Հա

Գաղափարական

30/04/2020 - 10:20

Թաթուլ Կրպէեան․ մօրուքաւոր ուսուցիչը, որը Գետաշէնը չյանձնեց

Թաթուլը երբեք չէր յանձնի Գետաշէնը, դա քաղաքական պայմանաւորւածութեան հետեւանք էր՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպէեանի կինը՝ Իրինա Բարսեղեան-Կրպէեանը նրա յիշատակի օրը՝ ապրիլի 30-ին։

«alikonline.ir» - Թաթուլը երբեք չէր յանձնի Գետաշէնը, դա քաղաքական պայմանաւորւածութեան հետեւանք էր՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպէեանի կինը՝ Իրինա Բարսեղեան-Կրպէեանը նրա յիշատակի օրը՝ ապրիլի 30-ին։

«Դա քաղաքական որոշում էր, որն ընդունեցին այդ ժամանակւայ իշխանութիւնները եւ այդ որոշմանը ոչ ոք չէր կարող ընդդիմանալ: Միակ մարդը, որն ընդդիմացաւ, Թաթուլ Կրպէեանն էր եւ տեսանք՝ ինչ եղաւ․ ընդդիմացողին վերացրին»,- ասաց նա։

Թաթուլի զոհւելուց յետոյ նրա կինը հսկայական հետազօտական աշխատանք է կատարել՝ ուսումնասիրել է արխիւներ, համադրել իր յուշերի ու ընկերների պատմածների հետ։ Ամբողջական պատկերը, կարծես, ուրւագծւել է։

«Օղակ» գործողութեան սկսւելուց անմիջապէս առաջ՝ նախորդ օրը, Թաթուլ Կրպէեանին ասել են՝ վերցրու ջոկատդ եւ դուրս արի, բայց նա ասել է իր յայտնի խօսքը․ «Ես չեմ գնայ Երեւանի օդանաւակայանում իջեմ, ասեմ՝ Գետաշէնը յանձնեցի»։

Իրինային ամուսնու հետ կռւողները պատմել են, որ մինչեւ վերջին պահը Թաթուլը սպասում էր, որ պիտի օգնական ուժ գայ․ «Մինչեւ վերջին պահը, ասում են, անընդհատ նստած էր ռադիոկապի մօտ, որ տեսնի՝ ինչ պատասխան է ստանում, բայց այդ ուժը չեկաւ։ Այսինքն, ինքը մնաց մենակ՝ այնտեղ եղած մի քանի ջոկատներով»։

Նա համոզւած է, որ Գետաշէնն ու Մարտունաշէնը կը պահէին, եթէ օրւայ իշխանութիւնները աջակցէին․ «Եթէ Թաթուլ Կրպէեանը միայն ջոկատով՝ այդ փոքրիկ ուժերով, կարողացաւ 8-9 ամիս իրականացնել ինքնապաշտպանութիւնը եւ յետ մղել Ադրբեջանի ՕՄՕՆ-ի ու ռուսական զօրքի յարձակումները եւ ստեղծել ուժեղ պաշտպանական ճակատ, ինչ կը լինէր, եթէ իրեն աւելի շատ ռազմական տեխնիկա կամ միջոցներ տրամադրէին եւ աջակցութեան ջոկատներ ուղարկէին»։

Թաթուլը վճռական էր, որ չի յանձնելու Գետաշէնը, դէմ էր, որ գիւղից որեւէ մէկը հեռանայ, բոլորին ասում էր՝ ես թողել եմ իմ ընտանիքը, բայց շուտով իրենց էլ եմ բերելու՝ իմ երեխային եւ իմ կնոջը, մենք ապրելու ենք այստեղ, եւ որեւէ մէկը թող չհեռանայ գիւղից, սա մեր պապենական հողն է՝ մենք պէտք է պահենք։

