Հա

Գաղափարական

06/02/2020 - 12:30

Յովհաննէս Քաջազնունու գործունէութիւնն արտասահմանում

Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջին շրջանի պատմութիւնը, իր դժւարին, բարդ ու հակասական իրադարձութիւններով հանդերձ, անխզելիօրէն կապւած է Յ. Քաջազնունու անւան հետ: Նա բարձր պետական մտածելակերպի տէր անձնաւորութիւն էր եւ իր վարած խոհեմ, չափաւոր եւ պրագմատիկ քաղաքականութեամբ կարողացաւ զերծ պահել Հայաստանի մանուկ հանրապետութիւնը թուրքերի, վրացիների եւ ադրբեջանցիների քաղաքական թակարդներից, եւ այդ իսկ պատճառով անուրանալի են նրա ծառայութիւնները Հայաստանի Հանրապետութեան կերտման գործում:

Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջին շրջանի պատմութիւնը, իր դժւարին, բարդ ու հակասական իրադարձութիւններով հանդերձ, անխզելիօրէն կապւած է Յ. Քաջազնունու անւան հետ: Նա բարձր պետական մտածելակերպի տէր անձնաւորութիւն էր եւ իր վարած խոհեմ, չափաւոր եւ պրագմատիկ քաղաքականութեամբ կարողացաւ զերծ պահել Հայաստանի մանուկ հանրապետութիւնը թուրքերի, վրացիների եւ ադրբեջանցիների քաղաքական թակարդներից, եւ այդ իսկ պատճառով անուրանալի են նրա ծառայութիւնները Հայաստանի Հանրապետութեան կերտման գործում: 1918 թ. յունիսից մինչեւ 1919 թ. մայիսն ընկած ժամանակահատւածում հէնց Յ. Քաջազնունուն էր վիճակւած մասնակցել Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ կառավարութեան ձեւաւորման աշխատանքներին: Եւ պատահական չէր, որ Յ. Քաջազնունու կառավարութիւնն էր, որ դրեց պետութեան հիմքերը, ստեղծեց պետական մեքենայ, բանակ, դատարան, խորհրդարան եւ դուրս բերեց երկիրը քաղաքական ճգնաժամից եւ հայ քաղաքական իրականութեան մէջ առաջինը ստեղծեց Հայ Ժողովրդական կուսակցութեան (ՀԺԿ) հետ կոլաիցիոն կառավարութիւն: Նրա կառավարութեանն էր վիճակւած պատերազմ մղել վրացիների դէմ եւ թոյլ չտալ երկիրը բզկտել թշնամաբար տրամադրւած զաւթիչ հարեւաններից: Եւ վերջապէս, նրա կառավարութեանն էր վիճակւած երկրում մոլեգնող սովի եւ տիֆի դէմ պայքարելը եւ դիմակայելը, երբ օրական հազարաւոր հայ գաղթականներ էին մահանում սովից, ցրտից եւ համաճարակներից: Այնուամենայնիւ Յ. Քաջազնունուն վիճակւած չէր երկար մնալ վարչապետի պաշտօնում: Երկրի սոցիալ-տնտեսական ծանրագոյն վիճակը, 1918-19 թթ. սոսկալի ձմեռը, վրաց-հայկական պատերազմը եւ դրա հետեւանքով առաջացած շրջափակումը բացասաբար անդրադարձան Յ. Քաջազնունու դիրքի եւ հեղինակութեան վրայ: Յ. Քաջազնունու վարած մեղմ եւ լոյալ արտաքին ու ներքին քաղաքականութիւնից գլխաւոր դժգոհութիւնը արտայայտում էր ՀՅԴ արմատական թեւը` յանձինս Ռ. Տէր-Մինասեանի, Ա. Ջամալեանի եւ Ա. Բաբալեանի: Դժգոհ էին նաեւ «ձախ» խմբակցութիւնները: Խորհրդի յունւարի 25-ի նիստում «ձախերը» բանաձեւ ներկայացրին Քաջազնունու խառը կաբինետին անվստահութիւն յայտնելու մասին: Նրանք պահանջում էին փոխել կառավարութեան կոշտ քաղաքականութիւնը հարեւանների եւ ներքին թուրքերի նկատմամբ, վարել աւելի մեղմ ու զիջող քաղաքականութիւն: Սակայն բանաձեւը մերժւեց ՀՅԴ եւ ՀԺԿ գերակշիռ ձայներով (1): Հաշւի առնելով այս իրավիճակը, ինչպէս նաեւ երկրի սոցիալ-տնտեսական ծանր դրութիւնը, հայ-վրացական պատերազմի հետեւանքով առաջացած շրջափակումը՝ 1919 թ. յունւարի 27-ին Հայաստանի կառավարութիւնը, քննարկելով «մինիստր-նախագահի զեկուցումը օրինագիծը Եւրոպա եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներ մինիստր-նախագահի գլխաւորութեամբ պատւիրակութիւն ուղարկելու մասին», որոշեց «օրինագծին հաւանութիւն տալ եւ ներկայացնել Հայաստանի խորհրդին` ի հաստատութիւն, յայտնելով շտապողականութիւն» (2): Հայաստանի խորհուրդը 1919 թ. փետրւարի 4-ի նիստում որոշեց հանրապետութեան վարչապետ Յ. Քաջազնունուն գործուղել Եւրոպա եւ Ամերիկայ` համաձայնութեան (Անտանտի) պետութիւններից եւ ԱՄՆ-ից խնդրելու օգնութիւն` պարէն եւ առաջին անհրաժեշտութեան ապրանքներ: Գործուղման ծախսերի համար յատկացւեց 550 հազ. ռուբլի (3):

Փետրւարի 13-ի լրացուցիչ օրէնքով մինիստր-նախագահ Յ. Քաջազնունուն իրաւունք տրւեց Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան անունից ստորագրել «ամէն տեսակ պայմաններ, պայմանագրեր, պարտաւորութիւններ, վարկային գործողութիւններ ու գործարքներ եւ այլ ակտեր, որոնք առնչւում են փետրւարի 4-ի օրէնքով նրա վրայ դրւած առաքելութեան կատարման հետ, այլ անձանց վերավստահելու իրաւունքով» (4): Վերը նշեցինք, որ Քաջազնունուն արտասահման գործուղելու գործում կային քաղաքական մոտիւներ. ՀՅԴ կուսակցութեան արմատական թեւին այնքան էլ դուր չէր գալիս վարչապետի վարած լոյալ ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը: Քաջազնունին աշխատում էր կուսակցութեանը հեռու պահել պետական կառավարման գործերին խառնւելուց: Այդ իսկ պատճառով էլ արտասահման գործուղելը դարձաւ պատրւակ նրան հեռացնելու կառավարութեան գործնական ղեկավարի պաշտօնից: Այդ մասին իր յուշերում Ռուբէն Տէր-Մինասեանը անթաքոյց գրում է. «1919-ից, Հայաստանի փաստական վարչապետը պիտի համարել Խատիսեանին, որ փոխարինեց Քաջազնունուն, նախ լինելով նրա տեղապահը նրա բացակայութեան ժամանակ: Քաջազնունու այս բացակայութիւնը-ըստ էութեան հեռացումը-կը նշանակէր Դաշնակցութեան ազդեցութեան ուժեղացումը» (5): Փաստացի ՀՅԴ կուսակցութեան մէջ տեղի էր ունենում երկու թեւերի պայքար: Այդ մասին Ռուբէնը իր յուշերում գրում է. «Գերազանցօրէն յեղափոխական այդ վայրկեաններում, մեր կուսակցութեան ծոցում իսկ սկսուած էին «պետական հասկացողութեան» մարմաջները: Այս հոսանքին գլուխը կանգնած Քաջազնունին, որի ոյժը եւ կարողութիւնը աւելի իր սպիտակ մօրուքի եւ մազերի մէջն էր քան ուղեղի եւ սրտի, ձգտում ունէր կղզիացնել Դաշնակցութիւնը, պետական ուժի վրայ միայն յենուիլ ու նրանից միայն մտաւոր եւ բարոյական սնունդ ստանալ-մի ոյժ, որը գոյութիւն չունէր եւ դեռ երկար ժամանակ էր հարկաւոր որ ստեղծուէր» (6): «Միւս հոսանքը դա ՀՅԴ Բիւրոն էր,- գրում է պատմաբան Ռիչարդ Յովհաննիսեանը,- նրանք շեշտը դնում էին «յեղափոխական» գործունէութեան եւ կարգուկանոնի վրայ եւ պնդում էին, որ կառավարութեան մէջ ծառայող բոլոր անդամները ենթարկվեն Բիւրոյի թելադրանքին: Ջղագրգիռ արտայայտւելով պետական պաշտօններ գրաւող որոշ դաշնակցականների պահպանողականութեան դէմ, նրանք դժգոհում էին, որ դահլիճի ղեկավարները, մասնաւորապէս վարչապետ Քաջազնունին, լքել են իրենց յեղափոխական ժառանգութիւնը, վարկաբեկել ե´ւ իրենց, ե´ւ իրենց կուսակցութիւնը` չափից դուրս սիրախաղ անելով հայ բուրժուազիայի հետ» (7):

