Հա

Գաղափարական

16/01/2020 - 10:20

Ազգային եւ պետական մտածելակերպի տէր գործիչը. երէկ Յովհաննէս Քաջազնունու յիշատակի օրն էր

Ծաղկեպսակ ու թարմ ծաղիկներ Հայաստանի Առաջին Հանրապետութեան վարչապետ, ճարտարապետ, պրոֆեսոր, քաղաքական, հասարակական գործիչ, ՀՅԴ անդամ Յովհաննէս Քաջազնունու գերեզմանին. ՀՅԴ ներկայացուցիչներն երէկ՝ յունւարի 15-ին, յարգանքի տուրք մատուցեցին 82 տարի առաջ այս օրն իր մահկանացուն կնքած հայորդու յիշատակին:

«alikonline.ir» - Ծաղկեպսակ ու թարմ ծաղիկներ Հայաստանի Առաջին Հանրապետութեան վարչապետ, ճարտարապետ, պրոֆեսոր, քաղաքական, հասարակական գործիչ, ՀՅԴ անդամ Յովհաննէս Քաջազնունու գերեզմանին. ՀՅԴ ներկայացուցիչներն երէկ՝ յունւարի 15-ին, յարգանքի տուրք մատուցեցին 82 տարի առաջ այս օրն իր մահկանացուն կնքած հայորդու յիշատակին. յայտնում է Yerkir.am-ը:

Ազգային եւ պետական մտածելակերպ ունեցող մարդ ու անհատ, պետական ու քաղաքական, նաեւ արւեստի ու մշակոյթի գործիչ էր Քաջազնունին: Հայաստանի համար ծանր ու բախտորոշ ժամանակաշրջանում՝ 1918 թ.-ին՝ Մայիսեան հերոսամարտերից եւ Հայոց ազգային խորհրդի կողմից Առաջին Հանրապետութեան հռչակումից յետոյ, Քաջազնունին դարձաւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջին վարչապետը:

«Ժողովրդային ղեկավար ու առաջնորդ լինելն էր Քաջազնունու առաջին բնութագիրը: Մարդ, որ իր ամբողջ կեանքն ապրեց ազգային, յեղափոխական, այնուհետեւ նաեւ պետական գործունէութիւն իրականացնելով»,- նշել է ՀՅԴ անդամ, հրապարակախօս Արտաշէս Շահբազեանը:

«Քաջազնունին ոչ միայն հայրենասէր ու նւիրեալ էր, այլեւ ազգային ու պետական շահը անձնականից վեր դասող գործչի վառ օրինակ: Բաւական է նշել մէկ փաստ. նրա երեք որդիները՝ Աշոտը, Արամը, Ռուբէնը մարտնչել են թուրքերի դէմ եւ զոհւել Առաջին Հանրապետութեան շրջանում, այսինքն այն շրջանում, երբ հայրը՝ Յովհաննէս Քաջազնունին, երկրի ղեկավար էր կամ ազդեցիկ դէմքերից մէկը»,- ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

Ջաւախքի Գանձա գիւղում 1868 թ. ծնւած Իգիթխանեան-Քաջազնունին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան ակտիւ անդամ էր: Պապը՝ Տէր-Յովհաննէսը, եղել է Գանձա գիւղի քահանան:

Ա. Շահբազեանը ներկայացրեց Քաջազնունու կարճառոտ կենսագրականը. 1914 թ. աշխատել է Ազգային բիւրոյում, 1918 թ. եղել Անդրկովկասի սէյմի անդամ: Քաջազնունին մասնակցել է Թուրքիայի հետ Տրապիզոնի եւ Բաթումի բանակցութիւններին, Անդրկովկասեան Սէյմում՝ Գեգեչկորիի եւ Չխենկելիի կառավարութիւնների կազմում եղել նախարար: Հայաստանում սկիզբ առած սովի դեմն առնելու նպատակով վարչապետ Քաջազնունին դիմել է դաշնակիցների օգնութեանը՝ ուղեւորւելով Եւրոպա եւ ԱՄՆ: Երկրի վարչապետը կարողացել է լուծել Հայաստանի պարենաւորման հարցը՝ ԱՄՆ-ից մէկ միլիոն 300 հազար փութ ալիւր, մեծ քանակութեամբ հացահատիկ եւ պահածոյ բերելով:

Քաջազնունու համառ ու վճռական քայլերի, տեւական բանակցութիւների արդիւնքում Հայաստանում կանխւել է ոչ միայն սովը, այլեւ՝ համաճարակը:

Խորհրդային կարգերի հաստատումից յետոյ, 1921 թւականից Քաջազնունին գտնւել է վտարանդիութեան մէջ՝ ապաստանել Թեհրանում, Բոմբէյում, Կահիրէյում, Կոստանդնուպոլսում, Բուխարեստում: 1924թ. դիմել է Խորհրդային Հայաստանի կառավարութեանը` հայրենիք վերադառնալու խնդրանքով:

Ցաւօք, հայ քաղաքական մտքի տարեգրութեան մէջ Յովհաննէս Քաջազնունու անունը երբեմն նոյնացւել է ոչ թէ Հայաստանի առաջին հանրապետութեան առաջին վարչապետի՝ աւելի քան պարտաւորեցնող իրողութեան, այլեւ 1923-ին Բուխարեստում հրատարակած «Հ.Յ.Դաշանկցութիւնը անելիք չունի» գրքոյկի հետ։

«Քաջազնունուն կարելի է «մեղադրել» դիւրահաւատութեան մէջ: Նա ասում էր՝ բոլշեւիկներն էլ մարդ են, հայ են՝ ի վերջոյ: Այսօր մենք հակադրութիւն մէջ ենք, վաղն իրենք կը փոխւեն եւ կը դառնան իսկական ազգային իշխանութիւն, եւ վերադառնալով Հայաստան՝ ակտիւօրէն լծւեց պետականաշինութեան գործին»,- փաստեց Արտաշէս Շահբազեանը:

1937 թ. յուլիսի 29-ին Քաջազնունին ձերբակալւեց:

«Տւեալներ կան՝ երկար հարցաքննութիւն են իրականացրել, շատ բարձր լարման լոյսը աչքերի մէջ գցելով, ինչից կուրացել է: Դատավճիռը եւս կայացւած էր՝ մահապատիժ»,- նշեց Ա. Շահբազեանը՝ փաստելով, որ խորհրդային իշխանութիւնները որքան էլ փորձեցին ջնջել Քաջազնունու հետքերը, այդուհանդերձ, ե՛ւ մարդկանց յիշողութեան մէջ, ե՛ւ պատմութեան պահոցներում, ե՛ւ նիւթական յուշարձանների տեսքով ապրեց Քաջազնունին, մինչեւ որ եկան նրան արդարացնելու, նրա վաստակը գնահատելու եւ ըստ պատշաճի արժեւորելու ժամանակները:

«Փաստենք, որ նա ոչ միայն խոշոր պետական գործիչ էր, այլեւ հմուտ ճարտարապետ, ում նախագծած շէնքերն ու պատմաճարտարապետական յուշարձանները զարդարել են Բաքուն, Ալեքսանդրապոլ-Լենինականը եւ այլ քաղաքներ»,- եզրափակեց խօսքը Արտաշէս Շահբազեանը:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրեանը, ով եւս ներկայ էր Երեւանի Կենտրոնական գերեզմանատանը տեղի ունեցած յիշատակի արարողութեանը, փաստեց. «Քաջազնունու նախագծած հոյակերտ շէնքերից մէկն այսօր Գիւմրու կենտրոնում գտնւող յայտնի «Լոդկա» շէնքն է, որն այսօր ներառւած է Գիւմրու պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների ցանկում եւ ծառայում է որպէս ՀԱԷ Շիրակի թեմի առաջնորդարան: Իմ պաշտօնավարման շրջանում մենք նախաձեռնեցինք Քաջազնունու անունը մատնանշող յուշատախտակ փակցնել շէնքի պատին, եւ, չնայած փակցնելու պահին ես արդէն հրաժարական էի ներկայացրել, այդուհանդերձ՝ չափազանց ուրախ եմ, որ մեծավաստակ գործչի պատկառելի աւանդը վերստին արժեւորւեց նաեւ Գիւմրի քաղաքում»: 

Արժեւորո՞ւմ են ներկայ իշխանութիւնները անցեալի մեծերին. յիշատակի արարողութեանը ներկայ ԿԳ նախկին փոխնախարար, ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանը ցաւում է՝ Քաջազնունու կերտած արժէհամակարգի նկատմամբ որեւէ վերաբերմունք այսօրւայ իշխանութիւններից չի զգացել: Ըստ նրա՝ այսօրւայ իշխանութիւնը կարծես մերժում է իրենից առաջ եղած ամէն ինչ, մերժում է ազգայինը, պետականը: Մերժում է ոչ միայն Առաջին, այլեւ նորանկախ Հայաստանի Հանրապետութեան բոլոր ձեռքբերումները:

«Ուրանալով անցեալը, ապագայ կերտել չես կարող: Մարդկանց թւում է, թէ իրենք եկել են հայ ժողովրդի պատմութիւնը մաքուր թղթից սկսելու համար եւ իրենք են առաջինները: Սա, իհարկէ, շատ ցաւալի երեւոյթ է, որովհետեւ եթէ դու անցեալդ չես ճանաչում, չես կարող նաեւ ապագայ ունենալ: Դրա համար մենք այս վայրիվերումների մէջ ենք, այս րոպէի մեր շահը, մեր իշխանութեան, մեր խմբակցութեան կամ կուսակցութեան շահը սա է պահանջում՝ մենք սա կասենք, վաղը դրա հակառակը կասենք: Սա ընդհանրապէս աւելի խորը հարց է, ոչ թէ Քաջազնունուն եւ նրա արժէհամակարգը չգնահատելու, այլ իրենց արժէհամակարգի բացակայութեան խնդիր ունենք մենք»,- նշեց Բագրատ Եսայեանը:

Թէ ինչ արժէհամակարգով է առաջնորդւում այսօրւայ իշխանութիւնը՝ Բագրատ Եսայեանի համար տեսանելի չէ: Նա համոզւած է՝ միայն նախորդ իշխանութեանը մերժելով՝ դու արժէհամակարգ չես ստեղծում:

«Աւելին, մարդիկ ասում են՝ մեր ուժը մեր իզմ-երի բացակայութեան մէջ է, մենք արդէն 3-րդ հազարամեակում ենք՝ 21-րդ դարում, մենք մերժում ենք որեւէ իզմ, չկայ իզմ: Սա մէկ բան է ասում՝ նրանք չունեն գաղափարախօսութիւն, որովհետեւ գաղափարախօսութիւն ունենալն է արժէհամակարգ ենթադրում: Նրանք չունեն արժէհամակարգ, սա իսկապէս ցաւալի է եւ, կարծում եմ, որ լաւ տեղ չի հասցնի»,- ասաց նա:

Օրւայ խորհրդի համատեքստում Բագրատ Եսայեանը ներկայացրեց, թէ ինչ ասել է արժէհամակարգ. «Ես, օրինակ, արժէհամակարգ ասելով հասկանում եմ, թէ ինչպէս է ապրել Քաջազնունին՝ լինելով երկրի առաջին վարչապետը. տղաները զոհւել են հայ-թուրքական պատերազմի ժամանակ, ինքը հնամաշ վերարկուով փողոցներում ման էր գալիս եւ որեւէ անձնական առաւելութեան, շքեղութեան չէր ձգտում: Այսօրւայ իշխանութեան ներկայացուցիչները իշխանութեան գալու առաջին տարում հանդէս գալով բարձարագոչ յայտարարութիւններով՝ թաքուն բարձրացնում են առաջինը իրենց աշխատավարձը եւ բարձրացնում են 2.5-3 անգամ, իջեցնում են իրենց վճարելիք հարկերը: Երբ որ խօսում են նրանք, մի բացատրութիւն ունեն՝ պետական պաշտօնեան պէտք է բարձր աշխատավարձ ստանայ, պէտք է արժանապատիւ ապրի: Իսկ ահա Քաջազնունու ժամանակակիցները մտածում էին ոչ թէ պետական պաշտօնեայի լաւ ապրելու մասին, այլեւ առհասարակ հայ ժողովուրդի ապրելու մասին»:

«Այս անձնազոհութեան գիտակցումը չկայ, այս արժէամակարգը չկայ, այս ողնաշարը չկայ այսօրւայ իշխանութեան մէջ, դրա համար մենք ունենք այսօր խարխափող, դեգերող, չգիտենք որ ուղղութեամբ շարժւող մի իշխանութիւն»,- եզրափակեց Բագրատ Եսայեանը:

Նշենք, որ Յովհաննէս Իգիթխանեան-Քաջազնունու մահապատիժն այդպէս էլ չիրականացւեց, քանի որ նա ծանր հիւանդ էր:

Հայ մեծավաստակ գործիչն իր մահկանացուն կնքեց 1938 թ. յունւարի 15-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։