Նրա մտքով չէր անցնում, որ պէտք է գիւղը յանձնի՝ ասում է Իրինա Բարսեղեան-Կրպէեանը, այդ պատճառով էլ բնակչութիւնը մնաց։ Ինչ իմաստ ունէր գիւղն առանց բնակչութեան, գիւղը պահողը, հողը պահողը մարդն է, եթէ այդ հողից մարդիկ շուտ դուրս գային, ինչպէս դա տեղի ունեցաւ կողքի գիւղերի՝ Կամոյի, Ազատի եւ Գետաշէնի ենթաշրջանի մի քանի այլ գիւղերի դէպքում, որոնց ղեկավարները նախորդ տարիներին թողել, գնացել էին, նրանց յետեւից էլ բնակիչներն էին իրենց տները վաճառել ադրբեջանցիներին եւ տեղափոխւել, այդ գիւղերը առանց կրակոցի եւ որեւէ զոհի յանձնել էին, իսկ Թաթուլը չէր ուզում, որ Գետաշէնն ու Մարտունաշէնը նոյն ճակատագիրն ունենան։

Նրա զոհւելուց յետոյ արդէն ուղղաթիռներից թռուցիկներ թափեցին երկու գիւղերի վրայ, որոնցով պահանջեցին 48 ժամւայ ընթացքում թողնել հողը, ասացին՝ սա ձեր հողը չէ։

Դատախազութեան արխիւում՝ ականատեսների վկայութիւների մէջ, Իրինա Բարսեղեան-Կրպէեանը սարսափելի մանրամասներ է կարդացել՝ ինչ ծաղրուծանակի են ենթարկել Գետաշէնի ու Մարտունաշէնի բնակիչներին տարհանելիս, ինչպէս են նրանցից խլել ունեցւածքը եւ միայն իրենց վրայի հագուստով թոյլ տւել դուրս գալ։

«Թաթուլի աշակերտուհին՝ Օլիան, մի դրւագ պատմեց հէնց այդ օրւանից․ ասում է՝ մինչեւ ուղղաթիռին մոտենալը թոյլ չէին տալիս ուղիղ կանգնած՝ քայլելով, հասնել ուղղաթիռի դռանը։ Երեխաներ էին, կանայք էին, ծերեր էին, ասում է՝ մեզ խորհրդային բանակի եւ Ադրբեջանի ՕՄՕՆ-ի հրամանատարութիւնը ասում էր ծնկաչոք պէտք է մօտենաք ուղղաթիռին։ Ասում է՝ ես ընդդիմացա, մայրիկիս ասացի՝ ո՛չ, իմ մէջ Թաթուլի ոգին է, մայրս ձեռքիցս քաշեց, ասաց՝ նստիր, հիմա կը կրակեն։ Որովհետեւ յայտարարում էին, որ կը կրակեն»։

Թաթուլը Գետաշէնի ենթաշրջանի երկու գիւղերում պատմութեան ուսուցիչ էր աշխատում։ Նրա աշակերտները, գործընկեր ուսուցիչները ընտանիքի հետ կապը պահում են։ Աշակերտներից մէկը պատմել է՝ ինչ գաղափարներ էր սերմանում Թաթուլը իրենց մէջ․ մեզ ասում էր, որ դէպի Մասիս տանող ճանապարհը սկսւում է Գետաշէնից երեխաներ, միշտ յիշեք։

Մօրուքաւոր ուսուցիչ․ այսպէս էին նրան անւանում Գետաշէնում։ Իմանալով, որ պետանվտանգութեան մարմինների հսկողութեան ներքոյ է, այնտեղ գնաց որպէս ուսուցիչ, բայց բոլորը գիտէին, որ նա՛ է ինքնապաշտպանութեան կազմակերպիչը եւ ընդհանուր հրամանատարը, այնտեղ եղած բոլոր ջոկատները ենթարկւում էին Թաթուլ Կրպէեանի հրահանգներին։

Մօրուքաւոր ուսուցիչը ցերեկները դպրոցում էր՝ աշակերտներին էր կրթում հայրենասիրական, իմաստուն քարոզներով, գիշերները հսկողութիւն էր իրականացնում տղաների հետ։ Արդէն եղած մարտական հսկողութեան կէտերը թարմացրել էին, նորերը կառուցել։