Իհարկէ, ՀՅԴ-ի մէջ ծագող ճգնաժամը հազւադէպ էր բացայայտ պոռթկում, այն յաճախ հանդարտեցւում էր ներկուսակցական շրջանակներում կամ օրէնսդիր մարմնի դաշնակցական ֆրակցիայի փակ դռների յետեւում` գաղտնի խորհրդակցութիւնների ժամանակ: Տւեալ պարագայում Յ. Քաջազնունու գլխաւորած չափաւոր պահպանողական թեւը, որը կողմնակից էր երկիրը կառավարել օրէնքներով ու իրաւական նորմերով, պարտւեց: 1919 թ. փետրւարի 15-ին Յ. Քաջազնունին մեկնեց Թիֆլիս` այնտեղից արտասահման ուղեւորւելու համար (8): Վրաստանում անգլիական ներկայացուցչութեան միջոցով համապատասխան դիմում յղւեց Անգլիայի կառավարութեանը ճանապարհորդութեան համար պահանջւող փաստաթղթեր ստանալու համար, սակայն պատասխանը ձգձգւեց: Ինչպէս յետոյ պարզւեց, բարդութիւնների առաջացման պատճառը Ս. Վրացեանի հանդէպ եղած կասկածներն էին: Լինելով Յ. Քաջազնունու գլխաւորած պատւիրակութեան անդամ, ինչպէս նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ իբրեւ ձախ համոզմունքների տէր դաշնակցական՝ նա համարւեց անցանկալի անձ անգլիացիների համար: Յ. Քաջազնունին, խիստ վրդովւած անգլիացիների նման պահւածքից եւ չուզենալով ուղեւորւել առանց Ս. Վրացեանի, վերադառնում է Երեւան: Ընդհանրապէս Յ. Քաջազնունու պատւիրակութեան ուղեւորութեան ամսաթւի թւագրութեան վերաբերեալ պատմագրութեան մէջ կան որոշակի անճշտութիւններ: Ս. Վրացեանը յիշատակում է, որ Յ. Քաջազնունին Թիֆլիսից Երեւան վերադարձաւ ապրիլի 2-ին, ստանձնեց վարչապետի պաշտօնը եւ միայն ապրիլի 16-ին մեկնեց արտասահման (9): Նոյն միտքը կրկնում է նաեւ պատմաբան Ռիչարդ Յովհաննիսեանը (10): Իսկ ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնեանը այս առթիւ գրում է. «Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը Յովհ. Քաջազնունուն ուղարկում է Միացեալ Նահանգներ` ռազմական պիտոյքների գնումներ կատարելու համար: Սա նրա երկրորդ ուղեւորութիւնն էր 1919 թւականի ընթացքում: Հայաստանում ծայր առած սովի առաջն առնելու համար դեռ տարեսկզբին ՀՀ կառավարութիւնը որոշել էր վարչապետ Յովհ. Քաջազնունու գլխաւորութեամբ մի պատւիրակութիւն ուղարկել Եւրոպա եւ Ամերիկա` օգնութեան կարգով հացահատիկ բերելու համար: Ապրիլի կէսերին Յովհ. Քաջազնունու պատւիրակութիւնը, որի մէջ էին մտնում ելեմտական նախարար Ա. Էնֆիաջեանը, գիւղատնտես Յ. Փիրալեանը եւ սպա Ս. Մելիքխանեանը (պէտք է լինի սպա Սուրէն Մելիքեան- Հ. Մ.), մեկնեց արտասահման» (11): Մէկ այլ պատմաբան՝ Գեղամ Պետրոսեանը, Յ. Քաջազնունու պատւիրակութեան մեկնումը թվւագրում է 1919 թ. մայիսի 29-ին (12): Իրականութիւնն այն էր, որ Յ. Քաջազնունին չէր կարող մինչեւ ապրիլի 2-ը մնալ Թիֆլիսում, քանի որ նա Երեւանում մարտի 28-ին հանդիպում է անգլիական գեներալ Թոմսոնի հետ, իսկ ապրիլի 1-ին մասնակցում է մինիստրների-խորհրդի նիստին, որտեղ հանդէս է գալիս զեկոյցով (13): Յ. Քաջազնունին Երեւան է վերադարձել աւելի վաղ, նա շատ վրդովւած էր, որ Թիֆլիսում նստած անգլիական դիւանագիտական ներկայացուցիչն է որոշում ինքնիշխան երկրի վարչապետի՝ մէկ այլ երկիր մեկնելու կամ չմեկնելու հարցերը: 1919 թ. ապրիլի 2-ին Կ. Պոլսի բրիտանական գլխաւոր շտաբ-բնակարանից հեռագրում են, որ Յ. Քաջազնունու եւ նրա միսիայի ուղեւորութեան թոյլտւութեան հարցը յանձնւած է Լոնդոն՝ արտաքին գործերի նախարարութեանը: Միաժամանակ թոյլտւութիւն է տրւում Յ. Քաջազնունուն եւ նրան ուղեկցող անձանց անցնել Կ. Պոլիս այն պայմանով, որ պաշտօնական թոյլտւութիւն չստանալու դէպքում նրանք պէտք է վերադառնան Կովկաս, սակայն Քաջազնունին նպատակայարմար չհամարելով գնալ Կ. Պոլիս վերադառնում է Երեւան (14): 1919 թ. փետրւարի 28-ին խորհրդարանում տեղի ունեցաւ մի միջադէպ, որը երկրում աւելի խորացրեց քաղաքական ճգնաժամը: Այս մասին պատմաբան Արարատ Յակոբեանը գրում է. «Այդ օրը քւորում չլինելու պատճառով խորհրդարանի հերթական նիստը չկայացաւ: Սակայն Էսէռների (սոցիալիստ-յեղափախականներ-Հ.Մ.) առաջարկով ընդդիմութիւնը որոշեց հրաւիրել մասնաւոր խորհրդակցութիւնն: Տեղեկանալով այդ մասին խորհրդարանի դահլիճում գտնւող հասարակայնութեան ներկայացուցիչները սպառնալիքների եւ ուժի գործադրման միջոցով ձախողում են խորհրդակցութեան կայացում (15): Եւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ երկրում չեն վարչապետ Քաջազնունին եւ խորհրդարանի նախագահ Աւետիք Սահակեանը, բժշ. Արտաշէս Բաբալեանի գլխաւորած ամբոխը՝ «Չե´նք ուզում այսպիսի խորհրդարան», «Մենք պահանջում ենք ընտրովի խորհրդարան», «Դո´ւրս ինքնակոչ պատգամաւորներ» բացականչութիւններով մտնում են խորհրդարան եւ ձախողում խորհրդարանի աշխատանքը՝ փաստացի ցրելով այն: Ընդդիմադիր մամուլը յայտնում է, որ խորհրդարանի փոխնախագահ, Էսեռ Դ. Զուբեանը ուժով հեռացւում է ամբիոնից եւ երկու կողմնակի անձնաւորութիւններ, նոյնիսկ, մաուզեր են հանել, լիցքաւորել ու պահել նրա վրայ: Մի քանի պատգամաւորների միջամտութիւնից յետոյ կրքերը հանդարտւում են եւ գրգռւած հասարակութիւնը ցրւում է: Սրանով էլ աւարտւում է խորհրդարանր փետրւարեան միջադէպը (16): Այս միջադեպից յետոյ խորհրդարանը կանոնաւոր աշխատանք չունեցաւ եւ այդ իսկ պատճառով 1919 թ. ապրիլի 27-ին խորհուրդն օրէնք ընդունեց՝ իր աշխատանքները մէկ ամսով դադարեցնելու եւ այդ ընթացքում խորհրդարանի իրաւունքները կառավարութեանը յանձնելու մասին: Ինչպէս ճիշտ նկատել է պատմաբան Ռիչարդ Յովհաննիսեանը, այս քայլը, անկասկած, գոհացրեց նրանց, ովքեր երազում էին Հայաստանը տեսնել որպէս կենտրոնացւած ուժեղ իշխանութիւն: Փաստօրէն, այն վերջ դրեց խորհրդի գործունէութեանը (17): Իսկ աւելի ճիշտ, ՀՅԴ-ի ներսում վերջնական յաղթանակեց «յեղափոխական» թեւը: Այս միջադէպից յետոյ Յ. Քաջազնունին, որն արդէն Թիֆլիսից վերադառնալուց յետոյ նորից ստանձնել էր վարչապետի պաշտօնը, Հայաստանի խորհրդի ապրիլի 11-ի նիստում ներկայացնում է իր հրաժարականը, սակայն 27 դէմ, 8 կողմ քւէարկութեան արդիւնքով մերժւում է նրա հրաժարականի դիմումը եւ որոշւում է նրան տալ արձակուրդ հանգստանալու համար երկարատեւ ժամանակով (18)։ Մի քանի օր անց մինիստրներ-խորհրդի ապրիլի 13-ի նիստում մինիստր-նախագահ Յ. Քաջազնունին զեկուցում է այն մասին, որ ինքը մտադիր է արձակուրդ վերցնել 2 ամսով, իսկ իբրեւ տեղակալ առաջարկել Հայաստանի խորհրդին նշանակել Ալ. Խատիսեանին: Խորհուրդը Յ. Քաջազնունու առաջարկը ընդունում է ի գիտութիւն (19): Հայաստանի կառավարութիւնը Քաջազնունու պատւիրակութեան ուղեւորութեան խնդրին նորից անդրադարձաւ 1919 թ. մայիսին: Մայիսի 7-ին քննարկւեցին Փարիզում գործող Հայաստանի պետական պատւիրակութեան ղեկավար Աւետիս Ահարոնեանից ստացւած ապրիլի 22-ի եւ 27-ի հեռագրերը (որոնք վերաբերում էին Յ. Քաջազնունու մեկնելու թոյլտւութիւն ստանալուն) (20) եւ կայացրեց որոշում. անհրաժեշտ համարել մինիստր-նախագահ Յ. Քաջազնունու ուղեւորումը համաձայնութեան պետութիւնների երկրներ՝ վերապահելով նրան իր հետ երկու քարտուղար վերցնելու իրաւունք (21): Յ. Քաջազնունուն յանձնարարւեց առաջիկայ նիստին ներկայացնել ուղեւորութեան ծախսերի նախահաշիւը եւ հաստիքները, իսկ նախարարներին` կազմել Հայաստանի համար անհրաժեշտ պարէնամթերքների ցուցակը` Փարիզ ուղարկելու համար: Երկու օր անց՝ մայիսի 9-ին, Հայաստանի կառավարութիւնը, արձակուրդում գտնւող խորհրդի փոխարէն, օրէնք ընդունեց Եւրոպա եւ Ամերիկա մեկնելու համար Յ. Քաջազնունու առաքելութեանը 300.000 ֆրանկ տրամադրելու մասին (22): Յ. Քաջազնունին, իր հետ վերցնելով ֆինանսների նախարար Արտաշէս Էնֆիաջեանին, տնտեսութեան եւ վիճակագրութեան մասնագէտ Արտեմ (Յարութիւն) Փիրալեանին եւ երիտասարդ սպա, կապիտան Սուրէն Մելիքեանին, մայիսի 18-ին՝ վաղ առաւօտեան, Երեւանից ուղեւորւեց Թիֆլիս (23): Մեր ձեռքի տակ է գտնւում Յ. Քաջազնունու գլխաւորած պատւիրակութեան ֆինանսական հաշւետւութիւնը, որտեղ Քաջազնունին ամենայն մանրամասնութեամբ պահել է իր ուղեւորութեան ժամանակագրութիւնը եւ իր կատարած ծախսերը: Այս հաշւետւութիւնը մեզ հիմք է տալիս յստակ` ըստ օրերի եւ ամիսների, պատկերացում կազմել Յ. Քաջազնունու՝ արտասահմանում կատարած գործունէութեան մասին:

Մայիսի 20-ին Յ. Քաջազնունու գլխաւորած պատւիրակութիւնը հասնում է Թիֆլիս, որտեղ նրանք մնում են 9 օր: Քաջազնունու՝ Թիֆլիսում 9 օր մնալու պատճառն այն էր, որ Փարիզից «Անատոլ» նաւը, Հայաստանի համար 100.000 ֆրանկ արժողութեամբ ալիւրով բեռնաւորւած, հասել էր Բաթում: Դա արտասահմանից ստացւած առաջին օգնութիւնն էր, եւ Յ. Քաջազնունին զբաղւեց, որպէսզի Հայաստանի համար այդքան սպասւած ալիւրը ապահով հասցւի Երեւան: Նախ՝ նա հանդիպումներ ունեցաւ Վրաստանի կառավարութեան անդամների հետ, իսկ արտաքին գործերի մինիստր Գեգեչկորին խոստացաւ տրամադրել բոլոր միջոցները, որպէսզի հնարաւորինս շուտ ալիւրը Բաթումից տեղափոխւի Երեւան (24): Միաժամանակ Յ. Քաջազնունու՝ Թիֆլիսում մնալու պատճառն այն էր, որ իր պատւիրակութեան համար կառավարութեան յատկացւած գումարները բոներով էին, եւ նա խնդիր ունէր բոները Թիֆլիսում փոխել ֆրանկի (25): Այդ մասին նա նամակով տեղեկացնում է Ալ. Խատիսեանին: Յ. Քաջազնունուն մեծ դժւարութեամբ յաջողւում է հաւաքել նախատեսւած 300.000 ֆրանկի փոխարէն հազիւ 230-240.000 ֆրանկ: Իհարկէ, իր միսիայի համար նախատեսւած այս գումարներ մի մասով նա Փարիզում փակում է Ահարոնեանի պատւիրակութեան կատարած ծախսերը: Յ. Քաջազնունին գրում է. «Միակ յոյսս Էնֆիաճեանն է, որ խոստացաւ Փարիզում մի քանի հազար ֆունտ ստեռլինգ փոխարինաբար տալ մեզ (Ահարոնեանին եւ ինձ) պայմանով, որ մեր կառավարութիւնը կը վերադարձնէ իրեն նոյնպէս ստեռլինգով (եւ ոչ բոնով)» (26): Քաջազնունու պատւիրակութիւնը մայիսի 29-ին դուրս է գալիս Թիֆլիսից, մայիսի 30-ին հասնում Բաթում, որտեղից յունիսի 5-ին հասնում են Կ. Պոլիս: 2 օր մնալով այնտեղ՝ յունիսի 7-ին դուրս են գալիս Կ. Պոլսից, ապա յունիսի 14-ին հասնում Մարսէլ, որտեղից եւ յունիսի 16-ին առաւօտեան ժամանում են Փարիզ (27):

