլեւս» հանրայայտ գրքի հեղինակ, սակայն քչերին է յայտնի, թէ ինչ ճակատագրի արժանացաւ մեծանուն հայը` հայրենիք վերադառնալուց յետոյ: Ընթերցողին ներկայացնում ենք մեծ հայի կեանքի Խորհրդային Հայաստանում ապրած տարիների չլուսաբանված էջերը:

Յովհաննէս Քաջազնունին լայն հասարակայնութեանը յայտնի է որպէս 1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ, Բաքւի հայկական Ս. Թադէոս-Բարդուղիմէոս մայր տաճարի ճարտարապետ եւ «Դաշնակցութիւնը անելիք չունի այլեւս» հանրայայտ գրքի հեղինակ, սակայն քչերին է յայտնի, թէ ինչ ճակատագրի արժանացաւ մեծանուն հայը` հայրենիք վերադառնալուց յետոյ: Ընթերցողին ներկայացնում ենք մեծ հայի կեանքի Խորհրդային Հայաստանում ապրած տարիների չլուսաբանված էջերը:

1923 թ. ապրիլի 7-ից մինչեւ մայիսի 19-ը Վիեննայի մէջ գումարւում է Հ.Յ.Դ. Արտասահմանեան մարմինների արտակարգ խորհրդաժողովը (կոնֆերանս): Խորհրդաժողով հրաւիրւում է եւ Յ. Քաջազնունին, սակայն վերջին պահին նա հրաժարւում է մասնակցել եւ իր զեկուցումը, որը վերնագրւած էր «Հ.Յ.Դաշնակցութիւնը անելիք չունի» ուղարկում է փոստով: 1923 թ. յուլիսին Յ. Քաջազնունին իր զեկոյցը կուսակցական շարքային ընկերներին աւելի մատչելի դարձնելու նպատակով հրապարակում է առանձին գրքոյկով, ինչը մեծ աղմուկ է բարձրացնում թէ ՀՅԴ կուսակցութեան մէջ եւ թէ Սփիւռքի գաղութներում: Նոյն թւի օգոստոսի 15-ին Յ. Քաջազնունին նամակ է գրում Կարպատների մեկուսի կոմիտէին (ՀՅԴ կուսակցութեան այն շրջանի ղեկավարութեանը, որի մէջ գտնւում էր Յ. Քաջազնունին,-Հ.Մ.), որով յայտնում է, որ դուրս է գալիս ՀՅԴ կուսակցութեան շարքերից: Այնուհետեւ Յ. Քաջազնունին 1924 թ. մարտի 15-ին դիմում է Բեռլինի Խորհրդային իշխանութեան ներկայացուցչութեան Անդրկովկասեան Խորհրդային Հանրապետութիւնների առեւտրական ներկայացուցչին` խնդրելով թոյլտւութիւն տալ վերադառնալ Խորհրդային Հայաստան: 1924 թ. սեպտեմբերի 25-ին Անդրերկրկոմի խնդրանքով եւ Ալ. Մյասնիկեանի զեկուցումով ՀամԿ(բ)Կ կետկոմի քաղբիւրոն թոյլտւութիւն տւեց եւ վերադարձի որոշում ընդունեց Յ. Քաջազնունու համար: 1924 թ. դեկտեմբերի վերջերին Յ. Քաջազնունին հասնում է Բաթում, որտեղից անցնում է Թիֆլիս, իսկ 1925 թ. յունւարի 19-ին նա արդէն Երեւանում էր: Եւ իրապէս մեծ յոյսերով ու նպատակներով Յ. Քաջազնունին վերադարձաւ Երեւան:

Պատանեկան խանդավառութեամբ նա անցաւ գործի իր մասնագիտական գիտելիքները ի նպաստ դնելու յանուն նոր Հայաստանի կերտմանը: Այդ տարիներին Հայաստանում ընթանում էին մեծ ծաւալի շինարարական աշխատանքներ եւ ճարտարապետների խիստ կարիք էր զգացւում: Եւ Քաջազնունու բարձր պրոֆեսոնալիզմը եւ խորը գիտելիքները մեծ դեր խաղացին երիտասարդ Հանրապետութեան հասարակական եւ ճարտարապետական կեանքում: 1925 թ. Յ. Քաջազնունին, գալով Երեւան, ընտրւում է ՀՍՍՀ Պետպլանին կից Տեխնիկական խորհրդի անդամ եւ կարճաժամկէտ ծառայութիւնից յետոյ մարտի սկզբից ստանձնում է Հայբամբակկոմիտէի շինարարական բաժանմունքի վարիչի պաշտօնը, որը զբաղեցնում է մինչեւ 1927 թ. մարտ ամիսը: Լինելով բարձրակարգ ճարտարապետ` նա յաճախ էր հրաւիրւում տարբեր յանձնաժողովների աշխատանքներին եւ տալիս նախագծերի եզրակացութիւններ: 1926 թ. Յ. Քաջազնունին մասնակցում է կառուցւելիք ժողտան (օպերայի եւ բալետի շէնքի) յայտարարւած մրցոյթին (նախագիծը ցաւօք չի պահպանւել,-Հ.Մ.): 1927-29 թթ. Քաջազնունու նախագծերով եւ նրա անմիջական ղեկավարութեամբ Երեւանում եւ Սարդարապատում կառուցւեցին բամբակամշակման գործարաններ (չեն պահպանել,-Հ.Մ.), նոյն թւականներին կառուցում է ձէթ-օճառի գործարանը Երեւանում, իր բոլոր օժանդակ կառոյցներով, բնակելի աւան աշխատողների համար:

Դրանք կառուցւեցին «Գրախտ» ընկերութեան կողմից եւ հանդիսացան Խորհրդային Հայաստանի առաջին արդիւնաբերական շինութիւնները: Իսկ բնակելի աւանի շինարարութիւնը գործարանի տարածքի մօտ Հայաստանում առաջին փորձերից է հանդիսանում: Այն հետապնդում է որոշակի նպատակ. աշխատողների բնակեցման շրջանները անմիջականորեն աշխատավայրին մօտեցնելը: Այդ միտումը բնորոշ է 20-ական թւականների հայկական ճարտարապետութեանը: 1926 թ. Գիւմրու սարսափելի երկրաշարժից յետոյ Յ. Քաջազնունին մշտապէս գտնւել է այնտեղ, ուսումնասիրել քանդւած տների բնոյթը, առաջարկել շէնքերը ճիշտ կառուցելու ուղիներ: 1927 թ. հանդէս է եկել զեկոյցով Լենինականում իրականացւող վերականգնողական շինարարական աշխատանքների բնոյթի վերաբերեալ:

Հետագայում 1935 թ. Յ. Քաջազնունին Լենինականում նախկին Բուլւարնայա (Կիրովի) եւ 27-րդ փողոցների խաչմերուկում կառուցում է բնակելի նոր շէնք: Այս կառոյցը մինչեւ օրս կանգուն է եւ դիմակայել է անգամ 1988 թ. աւերիչ երկրաշարժը, համարւում է Յ. Քաջազնունու լաւագոյն գործերից մէկը: 1927 թ. մարտից Յ. Քաջազնունին աշխատել է շինարարական նախագծերի հսկողութեան ոլորտում, սկզբում` Տնտխորհրդին կից Շինարարա-Տեխնիկական կոմիտէում, ապա Պետպլանին ԷԿՕՍՕ-ին կից Շինարարա-Տեխնիկական կոմիտէի նախագահի տեղակալ (մինչեւ 1931 թ.):