«Տղաները յիշում են՝ մարտական հերթապահութիւնից յետոյ, որպէսզի վառոդից կամ հողի հետ շփումից եղունգների տակ մնացած մնացորդները մաքրի, որ աշակերտները վտանգ չզգան, աւազի մէջ եղունգները քսում էր, յետոյ աղբիւրի ջրի տակ մինչեւ գօտկատեղը լւացւում եւ առաւօտեան մաքուր, կոկիկ գնում էր դասի եւ երեխաներից որեւէ մէկը չէր կասկածում, որ իրենց ուսուցիչը գիշերը չի քնել եւ իրենց գիւղը վտանգի մէջ է»,- պատմեց Իրինա Բարսեղեան-Կրպէեանը։

Նա պահում է Թաթուլի կարմիր օրագիրը, որն ընկերները այլ իրերի հետ ընտանիքին են յանձնել զոհւելուց յետոյ։ Մի օր կը հրապարակի օրագիրը, երբ համարի, որ ժամանակն է։ Այնտեղ մանրամասներ շատ կան։

Թաթուլ Կրպէեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը անդամագրւեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մօտ երդում յանձնելով՝ պատմում է կինը։ Ֆիդայիները նրա համար օրինակ էին, ազգային նկարագիրը՝ ուղենիշ։

«Օղակ» գործողութեան հէնց սկզբում՝ 1991 թ.-ի ապրիլի 30-ին, Գանձակում տեղակայւած խորհրդային բանակի դիւիզիան՝ տանկերի, հրետանու եւ ռազմական աւիացիայի աջակցութեամբ, շրջափակման մէջ առաւ Գետաշէն եւ Մարտունաշէն գիւղերը։ Ժամեր անց Ադրբեջանի ՆԳՆ զօրքերի յատուկ նշանակութեան ջոկատները մտան գիւղերի տարածք։

Թաթուլի գլխաւորութեամբ՝ ինքնապաշտպանական ուժերը սկզբում որոշել էին զինւած դիմադրութիւն ցոյց տալ, բայց քանի որ տեսան՝ արւարաձաններում տներ են այրւում, մարդիկ են սպանւում եւ բոլորին հաւաքում են կենտրոնում, վիրաւորներ եւ զոհւածներ են բերում, արդէն այլեւս ոչինչ չէր մնում, քան այլ բան մտածել։

«Այլընտրանքը այդ պահին գիւղի կենտրոնում յայտնւած խորհրդային երկու զրահամեքենաների դէմ ինչ-որ գործողութիւն անելն էր։ Ականատեսները պատմում են, որ Թաթուլը ընթացքի ժամանակ վազելով բարձրացաւ զրահամեքենայի վրայ եւ իր մօտ եղած միակ նռնակի օղակը քաշեց, այդ բացած օղակով նռնակը, մտցնելով զրահամեքենայի վերեւի փոքրիկ դռնակից ներս, ասաց՝ հիմա ես էլ ձեզ հետ կը պայթեմ, եթէ դուրս չգաք եւ չզինաթափւէք եւ չդադարեցնէք գործողութիւնը»,- պատմեց Իրինա Բարսեղեան-Կրպէեանը։

Երկու զրահամեքենաներից նա 17 խորհրդային զինւորական եւ 1 ադրբեջանցի ուղեկցորդ է հանում ու, քանի որ ռադիոկապը չէր ստացւում Ադրբեջանի հրամանատարութեան եւ խորհրդային ընդհանուր հրամանատարութեան հետ, որոնք Գետաշէնի արւարձանում հետեւում էին գործողութիւնների ընթացքին, Թաթուլը գրութիւն է պատրաստում իր պահանջներով, տալիս զինւորներից 3-ին, որոնք գնում են դէպի շտաբ, որպէսզի Թաթուլի պահանջները ներկայացնեն։

Մնացեալ 14 զինւորականներին հետագայում նկուղներում պահում են ու, արդէն Թաթուլի զոհւելուց յետոյ, փոխանակում խորհրդային  բանակային հրամանատարութեան մօտ պատանդ մնացած 27 հայերի հետ։