Առաջին Համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ յաղթանակած Անտանտայի դաշինքի մեծ տէրութիւնները պատերազմի արդիւնքները ամփոփելու համար 1919 թ. Փարիզում հրաւիրեցին խաղաղութեան վեհաժողով: Այդ վեհաժողովին, որպէս Անտանտայի փոքր դաշնակից, հրաւիրւած էր նաեւ Հայաստանը: Հայաստանի Հանրապետութեան պատւիրակութիւնը, որը գլխաւորում էր Աւ. Ահարոնեանը, հայ-վրացական պատերազմի պատճառով չկարողացաւ ժամանակին հասնել Փարիզ, եւ միայն յունւարի 4-ից յետոյ Աւ. Ահարոնեանին յաջողւեց հասնել Փարիզ եւ մասնակցել վեհաժողովի աշխատանքներին: Փարիզում էր գտնւում նաեւ Ազգային պատւիրակութիւնը Պօղոս Նուբարի գլխաւորութեամբ: Իհարկէ, յայտնի է, որ հէնց սկզբից Ազգային պատւիրակութեան եւ Հայաստանի Հանրապետութեան պատւիրակութեան միջեւ մի շարք հարցերի շուրջ ձեւաւորւել էին լարւած փոխյարաբերութիւններ` չնայած երկուստեք ջանքեր էին գործադրում խաղաղութեան վեհաժողովի մէջ հանդէս գալ միասնական ճակատով եւ կատարել միմեանց նկատմամբ հնարաւորինս փոխզիջումներ: Հայկական երկու պատւիրակութիւնների միջեւ հիմնական տարաձայնութիւնը կապւած էր Կիլիկիայի տարածքի հետ: Բանն այն էր, որ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան հրահանգով նախատեսւած Հայաստանի տարածքային պահանջների մէջ ներառւած չէր Կիլիկիան, ինչն էլ առաջացրել էր Պօղոս Նուբարի դժգոհութեանը: Իհարկէ, Աւ.Ահարոնեանը, գնալով զիջումների, շեղւել էր Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կողմից իրեն տրւած հրահանգից եւ վեհաժողովում Հայաստանի ներկայացրած յուշագրում, որպէս տարածքային պահանջ, ներառել էր նաեւ Կիլիկիան իր չորս սանջակներով, այնուամենայնիւ, Աւ. Ահարոնեանի եւ Պօղոս Նուբարի յարաբերութիւնները մնում էին խիստ լարւած: Այդ լարւածութիւնը աւելի խորացաւ, երբ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը անկախութեան տարելիցի օրը` Զայիսի 28-ին, իրեն յայտարարեց միացեալ եւ անկախ Հայաստանի կառավարութիւն: Ահա այսպիսի լարւած մթնոլորտ էր տիրում Փարիզում գործող երկու հայկական պատւիրակութիւնների փոխյարաբերութիւնների միջեւ, երբ յունիսի 16-ին Փարիզ հասաւ Յ. Քաջազնունու գլխաւորած պատւիրակութիւնը: Յ. Քաջազնունին արտասահմանում մնաց բաւական երկար՝ չնայած մեկնել էր երկու ամսով: Հասնելով Փարիզ՝ Յ. Քաջազնունին անմիջապէս ներգրաււեց Հայաստանի Հանրապետութեան պատւիրակութեան աշխատանքներին: Նա Աւ. Ահարոնեանի հետ յուլիսի 10-ին հանդիպում է Ռուսաստանի դեսպան Մակլակովի հետ (28): Միաժամանակ Յ. Քաջազնունին բանակցութիւններ էր վարում տարբեր առեւտրական բանկերի ու կազմակերպութիւնների հետ ֆինանսական եւ տնտեսական օգնութիւն ձեռք բերելու ակնկալիքներով: Նրա վարած բանակցութիւնները կարծես թէ տալիս են իրենց յաջող արդիւնքները: 1919 թ. յունիսի 29-ին Փարիզից իր կնոջն ուղղւած նամակում Յ. Քաջազնունին յայտնում է. «Տնտեսական հարցը բարեյաջող կերպով լուծւում է հէնց այժմ եւ յետ: Ըստ երեւոյթին մենք հնարաւորութիւն պիտի ունենանք բաւականին խոշոր գումարի (25-30 միլիոն ֆրանկի) ապրանքներ գնել ամերիկացիներից բաւականին մատչելի գներով, եւ որ մեզ համար ամէնից կարեւորն է` ոչ կանխիկ դրամով, այլ մի քանի տարւայ վարկով» (29): Օգոստոսի 7-ին Քաջազնունին Հայաստանի կառավարութեան անունից պայմանագիր է ստորագրում Չիկագոյի ինտերնացիոնալ միացեալ ընկերութեան ներկայացուցիչների հետ, որով այդ ընկերութիւնը պարտաւորւում էր մինչեւ 50 միլիոն դոլար գումարի ապրանքներ մատակարարել Հայաստանի Հանրապետութեան կառավարութեանը: Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը, որի լիազօր ներկայացուցիչն էր մինիստրների խորհրդի նախագահ պ. Քաջազնունին, եւ Չիկագոյի միջազգային միացեալ ընկերութիւնը, որի ներկայացուցիչներն են պ. Ռենարը եւ պ. Ժիւնկէն, որոնք ունեն հաւաստագրեր՝ տրւած վերատեսուչ պ. Լա-Գոգէից, Փարիզում կնքում են պայմանագիրը, ըստ որի՝ Չիկագոյի միջազգային միացեալ ընկերութիւնը պարտաւորւում է Հայաստանի Հանրապետութեան կառավարութեանը մատակարարել ապրանքներ մօտ հիսուն միլիոն դոլլար արժողութեամբ, միաժամանակ պայմանագրի 2-րդ յօդւածում նշւում է, որ Հայաստանի կառավարութիւնը մատակարարւող ապրանքների համար վճարելու է գանձատան բոներով: Նկատի առնելով, որ այդ բոները դեռ բաց չեն թողնւած, Չիկագոյի միջազգային միացեալ ընկերութիւնը ապրանքների մատակարարումը ժամանակաւորապէս կատարելու է մուրհակներով: Մինիստրների խորհրդի նախագահը պարտաւորւում է հնարաւորին չափ կարճ ժամանակամիջոցում Հայաստանի պառլամենտին ներկայացնել պետական բոներ բաց թողնելու նախագիծ: Վերոյիշեալ մուրհակները փոխադրւած են լինելու Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան վրայ եւ ընդունւած մինիստրների խորհրդի նախագահի ներկայացուցիչներից: Այդ մուրհակները վեց ամսւայ ընթացքում պիտի վերանորոգւեն երեք անգամ: Նրանք ներկայացնելու են ապրանքի դրամագլուխը կամ վալիւտան (արժէքը)՝ պայմանաւորւած գնով, եւ երկամեայ օգուտը՝ հաշւած 12 տոկոսով (կամ տարեկան 6 տոկոսով), որը մի տարւայ համար կանխավճարւելու է: Այդ մուրհակները Չիկագոյի ընկերութիւնը կարող է զեղչել: Մուրհակներին փոխարինող բոները բաց են թողնւելու սոյն պայմանագրի մէջ յիշատակւած պայմաններով: Հայաստանի կառավարութիւնը այդ 50 միլիոն դոլարի դիմաց Չիկագոյի ընկերութեան տրամադրութեան տակ է դնում համապատասխան թւով արտաքին փոխառութեան օբլիգացիաներ, որը իսկոյն ռեալիզացիայի է ենթարկւելու ամերիկական բանկերում (30): Նոյն օրը Յ. Քաջազնունին Ալ. Խատիսեանին ուղարկած նամակով տեղեկացնում է. «Պայմանագիրը վերջնական ուժի մէջ մտնելու համար պահանջւում է, որ այն վերջնական վաւերացնի Նիւ Եօրքի գլխաւոր վարչութիւնը, եւ եթէ այդ վաւերացումը կայանայ, ինձ թւում է, որ մեզ համար կարւի շատ խոշոր եւ շատ շահաւէտ գործ» (31): Պայմանագրի կնքումից որոշ ժամանակ անց Յ. Քաջազնունու՝ Փարիզից ուղղւած սեպտեմբերի 30-ի հեռագրում, որը ստացւել է հոկտեմբերի 3-ին, ասւում է, թէ Չիկագոյի ընկերութիւնը պայմանագիր է կնքել: 50 միլիոն դոլարի արժողութեամբ ապրանք կարելի է յանձնել Բաթումում: Վարկի ժամկէտը 3 տարի է: Նախնական համաձայնութիւնը մուրհակով եւ հանրապետութեան բոնով է: Պէտք է շտապեցնել մուհակով եւ գանձարանի բոնով որոշումը (32): Ինչպէս երեւում է Յ. Քաջազնունու ուղարկած նամակների եւ հեռագրերի ժամանակագրութիւնից, չափազանց վատ էր կապը Փարիզում գտնւող պատւիրակութեան եւ Հայաստանի կառավարութեան միջեւ: Շատ յաճախ ամիսներ էր տեւում, մինչեւ անհրաժեշտ յանձնարարութեամբ նամակը տեղ էր հասնում: Յ. Քաջազնունու պարագայում եւս շատ ուշ են հասնում իր իսկ ուղարկած նամակները, որտեղ նա յորդորում է կառավարութիւնից հնարաւորինս շուտ լիազօրութիւն՝ մուրհակներ տալու համար այն ֆիրմաներին, որոնց հետ կնքւած է պայմանագիրը: Քաջազնունու կողմից շտապեցնելու պատճառն այն էր, որ Չիկագոյի միջազգային միացեալ ընկերութեան հետ կնքած պայմանագրում կար կէտ, որտեղ ասւում էր, որ սոյն պայմանագրի պայմանները չորս ամսւայ ժամանակամիջոցի համար են՝ պայմանագրի կնքման օրից սկսած: Այս ժամանակամիջոցը լրանալուց յետոյ պայմանաւորւող կողմերը ապրանքների գնումների առթիւ բանակցութիւնները ընդհատելու իրաւունքը իրենց են վերապահում այն դէպքերում, երբ կողմերը սոյն կէտում մատնանշւած չորս ամսւայ ժամանակամիջոցում համաձայնութեան չեն եկել (33): Ստանալով Յ. Քաջազնունու հեռագիրը՝ ֆինանսների նախարար Ս. Արարատեանը դիմում է պառլամենտի նախագահին 50 միլիոն դոլարի փոխառութեան օրինագիծը հնարավորինս շուտ դնել պառլամենտում քւէարկութեան (34): 1919 թ. նոյեմբերի 4-ին պառլամենտի 29-րդ նիստում դրւում է 50 միլիոն դոլարի փոխառութեան օրինագիծը (35), որը եւ ընդունւում է նոյն նիստում (36): Դժբախտաբար, Յ. Քաջազնունու կնքած այս փոխշահաւէտ պայմանագիրը կեանքի չի կոչւում եւ չի իրականանում: Մեր ուսումնասիրութիւնները ցոյց տւեցին, որ 1919 թ. դեկտեմբերի 11-ին ամերիկեան Վիլիամզ եւ Վիգմոր միջազգային առեւտրական ընկերութեան տարածաշրջանի վաճառքի մենեջեր Գաստոնը նամակով դիմել է Հայկական կոմիտէի նախագահ Վահան Քարդաշեանին: Նամակում Գաստոնը, պատասխանելով Վ. Քարդաշեանին յուզող հարցերին, տեղեկացնում է, որ Հայկական կոմիտէն կամ նրա ներկայացուցիչը կապի մէջ է մտել Չիկագոյի միջազգային կազմակերպութեան հետ, բայց այդ պայմանագիրը չեղեալ է համարւել (37): Մեզ, իհարկէ, չյաջողւեց պարզել, թէ ինչ պատճառով է Չիկագոյի միջազգային միացեալ ընկերութիւնը չեղեալ համարել պայմանագիրը, բայց պէտք է ենթադրել 3 պատճառ: Առաջին՝ կապի դժւարութեան պատճառով Յ. Քաջազնունուն շատ ուշ է հասել Հայաստանի պառլամենտի կողմից 50 միլիոն դոլարի կարճատեւ փոխառութիւն կնքելու մասին օրէնքը: Երկրորդ՝ Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչւած երկիր չէր իսկ ամերիկեան կապիտալը երերուն եւ անորոշ պայմաններ չէր սիրում ու չէր գնայ այնպիսի մի միջավայր, որտեղ իր ապահովութեան եւ զարգացման համար երաշխիքներ չկային: Եւ երրորդ՝ ամենայն հաւանականութեամբ, այս պայմանագրի կայացման գործում վճռական դեր ունեցաւ գեն. Հարբորդի կազմած տեղեկագիրը, որը հայերի համար մխիթարական չէր: Ահա սրանք էին այն հիմնական պատճառները, որ թոյլ չտւեցին Յ. Քաջազնունուն կեանքի կոչել Հայաստանի համար շատ շահաւէտ այս պայմանգիրը: 1919 թ. սեպտեմբերի 3-ին Յ. Քաջազնունու գլխաւորած պատւիրակութիւնը ուղեւորւում է Լոնդոն: Այնտեղ Յ. Քաջազնունին հանդիպումներ է ունենում տեղի հայ համայնքի, գործարարների եւ առեւտրական մի շարք ընկերութիւնների ղեկավարութեան հետ (38): Լոնդոնում վարած բանակցութիւնների արդիւնքում Յ. Քաջազնունուն յաջողւում է համաձայնութեան գալ անգլիական առեւտրական ընկերութիւնների հետ Լիւերպուլում վաճառել հայկական բամբակը: Իհարկէ, Քաջազնունու կնքած նմանատիպ մանր գործարքները էական լուրջ ֆինանսական աջակցութիւն չէին կարող բերել Հայաստանին, իսկ այս տիպի գործարքներով հաւաքած գումարներով մի կերպ կարողանում էին արտասահմանում պահել Հայկական պատւիրակութիւններին: Այս առթիւ Աւ. Ահարոնեանը Ալ. Խատիսեանին սեպտեմբերի 10-ին ուղարկած նամակով տեղեկացնում է. «Լոնդոն է գտնւում նաեւ պ. Քաջազնունին Էնֆիաջեանի եւ Փիրալեանի հետ, ուր նրանք աշխատում են փոխառութեան ու պարէնաւորման գործը գլուխ բերել, եթէ հնար է: Տարաբախտաբար Քաջազնունու վերջին նամակը շատ քիչ է յոյս տալիս յաջողութեան եւ աւելի շուտ վատատես է: Առհասարակ մեր բոլոր փորձերից յետոյ դժւար է յոյս ունենալ փոխառութան կամ ֆինանսական լուրջ օգնութեան որեւէ պետութեան կողմից, քանի որ մեր պետութիւնը պաշտօնապէս ճանաչւած չէ: Սա մի դժբախտութուն է, որից չենք ազատւում: Քաջազնունին իր ընկերներով կվերադառնայ Փարիզ այս սեպտեմբերի 25-ին Ամերիկա մեկնելու համար: Անհնարին չէ, որ եւ ես մեկնեմ հետագայում Ամերիկա, քանի որ ծանրութեան կենտրոնը փոխւում է այնտեղ» (39): Յ. Քաջազնունին սեպտեմբերի 21-ին Լոնդոնից վերադառնում է Փարիզ՝ պատրաստւելով ուղեւորւել Ամերիկայի Միացեալ Նահագներ: Ինչպէս տեղեկանում ենք Աւ. Ահարոնեանի` Ալ. Խատիսեանին ուղարկած նամակից, նախքան Քաջազնունու մեկնելը Ամերիկա, Փարիզում տեղի է ունենում երկու պատւիրակութիւնների համատեղ նիստ, որտեղ քննարկւում է Ամերիկա պատւիրակութիւն ուղարկելու հարցը (40): Հայաստանի Հանրապետութեան պատւիրակութիւնը առաջարկում է քաղաքական-զինւորական-տնտեսական միսիաները միացնել մէկ ընդհանուր միսիայի տակ Յ. Քաջազնունու նախագահութեամբ: Պօղոս Նուբար փաշան մերժում է այս առաջարկութիւնը՝ ասելով, որ նա շատ յարգում է պ. Քաջազնունուն, բայց չպիտի կարողանայ համաձայնել, որ նա լինի նախագահ այդ միսիայի, որովհետեւ այստեղ հանրապետութիւնն է դառնում գերիշխող, փոխանակ ազգային պատւիրակութիւնը (41): Ահա այսպիսի զաւեշտալի ու անտրամաբանական պատճառաբանութեամբ Պօղոս Նուբար փաշան մերժում է մէկ միասնական միսիա ուղարկել Ամերիկա, աւելին, նա, ի հակակշիռ Հայաստանի Հանրապետութեան պատւիրակութեան, ձեւաւորեց մէկ այլ ինքնուրոյն պատւիրակութիւն` պրոֆ. Տէր-Յակոբեանի գլխաւորութեամբ, որը ներկայացնելու է Ազգային պատւիրակութիւնը, իսկ աւելի ճիշտ՝ իր շահերը Ամերիկայում: Հայաստանի Հանրապետութեան պատւիրակութիւնը Ամերիկա ուղեւորւելու համար ձեւաւորեց իր պատւիրակութիւնը Յ. Քաջազնունու ղեկավարութեամբ: Այդ պատւիրակութեան մէջ մտնում էին՝ Ա. Էնֆիաջեանը, Ա. Փիրալեանը, սպա Մելիքեանը եւ Արմէն Գարոն (Գարեգին Փաստրմաճեանը), որը նշանակւում է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչ: Միաժամանակ Յ. Քաջազնունին փորձեց իր պատւիրակութեան մէջ ընդգրկել նաեւ գեներալ Բագրատունուն՝ որպէս զինւորական կցորդ, սակայն Բագրատունին աննպատակայարմար էր համարել լոկ խորհրդականի պաշտօնով Ամերիկա մեկնելը՝ գտնելով, որ դա պատշաճ չէ իր դիրքին (42): Հայաստանի Հանրապետութեան պատւիրակութիւնը գտնում էր, որ ճիշտ կը լինի եթէ Ամերիկա մեկնի մէկ պատւիրակութիւն, եւ եթէ ստեղծւելու է զինւորական յանձնախումբ, ապա նպատակայարմար է այն ինչ-որ կերպ կապել Յ. Քաջազնունու պատւիրակութեան հետ: Սակայն Բագրատունին, ելնելով իր փառասիրական ձգտումներից, մերժում է այդ առաջարկութիւնը: Հաշւի առնելով այն հանգամանքը, որ Ամերիկայում խիստ անհրաժեշտ է ունենալ մի բարձրաստիճան զինւորական, որը ամերիկեան կառավարութեանը կը կարողանայ բացատրել, որ Հայաստանի համար պէտք չէ 150-200 հազար զօրք, այլ 20-30 հազար, եւ թէ ինչ զինւորական կարիքներ են անհրաժեշտ այդ զօրքը սպառազինելու համար, երկու պատւիրակութիւնների ղեկավարները գալիս են կոմպրոմիսի. որոշւում է Բագրատունուն նշանակել ոչ թէ Հայաստանի Հանրապետութեան զինւորական ներկայացուցիչ, այլ միացեալ Հայաստանի զինւորական պատւիրակութեան ղեկավար, սակայն, ինչպէս Յ. Քաջազնունու պարագայում Պօղոս Նուբարը ստեղծեց պրոֆ. Տէր-Յակոբեանի գլխաւորած պատւիրակութիւնը, այնպէս էլ այս պարագայում ի հակակշիռ գեն. Բագրատունու, զինւորական միսիայի մէջ Ազգային պատւիրակութեան յատուկ ներկայացուցիչ է նշանակում զօրավար Անդրանիկին (43): Իհարկէ, Ահարոնեանը խիստ դժգոհ էր նման որոշումից, բայց ելնելով հանգամանքներից՝ ստիպւած էր համաձայնել: Յ. Քաջազնունու գլխաւորած պատւիրակութիւնը Ամերիկա ուղեւորւեց 1919 թ. հոկտեմբերի 1-ին, իսկ հոկտեմբերի 9-ին արդէն Նիւ Եօրքում էր (44): Պատւիրակութեան ժամանելուց երեք օր յետոյ` հոկտեմբերի 12-ին, Նիւ Եօրք է հասնում նաեւ Ազգային պատւիրակութեան ներկայացուցիչ պրոֆ. Տէր-Յակոբեանի գլխաւորած պատւիրակութիւնը: Յաջորդ օրը` հոկտեմբերի 10-ին, Յ. Քաջազնունու պատւիրակութիւնը ուղեւորւում է Վաշինգտոն: Ինչպէս տեղեկանում ենք ամերիկահայ մամուլից, Յ. Քաջազնունին եւ Գ. Փաստրմաճեանը Վաշինգտոնում հանդիպում են Սենատի արտաքին յարաբերութիւնների կոմիտէի, հայկական գործերի գծով ենթակոմիտէի նախագահ Հարդինգի հետ: Յ. Քաջազնունին դիմում է ներկայացնում ամերիկեան կառավարութեանը Հայաստանին օգնելու նպատակով, իսկ Գ. Փաստրմաճեանը դիմում է համապատասխան ենթակոմիտէին զինւորական օգնութիւն ստանալու ակնկալիքով: Միաժամանակ թէ´ Քաջազնունին եւ թէ´ Փաստրմաճեանը ներկայացնում են, որ եթէ ամերիկացիները մի ռազմանավ ուղարկեն Բաթում մի փոքրիկ զօրքով, ապա դա կարող է բարոյական մեծ ազդեցութիւն ունենալ Հայաստանի մէջ եւ տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու համար: Քաջազնունին եւ Փաստրմաճեանը հանդիպում են նաեւ Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյցի անդամ Վոլթր Սմիթի, Հ. Ս. Ջեքուիսի եւ դոկ. Ճ. Թ. Մէյնի հետ, որոնք վերջերս էին վերադարձել Հայաստանից: Հանդիպման ընթացքում ամփոփւում է այն տեսակէտը, որ Հայաստանին յատկացւելիք օգնութիւնը պէտք է կատարւի հետեւեալ կերպ. 1. ճանաչել Հայաստանի Հանրապետութիւնը, 2. ապահովել Հայաստանի բնակչութեանը սննդով, մինչեւ կը հասնի 1920 թ. հունձքը, 3. ամերիկական մի զորամաս ուղարկել Հայաստան, իսկ Ամերիկայի մէջ թոյլ տալ, որ հայերից կազմւի 10.000 կամաւորական բանակ, որոնց ծախսը պէտք է հոգայ Ամերիկայի կառավարութիւնը (45):

