Հա

Գաղափարական

30/01/2020 - 11:10

Յունւարի 29-ը Արամ Մանուկեանի յիշատակի օրն է

Հայոց բազմադարեայ պատմութեան կերտած բազում մեծերի մէջ ամենամեծերից մէկն է Արամ Մանուկեանը: Քիչ չեն ազատագրական նոր պայքարի եւ հայոց պետականութեան վերականգնման բովում հերոսացածները, բայց նրանց բոլորի թւում առանձնայատուկ է Արամը, որպէս նոր պետականութեան հիմնադրի կերպարը առաւել չափով մարմնաւորող գործիչ:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգիի սենեակը եւ խօսեցէք ձեր խղճի հետ եւ ըսէք, արդեօք աշխատէ՞ր էք հայ ժողովրդի համար, ինչպէս Արամը, եղէ՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամ, տվէ՞ր էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը:

Նիկոլ Աղբալեան

 

Հայոց բազմադարեայ պատմութեան կերտած բազում մեծերի մէջ ամենամեծերից մէկն է Արամ Մանուկեանը: Քիչ չեն ազատագրական նոր պայքարի եւ հայոց պետականութեան վերականգնման բովում հերոսացածները, բայց նրանց բոլորի թւում առանձնայատուկ է Արամը, որպէս նոր պետականութեան հիմնադրի կերպարը առաւել չափով մարմնաւորող գործիչ:

19-րդ դարի վերջին տասնամեակներին թափ առած ազգային ազատագրական պայքարի գործիչներն ու գաղափարախօսները, փայփայելով հայրենիքի ազատագրութեան տեսլականը, այդ ազատագրութիւնը տեսնում էին տասնամեակների մշուշոտ հեռուներում: Բայց արդէն 20-երորդ դարասկզբին, ասպարէզ իջաւ ազատագրական պայքարի նոր սերունդը, որի տենչանքը դարձաւ Հայաստան պետութիւնը յիշողութիւնից իրականութիւն վերադարձնելու գաղափարը: Անկախ պետականութեան վերականգնման նպատակը այն միջոցն էր, որը կարող էր երաշխաւորել ազգի ֆիզիկական գոյութիւնը եւ յաւերժութիւնը:

Այդ մտասեւեռումը ապրում էր Արամի մէջ ու դրսեւորւել է նրա ողջ գործունէութեան ընթացքում:

Նրա գործունէութիւնը սկսւել է շատ վաղ, դեռեւս աշակերտական տարիներից, երբ Շուշիի հայրենասէր ու ըմբոստ թեմականների շարքում, Սարգիս Յովհաննիսեան ապագայ Արամ Մանուկեանը տարւել էր ազգային-հասարակական գործունէութեամբ: Այդ շրջանից սկսած եւ իր ապրած հետագայ ողջ կեանքի ընթացքում, որտեղ էլ որ գտնւել է, ինչ պատասխանատւութիւններ էլ որ ստանձնել է, Արամը եղել է իրադարձութիւնների կենտրոնում՝ նախաձեռնութիւնների կազմակերպիչն ու գործերի ղեկավարը:

Գործունէութեան առաջին իսկ օրերից դրսեւորել է առջեւից գնացող առաջնորդողի ձիրք, եւ պատասխանատւութիւն ստանձնողի համարձակութիւն:

Կարելի է մտովի անցնել Արամի ապրած փոթորկոտ կեանքի ճանապարհով եւ տեսնել, որ Շուշիից՝ Բաքու, Բաքւից՝ Կարս, Կարսից՝ Վան եւ վերջապէս Երեւանով աւարտւող կարեւոր բոլոր հանգրւաններում, նրան միշտ վստահւել են պատասխանատու աշխատանքներ եւ նրա մասնակցութեամբ իրագործւած ծրագրերը ունեցել են արդիւնաւէտ ընթացք ու շօշափելի յաջողութիւններ: Օժտւած լինելով ղեկավարի բնածին ունակութիւններով, երկու ոտքով կանգնած լինելով Դաշնակցութեան գաղափարա-քաղաքական հիմքի վրայ, Արամը փորձել է առանց խտրականութեան եւ յաւակնոտութեան շուրջը համախմբել ազգի կարող ուժերին՝ լինել շրջահայեաց ու համբերատար, զերծ մնալ մանր կրքերից, դրսեւորել նրբանկատութիւն ու ճկունութիւն՝ համատեղւած ներուժով կարեւորագոյն խնդիրներին լուծում բերելու համար: Միաժամանակ Արամը երկաթեայ կամքով ու վճռականութեամբ օժտւած առաջնորդ էր:

Առասպելական հաւատ ու կամք պէտք է ամփոփւած լինի մէկ մարդու մէջ կարողանալու համար ամենօրեայ զրկանքների, առողջական խնդիրների, վտանգների, եւ ազգի գլխին կախւած ահագնացող աղէտի պայմաններում չյուսահատւել, չընկրկել, եւ շարունակել գործը, որին զինւորագրւել ես:

Վկայաբերենք մէկ օրինակ իր յուշերից: 1905-1907 թւականներին Վանում ծաւալած գործունէութեան ընթացքում նա իր ընկերների հետ հարկադրւած է եղել ամէն օր, իսկ երբեմն էլ օրը մի քանի անգամ փոխել կեցավայրը: Ցերեկները թաքնւել, իսկ գիշերները զբաղւել յեղափոխական գործունէութեամբ: Քաղցած մնալ, եթէ նոր թաքստոցի տէրերը չեն կերակրի եւ կարողանալ փախչել, երբ յաճախ յօդացաւը թոյլ չի տւել ինքնուրոյն շարժվել տեղից: Ճանաչւած լինել, եւ իմանալ, որ թուրքական ուժերի հետապնդման թիրախում ես, բանտարկւել եւ համոզւած լինել, որ մահւան հեռանկարի առջեւ ես:

Հայրենի պետականութեան վերականգնման ձգտումը Արամի մէջ էր եւ նա փորձեց իրագործել այդ նպատակը դեռեւս Վանում, երբ գործողութեան մէջ էր ցեղասպանութեան ծրագիրը:

1915 թւականի մայիսի 7-ին ստանձնելով Վան Վասպուրականի ժամանակաւոր նահանգապետի պաշտօնը Արամը ձեռնամուխ եղաւ պետական կառոյցների ձեւաւորմանը, ժողովրդի խարխլւած կեանքի կազմակերպմանը:

Նիկոլայ երկրորդին յղւած հեռագրում նա Վանը անւանում է Հայաստանի մայրաքաղաք եւ խնդրում է ցարին, իրենց ընդունել ռուսական հովանու ներքոյ, որպէս ինքնավար Հայաստան:

Դժբախտաբար օտարի ձեռքով բերւած ազատութիւնը երկար չէր կարող գոյատեւել եւ երկրորդ անգամ նա անկախ Հայաստանի ստեղծումը պիտի նախաձեռնէր Երեւանում՝ եւ արդէն սեփական ուժերին ապաւինելով:

1917 թւականի դեկտեմբերի 18-ին հանդէս գալով Երեւանի Հայոց Ազգային խորհրդի նիստում նա ասում է. «Ամէն ոք իր մասին է մտածում. Իր երկրի սահմաններից այն կողմ եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Եթէ ընդհանուր ուժերով ճակատ պահելու խօսք էլ է լինում, դա լոկ խօսք է՝ զուրկ իրական հիմքից եւ անկեղծութիւնից: Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում, շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:

Պատահական չէ, որ Հայոց ազգային կենտրոնական խորհուրդը 17 թւականի դեկտեմբերին հէնց Արամին գործուղեց Երեւան: Ռուսաստանում բոլշեւիկեան յեղափոխութիւնից յետոյ եւ ռուսական զօրքերի կողմից թուրքական ճակատը լքելու պայմաններում Անդրկովկասում պետական իշխանութիւնը փաստացի փլուզւել էր: Արեւելահայութիւնը եւս յայտնւել էր տագնապի ու յուսալքութեան մէջ, լկտիացել էր ներքին թշնամին, իրական էր թուրքական զօրքերի Կովկաս առաջխաղացման վտանգը:

Այս անձեւ քաոսի պայմաններում, ինչպէս գրում է ժամանակի գործիչներից Արշալոյս Աստւածատրեանը. «Ազգային խորհուրդը 1917 թւին հեռատեսութիւն ունեցաւ եւ Երեւան ուղարկեց շատ պատասխանատու գործով Արամին՝ աչքի առաջ ունենալով նրա գործ կազմակերպելու եւ այն վարելու բացառիկ կարողութիւնները՝ բացառիկ ծանր պայմաններում»:

Արժեւորելով 1918 թւականի մայիսեան յաղթանակները, անհրաժեշտ է փաստել, որ այդ ամէնի իրագործումը անհնարին էր լինելու, եթէ Արամի գլխաւորութեամբ չյաջողւէր նախապէս ստեղծել զինւորական միաւորումներ, ամէն տեսակի օգնութիւններ հասցնել ճակատ, խաղաղեցնել երկրի ներսում ընդհարումներ եւ խափանարարութիւն ձեռնարկող թուրք-թաթարական խաժամուժին, չնախաձեռնւէր պետական կառոյցների ձեւաւորումը, լուծում չտրւէր ժողովրդի բազում կարիքներին եւ թերեւս ամենակարեւորը՝ իր անչափելի եռանդով, վճռականութեամբ, եւ հաւատի ու լաւատեսութեան ուժով Արամը չվարակէր եւ պայքարի չմղէր, բարոյալքւած, հուսահատութեան մատնւած զանգւածներին:

Հերոսամարտերի նախօրեակին նոյնիսկ զինւորական ու քաղաքացիական ղեկավարներ չէին հաւատում, թէ Երեւանից ոչ հեռու, կարելի է բացճակատ դուրս գալ թուրքական կանոնաւոր զօրամիավորումների դէմ:

Մայիսի 19-ին երեկոյեան, Ազգային խորհրդի նիստում հարց բարձրացւեց Երեւանը յանձնելու եւ դէպի նոր Բայազէտի լեռները քաշւելու մասին, բայց Արամի անքննելի վճիռն էր. «Ոչ մի նահանջ, ոչ մի գծի վրայ: Նահանջ Երեւանից՝ կը նշանակէ խաչ քաշել մեր ամբողջ գործունէութեան եւ մեր ապագայ քաղաքական մուրազներուն վրայ, բոլորդ պիտի մնաք եւ մեռնիք: Երեւանը չենք դատարկի, եւ պէտք է կռւենք, դիմադրենք թշնամուն մինչեւ վերջին մեր կաթիլ արիւնը, մինչեւ վերջին գնդակը»:

Դիմելով Երեւանի Ազգային խորհրդի առջեւ խռնւած բազմահազար ժողովրդին ու զինւորականութեանը, ովքեր պարտւողական տրամադրութեամբ համակւած չէին ցանկանում ճակատ մեկնել Արամը ասում է. «Կամ այստեղ ինձ կը խփէք կամ բոլորդ կը գնաք կռւի դաշտ»:

Արամը կարողացաւ կամք պարտադրել բոլոր յոռետեսներին եւ մղել պայքարի:

Օրւայ յայտնի գործիչներից Սարգիս Օհանջանեանը այդ օրերին ասել է. «Արամն է, որ լուսաւորում է բոլորիս ճամբան, եւ քանի նա կայ, կասկած չունեմ, որ յաջողելու ենք եւ լոյս աշխարհ ենք դուրս գալու այս խոր Վիրապից»:

Հայաստանի անկախացումից յետոյ ստանձնելով ներքին գործոց նախարարարի պաշտօնը, Արամը փաստացի դառնում է գլխաւոր դերակատար, որը ոչ միայն երկրի ներքին անվտանգութեան խնդիրներով էր զբաղւում, այլ ըստ էութեան զբաղւում էր ամէն տեսակի գործերով: Հէնց նրա նախարար եղած ժամանակ էր, որ հիմնականում լուծւեց Հայաստանի անվտանգ ապագայի հարցը՝ երկիրը մաքրագործւեց թշնամական հինգերորդ շարասիւնից ու հայացաւ:
Դժւարին, ինքնամոռաց կեանքը ժամանակից շուտ հիւծեց եւ մահւան դուռը հասցրեց մեծ գործչին, ում գոյութիւնը առանցքային նշանակութիւն ունէր, բազում փորձութիւններ դիմագրաւող, նոր ձեւաւորւող պետութեան համար:

Անիրական, մեր օրերի արժեչափերով աւելի շուտ հեքիաթ է թւում այն իրողութիւնը, որ երկրի առաջին դէմքը հէնց իր համեստ ու խստակենցաղ ապրելակերպով դատապարտեց իրեն մահւան: Ծանր հիւանդ ժամանակ անգամ նա հրաժարւում է իր համար հայթայթւած դեղից, առաջարկելով, որ այն տրամադրւի որեւէ գաղթականի:

Արամ Մանուկեանի կեանքը վաղուց պատմութիւն է դարձել, բայց նրա ապրածը ազգային հպարտութեան աղբիւր եւ դաս է սերունդների համար:

Այսօրւայ սերունդները պէտք է լաւ հասկանան, որ չեն ունենալու նւիրեալ իշխանութեամբ հզօրացող պետութիւն մինչեւ սեփական մաշկի պէս տէրը չդառնան սեփական անցեալին եւ այդ անցեալի հերոսական էջերը կերտած նւիրեալների մտածողութեանը:

 

Arfd.am

Յարակից լուրեր

  • Համաճարակւածները
    Համաճարակւածները

    Ամենահաս համաճարակը բացայայտում է ժամանակակից աշխարհի իրական էութիւնը: Ամէնից առաջ ակնառու է դառնում, թէ որքան փոքրացած է աշխարհը եւ փոխկապակցւած: Եթէ ամազոնեան անտառների եւ Աւստրալիա մայրցամաքի հրդեհները բաւարար չէին համոզւելու համար, որ մեծ աղէտները երկրագնդի որ անկիւնն էլ պատուհասեն, ուղղակիօրէն առնչւում են մեզ, ապա նորայայտ գրիպը ամերիկեան ֆանտաստիկ ֆիլմի աշխարհակործան հրէշի պէս փաստում է մարդկութեան շաղկապւածութիւնը ճակատագրով:

  • Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր՝ Արամ Մանուկեանի ծննդեան օրն է
    Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր՝ Արամ Մանուկեանի ծննդեան օրն է

    1879 թ. մարտի 19-ին ազատ, հպարտ ու անպարտ Արցախի Շուշի քաղաքում ծնւեց Արամ Մանուկեանը (ծննդեան անւամբ Սարգիս Յարութիւնի Յովհաննիսեան)՝ մի մարդ, ով իրականութիւն էր դարձնելու անկախ պետականութեան վերականգնման հայ ժողովրդի բազմադարեան իղձը՝ հիմք դնելով Հայաստանի Առաջին Հանրապետութեանը:

  • «Վարչապետի պատկերացումների շրջանակը սուպերմարկետներից այն կողմ չի անցնում, դարդ ու ցաւը դարձեալ ռէյտինգն է». Շահբազեան
    «Վարչապետի պատկերացումների շրջանակը սուպերմարկետներից այն կողմ չի անցնում, դարդ ու ցաւը դարձեալ ռէյտինգն է». Շահբազեան

    ՀՅԴ անդամ Արտաշէս Շահբազեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երէկ՝ խորհրդարանում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հարցուպատասխանին:

  • Համարձակւում եմ չհաւատալ ձեր անկեղծութեանը
    Համարձակւում եմ չհաւատալ ձեր անկեղծութեանը

    Առիթ ունեցայ ուշացումով ընթերցելու «Ասպարէզ» թերթի փետրւարի 25-ի համարում Ռազմիկ Շիրինեանի հրապարակած «Քաղաքական զարգացման հրամայականը» յօդւածը: «Ուշացումով» ընթերցելը կարեւոր փաստարկ էր չարձագանքելու գրւածին, մանաւանդ ամէն բանի չէ, որ առհասարակ արձագանքելու անհրաժեշտութիւն կայ, միւս կողմից, երբեմն չպատասխանելը «դատավճիռ կայացնողների» մօտ տպաւորութիւն է ստեղծում, թէ այնքան անհերքելի ճշմարտություններ են բացահայտել, որ դիմացինները հակափաստարկ չունենալով պապանձւել են: 

  • ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներն այցելեցին Արամ Մանուկեանի յուշարձանին
    ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներն այցելեցին Արամ Մանուկեանի յուշարձանին

    Երէկ յունւարի 29-ին՝ Մեծանուն պետական գործչի՝ Արամ Մանուկեանի յիշատակի օրւայ կապակցութեամբ նրա յուշարձանին ծաղիկներ խոնարհեցին ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։