Թաթուլն ու իր զինակիցները դեռ զրահամեքենաների մօտ կանգնած՝ գիւղամէջ է գալիս ռուս զօրահրամանատար Մաշկովը։ Գնդապետ Մաշկովի հետ բանակցային առաջին քայլերն են տեղի ունենում՝ ռադիոկապով յայտնեք ձեր հրամանտարութեանը, որ դադարեցնեն գործողութիւնը, այլապէս դուք պատանդներ ունէք՝ մտածէք նրանց ճակատագրի մասին։

«Սակայն այդ ընթացքում անընդհատ վիրաւորներ էին բերում, զոհւածների մասին լուրեր, մարդիկ ահաբեկւած էին, գոռում-գոչիւն, մի սարսափելի բան էր կատարւում, գիւղի ծայրում տներ էին վառւում, վերեւից «Կոբրա» տեսակի 6 ուղղաթիռ պտտւում էր՝ անմիջապէս կպչելով գիւղի տանիքներին, այդ վիճակում պէտք էր ճիշտ որոշում կայացնել։ Գնդապետ Մաշկովը փորձում է ռադիոկապով կապ հաստատել հրամանատարութեան հետ, սակայն չի ստացւում։ Ու որոշում են գնալ անմիջական բանակցութիւնների»,- ականատեսների պատմածը փոխանցում է Թաթուլի կինը։

Թաթուլը, մի ձեռքում բաց օղակով նռնակը, միւսով՝ Մաշկովի օձիքից բռնած, յետեւում՝ Արթուր Կարապետեանը եւ Հրաչ Դանիէլեանը՝ աւտոմատներով, գնում են բանակցութիւնների։ Ճանապարհին ՕՄՕՆ-ականներն ու խորհրդային բանակի ստորաբաժանումները սկսում են կրակել։

«Թաթուլը այդ պահին էլ այնքան է մտածում գիւղի ճակատագրի մասին, որ նռանկն իրենից որքան հնարաւոր է հեռու է նետում, որպէսզի գնդապետ Մաշկովը չմահանայ, որովհետեւ նա գիտակցում էր, որ եթէ Մաշկովը մահանայ, ապա ամբողջ գիւղը սրի կը քաշեն»,- ասաց Իրինա Բարսեղեան-Կրպէեանը։

Մաշկովը թեթեւ վիրաւորւում է ձեռքից եւ ոտքից, բայց ՕՄՕՆ-ականները անմիջապէս տանում են։ Արթուր Կարապետեանն եւ Հրաչ Դանիէլեանը զոհւում են Թաթուլ Կրպէեանի հետ։

Թաթուլը մինչ այդ՝ գնդապետ Մաշկովին զինաթափելու ժամանակ, կարողացել էր նրանից կորզել «Օղակ» ռազմական գործողութեան պաշտօնական պլանը՝ պայմանականչերով, որտեղ նշւած էին՝ ինչ չափի, ինչ կարգի ստորաբաժանումներ են մասնակցում։

Թաթուլ Կրպէեանը Գետաշէն գնալուց առաջ ընտանիքին՝ կնոջն ու դստերը, Երեւանից տարել էր Թալին՝ ծնողների տուն։ Չէր ասել, որ երկար ժամանակով է գնում։ Կնոջն առաջարկել էր տեղի դպրոցում պատմութեան ուսուցիչ աշխատել․ այդպէս էլ արել էր։ Դրանից յետոյ երկու անգամ եկաւ, երկար զրուցեցին։ Կինը նամակներ էր գրում, բայց Թաթուլը հեռախօսազանգերով էր պատասխանում։

Նրանք ծանօթացել էին ուսանող ժամանակ։ ԵՊՀ պատմութեան ֆակուլտետում Թաթուլը ազգագրական երգի-պարի խումբ էր բացել՝ «Կարս» անունով։ Իրինան խմբի անդամներից էր։ Մի անգամ հէնց Իրինայի համար Թաթուլը երգ է գրում, որի նաեւ երաժշտութեան հեղինակն էր ինքը։ Կոչւում էր «Կռունկ հայու»։ Բայց երբ բեմի վրայ երգելու ժամանակը գալիս է, Իրինան չգիտես ինչու ասում է՝ չեմ կարող կատարել, յուզւում եմ։ Թաթուլն ասում է, ոչինչ, ես կը կատարեմ։ Ու Թաթուլն ինքը 88 թ.-ի շարժման օրերին բեմի վրայ ազգային տարազով կատարում է Իրինայի համար գրած երգը։ Տեսագրութիւնը մինչեւ այժմ էլ պահպանւել է՝ ինչպէս է Թաթուլը երգում․ «Դու էլ չլա՛ս, հայու կռունկ, քո բալեքը զինւոր են, նրանք ելել՝ կռիւ կերթան, նրանց սիրտն է եռագոյն»։