Միաժամանակ Յ. Քաջազնունու գլխաւորած պատւիրակութիւնը այցելում է Սպիտակ տուն եւ հանդիպում նախագահի անձնական քարտուղար Թումիլթիի հետ: Յաջորդ օրը` հոկտեմբերի 12-ին, Յ. Քաջազնունու պատւիրակութիւնը հանդիպումներ է ունենում սենատորներ Վիլեամզի եւ Լոջի, ապա արտաքին քարտուղար Լենսինկի եւ փոխնախագահ Մարշալի հետ (46): Հոկտեմբերի 15-ին Յ. Քաջազնունու գլխաւորած պատւիրակութիւնը մի շարք բարձրաստիճան պետական պաշտօնեաների հետ հանդիպումից յետոյ վերադառնում է Նիւ Եօրք: Ինչպէս վերը արդէն նշեցինք, հոկտեմբերի 12-ին Նիւ Եօրք ժամանեց նաեւ Ազգային պատւիրակութեան լիազօր ներկայացուցիչ պրոֆ. Տէր-Յակոբեանի գլխաւորած պատւիրակութիւնը: Սկզբնական շրջանում Ամերիկայում լոյս տեսնող զանազան հայկական թերթեր, որոնք ընդդիմադիր հայացքներ ունէին Հ.Յ.Դ.-ի նկատմամբ յոյս էին յայտնում, որ այդ երկու պատւիրակութիւնները համերաշխօրէն եւ խաղաղութեամբ կը գործեն յանուն հայ ժողովրդի արդար դատի վերջնական յաղթանակի (47): Եւ իրականում ամերիկահայ մամուլի յոյսերն արդարանում են: 1919 թ. հոկտեմբերի 20-ին Յ. Քաջազնունին եւ Աբր. Տէր-Յակոբեանը համատեղ կոչով դիմում են ամերիկահայութեանը: Այս համատեղ կոչով երկու պատւիրակութիւնների ղեկավարները նախ շնորհակալութիւն են յայտնում ամերիկահայերին, որ արժանացրին շատ սիրալիր ընդունելութեան, ապա նշում, որ տեղի մամուլը սխալ մեկնաբանութիւններ է անում երկու պատւիրակութիւնների միմեանց միջեւ յարաբերութիւնների մասին: Մասնաւորապէս կոչում ասւած է. «Իրաւ այս կացութիւնը վիշտ կը պատճառէ մեզ, որովհետեւ ոչ միայն ցաւալի է, այլ եւ բոլորովին վնասակար մեր Ազգային Դատին:

Ուստի յանուն մեր տառապեալ Ժողովրդեան, եւ յանուն այն սրբազան դատին, որուն յաջողութիւնը բուռն փափաքն է մեր ամենուս, դիմում կընենք մեր բոլոր Ամերիկաբնակ սիրեցեալ հայրենակիցներուն, որ ինչպէս մենք ճշդուած ու ընդունուած սկզբունքերու համաձայն կը գործակցինք համերաշխաբար եւ եղբայրաբար, նոյնպէս եւ իրենք ջանան նոյն ոգիով գործել եւ գործակցիլ ի սէր մեր բազմաչարչար ազգին, որուն շահերն միշտ գեր ի վերոյ են բոլոր նկատումներէ, ի մասնաւորի ներկայ այնքան վճռական ժամանակի մը մէջ» (48):

Այս համատեղ յայտարարութիւնը Փարիզից ողջունւում է Աւ. Ահարոնեանի եւ Պօղոս Նուբար փաշայի կողմից (49): Հոկտեմբերի վերջերին Յ. Քաջազնունին պատրաստում եւ ԱՄՆ-ի սենատի արտաքին գործերի յանձնաժողովի նախագահ Լոջին է յանձնում Հայկական հարցի վերաբերեալ յուշագիրը, որը պատմագրութեան մէջ յայտնի է «Հայաստանի Հանրապետութիւն» անունով (50):

Այս յուշագրում Յ. Քաջազնունին մանրամասն տեղեկութիւններ է տալիս Հայաստանի տարածքի, երկրի ֆիզիկական կազմի եւ կլիմայի, ազգաբնակչութեան, պետական կազմի, օրէնքների, տնտեսութեան, զօրքի, ֆինանսների, հանրապետութեան ստեղծման ու ծագման գոյութեան 16 ամիսների կեանքի մասին եւ վերջում հիմնաւորում, որ երկիրը խիստ կարիք ունի արտաքին օգնութեան, ու Հայաստանի Հանրապետութիւնը ակնկալում է այդ օգնութիւնը հենց ԱՄՆ-ից: Յ. Քաջազնունու կազմած այս բացառիկ յուշագիրը ունի հանրագիտարանային բնոյթ եւ տեղեկութիւնների հաւաստիութեամբ՝ մեծ արժէք: Յուշագրի վերջին` արտաքին օգնութեան կարիքների բաժնում Յ. Քաջազնունին դիմելով ԱՄՆ-ի կառավարութեանը գրում է. «Հայաստանի Հանրապետութիւնն ունի դաշնակից եւ միացեալ ուժերի առաջին հերթին ԱՄՆ-ի մեծ դեմոկրատիայի ու կառավարութեան ճանաչման եւ ժամանակաւոր օգնութեան իրաւունքը, եւ խնդրում է, որ 1. ԱՄՆ-ը ճանաչի Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը, 2. Ունենալ Բաթումից մինչեւ Հայաստանի սահմանը երկաթուղի եւ հնարաւորութեան դէպքում մի քանի հազար ամերիկեան զինուորներ կամ նաւաստիներ, 3. ԱՄՆ-ը Հայաստանի Հանրապետութեանը տրամադրի վարկ կամ հնարաւորութիւն տայ ԱՄՆ-ում ձեռք բերել փոխառութիւն, հետեւեալ նպատակներով.