1932-37 թթ. եղել է ՀՍՍՀ Կոմունալ տնտեսութեան ժողկոմիսարիատի խորհրդի գիտ. քարտուղարը: Միաժամանակ Յ. Քաջազնունին ակտիւօրէն մասնակցում է հասարակական գործունէութեամբ: Հայաստանի Տեխնիկական ընկերութեան նախագահութեան անդամ էր, ապա` նախագահ: 1928 թ. Հ. Աճառեանի, Գ. Յակոբեանի, Ա. Տէրեանի հետ համահեղինակութեամբ Յ. Քաջազնունին իր տեխնիկական եւ գրական գիտելիքների մեծ պաշարով մասնակցում է «Շինարարական կառոյցների ռուս-հայերէն բառարանի» ստեցծմանը: Այդ բառարանը բաղկացած էր 7560 բառ-յօդւածներից: 1929 թ. նոյեմբորի 1-ից հանդիսանում էր «Կորչի անգրագիտութիւնը» ընկերութեան անդամ: 1926 թ. աշնանից մինչեւ 1931 թ. գարունը Յ. Քաջազնունին դասաւանդում է Երեւանի համալսարանի նոր կազմակերպւած տեխնիկական ֆակուլտետում (շինարարական արւեստ), ապա Շինարարական ինստիտուտում (ճարտարապետական նախագծում) առարկաները: 1930 թ. փետրւարի 9-ին ՀՍՍՀ Լուսժողկոմատի կոլեգիայի որոշմամբ Յ. Քաջազնունու շնորհում են Պրոֆեսորի գիտական կոչումը: 1930 թ. Յ. Քաջազնունին կառուցում է Ապարանի շրջխորհրդի երկյարկանի շէնքը, որի ծաւալի մէջ ընդգրկւած են նաեւ ճաշարան եւ հիւրանոցը, իսկ 1936 թ. մարտի 8-ին նա «Աշխատանքային պայմանագիր» (Трудовое соглашение) է կնքում Բերիայի անւան Բարձրագոյն կոմունիստական գիւղատնտեսական դպրոցի տնօրէն Ս. Խաչատրեանի հետ, որով պարտաւորւում է վերանախագծել եւ շարունակել այդ շինութեան կենտրոնական մասի եւ աջ թեւի կառուցումը: Այդ շէնքը այժմեան Տէրեան փողոցի վրայ գտնւող Պոլիտեխնիկական ինստիտուտի այժմեան ռեկտորատն է, որը Ա. Թամանեանի յանձնարարութեամբ են սկսել առաջին նախագծային եւ շինարարական աշխատանքները: Ըստ Ճարտարապետ Լ. Դոլուխանեանի այդ շէնքի վերաբերեալ բացի յիշեալ «Աշխատանքային պայմանագրից» որեւէ փաստաթուղթ չի պահպանւել, եւ հեղինակի հարցը մտորումների տեղիք է տալիս:

Հասցրե՞լ է արդեօք, Քաջազնունին իրականացնել այդ պայմանագիրը` մնացել է անյայտ: Միաժամանակ պէտք է նշել, որ Յ. Քաջազնունու կեանքը Խորհրդային Հայաստանում այնքան էլ հեշտ չի անցել: Հայրենիքում նա մշտապէս գտնւել է ՆԿՎԴ-ի գործակալների մշտական հսկողութեան տակ, ենթարկւում զանազան ճնշումների, հասարակութեան կողմից յաճախ մեղադրւում էր իր լոյալութեան համար, պիտակաւորւելով` որպէս «ծպտւած յեղափոխական եւ սաբոտաժնիկ»:

1930 թ. Յ. Քաջազնունին Խորհրդային Հայաստանի 10-ամեակին նւիրւած մի յօդւած է պատրաստում տպագրել (որն այդպէս էլ չի տպագրւում), սակայն այս յօդւածը մեծ աղմուկ է բարձրացնում ուսանողութեան շրջանում, որոնք ծանօթանալով յօդւածի բովանդակութեանը Հայաստանի ինժեներ-տեխնիկների եւ գիւղատնտեսական մասնագէտների համագումարում, դիտարկում են օտար գաղափարախօսութեան առկայութիւն Յ. Քաջազնունու յօդւածի բովանդակութեան մէջ եւ ընդունում պարսաւանքի բանաձեւ: Այդ համագումարում ելոյթ է ունենում ՀԿ(բ)Կ Կենտկոմի 1-ին քարտուղար Ա. Խանջեանը: «Խորհրդային Հայաստան» թերթը անրադառնում է այդ համագումարի եւ Ա. Խանջեանի ճառին: Իր խօսքում Ա. Խանջեանը անրադառնալով Յ. Քաջազնունուն մասնաւորապէս ասում է. «…Քաղաքացի Քաջազնունին, չնայած իր ծերունի հասակին, երիտասարդի պէս ոգեւորւում է մեր շինարարութեամբ, մեր կուլտուրական վերելքով: Սակայն նա եւ նրա նմանները չեն ուզում կամ չեն կարողանում հաշտւել այդ շինարարութեան սոցալիստական իմաստի ու բովանդակութեան հետ, շարունակելով զարդարւած մնալ սոսկ լոյալութեան փետուրներով»: 1931 թ. աշնանը Յ. Քաջազնունին չդիմանալով այդ աննախադէպ քննադատութեանը ու ճնշմանը դուրս է գալիս Շինարարական ինստիտուտից եւ այլեւս գիտա-կրթական գործունէութեամբ չի զբաղւում: Հետաքրքրական է, որ ականատեսնի վկայութեամբ Յ. Քաջազնունին հանդիպում է խնդրում ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ՝ Սահակ Տէր-Գաբրիէլեանի հետ եւ բողոքում, որ իրեն մեղադրում են որպէս հակայեղափախական, «ծպտւած Դաշնակցական, սաբոտաժնիկ եւ անգամ Չեկան ստիպում է մամուլի մէջ դաշնակցութեանը վարկաբեկող յօդւածներ գրել, սակայն նա մերժում է` պատճառաբանելով, որ Դաշնակցութեան մասին իր ասելիքը արդէն ասել է արտասահմանում եւ անգամ խնդրում, որ եթէ իր ներկայութիւնը անբաղձալի է եւ վնասակար է Հայրենիքում, կամ թոյլ տալ վերադառնալ արտասահման, կամ աքսորել Սիբիր: Իհարկէ Քաջազնունուն արտասահման վերադառնալ թոյլ տալ չէր կարող Սահակ Տէր-Գաբրիէլեանը, բայց խոստանում է, որ նման ելոյթներ Քաջազնունու հանդէպ այլեւս չեն լինի: Այս խօսակցութիւնից յետոյ Սահակ Տէր-Գաբրիէլեանը ափսոսանքով ասում է. « Մեր այս յիմար լրբերը փոխանակ գնահատելու եւ օգտւելու այս մեծ մարդուց եւ հայրենասէրից, իրենց ելոյթներով ցոյց են տալիս միայն իրենց տգիտութիւնն ու հոգու փոքրութիւնը»: Բնականաբար, Քաջազնունին ներքուստ վերաիմաստաւորելով իր Խորհրդային Հայաստանի հանդէպ, ընդունում է, որ սխալւել է եւ այդ մասին խոստովանել իր դստեր՝ Մարգարիտայի առջեւ:

1950 թ.-ին Մարգօ Քաջազնունին պատմաբան Դ. Մուրադեանի հետ ունեցած իր անկեղծ զրոյցում վկայել է. «Երբ 1936 թւին՝ Աղասի Խանջեանի սպանութիւնից յետոյ, սկսւեցին զանգւածային բանտարկութիւնները, հայրս խիստ շփոթւել էր եւ տխուր էր: Նա հաւատացած էր, որ իրեն եւս կը բանտարկեն: Մտերիմ ընկերներն ասում էին, որ չպէտք էր գար Հայաստան, բայց հայրս պատասխանում էր՝ պէտք է գայի, բայց այդ գիրքը չպէտք է գրէի: Նա ասում էր՝ ես խիստ զղջում եմ: Խոսակցութեան վերջում Մարգօ Քաջազնունին աւելացրեց. «Հայրս շատ էր ափսոսում, որ գրել է այդ գիրքը»: Վերը յիշատակւած Յ. Քաջազնունու մեղադրական գործի եզրակացութեան ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ 1931 թ. Յ. Քաջազնունու եւ մի խումբ մարդկանց նկատմամբ յարուցւել է քրէական գործ ՀՍՍՀ քրէական օրէնսգրքի 154-րդ յօդւածի համաձայն եւ մեղադրւել անտնտեսվարութեան մէջ, սակայն յանցակազմ չգտնելով 1931 թ. փետրւարի 26-ի որոշումով այդ գործը կարճւում է: 1937 թ. որոշակի դադարից յետոյ Խորհրդային ՆԿՎԴ-ն չէր կարող աննկատ թողնել Յ. Քաջազնունուն: 1937 թ. յուլիսի վերջերին Յ. Քաջազնունին հանգստանում էր Ստեփանաւանում եւ իր աղջկան` Մարգարիտային ուղղւած նամակում յիշատակում է, որ մտադիր է մնալ այնտեղ մինչեւ օգոստոսի 6-ը, սակայն Յ. Քաջազնունու վիճակւած չէր երկար հանգստանալու, քանի որ յուլիսի 28-ին ՆԳ Ժողկոմիսար Խ. Մուղդուսու ստորագրութեամբ տրւում է օրդեր թիւ 6/41 Յ. Քաջազնունու բնակարանը խուզարկելու եւ ձերբակալելու վերաբերեալ: Յուլիսի 29-ին նա Ստեփանաւանում ձերբակալւում է ՀՍՍՀ ՆԿՎԴ-ի կողմից:

Հետաքրքրական է, որ Յ. Քաջազնունու ձերբակալելու եւ մեղադրանք ներկայացնելու հիմք հանդիսացել է նրա որդի Կարէն Քաջազնունու ցուցմունքը-մատնագիրը, որտեղ նա յայտնում է, որ իր հայրը` Յովհաննէս Քաջազնունին հանդիսանում է համոզւած դաշնակցական, «կատարեալ բուրժուաէ, «խորհրդային կառավարութեան թշնամի», բացի դա հիմք է հանդիսացել ձերբակալելու համար որոշ օպերատիւ տւեալները: Ժամանակակիցները, ովքեր եղել են Չեկայի նկուղներում եւ տեսել են Յ. Քաջազնունուն եւ հետագայում հրաշքով կարողացել են դուրս գալ Խորհրդային կայսրութեան սահմաններից պատմել են, որ Յ. Քաջազնունին բանտարկւած է եղել թիւ 17 խցիկում եւ մեղադրւել «լրտեսութեան» մէջ, իբր «գողացել եւ օտար պետութեան է տրամադրել ինչ-որ գծագրեր»: Եւ որպէսզի ստիպեն նրան խոստովանել իր արարքը Քաջազնունին ենթարկւել է զանազան կտտանքների եւ կուրացւել է 3500 մոմանոց էլեկտրական լամպերի միջոցով: Ի հարկէ դժւար է ասել որքանով են համապատասխանում ժամանակակիցների պատմածները, սակայն դրանք հեռու չեն իրականութիւնից եւ բոլշեւիկները ընդունակ էին կտտանքների միջոցով ստանալ իրենց ուզած ցուցմունքը: Իրականութիւնն այն է, որ Յ. Քաջազնունու մեղադրական գործում միակ հարցաքննութիւնը կատարւել է 1937 թ. նոյեմբերի 16-ին: Հարցաքննութեան ժամանակ Յ. Քաջազնունին չի հերքել, որ ինքը մինչեւ Խորհրդային կարգերի հաստատումը վարել է ակտիւ դաշնակցական գործունէութիւն, բայց միաժամանակ նշել, որ Խորհրդային Հայաստան վերադառնալուց յետոյ հակապետական գործունէութեամբ չի զբաղւել: Ընդ որում, առաջադրւած մեղադրանքներում Քաջազնունին իրեն մեղաւոր չի ճանաչել։ Յ. Քաջազնունու մեղադրական գործը 2016 թ. յայտնաբերել է յայտնի պատմաբան՝ Արարատ Յակոբեանը եւ տպագրել «Վէմ» ամսագրի 2016 եւ 2017 թթ. համարներում: Իր յօդւածներում ուսումնասիրելով ողջ արխիւային գործը, պատմաբան Ա. Յակոբեանը գրում է. «Եռեակը 1937 թ. դեկտեմբերի 5-ին մեղադրեալ Յ. Քաջազնունու հանդէպ կայացրել է գնդակահարութեան դատավճիռ՝ անձնական գոյքի բռնագրաւմամբ։ Առողջական խնդիրների պատճառով նա պառկած է եղել Երեւանի բանտային հիւանդանոցում։ Սակայն նախկին վարչապետի առողջական վիճակի հետագայ սրացումը (պաշտօնական վարկածով՝ ծերունական թուլութիւն, տուբերկուլեոզ եւ գրիպ) յանգեցնում է նրան, որ նա մահանում է բանտային հիւանդանոցում 1938 թ. յունւարի 15-ին, 70 տարեկան հասակում։ Հազարաւոր այլ բռնադատւածների հարազատների նման իր հօրը արդարացնելու նպատակով Մարգօ Քաջազնունին 1955 թ. յունիսի 22-ին ընդարձակ, հիմնաւորումներով լի դիմում-հայց է ուղղել Հայկ. ՍՍՌ ՊԱԿ-ի նախագահ Գ. Բադամեանցին, սակայն այն մերժւեց: Արդարացման հարցը յետաձգւեց, եւ ի վերջոյ խնդիրը լուծւեց միայն ԽՍՀՄ փլուզումից եւ Հայաստանի անկախութեան հռչակումից յետոյ։ Անկախ Հայաստանի դատախազութիւնը, ուսումնասիրելով Յ. Քաջազնունու քր. ՀՀ գլխաւոր դատախազ Արտաւազդ Գէորգեանը 1992 թ. դեկտեմբերի 12-ի. «Որոշեց Յովհ. Քաջազնունու նկատմամբ քր. գործը կարճել յանցակազմի բացակայութեան պատճառով, նրան համարել արդարացւած եւ ռեաբիլիտացւած»։

Մինչեւ 1990-ական թւերը թէ´ Մարգարիտային եւ թէ´ հանրութեանը անյայտ էր թէ որտեղ է ամփոփւած Յ. Քաջազնունու աճիւնը: Քաջազնունու մարմինը ամփոփւած է եղել ներկայիս ժամացոյցի գործարանի տարածքում գտնւող «Կոզերէ կոչւող գերեզմանատանը, սակայն այդ տարածքում ժամացոյցի գործարան եւ դպրոցի շէնք կառուցելու նպատակով հողին է հաւասարեցւում ողջ գերեզմանատունը, իսկ Յ. Քաջազնունու եւ միւս երեւելի մարդկանց աճիւնները անհետ կորչում են: Հօր յիշատակը վառ պահելու նպատակով Մարգարիտա Քաջազնունին «Թոխմախեան լճի» գերեզմանատանը Յովհաննէս Քաջազնունու անունով յիշատակաքար է կանգնեցնում:

Անուրանալի է Յովհաննէս Քաջազնունու ծառայութիւնները Հայաստանի Առաջին Հանրապետութեան կերտման գործում, նա իր ողջ գիտակից կեանքը, կարողութիւնը եւ գիտելիքները նւիրեց յանուն Հայաստանի Հանրապետութեան բարօրութեանը:

 