 

Աննա Բալեան

Յարակից լուրեր

  • Պարտաւոր ենք յիշել եւ դասեր քաղել. ՀՅԴ ՀԳՄ-ի ուղերձը Թաթուլ Կրպէեանի նահատակութեան տարելիցի առիթով
    Պարտաւոր ենք յիշել եւ դասեր քաղել. ՀՅԴ ՀԳՄ-ի ուղերձը Թաթուլ Կրպէեանի նահատակութեան տարելիցի առիթով

    Ապրիլի 30-ը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպէեանի մահւան օրն է: Այս առիթով, եւս մէկ անգամ մեր խոնարհումը բերելով Արցախեան ազատագրական պայքարի բոլոր նահատակների յիշատակին, հարկ ենք համարում շեշտել Թաթուլ Կրպէեան մարդու եւ գործչի իւրայատուկ կերպարը եւ դերը մեր նորօրեայ ազատամարտի պատմութեան մէջ: Դժւար է ասել` էութեամբ մտաւորական, գործով մարտական հրամանատար Թաթուլի դերակատարութիւնը դեռ որքան կը մեծանար ու ծանրակշիռ կը դառնար մեր ազգային կեանքում, եթէ ճակատագիրը շնորհէր նրան կենսագրութիւնը հարստացնելու հնարաւորութիւնը:

  • Գետաշէնը կը դատարկւի միայն իմ դիակի վրայով
    Գետաշէնը կը դատարկւի միայն իմ դիակի վրայով

    1991 թ. գարնանը Լեռնային Ղարաբաղի հիւսիսային շրջաններում աւելի էր սրւում պատերազմական իրադրութիւնը: 1991 թ. ապրիլին խորհրդային եւ ադրբեջանական իշխանութիւններն այդ ուղղութեամբ ռազմական գործողութիւն սկսելու որոշում ընդունեցին

  • Երեւանում կը տեղադրւի Թաթուլ Կրպէյեանի կիսանդրին
    Երեւանում կը տեղադրւի Թաթուլ Կրպէյեանի կիսանդրին

    Նոր Նորք վարչական շրջանում գտնւող Թաթուլ Կրպէյեանի անւան զբօսայգում կըտեղադրւի ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպէյեանի կիսանդրին։

  • Հրանտ Մարգարեան.- «Մենք յաճախ անկարելին կարելի ենք դարձրել»
    Հրանտ Մարգարեան.- «Մենք յաճախ անկարելին կարելի ենք դարձրել»

    «Ժամանակի վկան» հայագիտական հաղորդաշարի հեղինակ Իրինա Բարսեղեան-Կրպէյեանն այս անգամ անդրադարձել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պաշտօնապէս հաստատւելուն Հայաստանում, Դաշնակցական առաջին կամաւորական ջոկատների կազմաւորմանը, Լեռնային Ղարաբաղում, Գետաշէնի ենթաշրջանում եւ Շահումեանի շրջանում ինքնապաշտպանութեան կազմակերպմանը, եւ այլ մանրամասներ՝ աւելի քան քառորդ դար առաջ տեղի ունեցած իրադարձութիւններից:

  • Սարդարապատից՝ Գետաշէն...
    Սարդարապատից՝ Գետաշէն...

    1918 թւականի Մայիսեան բախտորոշ յաղթանակների արգասիքը համարւող Հայոց անկախութեան նւաճումը ցարդ պետական համընդհանուր գնահատականի է կարօտ: Դեռ աւելին՝ պետական մտածողութեան ու հայեցակարգի ձեւաւորման ներգործուն ազդակի վերածւելու հնարաւորութիւնը նոյնկերպ՝ շարունակում է մնալ բացթողնւած...

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։