ա) ԱՄՆ-ում գնել ապրանքներ, ռազմամթերք եւ պարէն` նաւով Հայաստան ուղարկելու` հայկական 30-հազարանոց բանակ կազմակերպելու համար:

բ) ԱՄՆ-ում գնել մթերք եւ պաշարներ Հայաստանի քաղաքացիական բնակչութեան վիճակը թեթեւացնելու համար մինչեւ 1920 թ. բերքի ստացումը:

Ներկայ Հայաստանի Հանրապետութան եւ Թիւրքահայաստանի միաւորման հարցը այժմ դրուած է Փարիզի խաղաղութեան կոնֆերանսի առաջ: Ողջ հայ ժողովուրդը յոյսով ու վստահութեամբ սպասում է ԱՄՆ-ի վճռական խօսքին, լաւ իմանալով, որ Ամերիկայի բարեկամական խօսքը ամենամեծ գրաւականը կը լինի հայկական հարցի նպաստաւոր լուծման համար: Յարգանքներով Յովհ. Քաջազնունի» (51): ԱՄՆ-ում Յ. Քաջազնունու վարած բանակցութիւնները տալիս են իրենց արդիւնքները: Ինչպէս հաղորդում է «Հայրենիք» օրաթերթը, պետական քարտուղար Լանսիկը հեռագրում է Ջերարդին, որտեղ ասւում է. «Նախագահը արտօնէց ծախել երեսուներեք հազար թօնօ ալիւր Հայկական կառաւարութեան, ինչ որ համազոր է 10.000.000 տօլարի փոխատւութեան մը» (52): Ալ. Խատիսեանին ուղարկւած հեռագրում Քաջազնունին նշում է. «ԱՄՆ-ի կառավարութիւնը վաճառել է մեր կառավարութեանը 35.000 տոննա ալիւր, ամէն մի տոնը հաշւած 10.800 «West Rariton» շոգենաւը բեռնաւորւած 8.500 տոնայով դուրս է եկել այսօր նոյեմբերի 28-ին դէպի Բաթում եւ նախատեսւած է, որ այդտեղ կը հասնի դեկտեմբերի 25-ին: Յաջորդ շոգենաւը դուրս կը գայ երկու օրից» (53):

1919 թ. նոյեմբերի 22-ին Նիւ Եօրք են հասնում զօրավարներ Անդրանիկը եւ Բագրատունին սպայ Բոնապարտեանի եւ քարտուղար Մ. Տէր-Պօղոսեանի ուղեկցութեամբ (54): Սկզբնական շրջանում երկու պատւիրակութիւնները կարծես թէ գործում էին միասնական եւ համերաշխ ու միասնական հանդիպումներ ունենում տեղի հայ համայնքի հետ: Յատկանշական էր դեկտեմբերի 7-ի հանդիպումը Նիւ Եօրքի ամենամեծ թատրոնի` Հիպոդրոմի դահլիճում հայկական պատւիրակութիւնների եւ տեղի հայութեան միջեւ: Այդ հանդիպմանը մասնակցում էր շուրջ 4000 մարդ: Այդ պատմական միտինգում ելոյթ են ունենում Յ. Քաջազնունին, զօրավար Անդրանիկը, պրոֆ. Տէր-Յակոբեանը, Գ. Փաստրմաճեանը, զօր. Բագրատունին եւ ամերիկացի հայասէրներ պ. Ջերարը եւ Բլիսը (55): Միաժամանակ պէտք է նշել, որ մի քանի միասնական հանդիպումներից յետոյ Պօղոս Նուբար փաշայի կարգադրութեամբ Անդրանիկը ստանձնում է ամերիկահայութեան շրջանում փրկութեան հանգանակութեան կազմակերպման գործը: Անդրանիկի կազմակերպած հանգանակութեանը սատար էին կանգնել ռամկավարները եւ բարեգործականի մասնաճիւղերը: Իր հերթին ՀՅԴ-ն 1920 թ. յունւարի 24-ից կազմակերպում է մեկ այլ հանգանակութիւն հայոց բանակին օգնելու նպատակով (56): Յ. Քաջազնունին, Գ. Պաստրմաճեանը, զօր. Բագրատունին յանձն են առնում աջակցել այդ հանգանակութիւնը իրականացնելու գործում: Սկսւում է անհաշտ պայքար երկու պատւիրակութիւնների միջեւ: Նրանց միջեւ եղած փոխյարաբերութիւններին իր նամակներից մէկում անդրադառնում է Յ. Քաջազնունին: 1919 թ. դեկտեմբերի 18-ին Նիւ Եօրքից նա գրում է վարչապետ Ալ. Խատիսեանին: Թարմ տպաւորութիւնների տակ Քաջազնունին գրում է. «Մենք այստեղ բաժանւած ենք երկու լագերի, չնայած միշտ էլ պնդում ենք միասնական ճակատի եւ միասնական դրոշի մասին»: Իբրեւ հանրապետութեան պաշտպաններ՝ հանդէս էին գալիս Յ. Քաջազնունին, գեն. Բագրատունին, Արմէն Գարոն, Էնֆիաջեանը եւ Փիրալեանը: Հակառակ թեւը Պօղոս Նուբար փաշայի պաշտպաններն էին` պրոֆ. Տէր-Յակոբեանը, զոր. Անդրանիկը եւ Բոնապարտեանը: Այս երկու թեւերի միջեւ եղած երկպառակութիւնը արտայայտւում էր նաեւ գաղութում: ՀՅԴ-ն ու նրա համակիրները կանգնած էին հանրապետութեան կողմը, իսկ մնացածները՝ Պօղոս Նուբարի:

Նամակում նա նշում էր, որ կառավարութեան դէմ սանձազերծած բանսարկութիւնները կարող են վնասել «մեր գործին»: Պրոֆ. Տէր-Յակոբեանն իր ամերիկացի բարեկամների միջոցով վաղուց կապւած է իշխանութեան առանձին բարձրաստիճան ու ազդեցիկ անձանց հետ եւ նրանց սխալ գնահատականներ է տալիս Հայաստանի կառավարութեան մասին: «Դա անհետեւանք չի անցնի,- գրում է Քաջազնունին,- ամերիկացիների մօտ կասկած կառաջանայ պետութիւն ղեկավարելու մեր ընդունակութեան վերաբերեալ (մենք ե´ւ տգետ ենք, ե´ւ բռնակալներ ենք, ե´ւ գողեր ենք, մենք ե´ւ բոլշեւիկներ ենք) եւ դա որոշ չափով անվճռականութիւն կը հարուցի մեր պետութիւնը ճանաչելու գործում» (57):

Քաջազնունու նամակից պարզ է դառնում, որ չնայած այդ ամէնին, զգալի չափով աճել էին հանրապետութեան օգտին նւիրատւութիւնները եւ ֆոնդերը: «Դաշնակցութիւն»-ը նոր յենարան էր ստացել, իսկ չէզոքներից շատերը անցել էին կառավարութեան կողմը: Ինչպէս վերը արդէն նշւեց, ԱՄՆ-ի ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի խնդրանքով Յ. Քաջազնունին եւ նրա պատւիրակութեան անդամները յանձն են առնում աջակցել հայոց բանակի համար կատարւող հանգանակութեան աշխատանքներին: Այդ նպատակով Յ. Քաջազնունին սկսում է իր շրջագայութիւնը Ամերիկայի ողջ հայաբնակ քաղաքներով մէկ: 1920 թ. յունւարին նա իր պատւիրակութեան անդամների հետ միասին այցելում է Ուստր քաղաքը, որտեղ ջերմ ընդունելութեան է արժանանում ոչ միայն տեղի հայերի, այլեւ քաղաքի ամերիկացի բարձրաստիճան պաշտօնեաների կողմից (58): Այնուհետեւ Յ. Քաջազնունին փետրւարի 14-ին ուղեւորւում է Բոստոն: Պէտք է նշել, որ բանակի համար նախատեսւած հանգանակութիւնը ընթանում էր մեծ ոգեւորութեամբ եւ արդէն ապրիլի 22-ի դրութեամբ հաւաքւում է աւելի քան 77.000 դոլար (59):