Հայկ Մարտիրոսեան

ԵՊՀ Սփիւռքագիտութեան ամբիոնի ասիստենտ

Յարակից լուրեր

  • Յովհաննէս Քաջազնունու գործունէութիւնն արտասահմանում
    Յովհաննէս Քաջազնունու գործունէութիւնն արտասահմանում

    Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջին շրջանի պատմութիւնը, իր դժւարին, բարդ ու հակասական իրադարձութիւններով հանդերձ, անխզելիօրէն կապւած է Յ. Քաջազնունու անւան հետ: Նա բարձր պետական մտածելակերպի տէր անձնաւորութիւն էր եւ իր վարած խոհեմ, չափաւոր եւ պրագմատիկ քաղաքականութեամբ կարողացաւ զերծ պահել Հայաստանի մանուկ հանրապետութիւնը թուրքերի, վրացիների եւ ադրբեջանցիների քաղաքական թակարդներից, եւ այդ իսկ պատճառով անուրանալի են նրա ծառայութիւնները Հայաստանի Հանրապետութեան կերտման գործում:

  • Հայ քաղաքական մտքի անկեղծ զինուորը՝ Յովհաննէս Քաջազնունի
    Հայ քաղաքական մտքի անկեղծ զինուորը՝ Յովհաննէս Քաջազնունի

    Յովհաննէս Քաջազնունիի մահուան 82-րդ տարելիցն է։ Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջին վարչապետը իր աչքերը փակեց 1938 թուի յունուարի 15-ին բոլշեւիկեան բանտի ծանր պայմաններուն մէջ, հիւանդ եւ անտեսուած։

  • Ազգային եւ պետական մտածելակերպի տէր գործիչը. երէկ Յովհաննէս Քաջազնունու յիշատակի օրն էր
    Ազգային եւ պետական մտածելակերպի տէր գործիչը. երէկ Յովհաննէս Քաջազնունու յիշատակի օրն էր

    Ծաղկեպսակ ու թարմ ծաղիկներ Հայաստանի Առաջին Հանրապետութեան վարչապետ, ճարտարապետ, պրոֆեսոր, քաղաքական, հասարակական գործիչ, ՀՅԴ անդամ Յովհաննէս Քաջազնունու գերեզմանին. ՀՅԴ ներկայացուցիչներն երէկ՝ յունւարի 15-ին, յարգանքի տուրք մատուցեցին 82 տարի առաջ այս օրն իր մահկանացուն կնքած հայորդու յիշատակին:

  • ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի նախաձեռնութեամբ հեռացւեց «Տաշիր պիցցայի» ցուցատախտակը
    ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի նախաձեռնութեամբ հեռացւեց «Տաշիր պիցցայի» ցուցատախտակը

    Հայաստանի Առաջին Հանրապետութեան ոչ միայն հոգեւոր, այլեւ նիւթական ժառանգութիւնը մեզ համար արժէք է, որի պատշաճ խնամքը, արժեւորումն ու փոխանցումը սերունդներին՝ բոլորիս պարտքն է. Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի նախագահ Գեղամ Մուշեղեանը, ով նաեւ շնորհակալութիւն յայտնեց «Տաշիր-պիցցա» սննդի սպասարկման ցանցի տնօրինութեանը՝ իրենց նախաձեռնութեանը ջերմօրէն արձագանքելու եւ «Տաշիր-պիցցայի»՝ Հանրապետութեան 37 հասցէում գտնւող երեւանեան սրահներից մէկի «Տաշիր-պիցցա» վերտառութեամբ ցուցատախտակը հանելու համար:

  • Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 101-ամեակի առթիւ ժողովրդական տօնախմբութիւն՝ Նոր Ջուղայում
    Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 101-ամեակի առթիւ ժողովրդական տօնախմբութիւն՝ Նոր Ջուղայում

    Երեքշաբթի՝ 2019 թւականի մայիսի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում, ժողովրդական տօնախմբութեամբ նշւեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 101-ամեակը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։