1920 թ. ապրիլի 3-ին Յ. Քաջազնունու պատւիրակութեան երկու անդամները` Էնֆիաջեանը եւ Փիրալեանը, վերադառնում են Փարիզ եւ հանգանակութեան հաւաքագրման քարոզչութեան աշխատանքները Յ. Քաջազնունին կատարում է իր քարտուղար սպա Ս. Մելիքեանի, մասամբ էլ Գարեգին Փաստրմաճեանի ուղեկցութեամբ: Ապրիլի 17-ին Քաջազնունին լինում է Հարտֆորդ եւ Նիւ Բրետան քաղաքներում, ապա նոյն ամսի 23-ին անցնում Նիագարա՝ Ֆուլս եւ Դետրոյդ քաղաքները: Մայիսին նա այցելում է Պետերսոն, Ֆիլադելֆիա, Չիկագօ, Լոս Անջելէս, Ֆրեզնօ, Սան-Ֆրանցիսկօ, Ֆալէր, Ռիգլ, յունիսին նորից լինում է Ֆրեզնօ եւ Չիկագօ քաղաքներում, իսկ յուլիսին այցելում Բոստոն եւ Վաշինգտոն, յուլիսի 29-ին վերադառնում է Նիւ Եօրք՝ բանակի համար հանգանակութեան աջակցման աշխատանքները աւարտելով բաւականին լաւ արդիւնքներով (60): Հայաբնակ բոլոր քաղաքներում Յ. Քաջազնունուն ընդունում էին մեծ ոգեւորութեամբ եւ ցնծութեամբ: Հ. Օհանջանեանին ուղարկած իր նամակներից մէկում Քաջազնունին մեծ ոգեւորութեամբ է պատմում Կալիֆորնիա իր այցելութեան մասին: Մասնաւորապէս նա գրում է. «Մինչեւ մեր այստեղ գալը Հանրապետութեան «Կրեդիտը» (վարկանիշը-Հ.Մ.) շատ փոքր էր գաղութի մէջ: Մեր պետութեան եւ կառավարութեան, մեր ներքին կարգերի ու արտաքին քաղաքականութեան մասին ամենաաբսուրդ, այլանդակ հասկացողութիւններ էին տիրում: Պատճառը` մի կողմից` անտեղեակութիւնն էր, միւս կողմից` հակադաշնակցական ու հակահանրապետական բլոկի թունաւոր պրոպագանդը: Կարող եմ ասել առանց վերապահումների, որ այս մի քանի ամիսների ընթացքում շատ զգալի կերպով փոխւեց դրութիւնը: Գլխաւոր պատճառն այն էր, անշուշտ, որ Հանրապետութիւնը ցոյց տւեց իր կենսունակութիւնը, իր տոկունութիւնը, իր մարտական կորովը եւ այն, որ պետութիւնները ճանաչեցին մեզ, տեղ տւեցին իրենց կողքին, յարաբերութիւններ հաստատեցին: Ուրիշ խօսքով` Հանրապետութիւնը դառաւ մնայուն փաստ, որ այլեւս չէր կարելի ոչ հերքել, ոչ արհամարել: Բայց խոշոր դեր կատարեց նաեւ Հանրապետութեան ներկայացուցիչների շփումը գաղութի հետ: Շատ թիւրիմացութիւններ վերացան, շատ կասկածներ փարատւեցին, շատ սուտեր (կամայ թէ ակամայ) հերքւեցին: Հանրապետութեան վարկը բարձրացաւ, ներշնչւեց հաւատ ու յարգանք, ներշնչւեց գիտակցութիւն թէ Հայկական Դատի միակ յենարանը` գոյութիւն ունեցող «Երեւանեան» հանրապետութիւնն է: Առանձնապէս նկատելի եղաւ մտքերի այդ յեղաշրջումը Կալիֆորնիայի մէջ» (61): Հետաքրքրական է, որ Հայաստանում լուր է տարածւում, թէ ԱՄՆ-ում բանակի հանգանակութեան ֆոնդին հաւաքւել է 2 միլիոն դոլար, եւ այդ առթիւ Համօ Օհանջանեանը հեռագրում է Քաջազնունուն՝ խնդրելով այդ գումարը փոխադրել Հայաստան, սակայն իրականութիւնն այն էր, որ թէեւ հանգանակութեամբ հաւաքւել էր 550.000 դոլար, բայց այդ գումարի մի մասը մնում էր ապառիկ, այսինքն՝ զուտ խոստումների հիման վրայ էր հաշււում 550.000, բայց ռէալ հաւաքւում է 358.471 դոլար (62): Դժբախտաբար, Յ. Քաջազնունին չէր կարող տնօրինել այդ գումարներին, քանի որ, հանգանակութեան պայմանների համաձայն, հանգանակւած դրամով պէտք է գնւէին ապրանքներ Ամերիկայում բանակի կարիքները հոգալու համար (63): 1920 թ. յուլիսի 3-10-ը Բոստոնում Յ. Քաջազնունին եւ Գ. Փաստրմաճեանը մասնակցում են ՀՅԴ Ամերիկայի շրջանի 27-րդ պատգամաւորական ժողովին (64): Միաժամանակ Յ. Քաջազնունին շարունակում է իր բանակցութիւնները ամերիկեան զանազան բանկերի եւ ֆիրմաների հետ՝ յոյս ունենալով մի որեւէ պայմանագիր կնքել, որեւէ կերպ յաջողացնել տնտեսական օժանդակութեան հարցը Հայաստանի համար: Նա բանակցութիւններ է սկսում ամերիկեան «Equipement Company»-ի առեւտրական կազմակերպութեան հետ: Այդ բանակցութիւնների եւ արդիւնքների մասին Քաջազնունին նամակով տեղեկացնում է վարչապետ Ալ. Խատիսեանին՝ որտեղ նա նշում է,որ գնել է 300 հազար անգլիական ֆունտի (մօտաւորապէս 8.100 փութ) բիսկւիտ, ֆունտը` 4 ցենտ կանխիկ դրամով եւ կառավարութեան վրայ ֆունտը նստել է 18 ցենտ: Մուծելով՝ 1200 դոլար կանխավճար: Յ. Քաջազնունին այս գնումները անելու համար 20.000 դոլար պարտք է վերցնում ԱՄՆ-ի ՀՅԴ կենտրոնական կոմիտէից, 5 հազար դոլար էլ նա վերցնում է Գ. Փաստրմաճեանից հայկական բանակի համար երաժշտական գործիքներ առնելու համար: Ընդհանուր նա 25 հազար դոլարի պարտք է վերցնում ՀՅԴ Ամերիկայի ԿԿ-ից վերադարցնելու պայմանով (65):

1920 թ. օգոստոսի 10-ին, Յ. Քաջազնունին ԱՄՆ-ից վերադառնում է Փարիզ: Այնտեղ նա տեղեկանում է, որ ՀՀ կառավարութիւնը իրեն նշանակել է Կ. Պոլսում ՀՀ դեսպան, սակայն Հ. Օհանջանեանին ուղարկած նամակով նա հրաժարւում է այդ պաշտօնից (66): Յ. Քաջազնունին մինչեւ սեպտեմբերի 14-ը մնում է Փարիզում: Այնտեղ վերջին հնարաւորութիւնը բաց չթողնելու ակնկալիքով եւս մէկ անգամ բանակցում է անգլիական մի խոշոր առեւտրական տան հետ, որը ցանկութիւն էր յայտնել գործեր սկսել Հայաստանի հետ: Անգլիացիների հետ հանդիպելուց յետոյ Յ. Քաջազնունին սեպտեմբերի 15-ին ուղեւորւում է Հռոմ, սեպտեմբերի 17-ին անցնում Տորանտօ, որտեղից սեպտեմբերի 22-ին հասնում Կ. Պոլիս: Սեպտեմբերի 25-ին դուրս գալով Կ. Պոլսից՝ Քաջազնունին սեպտեմբերի 28-ին հասնում է Բաթում, որտեղից ամսի 30-ին ուղեւորւում է Թիֆլիս: Հոկտեմբերի 5-ին նա արդէն Ալեքսանդրապոլում էր, իսկ հոկտեմբերի 9-ին երկարատեւ ճամփորդութիւնից յետոյ հասնում է Երեւան (67):

Այսպիսով՝ ներկայացնելով Յ. Քաջազնունու գործունէութիւնը սփիւռքում՝ պէտք է նշել, որ դրանք ունեցան դրական նշանակութիւն այն առումով, որ Քաջազնունու դիմումներն ու խնդրագրերը արագացրին ԱՄՆ-ի կողմից ուղարկւելիք օգնութիւնը սովամահ հայ ժողովրդին: Միաժամանակ Յ. Քաջազնունին ԱՄՆ-ում թէ´ պետական պաշտօնեաների շրջանում եւ թէ´ հայ համայնքի մէջ տարաւ քարոզչական հսկայական աշխատանք Հայկական Դատի եւ Հայաստանի Հանրապետութեան ճանաչման ուղղութեամբ: Այնուհանդերձ, Յ. Քաջազնունուն չյաջողւեց ԱՄՆ-ի հետ լուրջ պայմանագիր կնքել Հայաստանին վարկ տրամադրելու գործում: Սովամահութեան դատապարտւած հայ ժողովրդի համար դրսի օգնութիւնն ունեցաւ փրկարար նշանակութիւն, որի կազմակերպման գործում իր համեստ լուման ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ Յովհաննէս Քաջազնունին:

 

ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

ԵՊՀ Սփիւռքագիտութեան ամբիոնի ասիստենտ

Yerkir.am

 

_____________________________________________________

1. Յակոբեան Ա., Հայաստանի խորհրդարանը եւ քաղաքական կուսակցութիւնները 1918-1920, «Արդարութիւն» մատենաշար թիւ 4, Երեւան, 2005, էջ 98:

2. Հայաստանի Ազգային արխիւ (այսուհետեւ`ՀԱԱ), ֆ. 199, ց.1, գ. 14, մաս 1, թ.19, բնագիր-մեքենագիր:

3. Հայաստանի Հանրապետութեան պառլամենտի օրէնքները (1918-1920 թթ.), Պատասխանատու խմբագիրներ` Միրզոյեան Ս., Մամիկոնեան Ֆ., Երեւան, 1998, էջ 42; ՀԱԱ., ֆ. 199, ց. 1, գ. 21, մաս 2, թ. 150, պատճէ-մեքենագիր:

4. Հայաստանի Հանրապետութեան պառլամենտի օրէնքները (1918-1920 թթ.), էջ 47; ՀԱԱ., ֆ. 199, ց. 1, գ. 21, թ. 151, պատճէ-մեքենագիր; «Կառավարութեան Լրաբեր», 26 փետրւարի 1919, N 9:

5. Ռուբէն., Հայ յեղափոխականի մը յիշատակները, հատ. Է, Թեհրան, 1982, էջ 278:

6. Նոյն տեղում, էջ 313:

7. Յովհաննիսեան Ռ., Հայաստանի Հանրապետութիւնը, ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիա պատմութեան ինստիտուտ, «Տիգրան մեծ» հրատարակչութիւն, Երեւան, 2005, էջ 162-163:

8. ՀԱԱ., ֆ. 200, ց. 1, գ. 211, թ. 18, պատճէ-մեքենագիր:

9. Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, Երեւան, «Հայաստան», 1993, էջ 254:

10. Յովհաննիսեան Ռ., Հայաստանի Հանրապետութիւնը, էջ 164:

11. Սիմոնեան Հրաչիկ., Անդրանիկի ժամանակը, գիրք Բ, Երեւան, «Կասիա», 1996, էջ 598:

12. Պետրոսեան Գ., Հայաստանի Հանրապետութեան յարաբերութիւնները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմաւորումների հետ (1918-1920 թթ.), Երեւան, 2006, էջ 42; Նոյնի., «Հայաստանի Հանրապետութեան ներքին եւ արտաքին քաղաքական կացութիւնը Հանրապետութեան գոյութեան առաջին շրջանում (1918 յունիս-նոյեմբեր), «Հայոց պատմութեան հարցեր», Երեւան, 2004, գիտական յօդւածների ժողովածու, N 4, էջ111; Նոյնի., Հայաստանի Հանրապետութեան յարաբերութիւնները Ռուսաստանի հետ (1918-1920 թթ.), Երեւան, 2011, էջ 32:

13. ՀԱԱ., ֆ. 199, ց. 1, գ. 43, թ. 56:

14. Նոյն տեղում, ֆ.200, ց. 1, գ. 235, թ. 34, պատճէ-մեքենագիր:

15. Հակոբյան Ա., Հայաստանի խորհրդարանը եւ քաղաքական կուսակցութիւնները 1918-1920, «Արդարութիւն» մատենաշար թիվ 4, Երեւան, 2005, էջ 156:

16. Յակոբեան Ա., Հայաստանի խորհրդարանը եւ քաղաքական կուսակցութիւնները 1918-1920, «Արդարութիւն» մատենաշար թիւ 4, Երեւան, 2005, էջ 156-157, նաեւ՝ Ս. Վրացեան, Հայաստանի Հանրապետութիւն, Երեւան, «Հայաստան», 1993, էջ 268:

17. Յովհաննիսեան Ռ.,Հայաստանի Հանրապետութիւնը, էջ 166

18. ՀԱԱ., ֆ. 199, ց.1, գ. 72, մաս 2, թ. 162։

19. Նոյն տեղում, ֆ.199. ց. 14, մաս 1, թ. 66։

20. Նոյն տեղում, ֆ. 200, ց. 1, գ. 183, թ. 32:

21. Նոյն տեղում, ֆ.199. ց. 1, գ. 14, մաս 2, թ. 87:

22. Նոյն տեղում, ֆ.199. ց. 1, գ. 14, մաս 2, թթ. 92-93:

23. ՀԱԱ., ֆ. 200, ց. 2, գ. 59, մաս 2, թ. 1:

24. Նոյն տեղում, ֆ. 276, ց. 1, գ. 136, թ. 6, բնագիր-ձեռագիր:

25. Նոյն տեղում, ֆ.199. ց. 1, գ. 13, թ. 21, բնագիր-ձեռագիր:

26. Նոյն տեղում, Ֆ. 199. ց. 1, գ. 13, թ. 21, բնագիր-ձեռագիր:

27. ՀԱԱ., ֆ. 200, ց. 2, գ. 59, մաս 2, թ. 1:

28. Ահարոնեան Աւ., Սարդարապատից մինչեւ Սեւր եւ Լոզան, քաղաքական օրագիր 1919-1927, Երեւանի պետական համալսարանի հրատարակչութիւն, Երեւան, 2001, էջ 33:

29. Եղիշէ Չարենցի անւան Գրականութեան եւ արւեստի թանգարան (այսուհետեւ`ԳԱԹ), Յ. Քաջազնունու ֆոնդ, N 4212, Գ. 143, թ. 1:

30. ՀԱԱ., ֆ. 200, ց. 1, գ. 20, թթ. 152-155; ֆ. 200, ց. 1, գ. 355, մաս 1, թ. 25; ֆ. 199, ց. 1, գ. 86, թթ. 172-174:

31. «Բանբեր Հայաստանի արխիւների», 1991, N 3, էջ 108:

32. ՀԱԱ., ֆ. 200, ց. 1, գ. 355, մաս 1, թ. 210:

33. ՀԱԱ., ֆ. 199, ց. 1, գ. 86, թ. 173:

34. Նոյն տեղում, թ. 171:

35. Նոյն տեղում, ֆ. 200, ց. 1, գ. 227, թթ. 149-151:

36. Հայաստանի Հանրապետութեան պառլամենտի օրէնքները (1918-1920 թթ.), էջ 186; «Յարաջ», Երեւան, 6 նոյեմբերի 1919, N 38:

37. ՀԱԱ., ֆ. 199, ց. 1, 107, թ. 5, անգլերէն-մեքենագիր:

38. «Վերածնունդ», Փարիզ, Գ. տարի, 1919, թիւ 26, էջ 450-451:

39. ՀԱԱ., ֆ. 200, ց. 1, գ. 355, մաս 1, թթ. 218-219, բնագիր-ձեռագիր; Նոյն տեղում գ. 290, թթ. 43-44:

40. Նոյն տեղում, ֆ. 200, ց. 1, գ. 290, թթ. 55-61:

41. ՀԱԱ., ֆ. 200, ց. 1, գ. 290, թ. 55:

42. Սիմոնեան Հ., Անդրանիկի ժամանակը, գիրք Բ, էջ 599:

43. Նոյն տեղում., էջ 609:

44. ՀԱԱ., ֆ. 200, ց. 2, գ. 59, մաս 2, թ. 1:

45. «Հայրենիք», Բոստոն, 12 հոկտեմբերի, 1919; «Պահակ», Բոստոն, 14 հոկտեմբերի, 1919, N 79; «Կոչնակ Հայաստանի», Նիւ Եօրք, 18 հոկտեմբերի 1919, թիւ 42, էջ 1335-1336:

46. «Հայրենիք», Բոստոն, 15 հոկտեմբերի, 1919:

47. «Պահակ», Բոստոն, 24 հոկտեմբերի, 1919, N 82; «Կոչնակ Հայաստանի», Նիւ Եօրք, 11 հոկտեմբերի 1919, թիւ 41, էջ 1301-1302:

48. «Կոչնակ Հայաստանի», Նիւ Եօրք, 25 հոկտեմբերի 1919, թիւ 43, էջ 1367; «Պահակ», Բոստոն, 24 հոկտեմբերի, 1919, N 82:

49. «Պահակ», Բոստոն, 21 նոյեմբերի, 1919, N 90:

50. Յիշեալ փաստաթուղթը յայտնաբերել է ակադեմիկոս Վլադիմիր Ղազախեցեանը, նրա ինքնագիր օրինակը պահւում է ՀԱԱ-ում (ֆոնդ 200, ց.1, գ, 498, թթ. 20-58, նոյն տեղում թերթ 59, հակ 59 եւ հակ 60, դրւած է նրա անգլերէն թարգմանութեան մէկ օրինակ, որը իրականացրել է ամերիկեան սենատը եւ տպագրել է 1919թ. նոյեմբերի 10-ին, մեզ յաջողւեց յայտնաբերել հիշեալ փաստաթղթի անգլերէն օրինակի եւս մէկ օրինակ, որը թւագրւած է 28 հոկտեմբերի 1919թ., այն գտնւում է ՀԱԱ-ում ֆ. 450, ց. 2, գ. 8): Փաստաթուղթը տպագրւել է նաեւ ամերիկահայ մամուլում` «Պահակ», Բոստոն, 13 յունւարի N 1, 20 յունւարի N 3, 30 յունւարի N 6, 1920:

51. Քաջազնունի Յովհ., Հայաստանի Հանրապետութիւն, Երեւան, 1993, էջ 29-30, տես` Ծանօթագրութունների 5-րդ կէտը:

52. «Հայրենիք», Բոստոն, 19 նոյեմբերի, 1919:

53. ՀԱԱ., ֆ. 200, ց. 1, գ. 20, թ. 185; «Յարաջ», Երեւան, 19 դեկտեմբերի 1919, N 72:

54. Տօնապետեան Գ., Հ.Յ.Դաշնակցութիւնը Հիւսիսային Ամերիկայի մէջ (1910-1923), Բ. հատոր, Հայրենիք հաստատութիւն, Պոսթոն, 1995, էջ 494; «Պահակ», Բոստոն, 25 նոյեմբերի,1919 N91; «Կոչնակ Հայաստանի», Նիւ Եօրք, 29 նոյեմբերի,1919, թիւ 48, էջ 1444:

55. Վրացեան Ս., Կեանքի ուղիներով: Դէպքեր, Դէմքեր, Ապրումներ, Պէյրութ, 1966, հ. Ե, էջ 310-315; «Պահակ», Բոստոն, 16 դեկտեմբերի 1919, N 97; «Կոչնակ Հայաստանի», Նիւ Եօրք, 13 դեկտեմբերի, 1919, թիւ 50, էջ 1502-1508:

56. Տօնապետեան Գ., Հ.Յ.Դաշնակցութիւնը Հիւսիսային Ամերիկայի մէջ (1910-1923), Բ. հատոր, էջ 511-512:

57. Այս նամակը տպագրել է արխիւագէտ Օկտիաբրինա Բալիկեանը «Բանբեր Հայաստանի արխիւներ» հանդէսի 1991, N3-ում, էջ 113-120, որտեղ մէջբերւած հատւածները արխիւագէտը կրճատել էր եւ այն չէր տպագրւել, այն տպագրել է ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնեանը իր «Անդրանիկի ժամանակը» գիրք Բ, աշխատութեան մէջ, էջ 619-621:

58. «Պահակ», Բոստոն, 9 յունւարի, 1920, N 104:

59. Տօնապետեան Գ., Հ.Յ.Դաշնակցութիւնը Հիւսիսային Ամերիկայի մէջ (1910-1923), Բ. հատոր, էջ 518:

60. ՀԱԱ., ֆ. 200, ց. 2, գ. 59, մաս 2, թ. 3:

61. ՀԱԱ., ֆ. 200, ց. 1, գ. 431, թթ. 119-120, բնագիր-ձեռագիր:

62. Վրացեան Ս., Հին թղթեր նոր պատմութեան համար, էջ 326:

63. ՀԱԱ., ֆ. 200, ց. 1, գ. 431, թ. 101:

64. Տօնապետեան Գ., Հ.Յ.Դաշնակցութիւնը Հիւսիսային Ամերիկայի մէջ (1910-1923), Բ. հատոր, էջ 520:

65. Վրացեան Ս., Հին թղթեր նոր պատմութեան համար, Բէյրութ, 1962, էջ 326-327; Տօնապետեան Հ.Յ.Դաշնակցութիւնը Հիւսիսային Ամերիկայի մէջ (1910-1923), Բ. հատոր, էջ 531:

66. ՀԱԱ., ֆ. 200, ց. 1, գ. 431, թթ. 126-128, բնագիր-ձեռագիր:

67. Նոյն տեղում., ֆ. 200, ց. 2, գ. 59, մաս 2, թ. 4:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։